Նրա՝ նարնջի թերթիկներով թեյը. Մարիամ Աթայի

Սառնարանի վերևից ալյումինե մի տուփ եմ վերցնում։ Հանում եմ կափարիչն ու բացում այն։ Մատներով վերցնում եմ մի գդալ թեյ (իսկական պարսկական թեյ) և լցնում թեյարանը։ Հետո բաց եմ անում համեմունքների պահարանը՝ հանելով պլաստիկ պարզ մի տարա: Պտտում եմ խուփն ու մելամաղձոտ հոտոտում։ Բահար նարենջ – նարնջի չորացած թերթիկներ։ Մի պտղունց վերցնելով՝ լցնում եմ թեյիս մեջ։
Այն իմ ու մորս համընդհանուր կրքի առարկան էր․ մենք սիրում էինք, որ թեյի մեջ բահար նարենջ էր լինում։ Թեյամանիս միջի բահար նարենջը ԱՄՆ տեղափոխվելուց մայրս էր տվել՝ Քերմանից բերված քիմիոնի հետ միասին։ Նա պնդեց, որ հետս վերցնեմ այն, ինչպես նաև իրանական շատ այլ համեմունքների փաթեթ։ Ամբողջը խնամքով փաթեթավորեց, որպեսզի թարմ մնան և չփշրվեն ճամպրուկիս մեջ։ Ես գաղափար անգամ չունեի, թե ինչպիսին էր լինելու կյանքս Միացյալ Նահանգներում, կամ արդյոք այնտեղ տեղ կգտնեին նարնջի չորացրած թերթիկներն ու քիմիոնը։ Բայց պատկերացնում էի, որ մշտապես կկարողանամ հետ դառնալ և Թեհրանի մեր ծածկապատշգամբում ուտել նրա՝ քիմիոնով համեմված կերակուրներն ու նարնջի թերթիկներով թրմված թեյը։ Ես ընդհանրապես չէի պատկերացնում, որ նա ինձ էր տալիս հարազատությունից մի կտոր, տնից մի կտոր, որ հետս տանեմ նոր ու անծանոթ կյանք։ Չէի հասկանում, որ նա այդ կերպ էր համակերպվում իր դստեր՝ աշխարհի մյուս ծայրը տեղափոխվելուն։ Չէի հասկանում, որ խնամքով փաթեթավորված այդ պայուսակներով նա ինձ հետ էր ուղարկում մի կտոր իրենից։ Ես չէի հասկանում, որ այդ համեմունքների ու թեյերի օգնությամբ նա ցանկանում էր ինչ-որ կերպ պաշտպանել, սիրել ու կերակրել ինձ այդ հեռու-հեռավոր երկրում:   
Այս ամենը մորս ուժի և խոցելիության մարմնացումն էր:    

Մի փոքր սպասելով, որ թեյը թրմվի` մի բաժակ լցնում եմ և շնչում նարնջի թերթիկների անուշ բույրը։                   

Այլևս հնարավորություն չունեցա մորս հետ նարնջի թերթիկներով թեյ խմելու մեր ծածկապատշգամբում։ Երբ նորեն հանդիպեցի նրան, մահվան մահճում էր։ ԱՄՆ տեղափոխվելուցս չորս ամիս անց նրա ուղեղում բարորակ ուռուցք էին հայտնաբերել։ Ենթադրվում էր, որ այն պետք է հեռացվեր համեմատաբար պարզ վիրահատության միջոցով, որի արդյունքում հիվանդանոցում կմնար ընդամենը մեկ շաբաթ։ Սակայն երկու ամիս շարունակ մի բարդությունը զարգանում էր մյուսի հետևից։ Նրա վերջին երկու շաբաթը նստեցի կողքը՝ հիվանդանոցում։ Շարունակ շշնջացի նրա ականջին, որ շուտով կլավանա, և կնստենք մեր ծածկապատշգամբում՝ ծաղկած հասմիկի կողքն ու նարնջի թերթիկներով թեյ կըմպենք։ Բայց նա երբեք տուն չդարձավ։ Եվ հիմա այն, ինչ նրանից մնացել է ինձ այս հեռու երկրում, քիմիոնն ու նարնջի թերթիկներն են՝ ինձ համար փաթեթավորված։

Մի կում եմ անում նարնջի թերթիկներով թեյից, արտասվում և ժպտում արցունքների միջից։ Հիմա եմ հասկանում․ մորս սիրո քիմիոնն ու նարնջի թերթիկներն են․․․  

Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի

  • Hits: 4511

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: