Դրոշակ, որ նայում է մեզ

    Եռագույն դրոշակն առաջին անգամ տեսա... Բուդապեշտում, երբ Հունգարիան դեռ սոցիալիստական էր: 85 թվականն էր, - այսօր արդեն կատարելապես անցյալ, որ նույնիսկ մի չեղած, ուրիշ մարդուց լսած կյանքի զգացողություններ է հարուցում, - և կոմսոմոլական տուրիզմ, հիմնականում`մշակութային թեքումով:

    Այդ տուրիստները որոշեցին հայկական եկեղեցի գնալ, ինչն ամենևին նախատեսված չէր ծրագրով: Իսկ եկեղեցին մխիթարյաններինն էր, փոքրիկ, ինքնահավաք, քաղաքի ամենագեղեցիկ թաղամասերից մեկում, - փողոցի անունը`Օռլայ, - և այսօր արդեն չկա, եթե ինձ հասած տեղեկությունները ճիշտ են, բայց բոլորովին այլ Հայաստանի մտապատկերով, որը գնում-հասնում էր մինչև Ալիշանականը` պատմության ու հայրենիքի լրիվություն:

    Վարդապետը ողջույնի խոսք էր ասում մեզ, իսկ մենք` երիտասարդ գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, ակնդետ նայում էինք հանդիպակաց պատին, որտեղ կողք կողքի երկու դրոշակներ էին համակեցված` Խորհրդային Հայաստանի կարմրակապույտը և Առաջին հանրապետության եռագույնը: Այսինքն` ընթացիկ քաղաքական իրողությունն ու պատմական չդադարող հիշողությունը, անկախության ճիգը կրող խորհրդանիշ, որն այսպես կենդանի ու առարկայական, հավասարազոր և այլընտրանքային, հուշում էր, հարցնում, հորդորում:

    Ութսունութ թվականին դեռ երեք տարի կար: Դրոշն այդ մասին գիտեր, իսկ մենք` դեռևս ոչ: Բայց սեփական անձնագրով ապրելու ցանկությունը մերն էր, աշխարհի մեջ ինքնանուն լինելու մղում, այլ ոչ` այս կամ այն համակարգի կցորդ, որ սրվում ու դիպչում էր մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությանը հատկապես արտասահմաններում հայտնվելիս, քանի որ Հայաստան երկիրը դրսերի գիտակցության մեջ չկար: Կար միայն Սովետական Միություն:

    Իսկ մեր կյանք մտնելուն զուգընթաց մեր մշակույթը մեզ ասում էր` «Մենք ենք, մեր սարերը»: Եվ իսկույն ավելացնում` «Բարև, ես եմ»: Մենք իրոք ցանկանում էինք Ես լինել` սեփական սարերին հենված, իսկ դրոշակը մեր այդ հակվածությունն էլ գիտեր, որովհետև... հայ էր: Ու նորասերունդ հայաստանցիների աչքերի մեջ էր նայում, - ահավասիկ ևս մի մերձակա-ապագա, - արդյոք այս սերնդի օրոք կստացվի՞: 

    Քսաներկու տարի առաջ ստացվեց: Այդ տարիները բոլորիս կյանքի գինն են: Բայց հայկական երազանքի եռագույն դրոշակը ամեն ժամ նայում է մեզ: Նրա հարցերը, պահանջներն ու հույսերը մշտական են:
                                                                                                                                  Դավիթ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 3910

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: