«Թատրոնն էկրանին». նոր նախագիծ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրման 90-ամյակին ընդառաջ մեկնարկել է «Թատրոնն էկրանին» նախագիծը: Նպատակը թատրոն-հանդիսատես կապն ավելի սերտ դարձնելը, թատերական կյանքն ու թատրոնի պատմությունը ներկայացնելն է:

Դրամատիկական թատրոնի հանրային կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի հաղորդմամբ՝ նախագիծը սկիզբ էր առել դեռ նախորդ տարվանից, բայց պատերազմի պատճառով հետաձգվել էր: Այժմ հանրությանն է ներկայացվում կատարված աշխատանքը:

«Թատրոնն էկրանին» ծրագրի շրջանակում տարբեր ռեժիսորների կողմից ստեղծվել է 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմ, որոնք միտված են թատրոնը ներսից բացահայտելուն:

«Որոշել ենք ներկայացնել թատրոնի պատմությունն ու այն ամենն ինչ կհետաքրքրի մարդկանց՝ թատրոնի ստեղծումից մինչև մեր օրեր, այդ թվում՝ ձայն, լույս, կուլիսներ, բուտաֆորիստ, ռեկվիզիտ, արխիվ… Անդրադարձ կլինի նաև թատրոնի այն դերասաններին, ովքեր խաղացել են գեղարվեստական տարբեր ֆիլմերում, բայց նրանց մասին մարդիկ չգիտեն»,- մանրամասնում է Գոռ Փելեշյանը:

Ստեղծված ֆիլմերի միջոցով ներկայացվելու են թատրոնի ստեղծման պատմությունը, թատրոնի ստեղծագործական կազմը, կուլիսներից դուրս աշխատող և հանդիսատեսին անհայտ մնացող անձինք, ինչպես նաև ի հայտ են բերվելու թատրոնի չբացահայտված կողմերը:

Թատերասեր հանրությունը հնարավորություն է ունենալու նաև բեմից դուրս հանդիպելու դերասաններին, ռեժիսորներին, արվեստագետներին  ու նորովի բացահայտելու  թատրոնի՝ մինչ օրս իրենց համար անհայտ մնացող երևույթները:  

Գոռ Փելեշյանի խոսքով՝ «Թատրոնն էկրանին» նախագծի ֆիլմերը փետրվարի 1-ից, յուրաքանչյուր կիրակի ժամը 20:15-ին, հանրությանը կներկայացվեն թատրոնի սոցիալական  էջերով և «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ:   

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով իրականացվող այս նախագծի շնորհիվ թվայնացվելու է նաև թատրոնի արխիվը և ստեղծվի ներկայացումների տեսադարան:

Թատրոնի տարբեր ժամանակների արխիվավարները թեև պահպանել են թատրոնի տարեգրությունը՝ լուսանկարներ, պաստառներ, տեսագրություններ և այլն, այնուամենայնիվ դրանք երբևէ չեն թվայնացվել: Ծրագրի շնորհիվ թվայնացման աշխատանքների զգալի մասն արվել է, և, ըստ Գոռ Փելեշյանի, նախատեսում են այդ գործընթացը շարունակական դարձնել:

Նշենք, որ փետրվարի 6-ից թատրոնը կվերսկսի նաև իր խաղացանկային ներկայացումները, կլինեն թե՛ պրեմիերաներ, թե՛ նոր ձևաչափերով պատրաստված հեռուստաներկայացումներ:

 

Մարջան Չոբանյան

  • Hits: 1848

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: