Հատված  «դիպ(չէ)լ» վեպից

_______

իսկ ովքեր էին լաուրի լին, բիրսը, սելինջերը կամ մալևիչը պատերազմից վերադառնալուց հետո։ նրանք մարդիկ էին, որոնք ծայրից ծայր լցված էին քամահրանքով ու լիովին թքած ունեին կարգերի հերթական փոփոխության վրա։

 

ինչպես է ընթանում քո կյանքը, հայրիկ, պատերազմից վերադառնալուց հետո։ ովքեր ենք մենք՝ պատերազմից հետո ծնվածներս․ թույլ իմունիտետ, բարձր հուզականություն, հակում ալկոհոլին, թմրադեղերին, անկանոն սեռական կյանքին, վախ բարձր ձայներից, մոխրագույնից, թրաշով մարդկանցից։ մեր մեջ ներբեռնված են հիշողության ու պարտության թափոները։ պետք էր գրել նաև պռատության թափոնները, ու առահասարակ կիսատ մնալու, կիսատ թողնելու, կիսատ վեպ գրելու, կիսատ կրթություն ստանալու մասին, կիսատ անգլերեն սովորելու, կիսատ սիրելու մասին, բայց ես վերապրել եմ էս զգացումն իր ամբողջ խորությամբ։ ու առընդմիշտ խաղաղ եմ իմ պռատության, թերարժեքության ու վախերի հետ ապրելու ու հաղթահարվելու մտքի տրանսֆորմացիայի հետ։ իսկ դու, հայրիկ, ադապտացվել ես էս փոքր ու նեղ քաղաքում, իբր պատերազմը զինված բռնություն չէ, մինչ ինչ-որ նկուղներում չօգտագործված ռազմամթերք կա, մինչ մենք սուրճ էինք խմում ցենտրալում ու խոսում սովետի աերոկապիտալի ու իմ՝ նյարդաբանի նշանակած դեղերը պարտաճանաչ խմելուց։ (էստեղ պատերազմի մասին հիշողություններ պետք է լինեին, բայց հայրիկի ու իմ անկարողությունը բավարար են դրանք չգրելու համար)։

 

«_____________________________________(գիծ՝ որևէ մակերեսի վրա մի կետից մյուսը տարած խազ)»…      

ներքին տագնապ ու վախ կա ժամը 15։00-ին հանրապետւթյան հրապարակով քայլելու մեջ․ մեծ ռյուկզակ, կովրիկ, ականջներումդ՝ բախ, դեմքիդ՝ սիմվոլիկ, տարիների բազմաչարչար աշխատանքով ձեռք բերված խաղաղություն, հագիդ ոչ թանկ հագուստ ու մի քիչ էլ փող՝ էս շաբաթ նույն դեմքի արտահայտությամբ քայլելու համար։ քեզ թվում ա՝ էս բարձր ու էլիտար շենքերում լռված, առավոտվա իննից մինչև հիմա ֆեյսի էջ թերթող մասսան հնարավորության դեպքում կոչնչացներ քեզ․ կվառեր խարույկի վրա, կգնդակահրեր կալաշնիկով ավտոմատով, կկապեր ձեռքերդ ու ոտքերդ, հետո մի քանի օր կգցեր պադվալում՝ իբր, լսի՛, դու հավատում էիր չէ՞ բացարձական կայունությանը, ներքին համերաշխությանը, դե հասի դրան, մինչև մենք մեր երկիրը երկիր կսաքենք։ բայց ես ձեզ ինչ, անգամ ցույցի չեմ գնում։ «ամուլսար, միայն սար», հա մի պոստերի վրա տեսել եմ գրված՝ «ամուր սար»։ ծիծաղում ենք։ մի խոսքով։

 

հետ(ո)հեղափոխականս:
սերս՝ հեղափոխությունից առաջ/ընթացքում/հետո:

 

ասում եմ՝ կարևոր է մի կերպ տեղ հասցնել խոսել չկարողանալու, դրանից խուսափելու մանիֆեստը։ մեզ ապուշ անտիբուրժուական շորերով ներկելու, մի տեղից, մի ձևով գրանտ կպցնելու հաղորդագրությունը։ լինել լուռ նշանակում է համակերպվել հիշողության անզորության ու անպիտանության հետ, նշանակում է մտքում վառել բոլոր պատմական քաղաքների մնացուկները, բոլոր պատմագիրների վերաձևակերպված գրքերը, տեքստերի անիմաստ հռետորաբանությունները։ ես խոսում եմ հիշողության հերքման մասին նաև կրոնական տեսանկյունից (էստեղ խիստ կարևոր է չգրել որևէ հոգևոր լիդերի անուն ու չերկարացնել)։

 

գաղափարական տեսանկյունից պարտված ենք: տարածության եռաչափ ընկալումը կուլ է տալիս իմ ու քո երևակայությունը: առանձնակի հաճույք է մեդիտացիա անելիս մտածել աշխարհաստեղծման, ձենի ու ինչ-որ անշոշափելի բաներից, մանավանդ, որ արդեն վճարել ես բուսաբանական այգու մուտքի գումարը, բացել կանաչ կովրիկը, նստել կիսալոտոսով՝ ցուցմատդ ու բութ մատդ միացրել իրար։

 

էստեղ՝ հենց այս պահի ներսում, երկու կին վազում են։    
նրանցից մեկը շենքի հինգերորդ հարկում ապրող կինն էր, որը սկզբում կարծում էի՝ ծեր էր, հետո պարզվեց խիստ երտասարդ ու անհավանական սլացիկ մեկն է, որին պետք է սիրահարվեիր, գոնե հանուն էս վեպի.

«կինը, որ ապրում է մեր շենքի հինգերորդ հարկում, ամեն երեկո պարանից ինչ-որ շորեր է հավաքում,

կինը ամեն օր գնում է լոլիկ, կարտոֆիլ ու մի քանի ձու,

կինը ամեն երեկո նայում է ռուսական ինչ-որ սերիալ,

կինը խոհանոցում անգիր արած տեքստեր է ասում,

կինը նուրբ լռություն է՝ սառը քարից բարձրացող այս շենքում,

կինը մեքենայական բառեր է շռայլում խանութում, տանը, իր սիրածին, մոտ ըկերուհուն,
կինը նեղվում է կոմունալներից ու ներքնակի գույնից,

կինը թքած ունի հասարակություն, պոպուլիզմ ու հեղինակություն բառերի վրա,

կինը նստած է սովետական շենքի հինգերորդ հարկում, հին բազմոցին ու կեղևազրկում է արևածաղիկ,

կինը անհավանական գեղեցիկ մատներ ունի:

 

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: