Ջոն Սթեյնբեք. «Մի վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»

    Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ: «Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին:
    Նամակագրությունների մեջ առանձնանում է  1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա:
    Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց  և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:


    Նյու Յորք
    Նոյեմբերի 10, 1958 թվական

    Թանկագին Թոմ
    Այսօր առավոտյան ստացանք նամակդ: Ահա և իմ պատասխան նամակը:
    Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Թույլ չտաս որևէ մեկին այն աննշան ու անարժեք դարձնել:
    Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է  պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել:
    Դու ասում ես, որ քո սերը դատարկ չէ: Եթե  զգացմունքը խորն է, վստահաբար այն դատարկ չէ:
    Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ:
    Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար:
    Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով:
    Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել:
    Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին:
    Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում:
    Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես:
   Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին: Էլենը (Ջոն Սթեյնբեքի կինը - Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես:
    Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:

Սիրով՝
Հայրիկ
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
                                                                        
 
  • Hits: 9704

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: