ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՌԱՎՈՏՆԵՐԻ ՁԱՅՆԵՐԳՈՒՆ

     Երբ Դերենիկ Դեմիրճյանը 1935թ. գրեց իր «Գիրք ծաղկանց» պատմվածքը, գրականագետներն այս երկն արժևորեցին ոչ միայն իր բովանդակային կողմով, այլ նաև միջնադարի հմայքը գեղարվեստորեն վերարտադրելու և դրանով հետագա ստեղծագործողների համար նոր հնարավորություններ ստեղծելու առումով[1]:
   Այս դեպքում հենց «հնարավորություն» բառն ենք գերադասում, որովհետև ընկալում ենք այն իր երկկողմանի իմաստով. մի կողմից այն ցույց տվեց դեպի միջնադար տանող ևս մեկ ուղի` գեղարվեստի ուղին, մյուս կողմից ստեղծագործող մյուս սերունդների համար դարձավ սեփական գեղագիտությունն ու ասելիքը արտահայտելու միջոց:
    Արմեն Մարտիրոսյանի դեպքում գործում է այս երկրորդ կողմը: Իհարկե, սա միայն սկզբում` պոեզիայում[2]: Հետո արդեն նրա «Մազե կամուրջ» եռագրության մեջ լիարժեք առկա է նաև մյուսը` թեև թաթախված մինչ այդ սեփական պոեզիայով ստեղծված գեղագիտության մեջ:
    Այն, ինչի վրա սույն վերլուծության մեջ սևեռել ենք մեր ուշադրությունը, ո՛չ պոետիկ սկիզբն է, ո՛չ ստեղծագործական ավարտը, այլ ստեղծագործության յուրօրինակ զարգացում, որը մեծապես ապահովվում է միջնադարի արմենմարտիրոսյանական մեկնություն-յուրացումով: Ու թեպետ հեղինակը պնդում է, թե իր երգերը ժամանակի ընթացքում միշտ նույն են մնացել, և 40 տարի առաջ գրածը հնարավոր չէ տարբերել նոր գրածից[3], սակայն չի կարելի չնկատել ակնհայտը, այն, որ միջնադարի ընկալումը յուրահատուկ խորազգացություն է պարգևում նրա երկերին, դրանց ինչ-որ ծանրություն հաղորդում, ընթերցողին զգացնել տալիս ինչ-որ հեռավոր, բայց չափազանց իրական և կայուն աշխարհի գոյության մասին:
    Պետք է ասել, որ առաջին աչքի զարնողը Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններում նրա գիտակցված ներփակվածությունն է, ինչ-որ սահմանափակ տարածության որոնումը: Այդպիսի չափազանց նպատակային որոնումը նրա սկզբի երկերում բանաստեղծական պատկերի արտահայտիչ է դարձնում խեցին, որը կրկնվում է տարբեր շարքերում: Խեցին թեև ցավի և տառապանքի խորհրդանիշն է, բայց օժտված է մարգարիտ ծնելու կարողությամբ: Ի դեպ, խեցու պատկերը, հետագայում` պոետիկ պատկերների զարգացման մեջ, կորցնելով թաքցնելու իր բուն գործառույթը, փոխակերպվում է կաշկանդող անազատության, որից բանաստեղծն ամեն կերպ ձգտում է ազատվել:
    «Միջնադարը», որն ավելի ուշ ձևավորված տարածք է նրա երկերում, ինչ-որ տեղ հավասարազոր է նույն այդ խեցուն, ավելի ճիշտ խեցու փոխակերպված, զարգացում ապրած տարբերակն է. այնտեղ կարելի է պատսպարվել` խուսափելով ժամանակակից աշխարհի անարժեքայնությունից, այնտեղ կարելի է ճգնել, բայց և այնտեղ կարելի է գտնել հոգևոր մարգարիտներ: Այն իր պոեզիայի զարգացումն է, որին բանաստեղծը հասել է ճանապարհ անցնելով հենց իր իսկ բանաստեղծության միջով:
          Այնտեղ, ուր ապրում է Արմեն Մարտիրոսյանը,
          երկու աչք լցվում է ողբերգությամբ,
          երկու ձեռք ժամանակի փոշուց լվանում է
          երեսն անցյալի,
          որը իբրև սերմ ընկնում է
          ներկայի սևահողը` ապագայի դաշտում ծաղկելու համար:
    Մեջբերված հատվածը «Շարական ինձ համար» բանաստեղծությունից է: Այն հստակ նշում է որոնած և գտած մի տարածք, բանաստեղծական մի ապրելավայր, որին կայունություն է հաղորդում «միջնադարյանը»: «Երկու աչք լցվում է ողբերգությամբ» տողը մատնանշում է բանաստեղծի բուն գործառույթը` կրկին ենթական մնալով, որպես աղբյուր ունենալով միջնադարյան մտածողությունը, ասենք օրինակ` Գրիգոր Նարեկացուն իր «Մատյան ողբերգությամբ»:
    Սա շարքի առաջին բանաստեղծությունն է, և բնավ պատահական չէ, որ ողջ ժողովածուն կոչված է «Շարակնոց»: Շարականի ժանրային ընտրությունը պայմանավորված է վերջինիս բնույթով: Սկզբնապես դրանք ստեղծված են եղել որպես սաղմոսատիպ երգեր և հենց սաղմոսներին էլ կցվել են (այստեղից էլ նրանց անվանումը` կցուրդ կամ կցորդ): Իսկ սաղմոսներն հայտնի են իրենց անմիջական դիմումներով Աստծուն[4]:
    Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Ներսես Շնորհալու, մյուս շարականագիրների օրինակով, միջնադարյան «Շարակնոց»-ների նմանությամբ` Արմեն Մարտիրոսյանը կառուցում է ի՛ր շարականների շարքը, որոնց նա ինքը հետևյալ բնորոշումն է տալիս. «Իմ գրածը, ավանդական շարականի ընդունված ու սրբագործված կանոնների պարտադիր պատվանդանն ունենալով հանդերձ` միաժամանակ այդ պատվանդանի վրա տեղադրված ժամանակակից բանաստեղծությունն է, որի ամբողջությունը, ներքին տրամաբանությունից ելնելով, ես «Շարակնոց» եմ անվանել: Եվ ուրեմն` հին բանարվեստից վերցրել եմ կառույցի ու կանոնների աղոտ ուրվագիծը միայն, մնացած ամեն ինչ այնտեղ նոր է ու ժամանակակից»[5]:
    Թերևս այդ նորի ու ժամանակակցի պատճառով է շարականներին բնորոշ պարզ դիմելաձևն Աստծուն, երկխոսությունը մարդու և Աստծու միջև, փոխարինված երկխոսությամբ սեփական էության հետ: Այն տպավորությունն է, որ բանաստեղծը փորձում է իրեն գտնել շարականի կաղապարով, շարականի ձևի մեջ: Շարականի ժանրը նա զարգացող ժանր է համարում, իսկ իրեն` ժանրի նորօրյա զարգացնողներից մեկը հայ գրականության մեջ:
    «Բանաստեղծության` շարականի տեսակը, որը երգվել է եկեղեցական արարողությունների ժամանակ, զուտ հայակական երևույթ է, և, ինչպես ասացի, պատմական վերընթաց է ապրել և՛ կառույցի, և՛ պատկերային համակարգի, և՛ բովանդակության իմաստով: Ես հպարտ եմ, որ այդ զարգացման նորօրյա ուղիներից մեկը, հնագույն բանարվեստի կարևորագույն այդ երակը ժամանակակից մտածողության թարմ լիցքերով հարստացնելու առումով ինքս եմ կանխանշել: Մինչև իմ «Շարակնոց» ժողովածուն, դրա հիմքերը կային նաև «Միջնադարի առավոտ» շարքում: Ինձ միշտ թվացել է, թե պոեզիայի այդ առավոտը կենդանի ու տաք շողարձակումով, հուղարկավորող մայրամուտ, առավել ևս սևազգեստ գիշեր չի ունենալու». սրանք շարականի ժանրի և իր պոզիայում այդ ժանրի դրսևորման ոչ միայն բանաստեղծի մեկնությունն են, այլ նաև ժանրի զգայական ընկալումը:
   Ակնհայտ է, որ շարականներում Արմեն Մարտիրոսյանին գրավում է նրանում պատկերված ժամանակը, որը եթե արտացոլված է, օրվա առավոտյան ժամն է:
          Ընդ առաւօտս կանխեցից`
          Յանդիման լինել քե՛զ,
          Ընդ առաւօտս լուիցես
          Ձայն իմում, տէ՛ր,
          Թագաւոր իմ և աստուա՛ծ իմ[6]:
    Արմեն Մարտիրոսյանը պահպանում է շարականների ժամանակային ավանդույթը և բանաստեղծի իր «արթնացումը» հղում արևին, իսկ տառապանքը` քրիստոնեական մի պատժավայրի` Խոր վիրապին, որը նորի ազդարարն էր[7]: (Ի դեպ, միջնադարի մշակութային հագեցածությունը նրա բանաստեղծության մեջ փոխում է սկզբի որոշ նշանակյալներ, ինչպես, օրինակ, թափառական գնչուն է, խեցին է կամ կապույտ շորերով ջրահարսը` ապահովելով յուրատեսակ վերադարձ դեպի ազգային խորհրդանիշները):
         …որովհետև այն, ինչը Արմեն Մարտիրոսյան է,
         միամիտ արթնացում է դեպի արեգակը,
         միամիտ անկում է դեպի Վիրապը խոր
         և ջրհեղեղը Նոյյան:
    Թե՛ Վիրապը, թե՛ ջրհեղեղը նորի սկիզբն են, այսինքն` անկումը բնավ էլ անկում չէ, այլ վերելքի նախապատրաստում. սա է բանաստեղծության տեղեկույթը:
         Որոնի՛ր, որ գտնես գաղտնիքը Հարության,
         Որոնի՛ր, որ տեսնես քո մեջ արթնացող
         անքնության բուն կեսգիշերային,
         որ տեսիլներիդ մղձավանջի մեջ`
         քո արյան հոսող վարկյանների միջից
         կարմիր գնդիկներ է հանում կտցահարելով.
         դու արյունով ես հղանում երգերդ[8]:
    Մեջբերված հատվածը ոչ միայն ներկայացնում է միջնադարը որպես ստեղծագործական «հարության» հնարավորություն, այլ նաև երևան հանում բոլոր ստեղծագործողներին առավել կամ պակաս չափով վիճակված հոգևոր ճգնաժամերի, անկումների ու վերելքների տառապանքը: Արմեն Մարտիրոսյանի դեպքում մենք կարող ենք հաղորդակցվել նման մի անկման գոնե արտաքին պատճառներին, անկում, որի դեմ բանաստեղծը պայքարում է, որը փորձում է հաղթահարել իր ստեղծագործության գրեթե ողջ ընթացքում: Չէ՞ որ այս սերնդին, որի ներկայացուցիչն է նաև Արմեն Մարտիրոսյանը, հանուն տպագիր ստեղծագործության վիճակված էր մի երկարատև ոգորում, որի դառը պտուղները միշտ մնացին նրա պոեզիայում:
   Իր «Խոստովանություն» ինքնակենսագրական ակնարկում Ա. Մարտիրոսյանը գրում է. «Հիմա, երբ տարիների հեռվից մտածում եմ թեժ գրապայքարով հարուստ այն տարիների մասին, սիրտս ճմլվում է. դրանք ախր մեր կյանքի լավագույն ժամանակներն էին, որ իզուր տեղը վատնեցինք: Գլուխը քարը, թող նրանցը` այդ մաֆիայինը, լինեին պաշտոնները, պարգևները, հոնորարները, թող մեզ չտպագրեին, թող նրանք, մեկը մյուսին գովելով, համարվեին երկրի լավագույն բանաստեղծները, արձակագիրները, գրականագետները, այն ժամանակ գրելու մի շնորհք էր մեզ տրված, փակվեինք մեր տներում, ստեղծագործեի՜նք, թեկուզ մեր ստեղծագործությունները չտպագրվեին: Որովհետև այն ժամանակ էլ հարուստ չէինք, հիմա էլ. գոնե այսքան շատ չէր լինի կորցրածը»[9]:
    Տարիներ անց էլ հիշողությունը դեռ ցավ է ապրում այն բազում բանավեճերի ու հոդվածների պատճառով, որոնք 60-ական թվականների վերջերին կազմակերպվում էին իր և իր սերնդակիցների դեմ. հիմնական մեղադրանքը հեռացումն էր դասական ավանդներից: «…Այն ավերածությունը, որ արել են նրանք իմ հոգում, անջնջելի, անվերծանելի, անուղղելի փլատակ է, և ես հիմա ինչ-որ տեղ ակամա կանգնած եմ փլատակի առաջ և եթե հարուստ եմ, այս անգամ, հարուստ եմ միայն կորցրածով»[10],- դառնությամբ խոստովանում է բանաստեղծը:
    Արմեն Մարտիրոսյանի` զայրույթի հասնող դժգոհությունն իր ժամանակից այնքան մեծ էր, որ երբեմն ծնվում են նաև վիճելի մտքեր, մտքեր, որոնք հակասում են միմյանց, ինչպես այս մեկը` «Իմ խորին համոզմամբ Եղիշե Չարենցից հետո մեր գրականությունը գրեթե ոչ մի զարգացում չի ապրել»[11]: Դրա փոխարեն մեկ այլ հոդվածում` «Ճաշակելով ճաշակեցինք սակավ մի քաղցր», բարձր է գնահատում Պարույր Սևակի անձն ու գործը հայ գրականության զարգացման մեջ[12]. «Պարույր Սևակի ներկայությամբ մենք կարծես հաշտվում էինք Չարենցի ծանր կորստի հետ, ինչ-որ տեղ կարծես չէինք զգում նրա ներկա բացակայությունը»[13]: Հետաքրքրական է, որ հետագայում վերանայված ենք տեսնում նաև վերը նշված միտքը. «Իմ խորին համոզմամբ Եղիշե Չարենցից հետո մեր գրականությունը գրեթե ոչ մի զարգացում չի ապրել, եթե չհաշվենք Հովհաննես Շիրազին ու Պարույր Սևակին: Վերջինս ևս և՛ ստեղծագործության առումով, և՛ կյանքով մաֆիայի զոհը դարձավ»[14]:
    Լիարյուն և լիարժեք չստեղծագործելու ափսոսանքը միայն Արմեն Մարտիրոսյանինը չէր, այն նաև իր սերնդակիցներինն էր, ընդհանուր էր ժամանակային այս միջակայքի մի ողջ սերնդի` 60 – 70-ական թթ. արվեստագետների համար: Մեջ բերենք մի հատված նույն սերնդի մեկ այլ բանաստեղծի` Հովհ. Գրիգորյանի «Սպասելն իսկապես մասնագիտություն է» գրախոսությունից. «Ինձ հաճախ մեղադրում են, թե իբր շտապում եմ` առանձին գրքով ներկայացնելով դեռևս պատանի հեղինակներին: Ոչ մի լուրջ հիմնավորում չեմ տեսնում հապաղելու համար, մանավանդ, երբ հիշում եմ, թե իմ և սերնդակիցներիս համար ինչ աղետի վերածվեց այդ նույն մոտեցումը, ինչի «շնորհիվ» 10 – 15 տարի հրատարակչության դարակներում փոշոտվեցին այդ նույն` պատանեկան տարիներին ստեղծված գրքերը, որոնցից ավելի լավը, չգիտեմ, կարողացա՞նք հրատարակել հետագա տարիներին»[15]:
    Այս ցավոտ տողերի արձագանքները հատկապես շատ են Արմեն Մարտիրոսյանի պոեզիայում: Անդրադառնանք դրանցից մեկին` բառի մահվան ընկալմանը: Նրա գեղագիտական համակարգում շատ կարևոր արժեք է բառը: Բառը այն խարիսխն է, որը ոչ միայն բանաստեղծություն գրելու միջոց է, մտքեր արտահայտելու հնարավորություն, այն նաև Աստծո գոյության ապացույցն է (20-րդ դարի ստեղծագործողի համար Աստված առավելապես բառի միջոցով է ճանաչվում): Բառի չափազանց կենդանի ընկալումն էլ իր հետ բերում է նաև նրա մահվան գաղափարը: Բառի մահվան պատկերն է հենց դառնում երբեմնի չասվածության, կորսված ժամանակի զգացողության արտահայտիչը.
          Հիշողության փոշոտ անձավում
          շեղջերն են մեռած
          իմ արտաբերած բոլոր բառերի
          և արցունքներիս ավերակն է թաց: (Շարակնոց, էջ 14)
    Հետաքրքիր են նաև այդ չասվածության, կորցրած ժամանակի վերադարձի արտահայտությունները.
          Ես եմ հովիվը իմ մեջ բնակվող
          անլուր դիերի:
          Իմ առաքյալներ, որտե՞ղ եք, թե կաք,
          եկեք շուրթերի տեղաշարժումով
          «արթնացեք» - ասեք իմ նահատակին,
          որ նրանք ելնեն մահվան հատակից,
          որ նրանք ելնեն Ղազարոսի պես:
    Մի կողմից բաց թողնված հնարավորության գիտակցումը, մյուս կողմից մուսայի` կանաչ աղջկա գոյությունը, որը «իր աշնան միջով ընթացող» բանաստեղծից երիտասարդական ավյուն է պահանջում, ստիպում են նրան վերհիշել ու վերարտադրել վաղուց անցած և այդպես էլ իր ձևը չգտած ինչ-որ բովանդակություն.
          Մի կանաչ աղջիկ իմ աշնան այգում
          քաղում է հասուն պտուղն արգելված,
          նա կարմիր խնձոր ունի իր ձեռքում`
          կարմիր խնձորը ինձ համար պահված:
          Երթամ և սիրո լոգանք ընդունեմ
          ես նրա փռած կանաչ լուսայգում,
          և նրա կանչի մերկ ճառագայթում
          Երթամ, ալեհեր գլուխս դնեմ:
          Որ հոգիս աշնան այգում չմրսի,
          Եկեք շունչ տվեք կորած անցյալին,
          Իմ առաքյալներ, ես սիրո, հույսի
          զրահն եմ առել հավատացյալի: (էջ 11)
    Այսպիսով` «Շարակնոց» ժողովածուի առաջին տասը բանաստեղծությունները կարծես նախապատրաստում են հեղինակին` հայտնելու իր բուն ասելիքը, բայց երբ գալիս է այդ ասելիքն հայտնելու պահը, պարզվում է, որ չափազանց մեծ է եղել կորցրած ժամանակից գոյացած բացը, և այն շրջանցելը դարձել է անհնար: Այդպես էլ բուն ասելիքը գրեթե չի ձևավորվում, քանի որ հենց սկիզբն իր մեջ կասկած և վարանում է պարունակում, որն ի վերջո պետք է տանի դեպի կասկածի հաղթանակը: Սկզբի ոգևորությունն ու վերջի նահանջը ստեղծում են երկու հակադիր բևեռներ, որոնց միջև խոսքը, բուն ասելիքը մնում է առկախ:
          Ես ազատ եմ, մենակ, ինչպես թռչունը ծեր,
          որին բաց են թողել իր վանդակից,
          այդպես միայն ես եմ շողում փայլակնաձև,
          մեկ էլ առավոտը` շաղոտ և բախտակից:
          …Շուրջս երանության ճանապարհներ են բաց.
          Ազատություն չի սա, այլ Հարություն է, Տէր,
          որի առաջ դանդաղ մոռացվում են անցած
          և՛ Գողգոթա, և՛ հոգս, և՛ կրած խաչ փայտե:
    Բայց ահա ոգևորությանն անմիջապես հաջորդում է կասկածը.
          Որքան պիտի ազատ այս ճախրանքը տևի,
          գուցե խաբկանք է սուտ ակնթարթը բախտի
          և դժոխքին վարժված վանդակապատ թևի
          զառանցագին կարոտ անհաս մի դրախտի:
          Այնքան շատ եմ, Տեր իմ, ես կորցրել անլուր,
          ինձ պես ոչ ոք չկա կորուստներով հարուստ,
          ես էլ ոչինչ չունեմ նորից կորցնելու
          և գտածս եմ հիմա համարելու կորուստ: («Շարակնոց», էջ 20)
    Այսքանից հետո բնավ զարմանալի չէ, որ հաջորդ տունն արդեն լիարժեք նահանջ է.
          Հոգսի շղթաներով ինքս եմ ինձ բանտարկում,
          և ճախրելը օտար մի հնչյուն է աղոտ,
          պիտի փակվեմ դարձյալ սիրած իմ վանդակում,
          ուր Գողգոթան է նույն և նույն խաչը ցավոտ:
    Առաջվա պես մնում է ափսոսանքը, և ժամանակ առ ժամանակ կրկին հայտնվում է խեցին (վերը նշված պատկերային զարգացումը, տե’ս սույն հոդվածը, էջ 2)` այս անգամ իր հակառակ գործառույթով: Եթե նախկինում այն աշխարհից առանձնանալու, բանաստեղծի ինքն իր հետ մնալու հնարավորությունն էր, հիմա դարձել է համընդհանուր ներփակվածության տարածք, որից ինքը` բանաստեղծը, ձգտում է ազատվել, քանի որ իրենց էական գործառույթը փոխել են նաև բառերը.
         Եվ ձկների նման վարժված և գիշատիչ`
         Մարդիկ լող են տալիս ապակեպատ խեցում`
         բերնեբերան լցված
         կեղծ բառերի թափվող անձրևներով,
         կեղծ բառերի սառը փաթիլներով,
         կեղծ բառերի աղի արցունքներով`
         և տեղատարափ, և վարակիչ:
         - Դիմակների և կեղծ վարագույրի մեջ ենք
         ապրում մենք բոլորս:
         Չես խուսափի, իմ սեր, հերկից համընդհանուր:
         Ախ, ելնեի խեցուց ապակեպատ… (էջ 25)
    Նախկինում կար բովանդակություն, սակայն չէր տրվում այն արտահայտելու հնարավորություն, այժմ կան բառեր, սակայն դրանք կորցրել են իրենց բովանդակությունը, վերածվել «խեղդող բառափոշու»: Բանաստեղծը մի վայրում է (քաղաք), որտեղով քայլելու համար քարտեզ է անհրաժեշտ` նրա բազում բավիղներն հաղթահարելու համար: Այստեղ կրկին ուզում ենք շեշտել միջնադարի` որպես յուրօրինակ «քարտեզի» դերը Արմեն Մարտիրոսյանի ստեղծագործության մեջ: Ի հաստատումն ասվածի` հիշատակենք բանաստեղծի կարծիքն իր ավագ ժամանակակցի` Վիգեն Խեչումյանի մասին: Միջնադարյան Հայաստանի խեչումյանական բազմազան և գունագեղ պատկերները նա համարում էր «հիմք ու առողջ ավանդույթ հետագա գրողների համար»: «Դա ինքը կյանքն է` բազմաթիվ շերտերով, ձևով անցյալ է, էությամբ` ներկա, որովհետև հնացած կյանք թերևս չկա, ուրեմն չկա հնացած ոճ, գիրք, եթե նրանում այդ նույն կյանքը բազմաշերտ թպրտում է,- գրում է Արմեն Մարտիրոսյանը Խեչումյանի արձակի մասին, և հենց ինքն էլ հետևում իր բնութագրին[16]:
    Այսպիսով` իր ժամանկի բացթողումը (60-70-ական թվականները) և նոր ժամանակում (80-90-ական թվականները) այդ ասելիքի «ժամանակավրեպությունը» ամուր հող գտնում են հայոց միջնադարում և պատմության մեջ: Խորենացու, Նարեկացու, Ֆրիկի կենսագրական ինչ-ինչ դրվագներ սեփական կենսագրությունը կամ ընդհանրապես բանաստեղծի ճակատագիրը հասկանալու միջոց են դառնում, ինչն, իհարկե, դառնում է ստեղծագործության շարունակություն: Բանաստեղծի իր եսը այսուհետ նա կփնտրի միջնադարյան գրիչների կերպարներում և ինքն իր մասին կխոսի նրանց բնորոշ ոճավորմամբ: Սա նաև հնարավորություն է խուսափելու վերադարձից դեպի ելման կետ: Ընդ որում, միջնադարի իր ստեղծած աշխարհում նա վերակենդանացնում է իր թանկ «կորուստները»` թանկ ու սիրելի մարդկանց, որոնք փոխադարձաբար պետք է օգնեն բանաստեղծին կենդանի պահելու նույն այդ միջնադարյան աշխարհը.
         Իմ մեջ պարեք, իմ հայր, իմ մայր, իմ Ճիլիմոն,
         և դու, դու էլ պարիր, վանաձորցի Բուլո,
         և դու` պոետ Չիլո, իմ մեջ պարիր,
         որ հրդեհը աշնան անկրկնելի գույնի
         և չխամրող նախշի – որդան կարմիր-
         էլ չմարի…
    Ուշադրություն դարձնենք, որ միջնադարին (անցյալ)` որպես գեղարվեստական ժամանակի համապատասխանում է աշունը, բայց ոչ թե ուշ, այլ ոսկե աշունը, որը խորհրդանշում է, կորցրածը, բաց թողածը վերադարձնելու հնարավորությունը: Առիթի բերումով նշված անուններից առանձնանցնենք Սլավիկ Չիլոյանին, որի կերպարին թե՛ հոդվածներում, թե՛ բանաստեղծություններում մեկ անգամ չէ, որ անդրադառնում է Արմեն Մարտիրոսյանը: Նրա սիրելի Չիլոն այս նույն սերնդի ներկայացուցիչն էր, նրանք գրեթե տարեկիցներ էին, իսկ ժամանակակիցների հուշերում իր ըմբոստ և հախուռն բնավորությունից զատ հառնում է որպես ազատ մարդու և ազատ պոետի կատարելատիպ բառիս ողջ լիարժեքությամբ[17]: «Մեծ պոեզիա մտնելու յուրօրինակ նախերգանք էր դա, որը, ցավոք, շարունակություն ու ավարտ չունեցավ»[18],- այսպես է ընկերոջ կյանքը բնորոշում Արմեն Մարտիրոսյանը, որը, թերևս, կարելի է իր սերնդակիցներից բոլորի և հենց իր վրա տարածել:
    Այսպիսով` միջնադարը դառնում է ինքնարտահայտման յուրօրինակ ձև, ամուր հող: Շարքի այն բանաստեղծություններում, ուր չկա միջնադարը, կրկին հուսահատություն է, ընդ որում հուսահատություն, երբ այլև չես դժգոհում ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից, այլ ինքդ քեզնից: Միջնադարյան պատկերներում հավատն առ Աստված կամ քրիստոնեական ցանկացած խորհրդանիշ անպայման իրենց մեջ կրում են ջերմեռանդության լիցքեր, մինչդեռ սկզբի գործերում այդ ամենը սոսկ մշակութային արտահայտչամիջոց է: Այսինքն` հետզհետե շարքի վերջում արդեն ավելի ու ավելի է հստակվում միջնադարի պատկերը:
    Միջնադարի շնորհիվ Արմեն Մարտիրոսյանը գտնում է իրեն հավատարիմ մնալու ձևը: Նոր ժամանակները` 90-ականները, պահանջում են գեղագիտական հայեցակարգի նոր, հաճախ նույնիսկ նախկինին տրամագծորեն հակառակ սկզբունքներ, այնինչ նրա ստեղծած միջնադարի պատկերը այս պահանջը չունի բանաստեղծից: Իսկ փոխված ժամանակի իրական պատկերը (90-ականները), որն, այնուամենայնիվ, կա նրա երգերում, մնում է մի պատկեր, որից ինք` հեղինակը, դուրս է: Նա լոկ հետևող է և դատապարտող: Այդ իրականությունն` իր գործող անձանցով, նրան ավելի օտար է, քան նախորդը: Ահա թե ինչու գանահատականներն առավել քան խիստ են, իսկ բառերը` սուղ.
          Եվ Ահեղ Դատաստանը չի կայանում,
          և որովհետև Ահեղ Դատաստանը չի կայանում,
          ես դառնում եմ սրանց` անվերջ աղաղակող այս ամբոխին
          դուք մարդ չեք, ասում եմ, ես ձեր… (էջ 73, Ավետարան ըստ Արմենի) 
    Արմեն Մարտիրոսյանի միջնադարյան պատկերումներում դեռ բանաստեղծություններից գծագրվում է կործանված Անիի պատկերը: Անին իր` բանաստեղծի համար անցյալի խորհրդանիշն է, անցյալ, որը ոչ միայն անցած, այլ նաև կորուստներ ունեցած ժամանակ է: Բայց և միաժամանակ Անին անցյալի միջով դեպի ներկան գալու հնարավորության գիտակացումն է: Հետագայում այն պետք է իր զարգացումներն ունենա «Մազե կամուրջ» վեպում:
    Որպես ամփոփում և վերջաբան կրկին հիշենք սկիզբը: Արմեն Մարտիրոսյանի պոեզիայում սկզբում լռություն է, լռություն բառերով և բառերի մեջ, իսկ հետո խախտվում է «…նա ամեն ինչ գիտի, դրա համար է լուռ»[19] տողի ծավալը, ավելի ճիշտ այդ սահմանը սկսում է նեղանալ.
          Լռության կարոտը
          կախաղանի ճոճվող պարանի պես
          սեղմում է կոկորդս`
          իբրև այս հեռացող, ինձնից օտարացող
          Հայրենիքի կարոտ ամենօրյա[20]:
    Միջնադարը այս կոկորդ սեղմող լռության հաղթահարումն է, լռություն, որ բանաստեղծը օտարացող հայրենիքի կարոտի հետ է համեմատում…
    Որպես ասվածի հետգրություն ավելացնենք, որ թեև խոստացել էր միջնադարայան գրիչների պես չվարվել և երբեք մեղա չգալ «գրի խոշորության համար», բայց և այնպես բանաստեղծություններից մեկում նույն այդ բառերով և ոճավորմամբ է բնութագրում իրեն` միշտ նկատի ունենալով ինչ-որ վաղուց կորցրած և թանկ «հնարավորություն».
         Գիրս խոշոր եղավ, սխալներով լեցուն,
         ապրած կյանքիս նման միապաղաղ,
         վրան անձրև թափվեց ծակ երդիկից,
         գիրս եղծեց….
         ….Անմեղադիր եղեք գրիս խոշորության
         և սխալի համար մեղքանման,
         և հրկիզման համար ծերունահոտ`
         երեկ, այսօր, վաղ և հավիտյան (Շարակնոց, էջ 65-66):
Լուսինե Վարդանյան
բ.գ.թ.
__________________________________________________
[1] Տե’ս Թամրազյան Հրանտ, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, 1977, էջ 145, Անանյան Գ. Դեմիրճյանը և պատմությունը, Բանբեր Երևանի համալսարանի, Երևան, 1977, N 1, էջ 119, Մադոյան Գ., Դերենիկ Դեմիրճյան, Երևան, 1986, Մկրտչյան Վ., Դերենիկ Դեմիրճյան, 1987, էջ 245:
[2] Սույն վերլուծությունը կատարելիս հիմնականում օգտվել ենք «Շարակնոց» ժողովածուից, իհարկե, նկատի ունենալով նաև մյուս ժողովածուները: Կարծում ենք` «Շարակնոցը»` բանաստեղծությունների իր դասավորությամբ, ամենից լավ է արտահայտում հեղինակի ստեղծագործական ծրագրերը, տագնապներն ու վերթևումները: Տե’ս Ա. Մարտիրոսյան, Շարակնոց, Եր., «Առերեսում»-Անի հրատ., 1997:
[3] 2002թ. տրված մի հարցազրույցում Արմեն Մարտիրոսյանն ասում է. «Շատ չեմ փոխվել, հավատացեք, համենայն դեպս ոչ մի անգամ չեմ դավաճանել գրական հավատամքիս: Ժողովածուիի (խոսքը «Ժամերգություն» ժողովածուին է վերաբերում - Լ.Վ.) առաջին իսկ բանստեղծությունն ընթերցողը ամենանոր գործերի համեմատությամբ երբեք չի զգալու, որ դա արարված է 40 տարի առաջ: …Դրա համար էլ բանաստեղծությունները չեմ թվագրել, որ վաղեմության շղարշն իսպառ բացակայի, և ինչ-որ տեղ կանգ չառնի, չընդհատվի ընթերցողի մասնակցությունը պոեզիայի ամբողջական ժամերգությանը»: Տե’ս «Ես երբեմն խռովում եմ ինքս ինձանից» հարցազրույցը, Ա. Մարտիրոսյան, Ներկայում հանգրվանող անցյալ, Եր., 2010:
[4] Տե’ս «ՔրիստոնյաՀայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 820 – 821, ինչպեսնաևԳ. Ա. Հակոբյան, Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ (V – XVդդ.), Երևան, 1980, էջ 47:
[5] Ա. Մարտիրոսյան, Ներկայում հանգրվանող անցյալ, Եր., 2010, «Ես երբեմն խռովում եմ ինքս ինձանից» հարացազրույցից, Երևան, 2002, էջ 139:
[6] Հայ միջնադարյան քնարերգություն, Եր, 1996, էջ 65, կազմ. և ծանոթ.` Լ. Մկրտչյան, Ա. Մադոյան:
[7] Ըստ Մանուկ Աբեղյանի` հեթանոսական մշակույթի ինչ-որ շերտ կա շարականներում, որոնց խորհրդանիշներն են` լույս, արեգակ, տիվ, հուր, կյանք և անապականություն, ցնծություն, ևհակառակը` դժոխք, մեգուգիշեր, տրտմություն, խավար, մահ ու ապականություն: Սրանք քրիատոնեական հավատքի մեջ նորոգում են լույսի և խավարի հեթանոսական պայքարը` փոխարկելով գիտության լույսի պայքարի ընդդեմ տգիտության խավարի: Տե’ս Մանուկ Աբեղյան, Երկեր, հ. Գ, Եր. Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ., 1968, էջ 556:
[8] Ա. Մարտիրոսյան, Շարակնոց, , Եր. 1997, էջ 3:
[9] Ա. Մարտիրոսյան, Արգելված պտուղը, Երևան, ՀԳՄհրատ., 2005, էջ 122:
[10] Նույն տեղում, էջ 122:
[11] Նույն տեղումէջ 122:
[12] Ա. Մարտիրոսյան, ճաշակելով ճաշակեցինք սակավ մի քաղցր / Ներկայում հանգրվանող անցյալ, Եր., ՀԳՄ հրատ., 2010, էջ 45-48:
[13] Նույն տեղում, էջ 46:
[14] Տե’ս Ա. Մարտիրոսյան, Ներկայում հանգրվանող անցյալ / Միայնակ պահի խոստովանություն. գրողը և ժամանակը, Երևան, ՀԳՄ հրատ., 2010, էջ 83:
[15] Լ. Կարապետյան, Ասֆալտիևերկնքիմիջև, Եր., 2009, էջ 3:
[16] Տե’ս Ա. Մարտիրոսյան, Ներկայում հանգրվանող անցյալ / Միջնադարի նորօրյա տարեգիրը, Երևան, ՀԳՄ հրատ., 2010, էջ 39: Ավելորդ չենք համարում նշել, որ Արմեն Մարտիրոսյանի միջնադարյան ընկալումների վրա չէր կարող ազդեցություն չթողնել Վիգեն Խեչումյանի արձակը, որի մասին նա ինքը խոսում է մեծ գորովանքով:
[17] Տե’ս նաև Հ. Էդոյան, Սլավիկ Չիլոյանի «Հոգեհանգիստը» / Շարժում դեպի հավասարակշռություն, Երևան, Սարգիս Խաչենց. Փրինթինֆո, 2009, էջ 372 – 382:
[18] Ա. Մարտիրոսյան, Մենք մարդ ենք եղել / Ներկայում հանգրվանող անցյալ, Երևան, ՀԳՄ հրատ., 2010, էջ 89:
[19] Ա. Մարտիրոսյան, Սիրոշղթա, Գնչուական մեղեդիներ շարքից, Երևան, «Նաիրի», հրատ., 2003, էջ 84:
[20] Նույն տեղում, էջ 84:
  • Created on .
  • Hits: 4375

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: