Sima & Sasha

    Այս տարի երևանյան աշունը պարզապես հեքիաթային է: Ջերմ արևը, ամենուրեք թափված գույնզգույն տերևները, մեղմ քամին կերտում են աշնանային այս գունեղ հրաշքը: Թվում է` բավական է վերցնել ականջակալները և փոքր-ինչ զբոսնել քաղաքի փողոցներում և հնարավոր կլինի դառնալ այդ հեքիաթի մի մասնիկը: Եվ մինչ ականջներում կնհչի երաժշտությունը, Դուք «կսավառնեք» բազմերանգ մայթերով` ճանապարհին հանդիպելով մտերիմ բարեկամների, սիրահար զույգերի և կամ պարզապես փոքրիկ շնիկների հետ ինչ-որ տեղ շտապող անծանոթների…

    Եվ ահա հոկտեմբերի 10-ին` նմանօրինակ հերթական զբոսանքից հետո, ուղևորվեցի դեպի Process փաբ, որտեղ տեղի էր ունենալու երգչուհի և կիթառահարուհի Սիմա Քանինգհեմի (ԱՄՆ) և կիթառահար Ալեքսանդր Հակոբյանի երրորդ և վերջին համերգը:

    Այս անունները հայտնի են հանրության` մասնավորապես երիտասարդության միայն որոշակի զանգվածին, սակայն ովքեր գեթ մեկ անգամ ունկնդրել են երաժիշտներին, կհաստատեն, որ անգամ այդ մեկ անգամն անդառնալիորեն գերում և «դատապարտում է» վերջիններիս ստեղծագործական միավորման սիրահար դառնալուն: Այս համերգն այն եզակի դեպքերից էր, երբ ունկնդիրն արբում էր ոչ այնքան ձեռքի մեկ գավաթ գինուց կամ գարեջրից, որքան երաժշտությունից: Յուրաքանչյուր հնչյուն, բառ, շարժում, կարծես ժայթքելով երաժիշտների ներաշխարհից, տարալուծվում էր օդում` ձուլվելով ներկաների էությանը:

    Սակայն ինչպես ամեն մի հեքիաթ, այս համերգները ևս ավարտվեցին` թողնելով միայն հուսալ, որ ապագայում ևս հնարավորություն կունենանք ունկնդրելու նման տաղանդավոր երաժիշտների ելույթները:

    Իսկ մինչ այդ, ծանոթանանք նրանց ստորև ներկայացվող փոքրիկ հարցա-զրույցի միջոցով:  

 - Գիտեմ, որ երկուսդ էլ ունեք ձեր առանձին ստեղծագործական կյանքը և ավելին, ստեղծագործում եք տարբեր երկրներում: Ինչպե՞ս հանդիպեցիք և ինչպե՞ս որոշեցիք միասին ելույթ ունենալ: 

IMG 2816   Ալեքսանդր. - Ստեղծագործական կյանքս կամ այլ կերպ` երաժշտական կյանքս սկսվեց 14 տարեկանում, երբ առաջին անգամ կիթառը ձեռքս վերցրի: Դա ինձ դրդեց լրջորեն զբաղվել երաժշտությամբ և այն խորությամբ ուսումնասիրել: Այնուհետև ուսանողական տարիներին սկսեցի նվագել տարբեր երաժշտական խմբերում, ինչը և անում եմ մինչ օրս: Եվ այդպես, համերգներից մեկի ընթացքում ծանոթացանք Սիմայի հետ, որի ավարտին նա մոտեցավ ինձ և ասաց, որ իր հետ կիթառ ունի և կցանկանա ինձ հետ jam session անցկացնել: Սիրով համաձայնվեցի: Դա եղավ մեր առաջին ելույթը: Այդպես սկսեցինք հանդիպել, փորձել և հասկացանք, որ մեզ շատ հեշտ և հաճելի է իրար հետ աշխատել և անգամ ստեղծագործել: 

 

    Սիմա.- Ավագ դպրոցում սովորելու տարիներին նվագում էի Չիկագոյի տարբեր խմբերում, այնուհետև Նյու Յորքում մենահամերգներով էի հանդես գալիս: Եվ երբ Սաշայի համերգից հետո սկսեցինք նվագել, մեր միջև միանգամից երաժշտական կապ ստեղծվեց: Երբ ես երգում էի, նա այնքան հմտորեն և էր իմպրովիզ անում, կարծես վաղուց գիտեր իմ երգերը: Շատ կարևոր է, երբ երաժիշտներն առանց խոսքերի զգում են միմյանց:

IMG 2638   - Սիմա, դու հիմնականում ելույթ ես ունենում արևմտյան ունկնդրի առջև: Արդյո՞ք կա տարբերություն հայ և արտասահմանյան լսարանի միջև:

    Սիմա.- Բարդ հարց է: Ես սիրում եմ ելույթ ունենալ Երևանում, այստեղ մարդիկ իրոք ուշադիր են այն ամենին, ինչ ներկայացվում է: Ես բեմից կարողանում եմ շփվել նրանց հետ, կարելի է ասել նրանք դառնում են համերգի մասնակից: Ինձ համար շատ գնահատելի են նման բաց հարաբերությունները կատարողի և ունկնդրի միջև: Եվ ես շատ ուրախ եմ, որ գտել եմ լսարան, որն անտարբեր չէ իմ երաժշտության հանդեպ և որի հետ կարողանում եմ կիսել իմ երաժշտական փորձը:

   Ինչ վերաբերում է արևմտյան լսարանին, կարծում եմ, որ երբեմն այն փոքր-ինչ «տանջված և հոգնած է», քանի որ «indie» երաժշտությունն այնտեղ շատ տարածված է և հասանելի է բոլորին:

    - Ձեր հիմնական երկացանկը կազմված է Սիմայի երգերից: Հետաքրքիր է, Ալեքսանդր, արդյո՞ք չեք ստեղծագործում:

    Ալեքսանդր.- Իհարկե, երգերի մեծ մասի հեղինակը Սիման է, բայց քիչ չեն նաև այն երգերը, որոնք միասին ենք գրել: Ես գրում եմ երաժշտությունը, իսկ Սիման` խոսքերը: Ստեղծագործելու ընթացքում մենք այնքան լավ ենք զգում միմյանց, որ զարմանալիորեն ամեն ինչ ստեղծվում է շատ արագ: Եղել է դեպք, երբ երգ ենք գրել ընդհամենը 7 րոպեի ընթացքում:

    - Այսօր աշխարհում կան բազմաթիվ խմբեր և կատարողներ, որոնք հանդես են գալիս տարբեր երաժշտական ժանրերում և ոճերում: Որն է Ձե՞ր ոճը:

Սիմա.- Իմ ոճը ես բնորոշում եմ որպես ինդի-բլյուզ-ֆոլկ-ջազ ռոք: Ես մեծացել եմ` լսելով տարբեր ոճերի երաժշտություն` սոուլ, ջազ, բլյուզ, ռոք, փոփ: Վեց տարեկանից երգում էի մի երգչախմբում, որը ներկայացնում էր աշխարհի տարբեր երկրների, ոճերի և ժանրերի երաժշտություն: Եվ երբ ընդունվեցի քոլեջ, տարվեցի Հյուսիսայի Աֆրիկայի բլյուզի և հիփ-հոփի ժանրերով: Փոքր հասակից լսել եմ նաև դասական երաժշտություն և շատ եմ սիրում այն, այդ իսկ պատճառով հիմա դժվարանում եմ ասել, թե որ ոճն է իմը: Ես պարզապես աշխատում եմ որքան հնարավոր է շատ լսել լավ երաժշտություն, այնպիսի երաժշտություն, որը խոսում է մարդկային հոգու հետ, և ինքս էլ փորձում եմ այդպիսի երաժշտություն ստեղծել: Իմ երաժշտությանը խորթ են ամեն տեսակ հնարովի էֆեկտները: Ես ձգտում եմ այնպես անել, որ հենց երաժշտությունն առաջին իսկ հնչյուններից գերի մարդկանց և ստիպի լսել:

   - Ալեքսանդր, հիմնկանում հանդես եք գալիս որպես ջազ երաժիշտ: Կա՞ն այլ երաժշտական ոճեր, որոնք կցանկանայիք ներկայացնել:

    Ալեքսանդր.- Այո´, հիմնականում ջազ եմ նվագում: Առհասարակ, այնքան շատ են իմ նախընտրած երաժշտական ոճերը, որ եթե սկսեմ թվարկել, կանգ չեմ առնի: Կնշեմ միայն մի քանիսը` դասական երաժշտություն, ջազ, ռոք, քանթրի, էթնիկ: Պատահական չէ, որ առաջինը դասական երաժշտությունը նշեցի, քանի որ այն առանձնահատուկ նշանակություն ունի ինձ համար: Ծնվելով երաժիշտների ընտանիքում` ինձ բախտ է վիճակվել դեռ վաղ տարիքում ծանոթանալ դասական երաժշտությանը: Եվ երբ դարձա պատանի ու սկսեցի արդեն ինքս զբաղվել երաժշտությամբ, հասկացա, թե այն ինչ կարևոր նշանակություն ունի երաժշտության պատմության մեջ: Անգամ այսօր` աշխարհում հայտնի երաժշտական բոլոր ժանրերի և ոճերի կողքին այն, միևնույն է, շարունակում է բացառիկ նշանակություն ունենալ: Առհասարակ երաժշտությունն ինձ համար այնքան զորեղ երևույթ է, որ հնարավոր չէ խոսքերով նկարագրել: Ավելին, երաժշտությունն ինձ «ստիպեց» թողնել ծրագրավորողի մասնագիտությունը և ամբողջովին տրվել իրեն:

    Ինչպես նշեցի, ներկայումս հիմնականում ջազ եմ նվագում, սակայն The Blackbird Project խմբի և Guitar Trio-յի կազմի` կիթառահարներ Վարդան Գասպարյանի և Սերգեյ Միսակյանի հետ հաճախ նվագում ենք նաև բլյուզ և այլ ոճերի երաժշտություն:

    - Սիմա, գիտեմ, որ Ձեր մեջ կա հայկական արյուն: Երբևէ ստեղծագործե՞լ եք հայերեն կամ կա՞ նման ցանկություն:

    IMG 2984Սիմա.- Իրավացի եք, մայրս հայ է, իսկ հայրս` իռլանդացի: Եվ, իհարկե, ցանկություն ունեմ ու ստեղծագործում եմ հայերեն, սակայն ոչ հաճախ, քանի որ հայերենին լավ չեմ տիրապետում: Երբեմն Սաշայի հետ փորձում ենք հայկական մոտիվներ օգտագործել երգերում, և, կարծես թե, նման փորձերից մեկը` «Gone to long» երգը, ստացվել է:

    - Ինչպիսի՞ն են առաջիկա ծրագրերը: Ե՞րբ կկարողանանք կրկին ունկնդրել Ձեզ:

   Ալեքսանդր. - Դժվար է խոսել ծրագրերից, երբ հնարավորություններն ավելին քան սահմանափակ են: Սովորաբար մենք ելույթ ենք ունենում, երբ Սիման ժամանում է Հայաստան: Շատ կցանկանայի ինքս մեկնել նրա մոտ և ելույթ ունենալ արևմտյան ունկնդրի համար, սակայն դա դեռևս քիչ հավանական է:

   Սիմա.- Ծրագրերը շատ են: Այժմ պատրաստվում եմ վերադառնալ Ամերիկայի Միացյալ նահանգներ և ձայնագրել նոր ձայնասկավառակ: Բացի այդ պետք է զբաղվեմ մի քանի երաժշտական փառատոնների կազմակերպչական հարցերով: Հենց այս շրջանում իմ ամենամեծ ծրագրերից է Հայաստանում և Վրաստանում ժամանակակից երաժշտության և արվեստի փառատոնի կազմա-կերպումը: Այնպես որ բավականին ծանր աշխատանք է սպասվում, և հուսով եմ, որ այստեղի ընկերներիս հետ միասին կկարողանանք կազմակերպել այս փառատոնը: Նաև հույս ունեմ եմ, որ ապագայում հնարավորություն կունենամ ավելի հաճախ ելույթ ունենալ այս տարածաշրջանում: Իսկ Հայաստան կվերադառնամ գարնանը, այնպես որ հաջորդ անգամ ձեզ համար ելույթ կունենանք այդ ժամանակ:

    Հարցազրույցից հետո դուրս եկա փողոց ու շարունակեցի քայլել: Քայլում էի ու մտածում, որ երբ վերջին տերևը պտույտ գործելով ընկնի գետնին, աշունը կավարտվի: Կգա ձմեռը` լի սառնությամբ և միապաղաղությամբ: 90 օր շարունակ երևանյան փողոցները պատված կլինեն ճերմակ գույնով և 90 օր հնարավոր չի լինի դուրս գալ երկարատև զբոսանքի: Այդժամ մեզ կրկին օգնության կհասնեն ականջակալները կամ պարզապես երաժշտությունը, որի ներքո, ըմպելով տաք թեյ և վայելելով ընկերների ջերմությունը, կսպասենք վառ գույներով և տարաբնույթ համերգներով լի գարնանը…

                                                                                                                             Սոնա Անդրեասյան

 
  • Created on .
  • Hits: 3917

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: