«Կինոն բեմի վրա». Հայկական ֆիլմերը կրկին մեծ էկրան են բարձրանում

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ այս օրերին իրականացնում է «Կինոն բեմի վրա» խորագրով կինոցուցադրությունների շարքը: Ծրագրի շրջանակում նախորդ դարի երկրորդ կեսին նկարահանված հայկական երաժշտական ու կատակերգական մի շարք ֆիլմեր կրկին մեծ էկրան են բարձրանում:

Նախաձեռնությունն ուղղված է հանրությանը մշակութային կյանքի դադարից դուրս բերելուն, ինչպես նաև համավարակի հետևանքների վերացմանն ու կինոթատրոնի ամառային դահլիճի վերագործարկմանը՝ հաշվի առնելով, որ շուտով ավարտվում է բացօդյա դահլիճի շահագործման ժամանակաշրջանը:   

Արդեն իսկ ցուցադրվել են ծրագրում ներառված «Կարինե», «Երգում է Գոհար Գասպարյանը» «Ճանապարհ դեպի կրկես»  ֆիլմերը, իսկ սեպտեմբերի 27-ին կցուցադրվի  Հ.Մալյանի  «Մի կաթիլ մեղրը» ֆիլմը:

1963 թվականին Երևանի կրկեսում նկարահանված «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը ստեղծվել է Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ինքնակենսագրության մոտիվներով և հենց նա էլ կատարել է գլխավոր դերը: Ֆիլմը ներկայացնում է վերջինիս՝ կրկեսում աշխատելու ձախողված առաջին  փորձերն ու դրանց հաղթահարումը։

1982 թվականին նկարահանված «Մի կաթիլ մեղրը» ֆիլմը Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հյուսված ներկայացման կինոտարբերակն է:

«Սրանք իրար հետ կապ չունեցող ֆիլմեր են, բայց բոլորը մեր մեծանուն ռեժիսորների կողմից ստեղծված ֆիլմերն են, որոնք շատ հարթակներում, այդ թվում՝ օնլայն, անհնար է դիտելը»-հայտնում է կինոթատրոնի աշխատակից Անահիտ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կինոյի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց  մարդիկ, հաշվի առնելով կարանտինային պայմանները, դեռևս զգուշանում են հանրային վայրեր գնալուց: «Նախորդ շաբաթվա ցուցադրությունները կայացել են, բայց չեմ կարող ասել, որ, գոնե մինչև տարեվերջ կունենանք  այն այցելությունները, որոնք մշտապես են եղել»:

Զրուցակիցս, անդրադառնալով կինոթատրոնի հետագա գործունեությանն ու աշխատանքային ձևաչափին, նշում է, որ համավարակի պատճառով բազմաթիվ միջոցառումներ չեղարկվել են, քանի որ գարնան և ամռան ամիսներին նկարահանման աշխատանքներ չեն իրականացվել, հետևաբար աշնանային պրեմերիաները ևս հետաձգվել են:

«Շատ սպասված ֆիլմի դեպքում հնարավոր է հանդիսատեսի բավականին մեծ հոսք ունենանք, բայց առաջիկա ամիսների համար կանխատեսումները, կարծես թե, լավը չեն: Առաջացել է նաև կինոնյութի խնդիր, որովհետև  և՛ տեղական, և՛ արտասահմանյան  նշանավոր բոլոր կինոպրեմերիաները տեղափոխվեցին 2021 թվական»:

Այսուհանդերձ, կինոթատրոնը կվերաբացվի հոկտեմբերի 1-ից՝ պահպանելով կարանտինային սանիտարահիգիենիկ կանոնները, և կինո սիրող հանրությունը հնարավորություն կունենա կրկին մեծ դահլիճում ֆիլմեր դիտելու ու աստիճանաբար փոքր էկրաններից մեծ էկրան տեղափոխվելու:

 

 

Մարջան  Չոբանյան

  • Hits: 1823

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: