ՄԱՐԴ-ԳԻՇԱՏԻՉ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ՎԱՀԵ ՔԱՉԱՅԻ «ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ» ՎԻՊԱԿՈՒՄ

    Բնական էր, որ Սփյուռքում շատ հայ գրողներ պետք է սկսեին գրել օտար լեզվով: Եվ ինչքան էլ այս երևույթը ինչ-որ տեղ մեր լեզվի համար ցավալի ընդունենք, այնուամենայնիվ, չենք կարող չփաստել, որ օտարագրությունը մյուս կողմից էլ դարձավ և մնում է հայ ժողովրդի ճակատագիրը, հայ մարդու դրսևորվելու միջոցներից մեկը (Մայքլ Առլեն Կրտսեր «Ուղևորություն դեպի Արարատ», Անտոնինա Արսլանը «Արտույտների ագարակը» Վիլյամ Սարոյան «Իմ անունը Արամ է», Փիթեր Բալաքյան «Ճակատագրի սև շունը» և ուրիշներ): Ու պատահական չէ, որ Վիլյամ Սարոյանը ժամանակին ասել է. «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերեն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու՝ հայկական է»[1]:
     
Վահե Քաչան (Վահե Խաչատրյանը) ևս անմասն չմնաց հայ ժողովրդի ճակատագրից: Նա իր «Մի դաշույն այս պարտեզի մեջ» (1981) վեպում անդրադարձել է Արևմտյան Հայաստանի իրականությանը` պատկերելով պոլսահայության կյանքը համիդյան կոտորածներից մինչև Մեծ եղեռնը: Սակայն մեր թեման օտարագիր հայ գրողների՝ հայ ժողովրդի ճակատագրի անդրադարձումը չէ գրականության մեջ, այլ կփորձենք անդրադառնալ Վահե Քաչայի գործերից մեկին՝ դնելով այն կոնկրետ հարցադրման տակ:
      Առհասարակ, Վահե Քաչայի ստեղծագործություններում («Ակն ընդ ական», «Գավազան» և այլն) հերոսները շարունակ հայտնվում են բեկումնային իրավիճակներում: Այդ սուր, լարված իրավիճակներում էլ դրսևորվում է հերոսների անհատականությունը։ Այս առումով առանձնացրել ենք Վահե  Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վիպակը, որը մի կողմից քննել ենք կոնկրետ հարցադրման տակ դնելով՝ ինչպե՞ս է տեղի ունենում մարդ-գիշատիչ փոխակերպումը, մյուս կողմից փորձել ենք մեկնաբանել, թե վիպակը ինչքանո՞վ է արդիական: 
     Հետաքրքիր է, թե հեղինակը ինչպես  է գործողությունների մեջ ցույց տալիս այդ անցումը՝ մարդ-անհատից մինչև մարդ-գիշատիչ։ Ուշադրություն դարձնենք, թե հերոսները ինչպիսինն են մինչ շրջափակվելը և դրանից հետո: Առաջին հայացքից սկիզբը շատ սովորական է. պատրաստվում են նշել տարեդարձ և հյուրեր են ընդունում: Ու թեև շեշտվում է, որ պատերազմ է, բայց  հերոսների համար այն կարծես իրենց չի վերաբերում. «Կյանքը հոսում էր առանց բախումների. շաբաթը մեկ ֆիլմ, մի քանի գիրք, ձայնապնակներ, բարեկամներ…»[2]
    Այստեղ ընդգծվում է նաև վերաբերմունքը թշնամու նկատմամբ: Ակնհայտ ատելություն կարծես թե չկա (գոնե մինչ շրջափակվելը). խոսում են, քննարկում, բայց միաժամանակ պատերազմը իրենցից շատ հեռու է թվում: Բայց դա միայն սկզբում: Սակայն, կարելի է ասել, որ հեղինակը, թեև «աննկատ», բայց տող առ տող բացում է «խաղաքարտերը»։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա առաջին հայացքից հերոսները նույնիսկ շատ մարդկային են, բայց գրողը ընթերցողին նախապատրաստում է տվյալ հերոսի ով լինելու բացահայտմանը։ Ահա թե ինչ է ասում Բրիժիտը պատերազմի մասին.«Ես ատում եմ պատերազմը» (էջ 63)։ Այս խոսքերին անմիջապես հաջոդում է գրողի «արձագանքը».«Նա հատկապես պատերազմի շուրջը բացվող խոսակցություններն էր ատում։ Անվերջանալի ճառեր, որոնցից քունը տանում և հորանջում էր» (էջ 63)։ Այնպիսի տպավորություն է, որ հեղինակը «խառնվում է» դեպքերին և նախքան իրադարձությունների շրջադարձային փոփոխությանը, ընթերցողին ծանոթացնում է վերջիններիս հետ։ Վ. Քաչան, ինչպես արդեն նշեցինք, չի մոռանում նաև մարդկայինը  ընդգծել նրանց մեջ։ Անշուշտ, սա պատահական չէ։ Ի վերջո, այդ մարդկայինը շեշտելով  պիտի ընդգծվի էականը՝ ե՞րբ է մարդը դադարում մարդ լինելուց, ավելին՝ դեպքերի զարգացմանը զուգընթաց, թվում է, թե մարդկայինը նրանց մեջ չէր էլ եղել։ Եթե մինչ շրջափակվելը Վիլկերը նայում էր Պիեռին ու խղճում նրան.«Բարեբախտաբար ծնողները ապահովված մարդիկ են» (էջ 65),- ապա հետո՝ սեփական կյանքը թանկ գնահատելով`Պիեռը արդեն պիտի դառնա ատելի։ Ու մարդկայնության կորուստը դառնում է այն գինը, որը պետք է ֆիզիկական գոյության պահպանման համար։ Եվ նույնիսկ բժիշկը պիտի կորցնի իր մասնագիտական նրբանկատությունը և Պիեռի երեսին շպրտի. «Դու դատապարտված ես ամբողջ կյանքում կույր լինելուն... Հասկացիր ինձ» (էջ 110)։
         Երբ հերոսները  իմանում են, որ պետք է երկու պատանդ ընտրեն իրենցից՝ ի հատուցում սպանված երկու գերմանացիների, սկզբում փորձում են ստեղծված իրադրության մեջ հավասարակշռություն պահպանել: Սակայն աստիճանաբար իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, նյարդերը տեղի են տալիս և արդեն ոչ մեկը պատասխանատու չէ իր արարքների համար, և քայլ առ քայլ ընդգծվում է մարդ-գիշատիչ անցումը, որը, ըստ երևույթին, բոլորին նոր լույսի տակ է ցույց տալիս: Ճիշտ է, թեև հեղինակն էլ հաճախ է շեշտում նրանց «բարեկամ» լինելը, բայց դրանով ավելի է ընդգծում իրավիճակի լարվածությունը և վերջիններիս ոչ բարեկամ լինելը: Այս առումով էլ հերոսները ոչ միայն ուրիշ տեսանկյունից են սկսում ճանաչել իրենց կարծեցյալ բարեկամներին, որոնք դառնում են օտար. «…այս մարդիկ, որ իրեն շրջապատել են, իսկական բարեկամնե՞րն են, թե՞ ոչ: Նրան թվաց, թե առաջին անգամն է տեսնում այդ մարդկանց: Նրանց չէր ատում, բայց ապշել էր անսպասելի հայտնագործումից» (էջ 98),- այլև հերոսներն են բացահայտում իրենք իրենց: Եվ վերջիններիս ներքին աշխարհի քննումը հենց իրենց կողմից արդեն դուրս է գալիս շրջապատը նորովի ճանաչելու կոնտեքստից և հասնում ինքնաճանաչողության։ Ուստի, բժիշկը պետք է  ինքն իր մասին մտածի. «Զարմացավ, իր մեջ այդքան ատելություն գտնելով: Տարիներ էր ապրել, առանց զայրույթի ամենափոքր նշան իսկ ցույց տալու» (էջ111): Այս իրադրության մեջ էլ բոլորը արդեն «մոռանում են», որ շրջապատված են իրենց բարեկամներով: Բարեկամներն էլ տվյալ դեպքում դառնում են թշնամիներ, որոնք խոչընդոտ են սեփական կյանքը փրկելու համար:
      Եթե առանձին-առանձին վերցնենք հերոսներին, ապա պետք է նկատենք, որ իրավիճակը ամեն կերպ փորձում է վերահսկել Վիլկերը, որը սեփական կյանքը փրկելու համար ամեն քայլի գնում է (հիշենք, թե ինչպես է փորձում չեկով կաշառել Ֆրանսուազին, Բրիժիտին համոզում գնալ գերմանացու մոտ, թաքնվում է պահարանում և այլն): Բայց, չնայած նրա աչքի ընկնող քայլերին, սխալ կլինի ասել, թե  նա միակ է. բոլորն էլ իրենց սեփական կյանքը փրկելու համար ծայրահեղ քայլերի են գնում: Քայլեր, որոնք դուրս են գալիս ոչ միայն մարդկայինի պատկերացման սահմաններից, այլև այդ քայլերով հասնում են մի կետի, երբ կորցնում են իրենց ինքնասիրությունը և բարոյապես անկում են ապրում: Մի պահ նույնիսկ թվում է, թե վերջիններս կորցրել են սթափ դատելու կարողությունը: Նրանց քայլերը ոչ թե առաջնորդվում է բանականությամբ, այլ ֆիզիկական գոյությունը ամեն կերպ պահպանելու բնազդով, որի ազդեցության տակ էլ հերոսների՝ մարդ-գիշատիչ փոխակերպումը նույնիսկ չգիտակցված է տեղի ունենում: Նրանց գիտակցական մակարդակը կարծես միայն մի բան է ընկալում՝ պետք է փրկել սեփական կյանքը: Եվ «պարզվում է», որ բոլորի ապրելու իրավունքը հիմնավորված «պատճառներով» է պայմանավորված: Ավելին, իրենց ապրելու կարևորությունը սկսում են մարդկային տեսանկյունից բացատրել: Վիլկերը պատմում է, թե ինչպես է օգնել ընկերոջը (իր իրերը գրավ դնելով և այլն) և մարդկային թվալու մոլուցքը այնքան է կարևոր դառնում, որ հերոսը ի դերև է հանում իր նեղ անձնականը. «…երբ ես ամուսնացա, իմ կինը հղի էր…ինձնից չէ…ուրիշից» (էջ 130): Ապրելու պատճառներ ունեն նաև մյուս հերոսները. Բրիժիտը հղի է, Վիկտորը հայր է դառնալու, բժիշկը իրեն պիտանի է համարում հասարակության համար, Պիեռն էլ արդեն մասնակցել է պատերազմի: Դրա համար Պիեռը նույնիսկ կարծես իրեն հերոս է համարում. չէ՞ որ կռվել ու կորցրել է տեսողությունը, և դրա համար նույնիսկ շքանշան է ստացել: Այստեղ հեղինակը մի հարց է կարևորում՝ ո՞վ է պատերազմի դաշտում կռվողը, և մի՞թե պատերազմի մասնակից լինելը արդեն իսկ հերոսություն է: Ճիշտ է, Պիեռը, թեև պաերազմի մասնակից է, կորցրել է տեսողությունը և շքանշան է ստացել, բայց այնուամենայնիվ, նա չի դիտվում որպես հերոս, այլ կերպ ասած՝ պատերազմին մասնակից լինելը դեռ չի նշանակում լինել հերոս:
      Հերոսների մեջ առանձնանում են Տիմակովի և Ֆրանսուազի կերպարները: Տիմակովը և Ֆրանսուազը, ի տարբերություն մյուս հերոսների, չեն կորցնում իրենց դեմքը: Նրանք մնում են այնպիսին, ինչպիսին էին, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝  մարդ-գիշատիչ փոխակերպում նրանց դեպքում չի գործում: Եվ եթե վերցնենք Տիմակովին, պետք է նկատենք, որ նա ավելի շատ դեպքերին կողքից նայողի տպավորություն է թողնում, քան բուն գործողություններին մասնակից անձ: Այնպիսիտպավորությունէ, որստեղծված իրավիճակը, թեև ոչ ակնհայտ, բայցնրանզվարճալի է թվում. նա մի տեսակ խաղում է: Թեև միանգամից չի համաձայնվում պատանդ գնալ, բայց միաժամանակ պատրաստ է այդ քայլին: Ուշագրավ է նաև այն փաստը, որ երբ հերոսները ներկայացնում են իրենց «բարի գործերը», Տիմակովը նույնիսկ հեգնում է. «Այժմ իմ հերթն է բարի արարքներ ցուցադրելու» (էջ 125), և թվարկում է այնպիսի արարքներ, որոնք բնավ էլ օրինակելի ու բարի չեն: Բայց հենց սրանով էլ, ի տարբերություն մյուսների, շեշտվում է Տիմակովի մարդկային լինելը այն առումով, որ նա չի փորձում իրեն ներկայացնել ավելի լավը, քան իրականում կա: Պետք է նկատենք նաև, որ Տիմակովի համար բնավ էլ զարմանալի չէ իր «բարեկամներին»  ուրիշ տեսանկյունից ճանաչելը: Այնպիսի տպավորություն է, որ նրա համար պետք չէր նման իրավիճակը, որ նոր ճանաչեր իրեն շրջապատող մարդկանց:  Ու պատահական չէ, որ հենց սկզբից նա ակնհայտ դրական վերաբերմունք ունի Ֆրանսուազի նկատմամբ: Իսկ ո՞վ էր Ֆրանսուազը: Վիպակում, թեև  Ֆրանսուազի կերպարը գործողությունների մեջ առաջին պլան չի մղվում, բայց այնուամենայնիվ, նրա կերպարը առանցքային նշանակություն ունի: Նա, ինչպես և Տիմակովը, ոչ միայն մարդկային տեսանկյունից չի կերպարանափոխվում, այլև նրա պես պատրաստ է դեմ առ դեմ կանգնել մահվանը, թեև ինքն էլ միանգամից չի համաձայնվում պատանդ դառնալ: Ավելին, Ֆրանսուազը, կարելի է ասել, միակն է, որ ստեղծված իրավիճակին նայում է մարդկայինի տեսանկյունից և ընդգծում ամենաէականը. «Մենք բոլոր իրավունքներն ունենք ապրելու» (էջ 135),- ասել է թե՝ ոչ մեկը դիմացինից իրավունք չունի պահանջելու կյանքը զոհել իր սեփական կյանքի համար, երբ ինքը այդ քայլին չի գնում:
  Մարդ-գիշատիչ անցման համար ոչ պակաս կարևոր է հենց իրավիճակի պատճառահետևանքայնությունը՝ պատերազմը և պատերազմ ասվածի ընկալումը հերոսների կողմից: Ինչպես նշեցինք սկզբում, պատերազմը կարծես թե հերոսների համար իրենցից հեռու թվացող մի երևույթ էր, բայց դա միայն առաջին հայացքից: Հեղինակը, թեև ոչ ուղղակիորեն, բայց բարձրացնում է մի էական հարց՝ պատերազմի անմարդկային դրսևորումը. դրսևորում, որի հետևանքների կրողը, ըստ էության, դառնում են բոլորը: Սակայն միևնույն ժամանակ բոլորը չէ, որ պատերազմը ընկալում են, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ այն զգացել են սեփական մաշկի վրա (Պիեռի համար պատերազմը ատելի է նրա համար, որ կորցրել է տեսողությունը, Վիլկերի, Բրիժիտի, Վիկտորի համար այն իմաստով, որ չեն ապրում այնպես, ինչպես առաջ և այլն): Էական է այստեղ Ֆրանսուազի ընկալումը պատերազմ ասվածի նկատմամբ: Նա, թեև ինչպես արդեն նշեցինք, իր գործողություններով առաջին պլան չի մղվում վիպակում, բայց նրա, ինչ-որ տեղ «լուռ»  կերպարը ինքնին խոսուն է` որպես պատերազմը սեփական մաշկի վրա զգացած մեկի, որը ուղղակի վիշտ չի ապրում կորցրած ամուսնու համար, այլ նաև ընկալում է պատերազմ ասվածի ողջ անմարդկայնությունը: Ավելին, նա գնում է պատերազմ ասվածի ավելի խորքերը՝ գիտակցելով նաև պատերազմի կործանարար հետևանքները նույնիսկ դրա ավարտից հետո. «Մենք վերջիվերջո կհաշտվենք այս բոլորի հետ: Դրոշներ կծածանվեն, երաժշտություն կլինի: Մենք կպարենք մեր մեռելների վրա: Երբևէ մտածե՞լ եք այդ դառն թագավորության մասին, որ արձագանքվում է մեր ոտքերի տակ: Դա այն թագավորությունն է, որտեղ երկու հաշտված երկրների վրա կիտված մեռելներն են: Ես լսում եմ նրանց հեծեծանքները: Եվ ես ամաչում եմ» (էջ 139):
      Պատահական չէ, որ վիպակում, թեև նշվում է տարեթիվը՝ 1942թ., այսինքն՝ կոնկրետ պատերազմի ժամանակաշրջանը, է և նշվում է, որ գերմանացիներն են հակառակորդները, բայց պատերազմը չի դիտվում որպես հանուն հայրենիքի բարօրության համար մղվող պայքար: Այստեղ հեղինակը դուրս է գալիս պատերազմի՝ «հանուն հայրենիքի պայքարի» կոնտեքստից և ընդգծում է ամենաէականը՝ պատերազմը իրականում արդարացում չունի: Եվ իզուր չէ, որ նրա հերոսները իրենց անմարդկային դեմքով ընդգծվում են հենց պատերազմական իրավիճակի կրողը դառնալուց հետո և մարդուց կերպարանափոխվում են գիշատիչների: Սա ևս պատերազմի անմարդկային դրսևորումներից է: Այսինքն՝ եթե կա պատերազմ, անկախ նրանից` դու կռվի դաշտո՞ւմ ես, թե՞ չէ, հարազատ կորցրե՞լ ես, թե՞ չէ… դու միևնույն է՝ որպես անհատ, պատերազմ ասվածի կրողն ես դառնում: Կրող, որտեղ շատ կարևոր է չկորցնել ամենակարևորը՝ մարդկային դեմքը:
       Էական է նաև վիպակի կառուցվածքային առանձնահատկությունը։ Փոքրիկ վիպակում առանձնացված գլուխներ չկան, բայց ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ եթե վիպակից հանենք բուն գործողությունները, ապա վերջին հատվածի խնջույքի տեսարանը դառնում է առաջինի «շարունակությունը»։ Ճիշտ է, թեև առաջին հատվածում խնջույքը ձախողվում է, բայց երկրորդ հատվածում՝ ամենավերջում,  հերոսները, թեև փորձում են ստեղծված իրավիճակից հետո դարձյալ վերականգնել հավասարակշռությունը (կենացներ են ասում, նույնիսկ տոնական կարկանդակն են փչում), բայց նրանք միմյանց հետ սեղան են նստում արդեն որպեսոչ բարեկամներ և խնջույքը տվյալ դեպքում նույնիսկ շինծու է թվում: Սա արդեն ոչ թե բարեկամների խնջույք է, այլ միմյանց ճանաչող գիշատիչների խնջույք: Գիշատիչներ, որոնց կերպարներով հեղինակը ընդհանարացնում է մարդու տեսակը. «Մենք բոլորս գիշատիչներ ենք…փոքրիկ, սիրուն, լավ վարժեցրած գիշատիչներ, և մենք շղթայի կարիք ունենք: Մեր շղթան կոչվում է կարգուկանոն» (էջ 144): Վիպակի այս վերջաբանը  ոչ պակաս կարևոր ընդգծմամբ է ավարտվում՝  Տիմակովի մտքերով: Սա, անշուշտ, պատահական չէ։ Պատահական չէ նաև այն, որ գրողը հերոսի  մտքերը չի վերցնում չակերտների մեջ և,  կարելի է ասել, հեղինակը և հերոսը նույնանում են, ասել է թե՝ դրանով Վ. Քաչան ընդգծում է իր գաղափարակիր հերոսին՝ Տիմակովին։
      Շատ հաճախ մարդու մեջ մարդկայինը ընդգծելու համար բավական է ընդամենը նշել՝ մարդ է։ «Մարդ» ասվածը տվյալ դեպքում դառնում է մարդկայինի բնորոշումը, բնորոշում, որը միաժամանակ մարդկանց մեջ առանձնացնում է մարդուն, ասել է թե՝ մարդկանց մեջ «մարդ» ասելով չի կարելի հասկանալ բոլորին։ Բայց կա նաև հստակ սահմանում «մարդ» կոչվածի և «ոչ մարդ» անվանվողի միջև։ Այս դեպքում «ոչ մարդ» անվանվողին կամ, այսպես ասած, «մարդ չէ» բնորոշմանը կարող ենք տալ տարբեր անուններ։
    Քննության վերցնելով Վ. Քաչայի այս վիպակը և դնելով այն կոնկրետ հարցադրման տակ, թե ինչպես է մարդը փոխակերպվում որպես գիշատիչ, կարող ենք ասել, որ ստեղծագործության հիմքը ո՛չ «մարդ» կոչվածի ինչպիսին լինելու կարևորությունն է ընդգծում, ո՛չ էլ հակառակը:
    Իսկ ինչքանո՞վ է վիպակը արդիական։ Արդիական է նրանով, որ գրողի բարձրացրած հարցերը՝ ինչպիսի՞ն է իրականում մարդը, ավելին՝ ճանաչո՞ւմ է ինքն իրեն և ի՞նչ է իրենից ներկայացնում պատերազմ կոչված երևույթը, կոնկրետ ժամանակաշրջանի մտահոգություններ չեն։ Այս առումով էլ, թեև վիպակում կա տարեթիվ՝ 1942թ., բայց այն կարող է լինել և՛ 1978թ.... և՛ 2009թ.... և՛ 2014թ,. և՛ 2015թ.:
... Վահե Քաչան, մարդուն որոշակի իրավիճակի մեջ դնելով, փորձում է ցույց տալ, թե ինչպես է մարդն անցնում  իր «մարդ լինելու» կոչման սահմանը։ Այս դեպքում մարդը արդեն այն նույն մարդը չէ։ Բայց հեղինակը սոսկ որոշակի իրադրությամբ չի մեկնաբանում այն. իրադրությունը տվյալ դեպքում դառնում է «գործիք», որը պետք է մեծ դեր ունենա մարդ-գիշատիչ փոխակերպմանը, փոխակերպում, որը ինքնին անակնկալ է դառնում հենց իրենց՝ հերոսների համար։ Նրանց կերպարներով հեղինակը առաջին հերթին ընդհանրացնում է մարդուն առանց որևէ «մարդ լինելու» և «ոչ մարդ լինելու» բնորոշման: Իրականում մարդ-անհատի կոնկրետ բնորոշում չկա, և նույնիսկ այս դեպքում, երբ տեղի է ունենում մարդ-գիշատիչ փոխակերպում, այս փոխակերպումը՝ մարդուց դեպի գիշատիչ, տվյալ դեպքում մարդուն ոչ բնորոշ հատկանիշ չի դրսևորվում, այլ հենց մարդուն բնորոշ փոխակերպում է: Ի վերջո, հերոսներն էլ կարծես թե չգիտեին, որ իրենք այդպիսին են՝ գիշատիչ։
       Այսպիսով, Վ. Քաչայի հերոսները ուղղակիորեն «ձևավորված» որպես մարդկային ինչ-որ տեսակ չեն պատկերվում. նրանց անհատականությունը  դրսևորվում է դեպքերին զուգընթաց՝ որպես կարգուկանոնի տակ թաքնված գիշատիչ: Բայց մյուս կողմից էլ հեղինակը շեշտում է այդ փոխակերպման պատճառահետևանքային նշանակությունը, որը տվյալ դեպքում դառնում է պատերազմը: Եվ այս կոնտեքստում էլ գրողը նաև էական խնդիր է բարձրացնում՝ պատերազմը որպես մի երևույթ, որը չունի արդարացում:
                                                                                                                 Արփինե Վարդանյան

1. Վահագն Դավթյան, Բարի հսկան, Երևան, 1979 թ., էջ 3:
2.Վահե Քաչա, Գիշատիչների խնջույքը, Երևան, 1976 թ., էջ 61 (այս գրքից մեջբերված մյուս հատվածների էջերը կնշվեն տեղում):

  • Created on .
  • Hits: 7429

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: