Արվեստը՝ հանուն Արցախի

                                       

 

Սեպտեմբերի 27-ից ի վեր, հայ-ադրբեջանական պատերազմական իրավիճակով պայմանավորված, անհատ ստեղծագործողների, խմբերի կողմից իրականացվում են մշակութային տարբեր նախաձեռնություններ: Նրանց միավորում է Արցախին օգնելու և ստացված հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերելու պատրաստակամությունը, ուստի վաճառքի են ներկայացնում իրենց ձեռքի աշխատանքները:

Այս նպատակով մոտ մեկ շաբաթ առաջ նկարիչ ընկերներ Գևորգ Գրիգորյանի, Գոռ Գյուրջյանի ու Արման Վահանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ARTists for ARTsakh հարթակը, որի հիմքում դրվել է տարբեր նկարիչների ստեղծագործությունները մեկտեղելն ու ցածր գներով դրանք վաճառելը:

ARTists for ARTsakh 2

«Նախաձեռնության մեկնարկը տվեցինք ընկերներով՝ սոցիալական մեդիայի մեր էջերում մեր նկարները ներկայացնելով, ինչից հետո այն ընդլայնվեց։ Դեռ ընգրկված են միայն տեղացի նկարիչներ, ստեղծագործողներ, բայց հենց այսօր ԱՄՆ-ից մի նկարիչ ևս արձագանքեց: Մտածում էինք, եթե նույնիսկ 10 հազար դրամ էլ փոխանցվի, ուրեմն արդյունք ունենք։ Փաստացի դա հարյուրապատկվեց: Այս պահին վաճառվել է 15-ից ավել աշխատանք և հիմնադրամին  է փոխանցվել 1 միլիոն 400 հազար դրամ»: (Մինչ նյութը պատրաստվում էր հրապարակման հանգանակությունը կազմեց շուրջ 2 միլիոն դրամ):

Գևորգի խոսքով «ARTists for ARTsakh» նախաձեռնությունը բաց է մասնակցել ցանկացողների համար: «Ուսանողներից մինչև կայացած հավակնոտ նկարիչներ ներգրավված են, ամեն մեկը պիտի կարևոր զգա իրեն»-ասում է նա:

Դրամահավաքը սահմանագիծ չունի, իսկ ընթացքն ու տևողությունը կախված են իրադարձություններից, իրականությունից: «Այս փուլում այս ձևաչափով դեռ կշարունակենք: Կան հետագային ուղղված  նախաձեռություններ, բայց դեռ չակերտները չբացենք»։

Հայաստանի նկարիչների միության անդամ, ժողովրդական վարպետ, նկարիչ Սերխաչը՝ Սերգեյ Խաչատրյանն ու նրա գեղանկարիչ որդիները՝ Աբգար և Ավետիս Խաչատրյանները ևս միացել են այս գործընթացին:

«Պատերազմի առաջին օրերին, երբ սկսվեց հանգանակության պրոցեսը մենք ամեն մեկս փոքրիկ գումարով միացանք հանգանակությանը: Ֆեյսբուքում տեսա, որ ընկերներիցս մեկը վաճառքի էր դրել իր գործը, գումարը հարյուր տոկոս համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով։ Ես անմիջապես վաճառքի հանեցի մեկական աշխատանք՝ իմ, հորս և եղբորս գործերից, պայմանը նույնն էր՝ աջակցել դրամահավաքին: Մենք մեր գործերը վաճառքի դնելով ընտրեցինք շատ ցածր, խորհրդանշական գին, քանի որ նպատակը պարտադիր վաճառքն էր՝ միասնականությանն և դրամահավաքին աջակցելու համար»-պատմում է Աբգար Խաչատրյանը։

Թեև այս ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների և սահմանափակումների պատճառով ստեղծագործող անհատները իրենք են կանգնել ֆինանսական խնդիրների առաջ, բայց դա մղվել է հետին պլան:

Աբգար Խաչատրյանի խոսքով՝ նկարները շարունակաբար վաճառվում են՝ տատանվելով 150-ից մինչև 2500 դոլարի սահմաններում, անընդհատ վաճառվելու պարագայում պատրաստ են ավելին հատկացնել:

«Հիացած եմ ողջ հայության համախմբվածությամբ։ Շատերն էլ գնում են նկարը, վճարում ավելին քան սահմանված չափն է՝ խնդրելով, որ իրենց անունը չհրապարակվի։ Ես իհարկե հրապարակում եմ գումարի փոխանցման կտրոնները, սակայն իմ անունով և դա խթանիչ ուժ է տալիս մյուսներին, ոգևորում լինել ավելի ակտիվ»:

Աբգարը նկատել է, որ մարդիկ այս օրերին գերադասուԱբելյան թատրոնմ են գնել ավելի ուրախ նկարներ, քան գորշ գունային կոլորիտով գործեր։ «Ստացվում է, որ բարին կհաղթի չարին: Սա է մեր պետերազմի հեքիաթը»:

Այս ընթացքում մի շարք մշակութային հաստատություններ աշխատում են նաև Արցախից ժամանակավորապես տեղափոխված երեխաների համար: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկացմամբ՝ իրավիճակով պայմանավորված կրթամշակութային հաստատությունները, թանգարանները պարբերաբեր հյուրընկալում են նրանց, կազմակերպում շրջայցեր, ծանոթացնում մշակութային միջավայրին: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հանրային կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը պատմում է, որ հոկտեմբերի 2-ից թատրոնը սկսել է մանկան ներկայացումներ ցուցադրել Արցախից  տեղահանված երեխաների համար: Ըստ նրա այժմ համագործակցում են նաև տարբեր դպրոցների տնօրենների հետ, որպեսզի շարունակական լինեն ցուցադրությունները: Բացի այս, թատրոնի աշխատակիցները պլանավորում են հավաքագրել առնվազն քսան ստեղծագործ մարդու և կազմակերպել ցուցահանդես-վաճառք՝ նպաստելու համահայակական հանգանակության գործին:

 

Մարջան Չոբանյան

  • Hits: 1914

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: