Մեկնարկեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը

 Ապրիլի 25–29-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը, որն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս տարի «Արմմոնո»-ի շրջանակներում կցուցադրվի 17 ներկայացում Մեծ Բրիտանիայից (Փետար Միլուշևսկին՝ «Beautifull»), Լեհաստանից ( Յանոշ Ստոլարսկին` «Հոբ Երանելի»), Լիտվայից (Բիրուտե Մարը` «Բառեր ավազի վրա» և Վիդմանտաս Ֆիժալկաուսկասը՝ «Խավարում հայտնված»), Ռուսաստանից (Ալեքսեյ Բաղդասարովը` «Ապոկալիպսիսի մեկնիչը», Օլգա Նովիցկայան` «Դաս»-ը) հրավիրված դերասանների մասնակցությամբ: Հայաստանից փառատոնին մասնակցում են դերասաններ Ռոբերտ Հակոբյանը «Զրույց գիշերին», Զարուհի Խաչատրյանը «Խարույկ լուսաբացին», Արա Գևորգյանը «Ծխախոտի վնասի մասին», Յուրի Իգիթխանյանը «Ամիսը գյուղում. Իսլաև», Վարազդատ Փանոյանը «Դորիան Գրեյ» և Մարի Գրիգորյանը՝ «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումներով: Փառատոնին նախորդած ասուլիսի ժամանակ «Արմմոնո» -ի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ այս տարի, որպես նորամուծություն, կներկայանա «Արմմոնո-Տրիումֆ» ծրագիրը, որի շրջանակներում կներկայացվեն նախորդ տարի հաջողություններ գրանցած ներկայացումները (Մ. Ջանիբեկյանի «Խոստովանություն» և Նարինե Գրիգորյանի «Դզին-Բանա-ստեղծագործություն» մոնոներկայացումները):
  Դեռ 2013թ.-ին փառատոնը հանդես էր եկել «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրով: Այս տարի նույնպես մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ դերասաններին հնարավորություն կտրվի ներկայացնել իրենց աշխատանքները «Արմմոնո» -ի բեմից: «Արմմոնո-Դեբյուտ» -ի շրջանակներում հանդես կգան Նարեկ Հարությունյանը «Ռոմեո», Մորենա Ֆուեգոն «Օձի հեքիաթը» և Հարություն Գալֆայանը «WWW. AMPHIBIA.COM» մոնոներկայացումներով: Սպասվող իրադարձությունների մասին խոսելիս փառատոնի տնօրենն ասաց, որ հունիս ամսին կկայանա «Արմմոնո» -ի մարզային տարբերակը, բայց թե կոնկրետ որտեղ, Մարիաննա Մխիթարյանը չցանկացավ բացահայտել: Հարցին, թե «Արմմոնո»-ն կդառնա արդյոք մրցութային փառատոն, Մարիաննա Մխիթարյանը պատասխանեց. «Փառատոնը ինքնին ասում է, որ սա տոն է, արվեստ, իսկ արվեստը սպորտ չէ, որ մետրով կամ վայրկյանաչափով որոշես, թե ով է ավելի լավը»:
     «Արմմոնո» 2014-ն իրենց մասնակացությամբ կպատվեն մոնոներկայացումների միջազգային փառատոների հանրահայտ տնօրեններ` Յոլանտա Սուտովիչը /Գերմանիա/, Մարիա Տանանան /Լիտվա/, Մարիա Յուրևան /Սանկտ Պետերբուրգ/, Ռախել Տարանատսը /Իսրայել/, հանրահայտ բեմադրիչ Սաուլիս Վառնասը / Լիտվա/, Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Յարոսլավ Անդրոնովը: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողների համար: Փառատոնի բացումը տեղի ունեցավ այսօր երեկոյան՝ ժամը 18:00-ին, տիկնիկային թատրոնում Մեծ Բրիտանիայից ժամանած հանրահայտ դերասան Փետար Միլուշևսկին՝ «Beautifull» («Գեղեցիկը») մոնոներկայացմամբ:
                                                                                                                                   
Աննա Կարապետյան

Փառատոնի ժամանակացույց
26 ապրիլի, 14:00 - Նարեկ Հարությունյան «Ռոմեո» /Հայաստան, Արմմոնո-Դեբյուտ/- ՀԹԳՄ
15:00 - Մորենա Ֆուեգո «Օձի հեքիաթը» /Հայաստան, Արմմոնո-Դեբյուտ/- ՀԹԳՄ
16:30 - Ռոբերտ Հակոբյան «Զրույց գիշերին» /Հայաստան/- ՀԹԳՄ

18:00 - Արա Գևորգյան «Ծխախոտի վնասի մասին» /Հայաստան/ - ՀԹԳՄ

27 ապրիլի, 12:00 - Զարուհի Խաչատրյան «Խարույկ լուսաբացին » /Հայաստան/- Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն
15:00 - Հարություն Գալֆայան «WWW. AMPHIBIA.COM» /Հայաստան, Արմմոնո-Դեբյուտ/- ՀԹԳՄ
16:00 - Վարազդատ Փանոյան «Դորիան Գրեյ» /Հայաստան/- ՀԹԳՄ
18:00 - Մարի Գրիգորյան «Քուչակն ու Մարին» /Հայաստան/- ՀԹԳՄ
19:30 - Մուրադ Ջանիբեկյան «Խոստովանություն» /Հայաստան, Արմմոնո-Տրիումֆ/ - ՀԹԳՄ

28 ապրիլի, 17:00 - Օլգա Նավիցկայա «Դաս» /Ռուսաստան/- ՊՀԹ
18:30 - Յանոշ Ստոլարսկի «Հոբ Երանելի» /Լեհաստան/- ՊՀԹ

29 ապրիլի, 16:30 - Յուրի Իգիթխանյան «Ամիսը գյուղում.Իսլաև» /Հայաստան/- ՀԹԳՄ
18:00 - Բիրուտե Մար «Բառեր ավազի վրա» /Լիտվա/- Տիկնիկային թատրոն
19:30 - Վիդմանտաս Ֆիժալկաուսկաս «Խավարում հայտնված» /Լիտվա/- Տիկնիկային թատրոն

20:30 - Փառատոնի փակում:
                                                                            
  • Hits: 8365

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: