Օրհան Փամուք. Լինել երջանիկ

 

Արդյոք գռեհի՞կ է լինել երջանիկ: Ես հաճախ եմ մտածել այս մասին: Հիմա անընդհատ եմ մտածում: Թեև շարունակ ասել եմ, որ մարդիկ, որոնք ունակ են երջանկության, չար են ու հիմար, բայց երբեմն էլ մտածում եմ․ «Չէ՛, երջանիկ լինելը գռեհիկ չէ, և ուղեղն է այդպես պահանջում»:
Երբ չորս տարեկան աղջկաս՝ Ռույայի հետ գնում եմ ծովափ, դառնում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ի՞նչ է ամենից շատ ցանկանում աշխարհի ամենաերջանիկ մարդը: Իհարկե, ուզում է շարունակել լինել աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ահա թե ինչու նա գիտի, թե որքան կարևոր է ամեն անգամ նույն բաներն անելը: Եվ ահա այն, ինչ մենք անում ենք, մշտապես նույնն բանն է։

1. Նախ, ես նրան ասում եմ՝ այսօր՝ այսինչ ժամին, գնում ենք ծովափ։ Հետո Ռույան փորձում է ավելի ու ավելի մոտեցնել այդ ժամանակը։ Բայց ժամանակի մասին նրա հայեցակարգը մի փոքր խառն է: Օրինակ՝ նա հանկարծակի կմոտենա ինձ ու կհարցնի՝ դեռ ժամանակը չէ՞։  
- Չէ՛։  
- Հինգ րոպեից կլինի՞։       
- Չէ՛, երկուսուկես ժամից։           
Հինգ րոպե անց նա կվերադառնա և ամենայն անմեղությամբ կհարցնի․
-  Հայրի՛կ, մենք հիմա՞ ենք ծովափ գնում։ - Կամ էլ մի փոքր ավելի ուշ Ռույան կհարցնի մի ձայնով, որով փորձում է ինձ խաբել, ,- հը՛ն, հիմա՞ ենք գնում։

2. Թվում է, թե ժամանակը երբեք էլ չի գա, բայց հետո գալիս է: Ռույան այժմ լողազգեստով նստած է իր քառանիվ «Սաֆա» մանկական սայլակում: Դրա ներսում սրբիչներ են, շատ լողազգեստներ և ծղոտե հիմար մի պայուսակ, որը ես դնում եմ նրա գիրկը, նախքան սովորականի պես առաջ կհրեմ սայլակը:

3. Քարե ճեմուղով իջնելիս Ռույան բացում է բերանն ու բացականչում․ «Աաաաա՜»։ Երբ քարե սալիկները դղրդացնում են սայլակը, նրա բացականչությունը փոխվում է․ «Աաա՜-աաա՜-աաա՜»։ Քարերը ստիպում են Ռույային երգել: Լսելով դա՝ երկուսս էլ ծիծաղում ենք:

4. Լողափ ենք հասնում փոքրիկ ու տձև արահետով: Երբ սայլակը թողնում ենք լողափ տանող աստիճանների կողքին, Ռույան մշտապես ասում է․ «Գողերը ոչ մի անգամ էստեղ չեն գալիս»։

5. Մեր իրերը արագ փռում ենք քարերին, հանվում և մինչև ծնկները մտնում ծովը։ Հետո ես ասում եմ․ «Ծովը հիմա հանգիստ է, բայց երբեք շատ հեռու մի՛ գնա։ Թող լողամ և երբ վերադառնամ, կարող ենք խաղալ, լա՞վ»։            
«Լա՛վ»։

6. Մտքերս մի կողմ թողնելով՝ անցնում եմ լողալու։ Երբ դադար եմ առնում, հետ եմ նայում ափին՝ տեսնելու Ռույային, ով լողազգեստով այժմ կարմիր բծի տեսք ունի, և մտածում եմ, թե որքան եմ սիրում նրան: Այստեղ՝ ջրի մեջ, ծիծաղելու ցանկություն ունեմ։ Նա թիավարում է ափի մոտ։

7. Ես հետ եմ դառնում։ Երբ հասնում եմ ափին, սկսում ենք խաղալ՝ Ա) ոտքով խփել ջրին, Բ) իրար վրա ջուր ցողել, (հայրիկը բերանից ջուր է արձակում), Գ) ձևական լողալ, Դ) քարեր նետել ծովը, Ե) զրուցել խոսող քարանձավի հետ, Զ) հիմա լողանք, խաղանք մեր սիրած խաղերն ու անենք բոլոր սովորույթները, և այդ ամենն անելուց հետո խաղանք նորից։

8. - Շուրթերդ մանուշակագույն են․ մրսում ես։          
- Չէ՛, չեմ մրսում։    
- Մրսում ես։ Դուրս ենք գալիս։   
Որոշ ժամանակ ձգվում է այս ամենը, և վեճերն ավարտելուց հետո մենք դուրս ենք գալիս, չորացնում ենք Ռույային և փոխում նրա լողազգեստը…

9. Հանկարծ նա դուրս է պրծնում իմ ձեռքից և մերկ վազում լողափով մեկ ու ծիծաղում։ Քարերի վրա ոտաբոբիկ վազելիս կաղում եմ, և դա էլ ավելի է զվարճացնում Ռույային։           
- Տե՛ս՝ կոշիկներս հագնեմ թե չէ, կարող եմ քեզ բռնել։         
Հենց այդպես էլ անում եմ, իսկ նա բղավում է։

10. Վերադարձի ճանապարհին, մինչ ես հրում եմ Ռույայի սայլակը, երկուսս էլ հոգնած ենք ու երջանիկ: Մենք մտածում ենք կյանքի ու մեր հետևում գտնվող ծովի մասին և ոչ մի բառ չենք ասում:

 

 

Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի

  • Created on .
  • Hits: 1590

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: