Պատերազմի և խաղաղության սահմանագիծը Լ. Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպում

 

 

1999 թվականին լույս ընծայվեց Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը: «Սև գիրք, ծանր բզե» վեպի համար Խեչոյանը որպես բնաբան ընտրել է Բասիոյի «Մահամերձի երգը»՝ «Իմ ճանապարհին ես հիվանդացա, և երազի մեջ ես թափառում եմ արևից այրված սրտերի վրա»: Բնաբան, որը վերցված է ճապոնական պոեզիայից և գիրք, որը ամփոփում է պատերազմի և կյանքի մասին հեղինակի մտորումները, փիլիսոփայության սեփական կենսատարածքը: Այս ստեղծագործությունը ըստ Ժենյա Քալանթարյանի՝ «առաջադրում է գեղարվեստական մի ծրագիր, որը շատ կողմերով կարող է ընդհանրական լինել ժամանակակից արձակի համար: Հեղինակային ուղղակի խոստովանություններն ու անուղղակի բնութագրումները, վեպի ինքնատիպ պոետիկան և այլ հնարանքներն պատակուն են հաստատելու գրականության տվյալ տեսակի իրավունքը, գրողի դավանանքը»[1]: Իսկ գրողի դավանանքը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է վեր հանել որոշակի էական հանգամանքներ, որոնցից, թերևս, ամենաէականը պատերազմին կամավոր ձևով մասնակցելու փաստն է ՝որպես զինվոր և լրագրող:

Խեչոյանի ստեղծագործությունները բազմաշերտ են և կառուցված են միմյանց ներհյուսված բնագրերով: Գրքում պատկերված իրականությունը օտար չէ ընթերցողին՝ Ջավախքի հայեր, Արցախյան պատերազմ, իշխանափոխությունից հետո Հայաստանում կատարվող իրադարձություններ: «Սև գիրք, ծանր բզեզը» ներառում է այնպիսի կենսահարցեր, ինչպիսիք են սեփական ազգի ճակատագրի խորաթափանց ըմբռնումը, ինչպես նաև էթնիկական և պատմաքաղաքական խնդիրների լուրջ խորհրդածություններ: Վեպի, կամ որ նույնն է՝ հեղինակի ասելիքը և ընդհանրացումները չափազանց տարողունակ են՝ մարդ, ազգ, պատերազմի մեջ ներքաշված ժողովուրդ, ցավին անտեղյակ մեծ աշխարհի տերեր: Որտե՞ղ են սկսվում և վերջանում պատերազմի մեջ ներքաշված ժողովուրդների հաղթանակի և պարտության սահմանները: Իր խոհերը հեղինակը չի արտահայտել դասական վեպին բնորոշ համակարգի մեջ այլ «նյութը պատմող հեղինակի ժամանակը գումարվել է գործող հերոսի ժամանակին, հաջողել փոքր ծավալի մեջ շատ բան ասելու պոեմային սկիզբը»[2]: Լինելով պատերազմի ներսում, դառնալով նրա մի մասնիկը՝ Խեչոյանը հնարավորություն է ունեցել գրելու այն, ինչ ընկալել է: «Սև գիրքը» բոլոր ժամանակների պատերազմների և բոլոր ժամանակների մարդու մասին է։ Խեչոյանը շեշտադրում է մի անհերքելի ճշմարտություն. չկան փոքր մեծ պատերազմներ: Ըստ գրականագետ Գուրգեն Գասպարյանի՝ վեպն իմաստաբանական-գաղափարական տեսակետից պատերազմի մասին չէ և հակառակորդին ոչնչացնելու քարոզ չէ, «այլ իր ենթատեքստով դեմ է հողագունդն արյունով և ծխով պատած պատերազմներին»[3]: Խեչոյանը բազմիցս անդրադարձել է պատերազմ հասկացողությանը՝ արդեն դրա մասնակիցը դառնալուց հետո: «Զանգուլակներով կույր անցորդը» հարցազրույցի ժամանակ նա ներկայացրել է իր մտորումները և վերջնանպատակը «Սև գրքի» վերաբերյալ՝ մեր սեփական պատերազմի օրինակով գրել է երկրագնդի վրա կատարվող բոլոր պատերազմների դեմ, և ամենակարևոր պատերազմի, որը բռնկվում է մարդու փոքրիկ ուղեղում: «Սև գիրք, ծանր բզեզի» ամբողջ գաղափարական ընդգրկողականությունը կարծես թե խտացված է հետևյալ ձևակերպման մեջ. «Գրականությունը կարողանալու հնարավորություն է՝պատերազմը ատել տալու»[4]: Իր «Պատերազմը և գրականությունը» թեմայով ելույթը «Գրական ճեպընթաց-2000» ծրագրի շրջանակներում գաղափարաբանորեն խտացնում է «Սև գրքի» փիլիսոփայությունը:

Գրողը բարձրաձայնում է կյանքի ճշմարտությունը՝ չվախենալով տարբեր արձագանքներից: «Գիրքը պատերազմի ու արվեստագետի մասին է: Արվեստագետի, որ տեսնում է մահվան խավարը ու աստղերի լույսը, որ իր կյանքի լավագույն տարիներին թափառում է մահվան ու երջանկության եզրին՝ հավատալով մարդուն, որ մարդը կհաղթի»[5]: Կրկնաշապիկի վրա գրված այս տողերն ուղղորդում են ընթերցողին՝ ըմբռնելու վեպն ամբողջ խորությամբ: Ժանրային բնույթով «Սև գիրք, ծանր բզեզը» ասք-օրագրություն է: Վեպի առանցքն են կազմում՝ օրագրությունը, տոհմի պատմությունը, Օնանի ճանապարհը մինչև պատերազմը և դրանից հետո: Բնագրի այս եռաշերտ համակարգի համադրությունները, դրանցից յուրաքանչյուրի փիլիսոփայական ու գաղափարական ենթատեքստը և դրանցից բխող գեղարվեստական արտահայտչամիջոցների միաձուլումը վեպը մղում են փիլիսոփայական խոր ընդգրկումների ոլորտ: Վեպի հերոսը հանդես է գալիս որպես ցեղի ժառանգականությունը կրող և տոհմի կենսապատումի ու լինելիության գոյաբանական առեղծվածի մեկնաբան: Խեչոյանը ցեղի և հոգու առեղծվածը քննում է ոչ միայն մարդկային փոփոխումի, քայքայումի մեջ, այլև անվերջ վերադարձի ու հավիտենականության շրջապտույտի ոլորտում «Իսկապես, պատումը ներփակ, որևէ տեղից օգնություն չստացող համակարգի մեջ ապրող մարդու՝ թվացյալ ամբողջական ժամանակի մասին է, որ նա կարծում է, թե իբրև մեր բանականությանը տրվում է այն ժամանակը, որով հաշվարկում ենք պատմության ընթացքը….. իրականում կա տիեզերական ժամանակ, որով Աստված սպանում է մարդկանց»[6] :

Ընթերցողն առաջին հայացքից կարող է կարծել, որ ստեղծագործության սյուժեն խճճված է. մի դեպքում գործողությունների որոշակի մասը կատարվել-վերջացել է (հայրենակիցների վերաբերմունքը վիպակի նկատմամբ և հայրենի գյուղի պատմությունը), մյուս մասն ընթերցողին մատուցվում է օրագրային գրառումների և նամակի ձևով, երրորդ մասը, որ հատվածաբար ներկայացվում է օրագրային գրառումների արանքում, պատմություն է աստիճանաբար կատարված դեպքերի մասին: Այս տարբեր ոլորտներն ու ժամանակներն իրար միացնում է գլխավոր հերոսը՝ գրող Օնանը, որը գործում է վեպի իրարից անկախ հատվածներում: Հեղինակն այս ձևով ցույց է տալիս, որ կյանքն իրականում այնքան էլ կանոնավոր ու համակարգված չէ, ինչպես հաճախ պատկերվում է վեպերում: Կանոնավոր է միայն իր խոսքերով՝ գերազանցիկների կամ նրանց պատկերացրած կյանքը. «Կյանքը ռիթմիկ, հավասարաչափ կառուցվածք ունի միայն նրանց համար, ովքեր մեռած են…. Ինձ ծանոթ է հոգու խուճապի վայրկյանը, ծանոթ է ակնթարթի բերած հայտնությունը, լսելի է փակից դուրս հնչող ձայնը...»[7]:

 Արձակագիր Օնան Կարայանը ստեղծողի, արարողի կերպարն է, որը նաև առնչվում է անդրկեցության, տիեզերական անիմանալի և անքննելի ոլորտներին, «անտեսանելիի ներկայության» առեղծվածին. «Ինձնից դուրս էր դեպքերի այդ ուղղությամբ ընթանալու պատճառը: Ստեղծողի մոլագար դողն էր բռնել ինձ՝ կյանքի մանրամասներից դուրս քաշել մարդու ճակատագիրը, դնել գեղարվեստական հոսքի մեջ»[8]

Որպես գեղարվեստական երևակայության մի հետաքրքիր դրվագ, ներկայանում է Օնանի հոր կերպարը՝ իբրև այլաբանություն ու վերացարկված խորհրդանիշ: Օնանի հոր խորհրդածությունների ենթաշերտերում կուտակվում են պատմական հիշողության նստվածքները՝ արձագանքելով կորուսյալ արժեքների ողբերգական տագնապին. ինքը «հանդապահությունից ավելի շատ հարստություն տուն բերեց, քան իր ամբողջ կյանքում աշխատած մնացած տեղերից միասին վերցրած»[9]: Խճճված իրականության ճշմարիտ արձագանքը Խեչոյանը որոնում է իր հերոսի ներաշխարհում, այս առումով հոր սյուժեն թերևս տոհմի կենսապատումն է: Այս տարօրինակ, միայնակ, իմաստուն ու երազկոտ մարդը, չնայած այնկողմնայինի մասին իր երազներին, միստիկական հայտնություններին ու ըմբոստ տեսիլքներին, հոգու խորքում համոզված էր, որ կյանքում ու աշխարհում ահավոր անարդարություններ կան: Հենց այդ գիտակցությունից ու սեփական անզորության զգացողությունից էլ նրա հոգում ծնունդ էին առնում խորթության, օտարացման, չհասկացվածության ցավերը: Նա փորձում է հավատացնել, թե «ինքն իրենից կրակով հափշտակված մասրենու» ճյուղերի հետ այրվել են նաև հարազատ գյուղի երազները, հազարամյա առասպելներն ու ավանդույթները: Նա մասրենու հրդեհվելու հանգամանքով է բացատրում գյուղի խորթացումը մարդկանցից և սեփական ինքնությունից: Այս հանգամանքն է ստիպում նրան տրվել հարբեցողության և աղբյուրների մոտ այնպիսի առասպելներ ու ավանդապատումներ մեկնել, որոնք ժողովրդին խռովահույզ էին դարձնում: Այս հերոսի մտացածին պատմությունները, հաճախ մարգարեության հասնող տեսիլքներն ու գուշակությունները ոչ բոլորն էին հասկանում, բայց այս ամենի հետ միևնույն ժամանակ շատերի մեջ այն տպավորությունն էր, որ նրա ցնորքների խորքում առեղծվածային ինչ-որ բան կա, անմեկնելի ինչ-որ մարգարեություն իրենց արմատի, անցյալի ու գալիքի կապը պահող մի աստվածություն: Այս ամենի եզրագծում է, որ ամեն անգամ հայտնվում է ակունքի, նախասկզբի տեսիլքը իրական ու երևակայական պատկերների խտացումներում վեր է հառնում կործանվող աստվածների եղերերգի հուշը:

Պատերազմի մասին Խեչոյանը միանգամից չի գրում. ներկայացված մեկընդմեջ իրար զուգահեռվող երկու տեսադաշտերը՝ ռազմաճակատը և թիկունքն իրար աղերսող օղակն Օնանն է: Նա հայտնվում է մեկ պատերազմի դաշտում՝ իբրև կռվող, մեկ թիկունքում՝ իբրև գրող-լրագրող: Նշված երկու հարթություններն էլ սուր պայքարի դաշտեր են և կապ չունի, թե դրանցից որին է մոտենում հեղինակը. ճակատը և թիկունքը կապված են միմյանց յուրահատուկ ենթատեքստային փիլիսոփայությամբ: Վեպում ընդգծվում է այն հանգամանքը, որ պատերազմական մղձավանջը ոչ բոլոր հոգիներում է բնավորված: Ստեղծագործության այն հատվածները, որոնք հիշատակում են նախարարների խրախճանքները, վկայում են, որ վերջիններս պատերազմական իրականությունից դուրս են գտնվում: Երկու դաշտերի հակընդդիմության այսպիսի հիշատակումը ստեղծում է պատերազմի շնագայլային դիմագիծ: Կիմ Գաբրիելյանը գրում է, որ «հենց պատերազմի իրականության և քաղաքացիական կյանքի փոխմերժման իմաստագրումն է կազմում «Սև գրքի» ատաղձը: Այս երկու իրականությունների միջև նույնպես կա պատերազմ, որը տեղի է ունենում մարդկային «ես»-ի ներսում: Պատերազմն անձի մեջ ձևավորում է ներքին մասնատվածության սանդղակներ, իսկ գրականությունը աստիճանավորում է մարդու գոյության փուլերը՝ ավերումից մինչև վերհառնում: Այսինքն, գրողը խնդիր է դնում պարզելու, թե որտեղ են ավերումներն ավելի շատ՝ հոգու՞ մեջ, թե՞ ռազմի դաշտում: Վերհառնումի կարողությունը ըստ նրա՝ ինքնահաղթահարման ուժի առկայությունն է»[10]:

Հատկանշական հատված է սեփական ժողովրդի պատմության բնազդով սնված հայ ազատամարտիկի օտարերկրացի զինվորականի հետևից հեգնանքով ասված խոսքը. «…թող զենքը ցած գցեն, գնան տուն… մեկը Կալիֆոռնիան կորցնի, էն մեկը՝ Իռլանդիան, էս մեկը ամբողջ Սիբիրն էլ մսխի, կենտրոնում Վաշինգտոնը, Լոնդոնը անգամ գլուխները չեն բարձրացնի աղոթելու համար: Մոսկվայում նույնիսկ սահմանադրության ամենահավատարիմ մարդը չի էլ նկատի Սիբիրի անհետանալը, իսկ եթե Թալինում ցորենի դաշտով կովերի նախիրն անցնի, Երևանը հոգեվարքի մեջ կընկնի, երկրում սով կլին …»[11] :

Պատերազմող զինվորն անցնում է հիասթափությունների, ինքնահաստատման ու ինքնաժխտումի, սեփական ես-ի ներքին անհաշտության ու հավատի կործանման դժվարին ճանապարհով. «նրա ընկալումները չեն վերլուծվում, դեպքերը հերթականություն չունեն, ինչ տեսնում է, այդքանն է: Նրա համար անգամ անըմբռնելի է ճշմարիտ զարմանքը, …դրա համար էլ չունի ներքին հաղթանակներ: Իսկ հայրենիքը մշտական հողն է, որ սերունդների քարոզչությամբ Աստված է դառնում»[12]: Այսպիսին է ճշմարտությունը, իսկ նման ճշմարտության գիտակցումը շատ ծանր և միաժամանակ դառն է մարտնչող զինվորի հոգում:

Խեչոյանը յուրատեսակ բնորոշում է տալիս զինվորի էությանը, և այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն հայ զինվորին. «զինվորը հայրենիք է  ստեղծել, հայրենիքը՝ զինվոր, մեկը մյուսին ապրեցնող, իրար երկու ծայրահեղ հակադրություններ են»[13]: Պատերազմում կռվող զինվորը նախ պաշտպանում է ուրիշների ազատությունը և դրա հետ միաժամանակ սեփական գոյատևման պայքարն է մղում: Նման պայմաններում գրողը կարծես փորձում է նրան նկարագրել պատերազմի ծանր իրադարձությունների անվերջ շղթայում. «Աշխարհի չորս ծագերի ճամփեքով ուղարկված զինվորը ոչ բարի է, ոչ էլ չար, անխնա գործածվելու պատճառով, առանց համամարդկային նրբազգացությունների, դաժան է», «Զինվորն ու հայրենիքն իրար ստեղծած երկու ծայրահեղ հակադրություններ են», «Զինվորն ու պատերազմը՝ դեմ ու դեմ, իրար չհանդուրժող երկու հակադրություններ են», «զինվորը՝ պատառոտվածը, թալանվածը, տառապածը, լքված ու ներքին վեհություն չունեցողն է, իսկ պատերազմը հավերժական կրոն է, հայրենիք կամ հող՝ Աստծո մասին»:[14] Դեռ պետք է վեր հառնել հոգու ավերակներից և դա այն դեպքում, երբ կռվողն ինքը սկսում է գիտակցել, թե ինչպես են իր մեջ բնակություն հաստատում մեռածների հոգիները՝ կանաչ աչքերով զինվորը: Հակառակորդների դեմ առ դեմ հանդիպումը, այդ հանդիպման նկարագիրը որքան հասարակ, նույնքան էլ պատկերավոր ձևով դառնում է պարտադրանք՝ գիտակցելու պատերազմի իրական սարսափը՝ մարդկային դիմագծի աղավաղումը. «Ձորակում՝ շիկացած ժայռերի մեջ, տեսանք իրար: Թիթեղյա տուփը կուրացնում, փայլատակում է ձեռքերի մեջ: Դանակի վրա պատառաքաղ կա, մեջքը քարին՝ պահածո է ուտում: Երկուսով ակնթարթորեն նույն բաներն ենք անում՝ միանգամից տեսանք իրար՝ աչքերը կանաչ են: Արագ վերցնում ավտոմատները, հասցնում, ապահովիչից հանում ենք ձգանը, փամփուշտները շրխկոցով ընկնում են բնիկների մեջ, ձախ աչքներս ենք փակում, շարժում առ շարժում կրկնում ենք միմյանց, երկնքում նույն դիրքով կանգնած արևը միաժամանակ երկուսիս դեմն է՝ նշանառության փոսիկի մեջ պսպղում, խանգարում է: Երկու արև կա: Նշան ենք բռնում դեմ առ դեմ՝ միևնույն մահացու տեղի վրա: Այդ պահին սայթաքում ենք միաժամանակ՝ ոտքներիս տակից գլաքար է փախել: Հասկանում ենք: Հասկանում է՝ չի հասցնի: Ավտոմատը գցել է , նստել է քարի տակ, թևերով գլուխն է փաթաթել, իջեցրել է ծնկների արանքը: Զրահահատ գնդակն անցնում է ծոծրակի միջով. հենց նոր փայլփլուն տուփից կերած միսը գունդ–գունդ ետ է գալիս ու թափվում ծոծրակի անցքից … Օդը տաք, երազկոտ է ու քնկոտ… Մի ծանր բզեզ անցավ»[15]: Սարսափել կարելի է միայն այն գիտակցումից, թե ինչպես է մահվան աչքերին սառնասրտորեն նայելը դարձել սովորական մի բան: Եվ այսքանից հետո զինվորը պետք է կարողանա շարունակել ապրել, իսկ այդ ապրելը տանջանք է: Նրա հոգին նմանվում է «Սև գրքի» այն աղավնիներին, որոնք օրերով, առանց վայրէջքի սավառնում էին հրկիզված տան գլխավերևում՝ փնտրելով իրենց ապաստարան տանիքը:

 

[1]Քալանթարյան Ժենյա, Անդրադարձներ, Երևան, 2003թ., էջ 155:

[2]« Գրական թերթ», թիվ 8, 1999թ.:

[3]Խեչոյան Լևոն, Ձայներ և տեսիլքներ, Առաջաբան, Երևան, 2006թ.:

[4]Գրական տապան,Երևան, 2004թ., էջ272:

[5]Խեչոյան Լևոն, Սև գիրք, ծանր բզեզ, Երևան, 1999թ., էջ 2:

[6]Նույնտեղում, էջ 192:

[7]Նույնտեղում,էջ 193:

[8]Նույնտեղում,էջ 92:

[9]Խեչոյան Լևոն, Սև գիրք, ծանր բզեզ, Երևան, 1999թ., էջ 170:

[10]Գաբիելյան Կիմ, Լևոն Խեչոյանի ստեղծագործության գեղարվեստական առանձնահատկությունները,Ստեփանակերտ, 2011թ. , էջ 105

[11]Նույնտեղում,էջ 151:

[12]Խեչոյան Լևոն, Սև գիրք, ծանր բզեզ, Երևան,  1999թ., էջ 149-150:

[13]Նույնտեղում,էջ 163:

[14]Նույնտեղում,էջ 164:

[15]Խեչոյան Լևոն, Ձայներ և տեսիլքներ, Երևան,  2006թ., էջ 146:

 

 

 

Դիանա Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 3064

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: