Ալեն Բադիու․ Էթիկա. էսսե Չարը հասկանալու մասին, Լոնդոն, 2001 (1993)

Ալեն Բադիուն (ծնվ․ 1937) ֆրանսիացի փիլիսոփա է, The European Graduate School-ի փիլսոփայության պրոֆեսոր։ Նա տասնյակ գրքերի հեղինակ է։ Բադիուի փիլիսոփայական «սիստեմը» կառուցված է մաթեմատիկայի վրա։ Նրա փիլիսոփայությունը կապվում է ֆրանսիական ժամանակակից փիլիսոփայության, գերմանական իդեալիզմի և անտիկ շրջանի առաջնային երկերի հետ։ Բադիուն իր «Լինելություն և իրադարձություն» (Being and Event, 2005) գրքում գրում է, որ փիլիսոփայությունն այն է, «ինչ պտտվում է ․․․ գոյաբանության (օնթոլոգիայի) (այն է՝ մաթեմաթիկայի), սուբյեկտի ժամանակակից տեսությունների և սեփական պատմության միջև»։ Նա մտքի վերլուծական և պոստմոդեռն դպրոցների բացահայտ քննադատ է, նրա փիլիսոփայությունը փորձում է բացահայտել և իմաստավորել արմատական նորարարության (հեղափոխություն, գյուտ, կերպարանափոխություն) ներուժը յուրաքանչյուր իրավիճակում:

Բադիուն մեր ժամանակի ամենախոշոր փիլիսոփաներից է, Դերիդայի գլխավոր «հակառակորդը»։ Նա դեմ է դուրս գալիս պոստմոդեռնի փիլիսոփայությանը՝ քննադատելով պոստմոդեռնի՝ մարդու հանդեպ վերաբերմունքը և պահանջում վերականգնել մարդուն որպես ամբողջություն։ Անդրադառնում է Չարի դեմ պայքարելու պոստմոդեռն մեխանիզմներին՝ մարդու իրավունքներ և այլ համակարգեր, և մատնանշում դրանց թերացումները, ցույց տալիս, որ Չարի դեմ պայքարելով՝ պոստմոդեռնը ստեղծել է Չարը։ Նա առաջարկում է Չարի դեմ պայքարելու փոխարեն կենտրոնանալ Բարին ստեղծելու վրա։  Նա առաջ է քաշում մարդու եզակիության և եզակի ճշմարտությունների գաղափարները։ Մարդը բիոլոգիական կենդանուց Սուբյեկտ դառնալու ճանապարհին պիտի ճանաչի իր անմահ մասը։ Իսկ դրան հասնելու ճանապարհ է ճշմարտության բացահայտումը, այդ ճշմարտության ճշմարտացիությունը ստուգելը և դրան երկարաժամկետ հավատարիմ մնալը կհանգեցնի որակական փոփոխությունների՝ նրան դարձնելով Մարդ, Սուբյեկտ։

 

 Գոյություն ունի՞ մարդը 

Եթե հետևենք՝ ինչպես է «էթիկա» տերմինն օգտագործվում այսօր, կտեսնենք, որ այն վերաբերում է առաջին հերթին մարդու իրավունքների ոլորտին, «մարդու իրավունքներին» կամ, արդյունքում, կենդանի էակի իրավունքներին։

Մենք ենթադրում ենք, որ համընդհանրորեն ճանաչված մարդկային սուբյեկտը տիրապետում է «իրավունքներին», ինչը ինչ-որ տեղ բնական է․ իրավունք ապրելու, խուսափելու վիրավորական վերաբերմունքից, վայելելու «հիմնական» ազատությունները (կարծիքի, արտահայտվելու, դեմոկրատական ընտրության և այլն)։ Այս իրավունքները համարվում են ինքնին հասկանալի և արդյունք լայն կոնսենսուսի։ «Էթիկայի» խնդիրն է մեզ զբաղեցնել այս իրավունքներով և համոզված լինել, որ նրանք հարգված են։

Այս վերադարձը մարդու բնական իրավունքների հին դոկտրինին ակնհայտորեն կապված է հեղափոխական մարքսիզմի և նրա ոգեշնչած պրոգրեսիվ մասնակցության (progessive engagement1) բոլոր ձևերի փլուզման հետ։ Քաղաքական ասպարեզում, զրկված կոլեկտիվ քաղաքական ուղենիշից, մերկացված «Պատմության իմաստի» ցանկացած հասկացությունից և այլևս ունակ չլինելով հուսալու կամ ակնկալելու սոցիալական հեղափոխություն, շատ ինտելեկտուալներ հասարակական կարծիքի մեծամասնության հետ ենթարկվել են կապիտալիստական տնտեսության և պառլամենտական դեմոկրատիայի տրամաբանությանը։ «Փիլիսոփայության» ասպարեզում նրանք վերաբացահայտել են իրենց նախկին ընդդիմախոսների պաշտպանած գաղափարախոսության արժանիքը՝ հումանիտար անհատականություն և իրավունքների լիբերալ պաշտպանություն ընդդեմ կազմակերպված քաղաքական մասնակցության պարտադրած սահմանափակումների։ Փոխանակ փնտրելու կոլեկտիվ ազատագրման նոր քաղաքականության պայմաններ՝ նրանք, ըստ էության, որդեգրել են հաստատված «արևմտյան» կարգի (order) սկզբունքները` որպես իրենց սեփականը։

Այդպես վարվելով՝ նրանք ոգեշնչել են վայրագ ռեակցիոն շարժում ընդդեմ այն ամենի, ինչը մտածվում կամ առաջարկվում էր 1960-ականներին։

 

I. Մարդու մա՞հ  

Այդ տարիներին Միշել Ֆուկոն վիրավորեց իր ընթերցողներին՝ հայտարարելով, որ Մարդը, բաղադրիչ սուբյեկտի իմաստով, կառուցված պատմական կոնցեպտ է՝ հատուկ դիսկուրսի որոշակի կարգին (order), և ոչ թե ինքնին ակնհայտ արտաժամանակային սկզբունք՝ ունակ հիմնելու մարդու իրավունքներ կամ համընդհանուր էթիկա։ Նա հայտարարեց այդ կոնցեպտի անհնարինությունը, հենց որ դա իմաստավորող միակ դիսկուրսը դարձավ պատմականորեն հնացած։

Նույն կերպ Լուիս Ալթուզերը հայտարարեց, որ պատմությունը այնպիսին չէ, ինչպես Հեգելն է մտածել՝ Ոգու բացարձակ զարգացում [devenir], և ոչ էլ սուբյեկտ-սուբստանցի հայտնություն, այլ ռացիոնալ, կարգավորվող պրոցես, որը նա անվանեց «պրոցես առանց սուբյեկտի», և որը կարող է ընկալվել միայն կոնկրետ գիտության՝ պատմական մատերիալիզմի միջոցով։ Այդտեղից հետևում էր, որ մարդու իրավունքների հումանիզմը և էթիկան վերացական իմաստով սոսկ երևակայական կոնստրուկտներ են եղել՝ գաղափարախոսություններ, և որ մենք պիտի զարգացնենք ավելի շուտ այն, ինչը նա անվանում է «տեսական անտիհումանիզմ»։

Միևնույն ժամանակ Ժակ Լականը ձգտում էր ազատել հոգեվերլուծությունը բոլոր հոգեբանական և նորմատիվային միտումներից։ Նա ի ցույց է դնում, թե որքան էական է տարբերակել Էգոն՝ զուտ երևակայական միացության կերպարը, Սուբյեկտից։ Նա ցույց է տալիս, որ սուբյեկտը, լինելով լեզվի դիպվածական օրենքների գործառույթ և ցանկության օբյեկտի միշտ եզակի պատմություն, ո՛չ սուբստանց ունի, ո՛չ «բնություն»։ Այստեղից հետևում է, որ վերլուծական վերաբերմունքի ցանկացած հասկացություն որպես «նորմալ» ցանկության վերականգնման միջոց խաբեություն է և որ, ավելի ընդհանուր ասած, գոյություն չունի որևէ նորմ, որը կարող է հիմնավորել «մարդկային սուբյեկտի» գաղափարը, նորմ, որի իրավունքները և պարտականությունները ձևակերպելը կլիներ փիլիսոփայության խնդիրը։

Ինչը վիճարկվում է այսկերպ, դա Մարդու բնական կամ հոգևոր ինքնությունն է և դրանով, որպես հետևանք, հենց «էթիկական» դոկտրինայի հիմնադրումը բառի այսօվա իմաստով․ համաձայնեցված օրենսդրություն, որ վերաբերում է առհասարակ մարդկային էակներին, նրանց կարիքներին, նրանց կյանքերին և նրանց մահերին և ընդլայնված՝ Չարի, որը մարդկային էության համար անհամատեղելի մի բան է, ինքնին ակնհայտ, համընդհանուր սահմանազատմանը։

Կարո՞ղ ենք ուրեմն ասել, որ Ֆուկոն, Ալթուզերը և Լականը փառաբանում են ստատուս քվոյի ընդունումը, ընդունումը ցինիզմի, անտարբերության՝ այն բանի հանդեպ, ինչից մարդիկ տառապում են։ Շնորհիվ պարադոքսի, որը մենք կբացատրենք հաջորդիվ՝ ճշմարտությունը ճիշտ հակառակն է․  բոլոր երեքն էլ, ամեն մեկն իր ձևով և շատ ավելի, քան նրանք, որ այսօր պաշտպանում են «էթիկայի» և «մարդու իրավունքների» սկզբունքը, նվիրական նպատակի ուշադիր և համարձակ մարտնչողներ (militants) են։ Միշել Ֆուկոն, oրինակ, հատուկ խստություն էր դրսևորում բանտարկյալների կարգավիճակի վերաքննման հարցում և այս հարցին նվիրեց իր ժամանակի մեծ մասը և, որպես կազմակերպիչ և քարոզիչ, իր ամբողջ հսկայական տաղանդը։ Ալթրուզերի միակ նպատակը ճշմարիտ էմանսիպացիայի քաղաքականության վերասահմանումն էր։ Լականը, չհաշված այն փաստը, որ նա «ընդհանուր» կլինիկական վերլուծաբան էր, որն իր կյանքի լավագույն մասն անցկացրեց մարդկանց լսելով, իր պայքարը ամերիկյան հոգեվերլուծության նորմատիվ կողմնորոշման, «ամերիկյան կենսակերպին» մտքի նվստացուցիչ ենթակայության (subordination) դեմ պատկերացնում էր որպես վճռական պարտավորություն [engagement]: Լականի համար կազմակերպման և բանավեճի hարցերը միշտ կապված էին տեսության հարցերի հետ։

Երբ նրանք, որ սատարում են «էթիկայի» ժամանակակից գաղափարախոսությունը, մեզ ասում են, թե վերադարձը Մարդուն և նրա իրավունքներին մեզ ազատել է անցյալի «գաղափարախոսություններից» ոգեշնչված «ճակատագրական աբստրահումներից», ինչ-որ տեղ համարձակ են։ Ես ուրախ կլինեի տեսնել այսօր այնքան հաստատուն ուշադրություն՝ հատկացված կոնկրետ իրավիճակներին, այնքան տևական և այնքան համբերատար մտահոգություն ռեալի [le réel] համար, այնքան շատ ժամանակ՝ նվիրված ամենատաբեր տեսակի մարդկանց իրավիճակի ակտիվիստական ուսումնասիրությանը – հաճախ, ինչպես կարող է թվալ, ինտելեկտուալների բնականոն միջավայրից ամենահեռավորը - ինչպես ականատես եղանք 1965 և 1980 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։

Իրականում ապացույցի ոչ մի պակաս չկա այն փաստի համար, որ «մարդու մահվան» թեմատիկան համատեղելի է ընդվզման, հաստատված կարգից արմատական անբավարարվածության և իրավիճակների ռեալում [dans le réel des situations] ամբողջությամբ նվիրված մասնակցության հետ, մինչ հակառակը, էթիկայի և մարդու իրավունքների թեման համատեղելի է հարուստ Արևմուտքի ինքնաբավարարված էգոիզմի, գովազդի և իշխանություններին ցուցաբերված ծառայության հետ։ Այսպիսին են փաստերը։

Այս փաստերը պարզաբանելու համար մենք պիտի քննենք այսօրվա «էթիկական» կողմնորոշման հիմքերը։

 

շարունակելի

 

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Խեչիկյանը

 

1. progessive engagement-ը մարքսիստական հասկացություն է։ Այն մոտեցում է, որն առաջարկում է օգնել տնային տնտեսություններին, մասնավորապես նրանց, որոնք չեն կարողանում ինքնուրույն կայանալ՝ ոտքի կանգնելու և ստաբիլություն ձեռք բերելու նպատակով։ 

  • Created on .
  • Hits: 566

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: