Փերֆորմանս

    20-րդ դարի կերպարվեստը լի է նոր ուղղություններով: Սրանց թիվը հասնում է մոտ 50-ի: Շուրջ 50 «-իզմ» մի քանի տասնամյակի ընթացքում... Դարի կեսին ասպարեզ է գալիս փերֆորմանսը` գործողության արվեստը...

   «Փերֆորմանս» բառն առաջացել է անգլերեն «կատարում» բառից: Հայերենում «կատարել» բայն ունի իրեն համարժեք «անել» անկանոն ձևը, որը գործածելի է հիմնականում գոյականների հետ (գործ անել): Գալով այս բառերի գաղափարական իմաստին` կարող ենք շեշտել, որ բոլոր դեպքերում դրանք իրենցից ներկայացնում են գործողություն: Փերֆորմասնը ևս գործողություն է, սակայն վերաբերում է միայն արվեստի ոլորտին: «Կատարել»-ը առաջին հերթին ասոցացվում է աշխատանքի հետ, և բառը թերևս հենց աշխատանքից էլ առաջացել է` սկսած անհիշելի ժամանակներից: Գործընթացը շարունակվում է մինչև օրերս, մարդը «կատարում, իրականացնում է» ցանկացած աշխատանք: Մարդու միջամտությունը աշխատանքին, որն անկախ ամեն ինչից «կատարում» է համարվում, թեթև արդյունաբերության անցնելուց հետո այս կոնտեքստում դադարում է իբրև փերֆորմանս հանդես գալուց: Գործարանային տեխնիկայի (հաստոցներ, մամլիչներ և այլն) «արած» աշխատանքը, բնականաբար, performance չէ…

    Նեղ իմաստով, յուրաքանչյուր մարդ ցանկացած օր «ունենում է» բազում փերֆորմանսներ: Սա կարելի է համարել մարդկային ապրելակերպ, կենսաձև, որը սիստեմատիկ տեղի է ունենում ցանկացած պահի` առանց գաղափարի: Այլ հարց է, երբ անհատը (կատարողը) իր աշխատանքի (փերֆորմանսի) մեջ գաղափար է դնում` այդ կերպ տարբերակելի դարձնելով գործողությունը առօրյայում առկա կատարումներից: Այստեղ ահա ի հայտ է գալիս այն փերֆորմանսը, որը կա այսօր և առավել մասշտաբային ու «արդարացված է» արվեստի բնագավառում:

   Փերֆորմանսը արվեստի միջոց է, իրենից ներկայացնում է կատարվող գործողություն, որն իրականացվում է անձի կամ անձանց կողմից, ունի հստակ գաղափար, չունի ուղղորդիչ տեքստ, ուստի գաղափարը դիտողին հասնում է միայն գործողության, կատարողականության միջոցով: Վերջինիս պատճառով փերֆորմանսը կարելի է անվանել «գործողության արվեստ»` թե՛ բառացի, թե՛ իմաստային առումներով: Մեր օրերում փերֆորմանսը ժամանակակից արվեստի միջոցներից մեկն է, զուգահեռ քայլում է ինստալացիայի, հեփընինգի, վիդեո-արտի և այլ ժամանակակից արվեստի արտահայտչամիջոցների հետ: Եթե նախկինում արվեստի գործը ստեղծվում էր արվեստանոցում, դա պատվեր էր, և նկարիչը գործը ավարտելուց հետո էր ցույց տալիս պատվիրատուին, ապա այսօր արվեստի գործը մեծ մասամբ պատվիրատու չունի, կտավը, որի վրա աշխատում էր նկարիչը, այժմ փոխել է թե՛ ձևն ու չափերը, թե՛ նյութը, փոխվել են նկարելու միջոցները (ներկերից ու վրձիններից մինչև մարդկային մարմին (body art performance)), և վերջապես, արվեստի գործ-կտավը կամ քանդակը դարձել է գաղափարի վրա հիմնված արվեստի գործ-փերֆորմանս: Մինչև 20-րդ դարը բոլոր արվեստագետների համար կարևոր էր վերջնական արդյունքը: Արվեստը մինչ այս հիմնված էր գեղեցիկը պատկերելու վրա. այն կրթում էր սերունդներ, տալիս էր հոգևոր դաստիարակություն, ձևավորում էր ճաշակի և գեղեցիկի մասին պատկերացումները: 20-րդ դարի որոշ նկարիչներ փորձում են իրենց արվեստում ի ցույց դնել ոչ թե վերջնական արդյունքը, այլ իրենց կատարած գործողությունը. թե ինչպես և ինչ պայմաններում է ստեղծվում արվեստի գործը: Այս առումով ժամանակակից արվեստում մեծ iv klaynներդրում է ունենում Ջեքսոն Փոլլոքը: Նա իր կտավները ստեղծում է մարդկանց ներկայությամբ և աշխատանքի պրոցեսը կարևոր է համարում ստացվող արդյունքից: Փերֆորմանսի տարածման համար որպես խթան են ծառայում նաև Իվ Քլայնի ստեղծագործությունները, ով արվեստի գործը «նկարում» էր կանացի մարմիններով` հանդիսատեսի ներկայությամբ: Առաջին փերֆորմանսները թերևս պատկանում են կոնցեպտուալիստներին: Արվեստի այս «իզմը»  սկսում է հետաքրքրել Վիտո Ակոնչիին, Հերման Նիտչին, Քրիս Բուրդենին, Յոկո Օնոյին, Յոզեֆ Բոյսին և այլ ժամանակակից ստեղծագործողների:

   Փերֆորմանսի համար կարևոր հանգամանքներ են տեղի, ժամանակի և գաղափարի առկայությունն ու արվեստագետի (կատարողի) ներկայությունը: Հենց սրանցով է արվեստի այս ձևը տարբերվում կերպարվեստի մյուս տեսակներից, որոնց մեջ հիմնականը ցուցադրվող օբյեկտն է: Փերֆորմանսն իրենից կարող է ներկայացնել պանտոմիմ, պար, երգ, պոեզիա, վիդեո, ֆիլմ կամ պարզապես «կատարում», ուստի այն պայմանականորեն կարող ենք անվանել նաև «տեսողական արվեստների թատրոն»: Ցանկացած թատերական ներկայացում, կրկեսային բեմադրություն կամ երաժշտական կատարում արդեն իսկ փերֆորմանս (կատարում, ելույթ) է: Սակայն, չնայած այս հանգամանքին, փերֆորմանսը կտրուկ տարբերվում է թատերական արվեստից, քանի որ այն չունի դերեր, դերակատարներ, հանդիսատեսին հուզելու, նրա մոտ էմոցիաներ առաջացնելու նպատակ չի հետապնդում և, վերջապես, չունի գեղարվեստական բնույթ:

   Առաջին անգամ «փերֆորմանս» որպես այդպիսին ներկայացնում է կոմպոզիտոր Ջոն Քեյջը 1952 թվականին` իր «4'33» ստեղծագործության կատարման ժամանակ: Նա բարձրանում է բեմ, հայտարարում համարը, նստում դաշնամուրի առջև, սակայն ստեղներին ձեռք չի տալիս: Քանի որ սա իրենից առանձնահատուկ արվեստի գործ չէր ներկայացնում, բայցև ոչինչ չէր, Քեյջը սա «փերֆորմանս» չանվանեց, տերմինը կիրառվեց մեկ տասնամյակ անց` 60-ականներին:

   Փերֆորմանսը որպես արվեստի տեսակ ի հայտ է եկել XX դարի 60-70-ական թվականներին Ամերիկայում: Այն արվեստագետի գաղափարը հանրությանը հասանելի դարձնելու միջոց է, որը սակայն նկարելը մղում է հետին պլան` երևան հանելով հազար ու մի միջոց, որոնք փոխարինում են վերջինիս` շեշտելով գաղափարի կարևորությունը: Արվեստի այս տեսակն իր գաղափարը դիտողին է հասցնում գործողության, ոչ թե գույնի կամ գծի միջոցով:

Փերֆորմանսը հաճախ բնորոշվում է որպես գաղափարի արվեստ, այն իրենից ներկայացնում է բարդ ստեղծագործական գործընթաց և առավելապես կենտրոնացած է մասնակցող արվեստագետի կամ մարդու հոգեկան ուժը ցույց տալու վրա: Ցանկացած փերֆորմանսի գործողություն նախապես մտածված է, ունի սցենար և միտքը դիտողին հասցնելու միջոց: Փերֆորմանսը կարող ենք համարել«գործընթացային» արվեստ, որը մարմնավորում է դեռ նախորդ դարասկզբի «նորարարության սկզբունքը»` հենվելով ցանկացած արտահայտչամիջոցի վրա՝ բացի գեղարվեստական միջոցներից:

   Ուշադրության են արժանի Յոզեֆ Բոյսի փերֆորմանսները, որոնցից մեկի ժամանակ նա վանդակում մնում է կոյոտի` դաշտագայլի հետ: Սա արվում է «Կոյոտ. ես սիրում եմ Ամերիկան, իսկ Ամերիկան սիրում է ինձ» փերֆորմանսի շրջանակներում: Բոյսը, 1974թ. գալով Ամերիկա, 3 օր կոյոտի հետ մնում է նույն վանդակում: Մինչ այս Բոյսի գործերից արդեն հայտնի էր 1965թ. «Ինչպես մեռած նապաստակին բացատրել նկարները» վիդեո-փերֆորմանսը, որի ժամանակ Բոյսը սատկած նապաստակին վերցրած, իր դեմքին` մեղրամոմ քսած, անցնում էր թանգարանի սրահներով` բացատրելով նապաստակին նկարների իմաստը: Սատկած նապաստակը Բոյսի փերֆորմանսներում հանդիպում է դեռևս 1962թ. «Սիբիրյան սիմֆոնիա. մաս 1-ին» փերֆորմանսում: 

   Հարկ ենք համարում հակիրճ անդրադառնալ նաև Մարինա Աբրամովիչի փերֆորմանսներին, քանի որmarina abramovich2 վերջիններս մինչ օրս համարվում են փերֆորմանսի լավագույն օրինակներից: Այս արվեստագետը հիմնականում որպես գործողություն է ընտրում հաղորդակցությունը: 1974թ. նա իրականացնում է իր առաջին փերֆորմանսներից մեկը` «Ռիթմ 0» վերնագրով: Նա սեղանին դնում  է 72 տարբեր կիրառության առարկաներ և հավաքված հանդիսատեսին վեց ժամ տալիս այդ իրերը օգտագործելու համար: Դրանց մի մասը մարդկանց կարող էր հաճույք պատճառել, մյուս մասը` ցավ: Իրերի մեջ կար մկրատ, դանակ, մտրակ, նույնիսկ ատրճանակ: Հայտնի է նաև «Imponderabilia»  գործողության ակտը, որի ժամանակ հանդիսատեսը ցուցասրահ մտնելու համար պետք է անցներ երկու մերկ մարդկանց արանքով: Բավականին մեծ արձագանք ունեցավ «Հարաբերություններ ժամանակի մեջ» փերֆորմանսը, որի ընթացքում Մարինան 17 ժամ մազերով կապված էր իր սիրելիին: Աբրամովիչը իրականացնում է նաև  «Հարաբերություններ տարածության մեջ»,  «Հանգստի էներգիան», «Բալկանյան բարոկկո», «Մերկ կինը կմախքի հետ», «Նկարչի ներկայությամբ» և այլ փերֆորմանսներ:

  vito Վիտո Ակոնչին հայտնի է իր բոդի արտ-փերֆորմանսներով, որոնց ժամանակ իր մարմնին վնաս
հասցնելու միջոցով  բարձրաձայնում է իր բողոքը: Նմանատիպ փերֆորմանսներից է «Ապրանքային նշանները»: Գրեթե նույն տարիներին իր բողոքն է փերֆորմանսների միջոցով ներկայացնում նաև Քրիս Բուրդենը: «Կրակոց» փերֆորմանսի ժամանակ նրա ասիստենտը 5 մետր հեռավորությունից կրակում է Բուրդենի ձեռքին: Սրան հաջորդում են «Trans-Fixed» փերֆորմանսը, որի ժամանակ նա  «խաչված էր» մեքենային, «White Light/White Heat» փերֆորմանսը, երբ 22 օր պառկած է մնում Նյու Յորքի Ռոնալդ Ֆելդմանի պատկերասրահի անկյունում դրված եռանկյունի պլատֆորմի վրա, «Doomed» փերֆորմանսը, որի ընթացքում արվեստագետը ժամերով պառկած էր օդից կախված ապակու կտորի տակ: Նա պառկելու էր այնքան ժամանակ, մինչև որևէ մեկը չմիջամտեր փերֆորմանսին: 45 ժամ անց թիկնապահը տարածքում ջրով լի մի սափոր է դնում, Բուրդենը կոտրում է ապակին և ավարտում փերֆորմանսը:

  
yoko ono
Ջոն Լենոնի կինը` հայտնի Յոկո Օնոն, ևս ունի փերֆորմանսներ:
Սրանցից  ամենահայտնին «Cut Peace» փերֆորմանսն էր, որի ժամանակ Յոկոն նստած էր հարթակին, ցանկացած հանդիսատես կարող էր մոտենալ և կտրել նրա հագուստը:
Գործողության վերջում Յոկոն լաց է լինում:

 

   Շատերը հաճախ փերֆորմանսը շփոթում են հեփընինգի (անգլ.` happening-իրադարձություն) հետ, սակայն վերջինս բավականին տարբերվում է փերֆորմանսից: Հեփընինգը չունի սցենար, մասնակիցներից ոչ ոք նախապես չի կարող իմանալ, թե ինչ ավարտ կունենա գործողությունը և երբ կավարտվի: Ամեն ինչ անկանխատեսելի է: Մեծ դերակատարություն ունի հանդիսատեսը: Նա ներգրավվում է գործողության մեջ, դառնում արվեստագետ, մինչդեռ փերֆորմանսի կատարման ժամանակ հանդիսատեսի ներկայությունը կախված է փերֆորմերի ցանկությունից: Փերֆորմանսը կարող է իրականանալ նաև առանց հանդիսատեսի:

                                                                                                                  Գոհար Նավասարդյան

 
  • Created on .
  • Hits: 11537

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: