Հասմիկ Հակոբյան. Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» պատմվածքը և էկրանավորումը

 

Ինքնատիպ ձեռագիր ունեցող ժամանակակից գրող Համբարձում Համբարձումյանի առաջին գիրքը «Կորեական դելիկատես» պատմվածքների ժողովածուն է, որտեղ տեղ են գտել թեմատիկ առումով իրար շաղկապված պատմվածքներ։ Դրանք գրվել են տարբեր ժամանակներում, սակայն ներկայացնում են 90-ականներից ի վեր հայ իրականության ընդհանրական պատկերը։ Ժողովածուն հեղինակն անվանել է իր պատմվածքներից մեկի վերնագրով՝ համարելով, որ այդ գործն ամենահաջողվածն է պատմվածաշարում[1]։ Հենց այդ կարծիքով է պայմանավորված նաև հատկապես այդ պատմվածքն էկրանավորելու որոշում կայացնելը։ «Կորեական դելիկատես» պատմվածքը 2012-ին հեղինակին բերել է «Արձակ» պատմվածքների մրցույթի  գլխավոր մրցանակը:

koreakan delikates 001

Պատմվածքում նկարագրված է մի դրամատիկ դիպված, որը տեղի է ունենում պատերազմի ծանր տարիներին։ Ժամանակաշրջանը հերոսներից մեկը՝ Վլեն, այսպես է բնորոշում․ «Էս թվին, երբ էլ խմիչք ու ծամելու բան լինի` տոն ա[2]»։ Պատմվածքի հերոսները տարաբախտ մարդիկ են․ «Գոնչը երկու օր առաջ էր եկել Ռուսաստանից, Գազանը մի քանի ամիս առաջ էր վերադարձել պատերազմի դաշտից, Վլեն ու Ֆաֆն էլ մի քանի օրվա տարբերությամբ վերջերս էին ազատվել «ուղղիչ աշխատանքային» գաղութներից[3]»։ Նրանց միավորում է համընդհանուր չքավորությունը, պարապ ու անհեռանկար կյանքը։

koreakan delikates 002

Պատմվածքի մեկնարկը տվող հերոսների համառոտ, բայց ընդհանրական վերը մեջբերված նկարագրով պայմանավորված՝ ընթերցողը, բնականաբար, վեհ զգացմունքներ, ապրումներ ու քայլեր ակնկալել չի կարող հերոսներից, սակայն այն, ինչ նրանք անում են սյուժեի շրջանակներում, ցնցում և հուզում է խորապես։ Նրանք մորթում և ուտում են իրենց մտերիմ ընկերներից մեկի՝ Վլեի տղայի հավատարիմ ու սիրելի շանը՝ Ջեկոյին։ Պատմվածքում հերոսների և իրադարձությունների նրբությունների լիարժեք բացահայտման համար էական դեր ունեն հեղինակային մեկնաբանությունները, որոնք բացում են հոգեբանական նուրբ շերտեր։ Ժամանակի առանձնահատկություններով, աշխատանքի բացակայությամբ, համընդհանուր անգործությամբ պայմանավորված՝ աննպատակ և անհեռատես կենսակերպ վարող տղամարդկանց կերպարները, որ հատկապես տարածված էին հետանկախության ժամանակահատվածում, ապրում էին խմիչքի և թմրեցնող խոտերի մշտական ազդեցության ներքո՝ տաքանալու համար վառելով Սովետից մնացած Լենինի (ֆիլմում՝ Մարքսի) ալ կարմիր կազմով գրքերի թերթերը և հնարավորինս հեռու վանելով խղճին ծանրացած մեղքերը։ Նրանք  ապրում էին այսօրվանով՝ առանց մտածելու վաղվա օրվա մասին։ Վաղվա օրվա մասին չմտածելը, ինչպես երևում է նաև պատմվածքում, հանգեցնում է անհեթեթ, չկշռադատված արարքների կամ մեղքերի, որոնց համար նրանք հետո ստիպված են լինելու պատասխան տալ։ Համատարած անպատասխանատվության այս միջավայրում էր ապրում պատմվածքի անաղարտ հերոսը՝ Վլեի տղան, որ անանուն է։ Տղան այնքան զուսպ ու նրբանկատ է դրսևորում իրեն, երբ տեսնում և հասկանում է, թե ինչ ճակատագրի է արժանացել իր սիրելի ընկերը՝ Ջեկոն, որ զինաթափ է անում նույնիսկ պատերազմի բովով անցած ու հոգեպես կոփված Գազանին։ Երբ երեխան հայտնվում է խրախճանքի սեղանի մոտ, և նրան միս են հյուրասիրում՝ ասելով, թե եղնիկի միս է, նա մի կերպ է կուլ տալիս միսը, քանի որ այդ պահին մտածում է զոհված եղնիկի մասին։ Միայն սովն է նրան մի պահ մոռացնել տալիս եղնիկի մասին մտքերը։ Այս պարագայում անպատկերացնելի է, թե ինչ է զգում տղան, երբ հասկանում է, որ իր կերած միսը ոչ թե եղնիկի միս էր, ինչպես իրեն ասել էին, այլ հենց Ջեկոյինն էր։ Նա միջավայրի աղտեղության մեջ լույսի շող է։ Հենց նրա հայացքի անաղարտությունն ու ցավն է արթնացնում Ջեկոյի միսն արդեն մարսած մեծահասակների մեղքի զգացումը և ստիպում դերասանության դիմել՝ տղային ցավ չպատճառելու համար։ Տղան էլ մեծահասակներին և հատկապես հորը ցավ չպատճառելու համար որոշում է մինչև վերջ լռել՝ մտնելով նրանց նախաձեռնած խաղի մեջ և փորձելով հաղթահարել ներսի ցավը։

koreakan delikates 003

Հատկանշական է, որ պատմվածքն էկրանավորվել է հենց հեղինակի անմիջական մասնացությամբ․ ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը, պրոդյուսերը Համբարձում Համբարձումյանն է։ «Կորեական դելիկատես» վերնագրով իր դեբյուտային ֆիլմը նա 2019 թ․ սկսել և 2021 թվականին ավարտել է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրվա առիթով կազմակերպված կինոցուցադրումների շրջանակներում։ Միանգամայն պարզ է, որ պետք է անհատական գեղարվեստական աշխարհ և կենսափիլիսոփայություն ունենալ հեղինակային կինո նկարահանելու համար: Այստեղ ռեժիսոր-սցենարիստը հեղինակին լիարժեք հասկանալու և բացահայտելու խնդրի հետ չի բախվում․ նրա խնդիրը սեփական մտքերն արտահայտելու ճիշտ եղանակներ որոնելու, զգացածն ու պատկերացրածն արտահայտելու համապատասխան միջոց գտնելու մեջ է։

koreakan delikates 004

Ֆիլմը պատմվածքի դրամատուրգիական լուծումներով է կառուցված․ պատմվածքի սյուժետային շղթան հիմնականում չի խախտվել։ Սակայն, կան որոշ էպիզոդներ, որոնք պատմվածքում առկա են, բայց ֆիլմում տեղ չեն գտել։ Պատմվածքը ծավալուն է, իսկ ֆիլմը՝ կարճամետրաժ՝ 15 րոպե տևողությամբ։ Ֆիլմի մեկնարկը ռադիոյի լրատվությամբ է տրվում, որից էլ հասկանալի է դառնում, որ արցախյան թեժ մարտերի օրերին են տեղի ունենում ընթացող իրադարձությունները։ Ինչպես հայտնի է, էկրանավորումը գրական ստեղծագործության սոսկ վերապատմում չէ, այլ կինոյի միջոցով արվեստի մեկ այլ ձևի մեկնաբանում․ էկրանավորման ժամանակ կինեմատոգրաֆիստների առաջ ծառանում է դրամատիզացիայի խնդիրը։ Եթե գրականությունն իր պատկերներով լայն տեղ է թողնում երևակայության համար, ապա կինոն կոնկրետ ընկալում է պահանջում։ Փորձենք հասկանալ, թե տվյալ պարագայում ինչպե՞ս է լուծված դրամատիզացիայի խնդիրը։

koreakan delikates 006

«Կորեական դելիկատես» պատմվածքը, լինելով  առավելապես հեղինակային նկարագրությունների հիման վրա կառուցված ստեղծագործություն, լրացուցիչ բարդություն է ստեղծում էկրանավորման պարագայում։ Ռեժիսորն ու սցենարիստը, որ այս դեպքում նաև պատմվածքի հեղինակն է, ըստ երևույթին ձգտել է պատմվածքը որքան հնարավոր է ճշգրտորեն փոխադրել էկրանին․ սա առաջ է բերել որոշակի ձգձգվածություն, կադրերի դանդաղկոտություն, որն էլ որոշ չափով բացասաբար է ազդել ֆիլմի դրամատիզացիայի վրա։ Բացի այս, պատմվածքում կան որոշ մանրամասներ, որոնք ֆիլմում չեն ընդգրկվել, ինչպես օրինակ՝ երեխայի և շան հանդիպման, մտերմության, ընկերոջ՝ շան մասին տղայի հետահայաց մտորումների դրվագները, որոնք ավելի պատկերավոր կարող էին արտահայտել երեխայի ապրումներն ու ցավը։ Այս պարագայում իրադարձությունների լիարժեք և ճիշտ ընկալման համար մնում է ապավինել երեխայի դերասանական խաղին, որը, ի պատիվ փոքրիկ դերասանի, ստացված է։ Ֆիլմի դրամատիզացիան էականորեն շահել է հատկապես երեխային կերպավորած Մուշեղ Գագիկ Համբարձումյանի դերասանական խաղով։ Մուշեղն այնպիսի խոր ու բազմանշանակ ապրումներով լի հայացքով է կարողացել ներկայացնել պատմվածքի հերոսին, նրա հավանական զգացողությունները, որ նրա արտաբերած նույնիսկ մի քանի նախադասությունը և անգամ խորհրդավոր լռությունը կարողանում են փոխանցել հերոսի դրամատիկ հույզերը՝ բացահայտելով մանկական հոգեբանության թաքնված շերտեր։ Ֆիլմի սկզբում որոշակիորեն անորոշ է, թե ինչ կապ ունեն տղայի հետ մեծահասակները, և միայն ֆիլմի վերջում ենք հասկանում, որ Վլեն տղայի հայրն է, որն այնքան թուլակամ ու անդեմ է, որ ոչ միայն չի կարողանում ընդդիմանալ ընկերների, տվյալ դեպքում՝ Գազանի առաջարկին, այլ նաև չի կարողանում պաշտպանել իր երեխային հոգեբանական ծանր ցնցումից։ Գազանին կերպավորում է Գագիկ Ղազարէն, որն իր կերտած հերոսին ներկայացնում է ավելի շատ ձայնի ելևէջների, արտասանական որոշակի առանձնահատկությունների միջոցով։ Վլեի դերակատարը Գարիկ Հովհաննիսյանն է, որն իր կերպարին ներկայացնում է առավելաբար դեմքի միմիկաների հաճախակի կծկումների, դիմախաղի, ծամածռությունների միջոցով։ Պատմվածքում կերպարաբացահայտման էական դեր ունեն սակավ, բայց ազդու երկխոսությունները, որոնք նույնությամբ փոխադրվել են ֆիլմ՝ պահպանելով նույն ազդեցիկությունը։ Այս ամենով հանդերձ՝ հարկ է նշել, որ կերպարակառուցման հարցում Համբարձում Համբարձումյանն ավելի լավ գրող է, քան՝ ռեժիսոր։

koreakan delikates 007

Եթե պատմվածքում նկարագրված երկու օրվա իրադարձությունները կատարվում են մռայլ, անձրևոտ եղանակային պայմաններում, ապա ֆիլմում երկրորդ օրվա կադրերը ձնառատ են՝ առավել համահունչ և ներդաշնակ փոքրիկ հերոսի հոգեվիճակին և ապրումներին։

Ինչ խոսք՝ պատմվածքին նախապես ծանոթ չլինելու պարագայում կարճամետրաժ ֆիլմն իր դրամատիզմով կարելի է համարել ստացված և ազդեցիկ գործ, սակայն երբ ծանոթանում ես պատմվածքին, հասկանալի է դառնում, որ ֆիլմը կարող էր ավելին փոխանցել, քան փոխանցում է․ այն որոշակիորեն կիսատ է փոխանցում այն խորությունը և հոգեբանական նուրբ շերտերն ու անցումները, որ առկա է պատմվածքում։ Ամեն դեպքում, նկարահանված ֆիլմը ստիպում է դիտողին դիմել գրքին՝ բովանդակային նոր մանրամասներ գտնելու ակնկալիքով։ Համբարձում Համբարձումյանի աշխատանքը գնահատելի է և արժեքավոր։ Նա իր կատարած աշխատանքով հերքում է ժամանակակից կինոգետների այն տեսակետն ու մտահոգությունը, թե ժամանակակից գրականությունը և կինոն օտարված են իրարից։

 Նկարները վերցված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքից:

 

[1] https://kinoashkharh.am/2020/05/shutov-koreakan-delikates-hambacum-hambarcumyanic/

[2]Համբարձումյան Հ․, «Կորեական դելիկատես», https://groghutsav.am/2022/01/11/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b8%d6%80%d5%a5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4/?fbclid=IwAR3n6ZX1o1zf_JW2RydU53ViJwVZy6kVr5QOkR0IpZl7MdYOe54NFI_XFD8

[3] Նույն տեղում։

  • Created on .
  • Hits: 37582

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: