Նորայր Սարգսյան. «Չինական պատը» մեր միջև եղած պատն է

 

Նախորդ տարի երիտասարդ արձակագիր Նորայր Սարգսյանը «Չինական պատ» պատմվածքների ժողովածուի համար արժանացավ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի: Ժողովածու հեղինակը «Ժամանակակից միտքն ու գրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց գիրքը, ինչպես նաեւ խոսեց իր եւ ժամանակակից գրական միջավայրի մասին:

Նորայր Սարգսյանը տնտեսագետ է, աշխատում է որպես ծրագրավորող: Ժամանակին ցանկացել է դառնալ ֆուտբոլիստ, սիրել է ռոքնռոլն ու ռեփը, բայց ստեղծագործելու ցանկությունը նրան գրականություն է բերել: Գուցե այդ պատճառով էլ գրում է իր հերոսների չիրականացված երազանքների ու բակային կյանքի մասին:

«Ուրիշ միջավայրը շատ է օգնում գրելուն: Առաջին մասնագիտությունս օգտագործում եմ որպես առավելություն: Մաթեմատիկական մտածելակերպի շնորհիվ կարող ես գրել հակիրճ, հանել ավելորդ հատվածները, լուծումներ գտնել»:

Գրել սկսել է 17-18 տարեկանից, կարևորում է գրողի կերպարը: Բանաստեղծությամբ այդպես էլ չկարողացավ արտահայտել մտքերը, արդյունքում գրեց պատմվածք` հետաքրքիր կերպարներով և սյուժեով:

Չի փորձում ստեղծել կերպար, պարզապես մաքսիմալ անկեղծ է ու պարզ:

Հաճախ է լսում, որ ինքը տաղանդավոր է: Իր համար տաղանդը ցանկության, ռիսկի, ինտելեկտի ու ճաշակի ձևավորման միաձուլումն է:

Հերոսները մտացածին չեն, վերցված են իրական կյանքից, երիտասարդներն են, ծնողներ, բակի վարսավիրը, բայց գլխավոր կերպարն ինքն է: Ասում է՝ երբեմն չափն անցել է ու շատ անձնական ապրումներ ներկայացրել:
«Չինական պատը» նրա առաջին ժողովածու է: 

«Չինական պատի» գլխավոր սիմվոլը դժվարության պատն է, որը ցանկանում ես քանդել, քանդում ես քո և մյուսների միջև եղած պատը: Բնությանը հակադիր ինչ-որ բան կա դրա մեջ, փորձում ես ինքդ քո բնության դեմ պայքարել, փորձում ես դուրս գալ մելանխոլիայից, հակադիր ինչ-որ քայլ ես անում, քո թերությունը դարձնում ես առավելություն»:

Ինքն էլ հաճախ հայտնվում է ստեղծագործական պատի առջև, զբաղվում է սիրելի գործերով, հասունանում է պահը և գրում է:

«Գրում եմ այն, ինչ ուզում եմ և փորձում եմ անել այնպես, որ շատ մարդ իմանա դրա մասին»:

Գրականության գլխավոր խնդիրը համարում է այն պատճառների վերհանումը, որոնք ժամանակակից մարդուն բերում են որևէ հոգեվիճակի:

«Գլխավոր պատճառն այն միտքն է, որ դու հավերժ չես, և դա արվեստի սկիզբն է: Մարդը փորձում է որևէ բան ստեղծել` բացատրելու համար իր հոգեվիճակը»:

Շատ է ազդվում հայ գրողներից: Առանձնացնում է բոլոր սիրելի գրողներին` Վանո Սիրադեղյան, Հրանտ Մաթևոսյան, Վիլյամ Սարոյան, Դովլաթով, Քամյու և Բրոդսկի: Նրանցից որոշների հետ էլ տեսնում է նմանություն:

Մերօրյա գրողներից առանձնացնում է Գուրգեն Խանջյանին, Արամ Պաչյանին և Գրիգին:

Առհասարակ խորհուրդ է տալիս կարդալ ժամանակակից գրականություն: Ինքը նույնպես ընթերցում է ` հասկանալու համար, թե ինչպես են լուծում խնդիրները, որոնց ևս նա անդրադարձել է:

«Հասարակությունն այսօր պատրաստ չէ Չարենց տեսնելու, դրա համար էլ հասարակությունը Չարենց չի ծնում»:

Նշում է, որ բոլոր ժամանակներում գլխավոր թեման մարդն է: Ժամանակակից գրականության մեջ էլ մարդուն դնում է կենցաղում, որտեղ զգացվում է ժամանակակից շունչը:

Կարևորում է միջազգային հոսանքներում լինելը, որպեսզի ստեղծագործությունն էլ ավելի մարդկանց հասանելի լինի: Կցանկանար էկրանավորել իր «Ներկած քուչա» պատմվածքը, որն ավելի սյուժետային է: Աշնանն էլ նախատեսում է տպագրել նոր ստեղծագործություն:

 

Լիլիա Արզումանյան

 

  • Hits: 851