Ոչ ոքի չմեղադրես

Երբեք չբողոքես ոչ մեկից, ոչնչից,
որովհետև հիմնականում դու կյանքում արել ես`
ինչ կամեցել ես։
Համակերպվիր ինքդ քեզ խրատելու դժվարության
և ինքդ քեզ ուղղելու կարևորության հետ։
Իսկական տղամարդու հաղթանակը ծնվում է
իր իսկ սխալների մոխրից։
Երբեք չբողոքես մենակությունիցդ կամ բախտիցդ,
դրանց դեմ դուրս արի քաջությամբ և համակերպվիր։
Այսպես թե այնպես դա արդյունքն է
քո արարքների և ապացուցում է,
որ միշտ պետք է հաղթանակես․․․
Մի՛ դառնացիր սեփական անհաջողությունից,
ոչ էլ այն բարդիր ուրիշի վրա, այլ համակերպվիր,
այլապես երեխայի պես շարունակելու ես արդարանալ։
Հիշիր, որ ցանկացած պահ լավ սկիզբ է,
և ոչ մի ակնթարթ այնքան սարսափելի չէ,
որ անձնատուր լինես։
Մի՛ մոռացիր, որ քո ներկայի համար
մեղավորն անցյալդ է այնպես,
ինչպես ապագայիդ համար՝ կդառնա ներկադ։
Սովորի՛ր խիզախներից, ուժեղներից,
նրանից, ով չի համակերպվում իրադրությամբ,
ով ապրելու է անկախ ամեն ինչից,
քիչ մտածիր խնդիրներիդ մասին
և ավելի շատ աշխատանքիդ, ու քո խնդիրներն
առանց հարթելու կանհետանան։
Սովորիր վերածնվել ցավից և դառնել
առավել հզոր, քան խոչընդոտներից մեծագույնը,
նայիր քեզ հայելու մեջ
և կլինես ազատ և ուժեղ ու կդադարես
խամաճիկ լինել իրադրության ձեռքում,
որովհետև դու ես քո ճակատագիրը։
Վեր կաց ու նայիր արևին առավոտները
և շնչիր արևածագի լույսը։
Դու ես կյանքիդ զորության մի մասնիկը,
այժմ արթնացիր, պայքարիր, քայլիր,
կայացրու վճիռդ ու կհաղթանակես կյանքում,
երբեք մի՛ մտածիր ճակատագրի մասին,
քանի որ ճակատագիրը
անհաջողակների պատրվակն է․․․

 

Փիլիսոփայություն

Միանշանակ ապացուցված է,
որ գարնանը ծառը կանաչ է,
և երկիրն իր ընդերքն ունի,
մոլորակները սնում են մեզ՝
չնայած ժայթքումներին,
և ծովը մեզ ձուկ է տալիս՝
չնայած իր մակընթացություններին.
մենք երկրի ստրուկներ ենք,
ով նաև տիրակալն է օդի։

Երազանքիս հետևից գնալու համար
ինձ մեկ կյանքը չի բավականացնի,
որ պտտվեմ երկրագնդով մեկ՝
տեսնելու աշխարհը, համտեսելու ամբրոսիան,
հակինթի գույն ունեցող հյութերը
և կնոջ բույրը կատարյալ,
ինչպես ցորենի ծաղիկներինը։

Ոչինչ չի փորձում թռչել՝
փախչելու այս մոլորակից,
այն քեզ ճանկում է ծննդյան պահից:
Եվ պետք է խոստովանես՝ սպասելով,
որ սերն ու ըմբռնումը
ծնվում են հողից, վեր բարձրանում
և աճում մեր ներսում
սոխի նման, փշակաղնու նման,
ջրային կրիաների նման կամ ծաղիկների,
երկրների նման, ցեղերի նման,
ուղիների և ճակատագրի:



Գարունը

Թռչնակը հայտնվել է,
որ մեզ լույս բերի․
իր ամեն դայլայլից
ջուր է հոսում։
Եվ ջրից ու լույսից օդն է մաքրվում,
արդեն գարունն է իր սկիզբն ավետել,
արդեն սերմերն են ծիլ արձակել,
ծաղկի արմատից պսակն է կախվել,
ծաղկի կոկոնն է կոպերը բացել։
Այս ամենը մի թեթև թռչնակ է արել,
որ ծառի կանաչ ճյուղին է բազմել։

 

Սիրո երգ

Քեզ սիրում եմ, քեզ սիրում եմ․ սա է իմ երգը,
և այստեղից էլ սկսվում է անխելքությունը։

Սիրում եմ քեզ, սիրում եմ իմ օդ ու թթվածին,
սիրում եմ քեզ, սիրում եմ իմ վայրի խաղող,
և եթե սերը նման է գինուն,
ուրեմն քեզ եմ ես նախընտրում
ոտքից մինչև գլուխ,
իմ հետոյի գավաթն ես
իմ ճակատագրի շիշը։
Սիրում եմ քեզ` թե՛ ճիշտ, թե՛ սխալ
և չունեմ ձայնային ընդունակություններ
քեզ համար երգս երգելու,
երգս, որ չունի ավարտ։

Իմ ջութակի մեղեդին է փոխվել,
իմ ջութակը քեզ ավետում է,
որ սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ իմ ջութակահարուհի,
իմ փոքրիկ տիկին՝ մութ և լուսավոր,
իմ սիրտ, իմ hզորություն,
իմ պարզություն և խորություն,
իմ խավար շաբաթների դու համ և հոտ,
իմ լուսավոր պատուհանից նայող լուսին:

 

      Իսպաներենից թարգմանեց Անի Գասպարյանը

  • Hits: 3567

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: