ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 70-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԿ ԳՈՐԾԵՐՈՒՄ

    Արուսիկ Գրիգորյան

  («Տեղատվություն», «Թագավորի փոքր որդին», «Կարմիր ձյունը»)

    Ինչպես ժամանակը, այնպես էլ ժամանակի մեջ ձգվող յուրաքանչյուր համակարգ (նկատի ունենք բոլոր ձևերը) տևական է, չընդհատվող: Որոշակի սկզբի և որոշակի ավարտի ընկալումը ժամանակի նեղ հատույթում գտնվելու ցուցիչն է. ժամանակային հոսքից վեր նույն ժամանակի դիտարկումը պայմանական սկզբի ու վերջի մերժումն է, վերափոխման օրենքի հաստատումը:
    Գրական ընթացքը ևս տևողություն է, ժամանակ, շարժում` չսպառվող, միայն իր նեղ ենթաժամանակային հատույթներում այլաձևվող, մշտապես նոր կերպեր ընդունող: Գրական հոսքի տվյալ էտապում «նոր կերպ»-ը, այսպիսով, համակարգ է` գրական և արտագրական փոխպայմանավորումները միաժամանակորեն համատեղող, տվյալ էտապից դուրս` հակահամակարգ` նախորդը ստվերել, գուցե և ոչնչացնել փորձող և ստվերման ու ոչնչացման ենթակա:
    Համաշխարհային գրական պրոցեսի (առհասարակ մշակութային պրոցեսի) 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացքը, մասնավորապես 60-70-ական թվականների ալիքը ամենաշեշտված գրական «հակահամակարգային» համակարգն է` հակահամակարգային՝ իր գաղափարական և արտահայտման ձևի կտրվածքով ավանդականի, ընդունվածի ֆոնի վրա, համակարգային՝ իր ներ և արտահամակարգային կերպերի ուղղորդվածությամբ: Ի տարբերություն համաշխարհային գրական գործընթացի ծավալման դինամիզմի, հիշատակված շարժի բուռն վերելքների և վայրէջքների, ներքին հակասող տատանողականության, արձագանքման համարժեքության կամ վերջինիս բացակայության` հայկական իրականությունում գրական պրոցեսը ժամանակային դիտանկյունից համարժեք, իսկ մեթոդական տեսանկյունից կողմնորոշված չէր (այսպես, առաջինը ընդհանրանում, միավորվում է «պոստմոդեռնիզմ»-ի առանցքի շուրջ, երկրորդի պարագայում որոշակի միավորող մեթոդ չկար, առկա և նոր ինտեգրվող գրական միտումները (մոդեռնիստական առանձին տարրեր) տարածվում էին անհամաչափորեն, անհատական դրսևորման շրջանակներում): Աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված (նկատենք` ԽՍՀՄ տարածքում 60-70-ական թթ. ընդունված արգելքներն ու սահմանափակումները անհամեմատ մեղմացան)` hամաշխարհային գրական պրոցեսին արժևորման հակասականությամբ չզիջող մշակութային ալիքման այսօրինակ արտահայտությունը գրական կյանքի ակտիվացման ազդակ դարձավ (բավական է նույնիսկ հիշել մամուլում ծավալված գրական բանավեճերը):
    Հիշյալ ժամանակի գրական շղթան ձևավորող օղակներից մեկն էլ պետք է համարել Վահագն Գրիգորյանին, ում երկերը նույն ժամանակահատվածի իրականության արձագանքը դարձան` ներբովանդակային դիտանկյունից ոչ միայն մարդկային, այլև տարածական և տարածության հետ ասոցացված, նրան կառչած գոյերի (լայն առումով) տեղատվությունը, քայքայումը վերարտադրող, արտահայտման դիտանկյունից աստիճանավորվող, միմյանցից տարբեր, սակայն միմյանց մեջ շարունակվող, արձագանքման դիտանկյունից ոչ միանշանակ, հակասական:
    Անդրադառնալով ուսումնասիրության շրջանակներում արծարծվող խնդրին, այն է` խորագրի հարցադրմանը, անհրաժեշտ է նշել, որ ի տարբերություն 60-ական թթ. երկերի` հեղինակի 70-ական թվականների մեր ուսումնասիրած գործերը` «Թագավորի փոքր որդին», «Կարմիր ձյունը», «Տեղատվություն», աչքի են ընկնում կա՛մ առանձին մոդեռնիստական տարրերի կիրառմամբ, կա՛մ ամբողջական երկի հիմքում մոդեռնիստական որոշակի ուղղությունների առանցքային տեսությունների ամփոփմամբ (այսպես՝ գաղափարակրության տեսանկյունից զարգացումը հարում է աբսուրդին, վերջնարդյունքը՝ էքզիստենցիալիզմին կամ վերջինիս հաղթահարմանը): Ուստի այդ երկերի շերտադիտարկումը կկատարենք՝ առաջնորդվելով մոդեռնիստական սկզբունքների զուգահեռման և տեղական գրական դաշտում նկատվող գրական միտումների, խնդիրների առանձնացման կարևորմամբ:

1.    Հերոսի խնդիրը
(Օտարված հերոս)
    Մարդկային քաղաքակրթության շարունակականությանը սպառնացող համաշխարհային իրադարձությունների (պատերազմներ, ատոմային ռմբակոծություններ ևն) հորձանուտում ոչնչացման վտանգը զգացող, օտարացող և ամայացող մարդը դարձավ մոդեռնիստական գրականության, մասնավորապես էքզիստենցիալիզմի կենտրոնը: Օտարվող հերոսը կենտրոնն է նաև տարածական այլ հարթությունում շատ ավելի ուշ ստեղծված և վերոհիշյալ գրական ուղղության գաղափարական առանցքը որդեգրած վեպի` «Տեղատվության»:
    Շրջապատող երևույթների նկատմամբ հակազդեցությունը կորցրած, ձանձրույթից (նկատենք` ձանձրույթը, ինչպես Մ. Ունամունոյի «Մառախուղը» երկում, այնպես էլ «Տեղատվություն»-ում պայմանավորող սկզբի իմաստային և գործառույթային նշանակության նույնականացմանն է միտված)[1] հոգևոր տեղատվություն ապրող, երկատված անձը (Գևորգ Գևորգյան) օտարվում է հասարակությունից վերջինիս սահմանած լինելիության, կեցության և մտածողության կերպերին չհամապատասխանելու պատճառով: Միևնույն ժամանակ հասարակությունն էլ լքում է անձին` չհանդուրժելով տարբերակվածություն և հայտարարելով դատարկություն անձի փոխարեն: Անհամապատասխանության ճեղքը մասնատում է ենթադրելի միասնությունը՝ անհատին և հասարակությանը՝ հավասարարժեք դարձնելով երկուստեք օտարումը և մահը, անտեսանելի գոյությունը և չգոյությունը: Վերջինս` որպես արդյունքային կարգավիճակ, հավերժական շրջապտույտի օղակ է. դադարեցնել շրջապտույտը նշանակում է մերժել հոգևոր վերածնությունը, իսկ ժխտել վերածնությունը նշանակում է հայտնվել մահվան շրջապտույտում. զուգահեռվող հարթությունները չհատվող են, միջանկյալ գոտու բացակայությունը` աքսիոմ:

2.    Նեոմիֆոլոգիական շերտ
    Ի տարբերություն «Կարմիր ձյունը» վիպակի, որտեղ միֆական շերտը վերարտադրվում է հեքիաթալեգենդային պատմությունների ուղղակի ներկայացմամբ (կրծքին խրված ասեղի և սատանայի, գերեզմանում գտնված շան պատմությունները ևն), «Տեղատվություն» վեպում ակնհայտ է նեոմիֆոլոգիական շերտի առկայությունը: Հին հունական պրոմեթևսյան առասպելը վեպում դեկոնստրուկցիայի է ենթարկվում, ապա վերակառուցվում` գաղափարական նոր հղումներ, վերաարժևորման նոր տարբերակներ մատնանշելով (արծիվը կտցահարում է լյարդը ոչ որպես պատիժ. այստեղ կտցահարումը «վերակենդանացմանը» նպաստող գործոնի նշանակություն է ձեռք բերում): Պետք է նկատենք՝ նշված առանձնահատկությամբ Վահագն Գրիգորյանի «Տեղատվություն» վեպը իր ժամանակի երկերի շարքում բացառիկ նշանակություն և կարևորություն է ստանում, քանզի, ըստ էության, նեոմիֆոլոգիզմը հայ իրականութան մեջ ավելի ուշ դրսևորված անկախության շրջանի երկերի հիմնական տարբերակիչ-բնորոշիչն է:

3.    Տեքստի ձևակառուցվածքային կողմ
  •  Քրոնոտոպային խախտումներ
    Եթե «Թագավորի փոքր որդին», «Կարմիր ձյունը» վիպակներում ժամանակատարածային ընդգրկումները հաջորդաբար հերթագայում են ըստ համապատասխան զարգացման, ապա «Տեղատվություն» վեպում ժամանակը և տարածությունը խախտում են տրամաբանական հաջորդականությունը, այսպես՝ գոյության արտաքին ձևաչափին համապատասխանող չգոյությանը հաջորդում են վերջինիս պարզաբանման քրոնոտոպային իրացումները:
  •   «Ես»-ի մուտքը գրական երկ
  60-70-ական թվականների գրական երկերում թերևս օրինաչափության վերածված ամենահամարձակ փոփոխությունը առաջին դեմքի մուտքն էր ստեղծագործության տիրույթ, որով երկում և երկից դուրս՝ ընթերցողի գիտակցության մեջ, շարունակվող հեղինակ/հեղինակ-կերպար/կերպար և ընթերցող հարաբերումը հաղթահարում է հեռացվածության խոչընդոտը, սառը օբյեկտիվության պատնեշը:
  •   Հեղինակը` ներտեքստային կերպար
    «Տեղատվություն» վեպում հեղինակը դիմում է բավականին յուրօրինակ հնարքի` սեփական անձը տեղափոխում է տեքստային տիրույթ` միաժամանակ գործելով, առնչվելով մյուս կերպարներին այդ նույն տիրույթի արտատիրույթային դաշտում (նշված գրական հնարքը իրացման նույնականությամբ է կիրառված նաև Ունամունոյի հայտնի վեպում): Հեղինակի և հերոսի հարաբերությունների ավանդական ընկալումը, ինչպես հայտնի է, վերափոխվում է 20-րդ դարում` եթե հեղինակը վերածվում է գործող հերոսի, կամ ինքն է միակ հերոսը` տեքստային իրողությունը իր սուբյեկտիվության տեսանկյունից ներկայացնող, ապա ավելի ուշ հեղինակն առհասարակ «մահանում է» (հիշենք Բարտին):
  •  Հերոսների գրավոր կարծիքը` վեպի գլուխ
    Հերոս-հեղինակ հարաբերությունների յուրօրինակության դրսևորում է նաև հերոսի կարծիք-դիտողությունը, այլ կերպ ասած` հերոսների անունից հնչեցրած հեղինակային անձի տարբերակված ես-երի խոսքը վեպի առանձին գլուխների վերածելը:
  • Պատումային շարունակականություն
  Մոդեռնիստական և հատկապես պոստմոդեռնիստական գրական տեքստի ձևաբովանդակային հիմնական առանձնահատկություն պետք է համարել այդ նույն տեքստի՝ տարբերակի վերափոխվելը: Այսօրինակ գրական երկը հաղթահարում է տեքստի դասական կառույցը՝ վերածվելով արտաքին դիտանկյունից անավարտ, ներքին դիտանկյունից տեսակետային-տարբերակային ձևակառուցվածքի, այլ կերպ ասած՝ այն կերպափոխվում է կեռնեխին նայելու 14-րդ եղանակի[2]: Վահագն Գրիգորյանի հիշատակված երկերը (ըստ էության մյուս երկերն էլ` անկախ ծավալից) ևս աչքի են ընկնում վերոնշված հատկանիշի՝ ձևաբովանդակային հստակ ավարտունության բացակայությամբ: Ինչպես մաթևոսյանական կերպարները և պատումները, որոնք «շրջագայում են», փոխլրացնում միմյանց հաճախ նույնիսկ տարածման նշված շրջանակից դուրս, ամբողջացնում ինֆորմացիան և այսպիսով որոշակիանում որպես մեկ ընդհանուր, լայն պատում, այնպես էլ գրիգորյանական երկերը ներկայանում են որպես մեկ ամբողջական պատումի շարունակական մասնահատվածներ:

4.    Քրոնոտոպի քայքայում
  •   Իդիլիկ քրոնոտոպի քայքայում
    Հիշատակված երկերում լայն առումով քայքայման ալիքը չի շրջանցում ինչպես հերոսների ներքին և արտաքին իրականությունները, այնպես էլ այդ իրականության տարբեր խտացումները, այդ թվում և տարածական: Թե´ մաթևոսյանական, թե´ գրիգորյանական գյուղը` որպես լքվող քրոնոտոպ, աստիճանաբար քայքայվում է` առաջացնելով քայքայվող ձևերի շղթայական ռեակցիա` տուն-ընտանիք-տոհմ: Այս տեսնակյունից կենսունակություն են ձեռք բերում անաղարտ սկզբին մոտեցնող վերադարձի (վերադարձի հերոս) և գենային ցիկլայնության գաղափարները:

5.    Երազ, հիշողություն
   Երազի և հիշողության հաճախակի ներթափանցումը տեքստի սահմաններից ներս պայմանավորված էր մոդեռնիստական շրջանի հայտնի փիլիսոփայական-հոգեվերլուծական դիտարկումներով: Անուղղակի կամ կանխորոշված նույնականությունը վկայում է հեղինակային գործի ընդգծված արդիականության և հեղինակի՝ իրականությունը համարժեք ընկալելու և գնահատելու մասին: Վիպակներում և վեպում ներկայացված երազները և հիշողությունները` հարուցված հոտով (օծանելիք, լավաշի բույր ևն) ոչ միայն հավելյալ տեղեկատվության աղբյուր են, այլև այլընտրանքային տարածության կրողներ, որոնք իրականության հետ ձուլվում, հատվում են աննկատ` ստեղծելով միևնույն չափումներով ընկալվող ժամանակ:
  Այսպիսով, ամփոփելով պետք է նշել՝ գրական գործընթացը ձևակերպող ժամանակատարածային խտացումները՝ գրական ստեղծագործությունները, տվյալ ժամանակի մեջ և դրանից դուրս գնահատելու, դրանց ստեղծման և գոյության անհրաժեշտությունը արժևորելու (հետևաբար և հեղինակային ինքնարտահայտման ընդգրկումը, ինքնաիրացման ծավալումը կարևորելու), դրանցում առկա ճյուղավորվող և ենթաճյուղավորվող, տեղայնացվող կամ արտատեղայնացվող, շարունակվող կամ ընդհատվող, զուգահեռվող և հակասող ձևային կերպերը, գաղափարակիր տեսությունները, վերարտադրվող օրինաչափությունները դիտարկելու համար երբեմն պետք է այդ նույն գրական երկերը դիտարկել ընդունված տրամաբանությանը հակառակ, այսինքն՝ ոչ ըստ ժամանակային աճման կամ նվազման աստիճանականության, այլ ընթացքի, զարգացման մեջ: Այս տեսանկյունից կարող ենք փաստել՝ Վահագն Գրիգորյանի ուսումնասիրված շրջանի գործերը, անկախ ոչ միանշանակ ընդունելությունից, ժամանակի գրական ուղղությունների թելադրած անհամատեղելի գաղափարների և ձևերի փոխպայմանավորման և փոխշարունակականության ներդաշնակ համադրումն են, որոնց այդօրինակ առկայությունը միանշանակ արդարացնում է ավելի ուշ ստեղծված և նշված սկզբունքների (գաղափար և ձև) համապատասխանության, համատեղելիության դիտանկյունից հստակեցված երկերի գոյությունը՝ միևնույն ժամանակ արդարացվելով վերջիններիս գոյությամբ:
    Համապատասխան աշխատանքի առանցքային նպատակն է 20-րդ դարի 60-70-ական թվականների hամաշխարհային գրականության և նույն ժամանակաշրջանի հայ գրական իրականության զուգահեռում ներկայացնել վերջինիս զարգացման միտումները և առանձնահատկությունները՝ տեղայնացվելով Վահագն Գրիգորյանի 70-ական թվականների մի քանի արձակ գործերի («Տեղատվություն» (1976), «Թագավորի փոքրիկ որդին» (1974), «Կարմիր ձյունը» (1974)) ուսումնասիրության շրջանակներում:
_____________________
[1] Այստեղ և հաջորդիվ՝ նշված հեղինակների երկերի միջև անցկացվող զուգահեռները պայմանավորված են տվյալ երկերի համեմատվող գաղափարների, դիտարկումների ևն նույնականությամբ: 
[2] «Սև կեռնեխին նայելու 13 եղանակ»-ը ամերիկյան գրող Ու. Սթիվենսի հայտնի ստեղծագործությունն է:
  • Created on .
  • Hits: 3628

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: