ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Իմը եղավ վերադարձի գրականությունը, ու բառերը գրվեցին ինձ օգնելու համար: Վերադարձ անհայտից ու անհայտը դեպի` գիշերային փախած ձայներով: Ու ինքս ինձ խորհուրդներ սկսեցի տալ բարձրաձայն ու վախեցա ինքս ինձնից ու շշնջացի.
    - Գեներալ Մեն Ծյանը` չինական պատի առաջին հատվածի կառուցողը, կյանքն ավարտեց ինքնասպանությամբ` ասելով, որ ինքը արժանի է մահվան, որովհետև իր պատը հանցագործություն էր բնության դեմ:
    Ոտքերի ցավը երեկոյան կհիշեցնի, որ ողջ ես, ու կհիշեցնի քայլածդ փողոցների մասին: Անցած-գնացած մտքերը նորից կլցվեն տեքստի մեջ, որ օգնեն քեզ հասնել տուն: Գիտակցության հոսք է, թե գրականություն, տափակ մտքերի ժողովածու, թե չերևացող զգացողությունների համադրույթ, կհուշի շարունակությունը: Իսկ դու հիմա չգիտես` ինչ ես գրում:«Ինչու»-ն հարց չի եղել երբեք ու չի լինի գանգատուփում, որը կամաց իջնում է բարձի վրա ու հարմար խորանում` ուղիղ իր չափով բացելով ծովը, ու ականջներիդ կողքին լսվում է ձայնը ջրի:
    Ոտքերս թաղվում էին հողի մեջ, քայլում էի: Գետինը թույլ էր ու ոչ  մի լավ բան չէր խոստանում, դիմացը կիսաանտառն էր, կիսատ էր, որովհետև ես անտառը այսպես չգիտեի: Անտառում գետի առկայությունը զգացնել էր տալիս, քչքչոցը մոտենում էր կամաց-կամաց, բայց այդպես էլ աչքս չէր հասնում ջրին, գլուխս ձայնի ուղղությամբ մի քիչ առաջ էր ընկել ոտքերիցս: Անընդհատ ավելի չոր տեղեր էի գտնում թափ տալիս կոշիկներիս վրայի ցեխը ու նորից մտնում նույն ցեխի մեջ: Եվս մի քիչ, ու ես կլինեմ պատի մոտ, անտառը կիսվում է լաչառ գետով, որը իրեն ճղում է, ափերից դուրս է գալիս ու արագանում կարծես ամեն վայրկյան: Անձրև է սկսվում, ու օգնում է գետին ավելի վստահ լինել, հենց այն պահին երբ ես հասնում եմ նրան ու պիտի անցնեմ արդեն: Կանգնում եմ հայացքս բևեռացնելով մի քարի:
    Չռչռոցը ուժեղանում է, ոտքերս մցնում եմ գետի մեջ ու չեմ զգում թացությունը, բայց ձայնը ավելի լսելի է դառնում, արթնանում եմ: Անձրև է գալիս իրականում, նայում եմ պատուհանից ու ապակուն կպած կաթիլների միջոցով հետաքրքիր ֆոկուս բռնում աչքերովս: Քամին ուժեղ սուլում է:
    - Գիժ մարտ ա,- ասում էր տատս, մարտի 16-ին էր ծնվել մայրս, հինգին ծնվել էր Թ.-ն, նաև մահացել էր Ստալինը (չնայած կապ չունի, բայց հիշում եմ, իսկ որ հիշում եմ պիտի ասեմ, որ Ֆոլկների դասական մտքի հոսքը ստացվի, հայացք 14 կետից): Երկուսն էլ ձուկ էին, և ուրեմն ես էլ պիտի ջուր լինեի, բայց գետ չլինեի, ամենաԳետ չլինեի, մի սահման գտնեի, մի տեղ լճանայի, ավազից ու քարից մաքրեի ինձ, այդ ավազով ու քարով պատ շարեի պատնեշի նման, ու մեջս հանգիստ լողային երկուսն էլ, ինչպես ձուկը ջրում: Միացնում եմ երգը` շոպենյան կտրված նոտաներով, ձգված ու մոնոտոն բաս կիթառով, ձայնի անհավանական ձգողականությամբ ու աուտիզմի հասցնող նվնվոցով: Լսում եմ.
    - You’re all I need.
    Չեմ հասկանում մնացած բառերը: Մտածում եմ` ահա ինչ-որ տեղ Բրիտանիայում այս ձայնը իրականում կա, ու երգում է, իսկ ես այստեղ անգամ մոտիկ չեմ կարող երգել այդ ձայնին: Ոնց կուզեի երգել Թ.-ի համար այս երգը, բայց ձայնս չի ներում, գոնե նա ների: Բայց այս մտքերը պետք են միայն այստեղ ասելու համար, այս մտքերը գոռալու համար չեն, այս մտքերը շշնջալու համար էլ չեն, սրանք պիտի գրվեն:
    Օրվա հեռավորությունը ինձնից ահռելի է, պիտի գնամ հին ընկերոջս տեսնեմ, պիտի գնամ ինչ-որ լուրջ գործերով, որովհետև ինքը հիմա լուրջ մարդ է դարձել, ու ես էլ կարող եմ նրա հետ գործ ունենալ, ոչ թե LMտամ ծխի, ոչ թե ինքը Winston առաջարկի, այլ լուրջ գործի մասին խոսենք: Ականջակալներ չկան ու միայն ուղեղիս միջի ձայնագրությունը կարող է փրկել: Ավտոբուսները A-ից B գնում են առանց մտածելու, թե ինչ են անում ու ինչու են անում, ում են տանում ուր, վարորդը բարակ սիգարետը մի քիչ դուրս է թողել պատուհանից ու հատուկ չի էլ ծխում, ուզում է, որ ինչ-որ մեկը նկատողություն անի, ինքը գժվի ու կռվի դուրս գա, ասի` էլ չէի կարողանում աշխատել այստեղ, որովհետև… Մի խոսքով, նա էլ էր ինչու ման գալիս, իսկ ես` նորից ինչը:
    Չինական պատի ամենահին հատվածը կառուցված է ոչ թե քարերով, այլ հին չինական լուծումով: Հողի վրա կարկաս էին կառուցում, ու սկսում այնքան խփել այդ հողին, մինչև հողը քարի չափ պինդ դառնա, ու մի օրում 50 սանտիմետր բարձրացող պատի վրա հազարավոր մարդիկ էին մեռնում:
    Մաշտոց-Թումանյան խաչմերուկի վրա ոտքերը հանգիստ են տալիս իրենց, որովհետև գիտեն, որ այստեղի կանաչ լույսը մարդկանց համար երկար է պահում ու միանգամից մոտս հաճելի զգացում է: Մտածում եմ` հիմարություն է, փոքր դրվագ, հետո մտածում եմ չինական պատի մասին ու հասկանում եմ, որ հիմարություն եմ, փոքր դրվագ: Այնքան էլ ցուրտ չէ, բայց ես դեռ վերարկուով եմ ու անբնական ձևով սեղմում եմ վերարկուի առանձին մասերը իրար, ձեռքերս քսվում են միմյանց, ու ես անում եմ համարյա այն դեմքը, որ արել էր Կամյուն իմ սիրած նկարում:
    - Կամյուն սիրածս գրողն ա,- ասեցի ինչ-որ մեկին մեկ տարի առաջ, չնայած ոչ մի գործ չէի կարդացել նրանից, տեսել էի նկարը միայն: Կարծում եմ` կա կապ, ու այդ կապը խորն է: Նկարի, աչքերի արտահայտության ու գրականության մեջ, ու խարիզման թափվում է Փարիզով մեկ այդ նկարից ու հասնում է Երևան, ու ես հիմա ինձ ծիծաղելի եմ զգում: Եթե դերասանական խաղ է, ու մարդիկ իրենց բարձր որակի տեսախցիկներով` աչքերով, նայում են քեզ, ուրեմն պիտի ամեն վայրկյանդ մտածված լինի, որովհետև այդ աչքերի առկայությունը քեզ չի թողնելու լինել այնպիսին, ինչպիսին կաս: Այդ աչքերը քեզ ստիպելու են խաղալ, խաղալ, լավ, ուրեմն գոնե առանց ֆալշի, այսինքն` հիմա արեցի Կամյուի դեմքը, թերևս կարելի է շարունակել վաղամեռիկ դերասան 90-ականների հերոս Սերգեյ Բադռովի հայտնի ներվային շարժումը հետ նայելու ու նորից շարժվել առաջ, ահա բանկը դիմացս է, սիգարետին էլ շատ չի մնացել: Այո, ես ապրեցի այս սիգարետն էլ ու այս պահն էլ, ես ապրեցի խաղալով, ուրեմն ապրեցի գրելու համար:
    Գործը արագ ստացվեց ու հետո սրճարանում հայտնվեցի ու մի քանի անգամ սիգարետը տեղը դնելուց հետո չդիմացա ու կպցրի մինչև սուրճը բերելը, հետո չդիմացա ու սկսեցի գրել թղթի վրա` նորից ինքս ինձ պատմելով եղածը, կարծես համոզելու համար, որ դա իրական էր, համոզվելու համար, որ եղածը եղած է, անցել է, գնացել, էլ ետ չես բերի, բերես էլ` ո՞ւմ տաս իբր, երևի կարդացողներին:
    - Անհարմարությունը խփեց դեմքին, երբ դու ներս մտար: Անցյալի շարժումներովդ, անցյալի մազերովդ ու դիմային ներվի հին կծկումովդ: Դու անցյալից էիր, որը նա չէր ուզում հիշել, դու անցյալից էիր, որը նա չէր կարողնամում մոռանալ: Երեխայի նման, որը միամիտ էր լույս աշխարհ եկել մութ աշխարհից, չպաշտպանվելու պատճառով: Ու հիմա այսքան տարի հետո դու կարծես մեծացել, հասակ էիր առել ու եկել էիր նրան հիշեցնելու հաճույքի հետևանքների մասին: Եկել էիր հանկարծակի ու եկել էիր այնքան ուշ, որ բռնացրել էիր նրան ուրիշ կյանք ապրելուց, կարծես դա նա չէր ու կարծես այսքան տարի հետո միայն դու ես նույնը մնում ու ծանրանում աշխարհիս վրա: Անհարմարություն, ահա այն բառը, որը եթե լակոնիկ գրող լինեիր կգրեիր ու այդքան չէիր ծավալվի գոյությունդ բացատրելու համար:
  • Created on .
  • Hits: 5500

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: