• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Ընդդեմ լկտիության, ցինիզմի, անադեկվատության, ոչ պրոֆեսիոնալիզմի և հայ ժողովրդի ու հայկական մշակույթի կործանման

Ընդդեմ լկտիության, ցինիզմի, անադեկվատության, ոչ պրոֆեսիոնալիզմի և հայ ժողովրդի ու հայկական մշակույթի կործանման

Պատերազմից հետո ստեղծված իրավիճակը պահանջում է աշխարհասփյուռ հայությունից ոչ ստանդարտ լուծումներ: Պատերազմի հետևանքով ունենք բազմահազարանոց զոհեր, տարածքային մեծ կորուստներ: Արցախի Հանրապետություն դե ֆակտո գոյություն չունի, Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը խիստ կասկածի տակ է: Այսքանով հանդերձ՝ ներքաղաքական կյանքում ականատես չենք լինում այնպիսի խմորումների, որոնք համապատասխանում են իրավիճակին: Կորցված մեր պատմական տարածքներում՝ ոչ միայն Շուշի քաղաքում, այլ նաև արցախյան շարժում ծնած Հադրութ քաղաքում և ամբողջ Հադրութի շրջանում, որը երբեք ադրբեջանական չի եղել, շուտով կսկսվի մշակութային վանդալիզմ: Կիրագործվի մեր հետքը այդ տարածքներից իսպառ վերացնելու ադրբեջանական պետական ծրագիրը: Հադրութի շրջանում` պատմական Դիզակում, Տողասարի շուրջ գտնվող բազմաթիվ մշակութային կոթողները, Գտչավանքը, Կատարովանքը վտանգված են: Վտանգված է նաև արցախյան ամենայուրօրինակ բարբառներից մեկը` Հադրութի բարբառը: Մի քանի օրից մենք կհանձնենք նաև մեր հայրենիքի մյուս հատվածները՝ դիմացը ստանալով ոչինչ: Հայ ժողովուրդը պատրաստ էր իր կյանքի գնով պահպանելու մեր տեսակը, մեր արժեքները, մշակույթը և հայրենիքը: Մեր որդիները, զոհվելով թե՛ Արցախյան առաջին, թե՛ Ապրիլյան պատերազմի ժամանակ և թե՛ հիմա, իրագործել են անհնարինը: Փոխարենը ներքաղաքական դաշտում մենք ունենք համատարած գզվռտոցներ, իրավիճակի չգիտակցում, լկտիություն, ցինիզմ և անադեկվատություն` սկսած վարչապետից, գործադիր իշխանությունից, վերջացրած նրանց վառ հակառակորդներից: Հայ ժողովուրդը այժմ իրեն զգում է խաբված, դավաճանված սեփական թե՛ նախկին և թե՛ ներկայիս ղեկավարությունների կողմից, իսկ նրանց անադեկվատ պահվածքը, մեղքերն իրար վրա բարդելը ապացուցում են մեր այդ վարկածը: Մեզ համար պարզ է, որ ստեղծված իրավիճակում պետք է փնտրել ոչ միայն մեղավորներ, այլ նաև պատասխանատուներ․ սա մենք, իհարկե, պետք է թողնենք բաց դատավարությանը: Առայժմ կոչ ենք անում ի կատար ածել հետևյալ քայլերը.

1. Բոլոր նախկինները` ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ, առաջին, երկրորդ և երրորդ նախագահները պետք է հրապարակային հանձնառություն վերցնեն, որ ապագա 6 ամիսների գործընթացներին չեն մասնակցելու և չեն ձգտում իշխանության:

2. Վարչապետը և կառավարությունը պետք է հրաժարական տան՝ ներողություն խնդրելով և առայժմ լռելով՝ պիտի չփորձեն մանիպուլացնել ու պառակտել հասարակությունը՝ հասկանալով, որ վաղ թե ուշ մենախոսության ձևաչափից նրանք կկանգեն դատարանի առջև որպես պատասխանատու:

3. Պետք է համախմբվել նախագահի ինստիտուտի շուրջ՝ ըստ այս կառույցի առաջարկած ճանապարհային քարտեզի: Վերջինս միակ սահմանադրական ինստիտուտն է, որի շուրջ համախմբելով՝ օրինականորեն կարող ենք կազմակերպել գործընթացները՝ կանխելով հեղաշրջման և ավանտյուրայի փորձերը։ Պետք է նշանակվի ոչ կուսակցական տեխնոկրատների գործադիր մարմին, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից և կկարողանա կազմակերպել ու ապահովել նոր, թափանցիկ, ժողովրդավար ընտրություններ:

4. Այդ ընթացքում խորհրդարանը պետք է վերջապես անի այն, ինչ անցած 2,5 տարվա ընթացքում չի արել, առաջնային են ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի ընդունումը, վարչապետի իրավունքների սահմանափակումը:

5. Վեց ամիս հետո պետք է տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ:

6. Մշակութային արժեքները վանդալիզմից պահպանելու համար այդ հարցերով զբաղվող հանձնախումբ պետք է կազմվի, որ կորսված տարածքներում առկա շենք-շինությունների մասին կծանուցի միջազգային հանրությանը և կհետևի դրանց անխաթար մնալուն։

 

 

 

Հովիկ Սարդարյան, կոմպոզիտոր
Հասմիկ Խեչիկյան, գրականագետ, բ․գ․թ․
Լուսինե Եղյան, բանաստեղծ
Նորայր Սարգսյան, արձակագիր
Ռուզաննա Ոսկանյան, բանաստեղծ
Անդրանիկ Բերբերյան, կոմպոզիտոր
Աստղիկ Հակոբյան, լրագրող
Լևոն Չաուշյան, կոմպոզիտոր
Դավիթ Պիվազյան, կոմպոզիտոր
Նարինե Դելլալյան, ջութակահար
Սոնա Հայկազուն, երաժշտագետ
Սոնա Անդրեասյան, լուսանկարիչ
Շուշան Խաչատրյան, լեզվաբան
Դավիթ Գյուլզադյան, լեզվաբան, բ․գ․թ․
Գուրգեն Բավեյան, երգիչ
Լուսինե Գրիգորյան, դաշնակահարուհի
Գևորգ Գիլանց, բանաստեղծ
Տաթև Չախչախյան, բանաստեղծ
Հռիփսիմե Դայան, թարգմանիչ
Աշխեն Առաքայելյան, թարգմանիչ,
Շուշանիկ Ապրիկյան, տնտեսագետ, համակարգչային լեզվաբան
Նաիրա Գուլոյան, լրագրող
Արմինե Բաբայան, երաժշտագետ, խմբավար
Լիլիթ Գյունաշյան, հոգեբան, մանկավարժ
Արմինե Բաղդասարյան, լեզվաբան, մանկավարժ

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Գրեք mshakutayin@gmail.com հասցեին։

  • Hits: 2425

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: