Աբբաս Քիառոսթամի․ Պատերազմից մինչև խաղաղություն
***
Սև ամպերի քուլաների մեջտեղում
լուսինը
ուզում է ցույց տալ իրեն։
***
Գաղտնիքս ասացի լուսնին,
արևն ելավ.
գաղտնիքս բացահայտվեց։
***
Դռան անցքից
թե՛ քամին է սողոսկում,
թե՛ լույսը լուսնի։
***
Լուսնի սկավառակը
թավալգլոր էր տալիս գետում․
վերջը գետը
նրան իր հետ տարավ ծով։
***
Իմ ու լուսնի միջև
մի երկխոսություն կա,
որ ո՛չ լուսինն է լսում,
ո՛չ՝ ես։
***
Արևի ու Լուսնի հանդիպումը՝
վաղորդայնին։
***
Մուրացկանի մի թաս՝
շքեղ եկեղեցու դիմաց։
***
Մի փամփուշտ
Մի գլուխ
Մի օր
***
Զինվորը, որ
մատով ականջն էր փակում
թնդանոթն արձակելիս,
կորցրեց մատը,
և ականջը, և աչքը
աչքը մի պահ թարթելուց։
***
Հրամանատար ու ենթակա՝
երկուսն էլ՝ վիրավոր,
երկուսն էլ՝ սոված,
երկուսն էլ՝ զզված։
***
Ի՞նչ են հաճույքով փնտրում
պատերազմի ու խաղաղության մեջ
պահեստային զինվորները։
***
Հրամանատարի համազգեստը
ցեցը կերավ
պահարանում։
***
Հետ չդարձան
գետերը՝
ծով գնացած,
զինվորները՝
պատերազմ գնացած
և սերերը՝
օտար երկրներ գնացած։
***
Չորս ծառ՝
չորս տեսակի,
ստվերներով մի տեսակի՝
խոնջացած չորս ճամփորդի համար
***
Երեխան հարցրեց
ձկներին՝
ինչո՞ւ են այդքան սիրում
իրենց մարմնի ջուրը։
***
Դեռ հավատս չի գալիս,
որ
Երկիրն է,
որ
պտտվում է։
***
Միակ սպասողն էի
խնձորին,
որ ընկավ ճյուղից։
***
Երկաթգծերը՝
ձյուների մեջ թաղված։
Գնացքը՝
ճանապարհին։
***
Ականապատ հողում՝
հարյուրավոր ծառեր՝
պատված ծաղիկներով։
Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը
- Hits: 4371