Քնած մարդիկ․ Լինն Էմանուել

Կա այսպիսի ամերիկուհի պոետ՝ Լինն Էմանուել: Նա ծնվել է 1949 թվականի մարտի 14-ին Նյու Յորքում: Նրա բանաստեղծությունները տեղ են գտել գրական հանդեսներում, անթոլոգիաներում: Թողարկել է մի քանի պոետական ժողովածու: Պիտսբուրգի պետական համալսարանանում դասավանդում է անգլերեն: Ամուսնացած է մարդաբան Ջեֆրի Շվարցի հետ, բնակվում է Պիտսբուրգ քաղաքում:

ՔՆԱԾ ՄԱՐԴԻԿ

Ես  պարզապես  պատկերացրել եմ այս ամենը.

1940 թվականին իմ սիրահարված ծնողները

Ապրում էին Ուեսթ 10-ի ձեղնահարկում՝

Մարկ Ռոթկոյի բնակարանի վերևը:

Ամուսնության օրը ծնողներիս ննջասենյակի պատերին Ռոթկոն  նկարել էր               

                                                                                                          բազմաթերթ վարդեր:

Ես կարող եմ կռահել, թե ինչու:

Մորս մազերը դեղին խնձորի գույնն ունեին,

Իսկ քնելուց առաջ հագել էր գիշերազգեստն ու թավշյա գլխարկ դրել:

Ես դեռ չէի ծնվել: Ես հեռու էի աստղի լույսի պես:

Ինձ համար դժվար է պատկերացնել,

թե ինչպես էին ծնողներս սիրում  իրար վարդերով լի սենյակում,

Չէ՞ որ ես այնտեղ չէի:

Իսկ հիմա ես կամ: Մայրս հուզմունքից շիկնում է:

Երևի հենց սա է արվեստի հրաշքը:

Այն կարող է կենդանացնել մեռածին և արթնացնել քնածին,

Որ, հնարավոր է, պատահել է այն գիշեր,

Երբ հայրս ու մայրս սիրում էին իրար վերևի հարկում Ռոթկոյի,

Որ պառկել էր մթության մեջ՝ մտքում միայն վարդեր, վարդեր, վարդեր:

 

Թարգմանությունը անգլերենից՝ Քրիստինե Դադյանի և Իշխան Դադյանի

  • Hits: 33103

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: