Արամ Հովհաննիսյան

Armenian
    Արամ Հովհաննիսյանը ծնվել է 1984 թվականին Երևանում: Սովորել է Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա-
յում՝ Լևոն Չաուշյանի (կոմպոզիցիա) և Եվգենի Նոնինյանի (ֆլեյտա) դասարաններում։ 2001-ին կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ համատեղ հիմնադրել է ժամանակակից երաժշտության AUS անսամբլը:
    2003-ին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ սովորել և ավարտել է Ժնևի Կոնսերվատորիան (բարձրագույն դպրոցը)՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Միքայել Ժարրելի դասարանում (MA in Arts կոչում): Վարպետության դասեր է ստացել հանրահայտ կոմպոզիտորներից, ինչպիսիք են Տրիստան Մյուրայը և Պետեր Էտվըշը: Մասնակցել է սեմինարների Կլաուս Հուբերի, Էմանուել Նունեշի, Անրի Դյուտիյոյի, Ռոլանդ Մոզերի, Հանս Տուչկուի և Իվո Մալեկի ղեկավարությամբ։ Շվեյցարիայի Երաժիշտների Միության անդամ է (ASM):
    Բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում արժանացել է Բեռնի Երաժշտական Փառատոնի Fluchtwege կոմպոզիտորների մրցույթի առաջին մրցանակի (2011), Kiefer-Hablitzel մրցանակ (Բեռն, 2011), Pre-Art առաջին միջազգային մրցույթի առաջին մրցանակի (Ցյուրիխ, 2005) և այլն։ International Composer Pyramid մրցույթ-փառատոնի ընտրված 10 կոմպոզիտորներից է (2011, Ֆրանսիա / Անգլիա):
    Արամ Հովհաննիսյանի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ միջազգային նախագծերում և փառատոններում, ինչպիսիք են Լյուցերնի փառատոնը (2004, 2007), Culturescapes (Բազել, 2005), World New Music Days (Լյուցերն, 2004), Convergence (2010, Թբիլիսի), Made in Switzerand (ԱՄՆ, 2010), Dilijan Music Series (ԱՄՆ,2011), Festival 4020 Linz (Ավստրիա, 2011), SonemusFest (Սարաևո, 2011), Բեռնի Երաժշտական Փառատոնը (2011) և այլն:
    Համագործակցել է նշանավոր երաժիշտների և անսամբլների հետ, այդ թվում՝ Laboratorium (Լյուցերն), Aequatuor (Ցյուրիխ), Paul Klee (Բեռն), Pre-Art (Ցյուրիխ), Convergence (Երևան/Թբիլիսի), Contrechamps (Ժնև), Proton (Բեռն), Nostri Temporis (Կիև), XX Jahrhundert (Վիեննա) անսամբլները, Վրաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը, դիրիժորներ Մարկ Ֆոստերը, Դավիդ Ֆիլիպ Հեֆտին, Օրելիան Ազան Զելինսկին, Ռուբեն Ասատրյանը, Մարկ Կիսզոշին, Բենուա Վիլմանը, Ուիլիամ Բլանկը, Պետեր Բուրվիկը, Ֆիլիպ Նաոնը, դաշնակահարներ Արթուր Ավանեսովը, Հայկ Մելիքյանը, Վիկի Ռեյը, կոնտրաբասահար Ալեքսանդր Գաբրիշը և ուրիշներ:
  • Hits: 24472

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: