Հովհաննես Գրիգորյան

Հոգսեր, որ միշտ մեզ հետ են

   Մտնում եմ քննադատների դրության մեջ. արտակարգ դժվարացել է պոեզիայի` հատկապես երիտասարդական պոեզիայի մասին գրելը:

   Եվ ի՜նչ արագ անցան այն «երանելի» ժամանակները, երբ քննադատների համար պարզ էր տեսադաշտը, ամեն ինչ երևում էր ինչպես ափիդ մեջ… Իսկ հետո բազմահարկ շենքեր, մեծ-մեծ գործարաններ կառուցվեցին… և դրությունը բարդացավ:

   Մտնում եմ քննադատների դրության մեջ և հասկանում, թե ինչու են նրանք խուճապահար լքում պոեզիան և նետվում արձակի գիրկը: Ինչ մի դժվար գործ է. սյուժեն կվերապատմես` երեք էջ, հերոսներին կնկարագրես` ևս երեք էջ, դրականներին կգովես` երկու էջ, բացասականներին կմերժես` ևս երկու, որոշ թերություններով հանդերձ ստեղծագործության անուրանալի արժեքը կնշես` մեկ և կես էջ: Եղավ մոտավորապես տասներկու էջ: Ի՞նչ վատ է…

   Ցավոք, հումորի զգացողությունը չէ, որ ինձ մղում է եղածը ներկայացնել այսպիսի ոճով: Չնայած, ինչ խոսք, ավագների հետ միասին գործում են միջին և երիտասարդ սերնդի անպայման տաղանդավոր մի շարք գրաքննադատներ, որոնց հոդվածների գիտական մակարդակը ցանկալի բարձրության վրա է, բայց մի քանի հոգով գրաքննադատություն չես ստեղծի:

   Հաշվի չառնելով լեզվաոճական մտածողության այն տարբերությունները, որոնցով նորերի ստեղծագործությունները յուրովի հակադրվում են կանոնիկ պոեզիային` գրաքննադատներից շատերը մնացին մակերեսի վրա և հարցը լուծված համարեցին` երևույթը կոչելով ժամանակի ծնունդ: Այդ բանաձևը սխալ չէր լինի, եթե շարունակություն ունենար: Այսինքն` որպես ժամանակի տրամաբանական պահանջ ընդուներ նաև այն չափանիշները, որոնցով պիտի մոտենալ երևույթին, և որոնք, ավաղ, դեռևս չկան: Կարծում եմ` դա է պատճառը, որ քննադատի ներկայացրած գծերով հայկական պոեզիայի դեմքը …երբեմն չի «շնչում»: Քննադատը «մոռացել է» արյունատար անոթները` այսօրվա և վաղվա պոեզիան: Եվ ինչքան էլ տարօրնակ է, այս հարցում մեղավորը քննադատը չէ, այլ նրա մոտեցման չափանիշները, որոնք անօգնական են դառնում ներկայի հետ առնչվելիս, որովհետև անհուսորեն հնացել են: Իսկ այդ քննադատին ¥քննադատների խմբին¤ չի կարելի մեղադրել թեկուզ հենց այն պատճառով, որ ոչ ոք իրավունք չունի պարտադրել նրան` ընդգրկել գրական պրոցեսն ամբողջությամբ: Ի վերջո, ամեն մի քննադատ ունի իր կարողությունների երբեմն նույնիսկ խիստ չափավոր ու տեսանելի սահմանները, որոնք նա ճշտել է տարիների ընթացքում, և այդ սահմաններում ձևավորվել որպես որոշակի ճաշակի, գիտելիքների տեր ստեղծագործող-գիտնական: Ընդունելի և թերևս խրախուսելի է նաև այն դեպքը, երբ գրականագետը տարիների ընթացքում հետազոտությունների նյութ է դարձնում միայն մեկ գրողի ստեղծագործությունը:

   Կարծում եմ` մերժելին ու վտանգավորն այն է, որ գրաքննադատը երբեմն բացարձակացնում է որոշ գրողների, որոնց նա վերցրել է իր «հովանավորության» տակ, և դրանով իսկ միամտորեն ձգտում բացարձակացնել նաև իրեն, շեշտել, որ տեսեք` օգտակար և կարևոր գործով միայն ինքն է զբաղված: Նման սկզբունքով առաջնորդվող քննադատը ստիպված է այդ գրողների մասին իր խոսքն այնպես կառուցել, որ երևան նրանց ստեղծագործական առավելությունները ոչ թե ընդհանրապես, այլ ընդամենը… մյուսների նկատմամբ: Այսինքն` քննադատի նպատակն է դառնում ոչ թե ապացուցել, որ տվյալ բանաստեղծը տաղանդավոր է, այլ որ նա տաղանդավոր է բոլորից: Ոչ թե այն, որ տվյալ բանաստեղծն օժտված է ինչ-ինչ առավելություններով կամ շնորհներով, այլ` այդպիսի առավելություններով և շնորհներով օժտված է միմիայն նա:

   Ահա սա է պատճառը, որ տարբեր գրաքննադատների տեսական-ընդհանրական հոդվածները կարդալիս թվում է, թե գործ ունես բոլորովին այլ գրականությունների և գրական պրոցեսների հետ, թե տևական հիվանդագին հարաբերություններ են բորբոքվում առանձին գրողների, անգամ գրական սերունդների միջև:

   Վերջին շրջանում չափազանց մոդայիկ է դարձել «առաջ… դեպի ետ» պարադոքսալ բանաձևը: Եվ նման կոչ-խորհուրդները գերազանցապես հասցեագրված են երիտասարդներին` գրականության մեջ նրանց ճիշտ ուղղություն ցույց տալու թերևս բարի նպատակով: Այս բանաձևը երևի նշանակում է սովորել մեծերի՞ց: Բայց այդ դեպքում, ինչո՞ւ առաջ… Ըստ երևույթին, դա էլ նշանակում է, որ մեր գրականության մեծերն անհասանելի բարձունքնե՞ր են: Իսկ ո՞վ է վիճում դրա դեմ: Սակայն գրողը նախ և առաջ պետք է սովորի իր ժամանակից, այն իրականությունից, որի մեջ ապրում է և որից մղումներ է ստանում: Փոքր է մեր երկրագունդը, անչափ փոքր է, և նրա որ մասում էլ սովից արտասվի երեխան, որ մասում էլ հնչի ազատություն տենչացող ժողովրդին ուղղված կրակահերթը, արձագանքը հասնում է բոլորին… Արդիականության կարևորագույն չափանիշը, իմ կարծիքով, այն է, որ նույնիսկ սիրային բանաստեղծության ամենամտերմիկ, քնարական տողերում զգացվի այսօրվա աշխարհի հոգսերով ապրող բանաստեղծի սրտի տագնապը: Այդպիսին է Պարույր Սևակի պոեզիան: Եվ նրանից, բոլոր մեծերից ուսանելու շնորհքը անխուսափելիորեն նստած է յուրաքանչյուր իսկապես օժտված երիտասարդ գրողի բնազդի մեջ: Իմաստ չունի սրելով այն դարձնել գերնպատակ, դրանով իսկ ճնշում գործադրել գրողի անհատականության վրա` մեծ ավերումներ գործելով հատկապես այն դեպքում, երբ գործ ունենք սկսնակ ստեղծագործողի հետ, որի անհատականությունը դեռևս ձևավորման սկիզբ է ապրում: «Ինչ խոսք, կենսական անհրաժեշտություն է Մայակովսկուց ու Չարենցից, Տիչինայից ու Տաբիձեից ուսանելը: Եվ չնայած դրան` նշված բանաստեղծներից և ոչ մեկին չի կարելի «մոդել» կամ «ստանդարտ» դարձնել: Մոդելն իր էությամբ այնպիսի մի ավարտվածություն է, որ վաղը կարող է փոխարինվել նորով»,- «Սովետական գրականություն» ամսագրի այս տարվա երրորդ համարում իրավացիորեն նշում է գրականագետ Վազգեն Մնացականյանը:

   Շատ է խոսվում քաղաքացիականության անհրաժեշտության մասին, սակայն ինձ թվում է, որ հօգուտ դրա չեն հնչում վերջերս խիստ տարածում գտած «հողոտ և հողեղեն լինելու» պահանջները, որոնք ուշադրությամբ հետազոտելիս երևում է, որ հիմքում այդ պահանջները շատ ավելի պարզունակ են, որ ըստ այդ «հողոտ-հողեղենի»` իսկական պոեզիան սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է ասֆալտը… և ընդամենը: Թող ներվի ինձ, բայց նմանօրինակ պահանջները ես դիտում եմ որպես արդիականության հրատապ խնդիրների արհեստականորեն աղքատացում և պարզունակացում, որը ոչ մի կերպ չի համատեղվում քաղաքացի-գրողի ստեղծագործական տարերքի հետ: Եվ ի վերջո, կարծում եմ, հոդվածից հոդված, ելույթից ելույթ մեթոդաբար կրկնվող հողոտ լինելու, հողեղեն լինելու պահանջներն են, որ սխալ են կողմնորոշում նույնիսկ շնորհալի ստեղծագործողներին:

Նպատակ չունեմ պատկերն այնպես ներկայացնել, թե իբր երիտասարդ բանաստեղծները կատարելության գագաթին են հասել:

   Այո, անելիքներ շատ կան, թերություններ` նույնպես: Եվ այստեղ է, որ զգացվում է գրաքննադատության «վիրահատական միջամտության» կարիքը: Սակայն, չնայած առատությանը, նմանօրինակ միջամտություններն աչքի չեն ընկնում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով և կուլտուրայով, իսկ դա, բացառված չէ, հետևանք է ոչ այնքան անլուրջ մոտեցման, որքան, ինչպես արդեն նշեցինք, ոչ ճիշտ ընտրված չափանիշների:

   Այս տեսակետից տիպական օրինակ է գրականագետ Զ. Ավետիսյանի հոդվածը, որը վերջերս լույս տեսավ «Սովետական գրականություն» ամսագրում և կրում է «Պոեզիայի արդի միտումները և կենսունակության պահանջը» խոսուն վերնագիրը:

   Հոդվածն ընթերցելիս զգում ես, որ գործ ունես լայն գիտելիքների, պրպտուն մտքի տեր գրաքննադատի հետ: Զգում ես ժամանակակից պոեզիայի միտումների մեջ ներթափանցելու նրա ազնիվ ճիգը: Սակայն եթե այդ ճիգը հետաքրքիր արդյունքներ է տալիս հոդվածի այն մասում, որտեղ ուսումնասիրվում է ավագ սերնդի բանաստեղծների ստեղծագործական պրոցեսը, ապա նույնը չի կարելի ասել մյուս մասի համար, որը հիմնականում նվիրված է երիտասարդ բանաստեղծների ստեղծագործություններին: Կարծում եմ, դրանում մեղավորը հեղինակի մոտեցումն է, որը նույնն է մնում թե՛ ավագների և թե՛ նորերի ստեղծագործությունների վերլուծության ժամանակ:

   Տարօրինակ, բայց ակնառու փաստ է, որ ինչպես այս դեպքում, այնպես էլ շատ հաճախ մեր գրաքննադատներից շատերը, չգիտես ինչու, կարևորություն չեն տալիս այն հանգամանքին, որ պոեզիան, ամեն ինչով հանդերձ, նախ և առաջ լեզվական իրողություն է, և բնականաբար, նրա առանձնահատկություններից շատերը պայմանավորված են տվյալ հեղինակի լեզվամտածողությամբ:

   Մեր այսօրվա պոեզիայում առկա է երկու լեզվաոճական համակարգ` կանոնիկ` դասական և ազատ` վերլիբր: Երկուսն էլ ունեն գոյության հավասար իրավունք և ստեղծագործական անսահման հնարավորություն: Դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հավատարմագրված գրական սերունդ, որն ապրում է իր ներքին և արտաքին կյանքով, ունի իր առավելություններն ու թերությունները, որոնք գալիս են տվյալ լեզվաոճական համակարգի ընձեռած հնարավորություններից: Թերևս այս ամենը պիտի լիներ այն հոդվածի խնդիրը, որի մասին հիշատակեցինք վերևում: Երկրորդական համարելով այս խնդիրը` հոդվածի հեղինակը երկրատև ճանապարհորդություն է կատարում հին հնդկական պոեզիայի ակունքներից մինչև Ապոլիներ, Բլաս դե Օթերո, Լորկա ապա Ռուսինյան, Պատկանյան, Ալիշան, Շահազիզ, իսկ հետո` Մեծարենց, Չարենց, Սևակ, հետո նորից շեշտակի վերադարձ դեպի հին եգիպտական, չինական պոեզիաները, այնուհետև վկայակոչել է Վերլենին, Ռեմբոյին, Խուան Ռամոն Խիմենեսին, Անտոնիո Մաչադոյին` այդ ընթացքում օգտագործելով արտակարգ հնչեղ գիտական տերմիններ: Տարօրինակորեն մոռանալով, որ հենց այս նույն հոդվածում ինքն է տարակուսել և մեղադրանքի կարգով հարց բարձրացրել, թե. «Կարդում ես մեր նորագույն բանաստեղծների հարյուրավոր բանաստեղծություններ` առանձին գրքերով ու ժողովածուներով, «Գարունի» և ուրիշ ամսագրերի, թերթերի էջերում, նրանցում ամենուրեք ցրված է ուրիշ աշխարհների առարկայական ու գեղագիտական սիմվոլիկան: Զարմանալի բան է` որտեղի՞ց է գալիս այս օտար պայմանականության համատարած հոսքը` իր հետ բերելով կիպարիսներ, գնչուներ, անդալուզյան ձիեր, փայտե ձիեր, կոկոսներ, երկնային հեռուներին նայող կույր մադոննաներ, դելֆիններ, ճայեր և այլն»:

   Իսկապես որ զարմանալի է, հատկապես «փայտե ձիերը»…

   Մեկ ուրիշ զարմանալի բան. խոսելով 50-ական թվականների գրական սերնդի բանաստեղծական անժխտելի նվաճումների մասին` գրաքննադատն ինքն իրեն հարց է տալիս. «Ո՞րն է նրանց հաջողության հիմնական նախապայմանը»: Եվ ապա պատասխանում է. «Եթե շրջանցենք վերջիններիս անժխտելի տաղանդն ու ձիրքը, ապա կարելի է ասել…»: Չգիտեմ` այլևս ինչ կարելի է ասել բանաստեղծի մասին, եթե «շրջանցենք նրա տաղանդն ու ձիրքը», թեկուզ և անժխտելի… Սակայն շարունակենք գրաքննադատի միտքը. «…ապա, կարելի է ասել` ազգային, հասարակական, գեղագիտական իդեալի հավասարակշռությունը: Գեղագիտական իդեալի կայունացումը, որպես կանոն, գրական սերնդին փրկում է էքսպերիմենտալ որոնումներից»: Ահա թե ինչ, պարզվում է, որ կան բանաստեղծներ և նույնիսկ գրական սերունդներ, որոնք որոնումներից փրկվելու կարիք են զգում, և գրաքննադատի կարծիքով այդ փրկությունը պիտի որոնել գեղագիտական իդեալի կայունացման մեջ, իդեալ, որը, հանդիսանալով մեր դարաշրջանի ծնունդն ու զավակը, հասարակարգի զարգացման, մարդու հոգևոր և նյութական կյանքի հարստացմանը զուգընթաց ապրում է զարգացման և կատարելագործման պրոցես, հարստանում է նոր շերտերով և երանգներով: Եվ ի վերջո, չէ՞ որ յուրաքանչյուր գրող այդ իդեալին ձգտում և մերձենում է ստեղծագործական որոնումների, պրպտումների ուրույն ուղիով` այդ ընթացքում լուծելով և հաղթահարելով թեմատիկ և ոճական բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ: Այլապես կդադարեինք տարբերել ոչ միայն մի ստեղծագործությունը մյուսից, այլև կդադարեինք իմաստ տեսնել գրողի անհատականություն հասկացության մեջ: Իսկ այն երևույթը, ինչն այնպես ոգևորված առավելություն է համարում գրականագետը, կարծում ենք, պարզապես լճացում է կոչվում` միայն թե առանց գեղագիտական կողմնորոշման…

                                                                      «Գրական թերթ», 1976, 18 հունիսի
                                                                                (մասնակի կրճատումներով)

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: