Պետեր Հանդկե

Երգ մանկության

Wings of desire3Երեխան, երբ երեխա էր,
թռչող թևերով
թափառում էր
ու կուզեր երեխան,
առուն լիներ գետակ,
գետակը`հեղեղ,
իսկ ջրափոսն այս`
ծով:
 
Երեխան, երբ երեխա էր,
չգիտեր, որ երեխա էր
ամեն ինչ հուզիչ էր
ու ամեն ինչ` մեկ:
 
Երեխան, երբ երեխա էր,
չուներ կարծիք,
չուներ և սովորույթներ,
հաճախ մազափնջով էր,
նստում էր խաչած ոտքերով,
սահուն էր ցատկը նրա,
դեմքն էլ նկարվելիս չէր ծամածռում:
 
Երեխան, երբ երեխա էր,
խեղդվում էր
սպանախից,
սիսեռից, բրնձի շիլայից,
խաշած
ծաղկակաղամբից:
Հիմա ուտում է այդ
ամենը,
ուտում է հենց նրա
համար,
որ պարզապես
պարտավոր է:
 
Երեխան,երբ երեխա էր,
արթնացավ մի օր
մահճակալում օտար,
հիմա էլ նույնպես
նորից ու նորից
արթնանում է այդտեղ:
 
Շատերն էին այն
ժամանակ
թվում նրան գեղեցիկ
հիմա մի քանիսը միայն,
այն էլ իրենց շքեղ
բախտի պատճառով:
 
Դրախտի մաքուր
պատկերն էր գուշակում,
հիմա ամենաշատը
կարող է կռահել
որ դատարկ պատկերն
իր խելքի բանը չէ,
որ միտքը կարող է
միայն սարսուռ բերել:
 
Երեխան, երբ երեխա էր,
խանդավառությամբ
խաղում էր,
հիմա էլ կա այդ
ոգևորությունը,
միայն եթե իր գործի հետ
է կապված:
 
Երեխան, երբ երեխա էր,
խնձոր, հաց ուտելը բավ
էր նրան,
բայց այդպես է անգամ
մինչև հիմա:
 
Երեխան, երբ երեխա էր
հատապտուղներ էին
թափվում
ձեռքերին
նրա
ու թափվում են այդպես
մինչև հիմա,
թարմ ընկույզները
խակ էին թվում նրան
ու այդպես է մինչև հիմա:
 
Ամեն լեռնագագաթում
ավելի բարձր լեռներ
հասնելու
ձգտում ուներ նա,
իսկ ամեն քաղաքում`
մեծ քաղաքների ձգտում,
ու այդպես է մինչև հիմա:
 
Նրա ձեռքը հասնում էր
բալերին`
ամենաբարձր ճյուղերի
բալերին,
ու մինչ այսօր էլ դեռ
ունի նա այդ խանդավառությունը,
ամաչում էր օտարների առջև
ու մինչ այսօր էլ ամաչում է:
 
Առաջին ձյուն.
նա դրան սպասում էր
ու մինչ այսօր էլ նույնիսկ
սպասում է:
 
 Երեխան, երբ երեխա էր,
նիզակի պես
փայտիկ էր շպրտում
ծառի առջև,
և դողդողում է նիզակը
այդ,
դողդողում է մինչև
այսօր:
 
Երեխան, երբ երեխա էր,
ժամանակն էր
հարցերի այս.
ինչո՞ւ եմ ես`ես
և ոչ թե` դու,
ինչո՞ւեմեսայստեղ
և ինչո՞ւ այնտեղ չեմ,
ե՞րբ սկսվեց ժամը,
և որտե՞ղ վերջացավ
տարածությունը,
կյանքը արևի տա՞կ է,
երազ չէ՞այն արդյոք.
այն, ինչ ես տեսնում եմ,
լսում, հոտոտում,
պատրանքչէ՞այն,արդյոք,
կա՞ իրականում
չարություն,
կա՞ն արդյոք չար մարդիկ:
 
Ինչպե՞ս պատահեց,
որ ես,
ով հիմա ես եմ,
չի եղել առաջ,
ինձանից առաջ.
և մի օր էլ ես,
ով հիմա ես եմ
չեմ լինի երկար
ժամանակ:
Ես`
ով հիմա ես եմ:
                    անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: