Սուսաննա Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածուն․ Հասմիկ Հակոբյան

Ժամանակակից հայ գրականության արժեքավոր նմուշներից են Ս․ Հարությունյանի ստեղծագործությունները՝ վեպերն ու պատմվածքները։ Հեղինակը նուրբ սուզումներով կերտել է անկախության տարբեր շրջանների գրական կերպարների՝ արձագանքելով տարատեսակ պատմական իրադարձություններին հերոսների ճակատագրերի տեսանկյունից։

2024 թվականի մարտի տասներեքին կայացավ հեղինակի նոր՝ «Անտառի մեղավոր անցյալը» խորհրդավոր վերնագրով 19 պատմվածքներից բաղկացած ժողովածուի շնորհանդեսը։ Ժողովածուում ցայտուն արտահայտված են մեր ժամանակի և իրականության պատկերներ, վավերագրական իրողություններ և դրանց համատեքստում՝ մարդկային հոգեբանության տարբեր դրսևորումներ։

Ժամանակին գրող Հրանտ Մաթևոսյանն ու գրականագետ Սերգեյ Սարինյանը, գրական երկխոսության շրջանակում խոսելով կյանքի փաստը գրական երկի նյութական ատաղձ դարձնելու մասին, կարևորել են կենդանի մարդու և իրական կյանքի ներկայությունը գրականության մեջ։ Հ․ Մաթևոսյանը նշել է․ «Հարկավոր է գրողական արհեստի պատվախնդրություն ունենալ՝ նկարագրելու «իսկական ծով, իսկական ձուկ և իսկական ծերունի», քանի որ կյանքի փաստը գրական երկի ոչ միայն նյութական ատաղձը, այլ նաև նրա ոգեկան լիցքակիրն է։ Գեղարվեստը նյութի, փաստի, առարկայի, կյանքի ճանաչման ընթացք է, այլ ոչ թե արդեն ծանոթի, արդեն ուսումնասիրվածի գեղեցիկ իրագործում[1]»։ Ս․ Հարությունյանի գործերն ուշարժան են հենց այս տեսանկյունից։ Գրողը համարձակություն է ցուցաբերել՝ անդրադառնալու կյանքի մերօրյա փաստերին՝ դրանք դարձնելով գրական երկի նյութական ատաղձ և ոգեկան լիցքակիր՝ չանտեսելով նաև գրականագետ Սերգեյ Սարինյանի նշած էական-անտեսանելին, պատմական կապակցությունը, ներքին տրամաբանությունը, պատճառականությունը։

«Անտառի մեղավոր անցյալը» ժողովածուում ընդգրկված պատմվածքները հատկանշվում են տեքստակառուցման, կերպարաստեղծման հետաքրքիր միջոցներով, լեզվաոճական բազմազանությամբ։

Տեքստակառուցման միջոցներից է միջտեքստայնությունը։ «Ամանորի բաղադրությունը» վերնագրով պատմվածքում տեքստը կառուցված է միջտեքստային շերտերի՝ ալյուզիայի, վերապատմումի, գեղարվեստական հերոսի հիշեցման, մեջբերումների միջոցով։ Պատմվածքի սյուժեի հիմքում հետպատերազմական՝ 2021 թվականը դիմավորելու նախատոնական անցուդարձն է միջին վիճակագրական հայկական ընտանիքում։ Պատմությունը ներկայացվում է առաջին դեմքով՝ պատմող-հեղինակի անունից, որը պատմվածքում ներկայացվող ընտանիքի մայրն է։ Հետպատերազմյան ծանր հոգեբանական ու սոցիալական դժվարությունները հաղթահարելով՝ ծնողները փորձում են ամեն կերպ ամանորյա տոն պարգևել իրենց զավակներին, որոնց «մանկությունը հարամվել է»։ Հիշատակվում է գեղարվեստական հայտնի կերպարներից Գրինչի անունը։ Գրինչը 1957 թվականին հրատարակված Թեոդոր Սյուս Գեյսելի «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» մանկական գրքի գլխավոր հերոսն է, որը Ամանորը խանգարող կերպարի խորհրդանիշ է։ Նրա հետ էլ հայրիկին համեմատում է փոքրիկը, քանզի հայրը «գողացել էր» Ձմեռ պապի նամակները՝ նրա փոխարեն գնելով նվերները։ Գրինչի անվան հիշատակումը խոսում է իրենց տոնն ամեն գնով պաշտպանել փորձող փոքրիկների «մարտական» տրամադրության մասին։

Պատմող-հեղինակը նախատոնական համեստ պատրաստություններն անում է լրատվական թողարկումներին զուգահեռ, որոնք ներկայացնում են իրականության ողբերգական վիճակը, որդեկորույս ծնողների հուսահատ քայլերը։

«Անհետ կորածների ծնողները սառած գետնին կրակ են արել, կուչ եկել կողքը, լուր են պահանջում կամ գոնե իրենց զավակների դիակները։ Փոխում եմ ալիքը։ Թասի մեջ կոտրում եմ ձվերը։ Ընդդիմության ցույցն է. «Դավաճա՛ն Նիկոլ,– գոռում է դրանց բարձրախոսը,– ժողովո՛ւրդ, չվհատվե՛ք, մի հինգ տարուց մենք հետ կբերենք մեր հողերը»։ Փոխում եմ ալիքը։ Լցնում եմ թթվասերը» (139)։

Լրագրական քրոնիկայի մեջբերումների միջոցով տեքստերի այսօրինակ երկխոսություն ստեղծելով՝ հեղինակը պատկերավոր ներկայացրել է իրավիճակի հակասականությունը։

Սեղանի շուրջ երեխաների կենացը խմելիս մայրը մի հեքիաթ է վերապատմում, որն իր ճակատագիրը փոխել փորձող, բախտը որոնող ալարկոտ աղջկա մասին է։ Աղջիկը հեքիաթի վերջում սեփական փորձով հասկանում է, որ միայն ինքը կարող է իր ճակատագիրը փոխել։ Մայրն, այդ հեքիաթը վերապատմելով, զավակներին խրատում է հետևյալ արդիական ուղերձով․ «Մարդ պետք իր ճակատագիրը խնամի, ինչպես այգին են խնամում» (143)։

Ուշագրավ ալյուզիայով է ավարտվում պատմվածքը։ Երեխաները, որ թակարդ էին դրել Ձմեռ պապին բռնելու նպատակով, զարմանում են, երբ տեսնում են, որ վերջինս նվերները բերել է, բայց թակարդը չի ընկել։ Հայրն այսպես է մեկնաբանում այդ փաստը․ «Թակարդը փոքր էր, դրա համար,– նրան գրկում է ամուսինս,– դրանով իսկի մուկ չես բռնի... սա Հայաստանն ա, Հայաստանը, էստեղ Ձմեռ պապի որսալու համար արջի թակարդ ա պետք, բալե՛ս...» (143)։ Այստեղ արջի խորհրդանիշը հիշեցնում է Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը եզրափակող հայտնի բանաստեղծության մասին։

Պատմվածքներում հաճախադեպ են տարակերպ կրկնությունները, որոնք նպատակային են։ Հեղինակի կամ հերոսի նույն միտքը, պատկերը կամ նախադասությունը կարող են կրկնվել պատումի տարբեր հատվածներում՝ շեշտելով ասելիքի կարևորությունը:

Այսպես՝ ժողովածուն բացող նույնանուն վերնագրով պատմվածքում Սիմոնը մի քանի անգամ մտքում և բարձրաձայն նույն ձևակերպումներով հանդիմանում է Աննիկին, որն ամուսնու ստորացոցիչ քայլից հետո վերջինիս ջերմ վերաբերմունքի է արժանացնում։

«Էն որ Սիմոնն էր, թքում էր, թո՜ւ, ասում էր, Աննի՛կ աղջիկ, բա մարդ քեզ էդպես ստորացնի, ու դու նրան ասես ջա՞ն, ասես կոֆե՞[2]»։ Հեղինակը մի կողմից կրկնությունների միջոցով ներկայացնում է հարևանների համար արտաքուստ անհասկանալի ընտանեկան իրավիճակը, մյուս կողմից հետընդգրկմամբ պատմում է ամուսինների անցած ճանապարհը՝ բացելով նրանց «մեղավոր անցյալի» վարագույրը։

Պատմվածքներում շարադրանքը հիմնականում առաջ է տարվում գործող հերոսներից որևէ մեկի կամ մի քանիսի անունից։ Օրինակ՝ «Անտառի մեղավոր անցյալը» վերնագրով պատմվածքը ներկայացվում է մեկ դեպքերին ականատես հեղինակ-պատմողի, մեկ հերոսներից մեկի՝ Սիմոնի, մեկ մյուս հարևանների անունից և ընկալման տեսանկյունից՝ ստեղծելով բազմաձայնություն։

«Դրանց ո՞վ ա հասկանում: Սիմոնն ասում էր՝ շատ ամոթ եղավ: Եթե տարել կապել ես, ախպե՛ր, կացինն էլ ձեռ քիդ, գործը մինչև վերջ հասցրու: Սպանի՛, ախպեր: Թե չէ ո՞ւմ ես ձեռ առնում, կնկադ կապել ծառերից, գյուղին քնահարամ արել, ու ի՞նչ, պահա՞կ ես կանգնել...» (էջ 10)։

Երբեմն մեծ տեղ է հատկացվում երկխոսություններին (օրինակ՝ բացառապես երկխոսությունների հիման վրա է կառուցված «Մեր կոշիկի ձախ թայը» պատմվածքը), որոշ դեպքերում շարադրանքը կառուցվում է հիմնականում հերոսներից որևէ մեկի մեկնաբանության հիման վրա՝ շրջանցելով երկխոսությունները («Հորս սիրուհին»)։ «Հորս սիրուհին» պատմվածքը հոգեբանական նուրբ շերտեր բացահայտող գործ է․ աղջիկը պատմում է հոր մահից հետո իր մոր և հոր սիրուհիներից մեկի հանդիպման մասին՝ հանդիպման մանրամասները նկարագրելու արանքում սեփական տեսանկյունից ներկայացնելով սիրուհու գոյության փաստը և մոր վերաբերմունքն այդ փաստի նկատմամբ։ Մայրը ջանք չի խնայում ամուսնու երբեմնի սիրուհու վրա ազդեցիկ տպավորություն թողնելու համար, մինչդեռ արժանանում է նրա հանդիմանությանը․ «Ա՛յ մարդ, էդ փառահեղ տղամարդուց դու էս ի՞նչ երեխեք ես բերել»։ «Բա ինչի՞ են ասում լիրբ. լիրբը հո է՞ն չի, որ ուրիշի տղամարդու հետ է քնում, լիրբը հոգեկան որակ է»,– հոգոց է հանում մայրս» (էջ 118)։

Մարդկային հոգեբանության անմեկնելի, արտաքուստ անհասկանալի, բայց հոգեբանական մեկնության տեսանկյունից որոշակի դրդապատճառներ ունեցող դրսևորումների մասին են նաև ««Սարսափ» տունը», «Ցլամարտ» պատմվածքները, որոնցում նույնպես կարելի է հանդիպել իրավիճակների կրկնությունների։ Քանի որ մեր անդրադարձը չի հետապնդում պատմվածքների կրկնությունների խորքային ուսումնասիրության նպատակ, ուստի հարկ ենք համարում նշել միայն, որ Ս․ Հարությունյանի արձակում չկան անհիմն կրկնություններ։

Տեքստակառուցման մասին խոսելիս հարկ է նշել, որ Սուսաննա Հարությունյանի արձակին բնորոշ են կինեմատոգրաֆիկ մտածողությունն ու պատկերային համակարգը։ Պատմվածքը սկսվում է մի որոշակի իրադարձության նկարագրությամբ, ապա հետընդգրկմամբ շարունակվում դրա նախապատմությամբ ու նախընթաց դեպքերի նկարագրություններով։ Վերնագրերը նույնպես այդ տրամաբանության մեջ են տեղավորվում, այսպես՝ «Մեկ օր առաջ», «Այդ ուրախ օրը», «Մեր կոշիկի ձախ թայը» և այլն։ «Այդ ուրախ օրը» պատմվածքի հերոսուհին՝ Թերոն, վստահ է, որ ամուսնու՝ Վարազդատի՝ մինչ օրս հուրհրացող կրակն ինքն է, սակայն ցատկում է պատշգամբից, երբ տեսնում է, թե ինչպես է Վարազդատի ձեռքից բաժակն ընկնում ու փշուր-փշուր լինում, երբ վերջինս իմանում է իր երբեմնի դասընկերուհու՝ Ֆլորի մահվան մասին։ «Թերոյին թվում էր, թե միայն իր մահվան դեպքում բաժակը էդպես անհույս կընկնի ամուսնու ձեռքից ու էդպես մանր-մանր կփշրվի հատակին» (էջ 97)։ Գրողական վարպետությամբ հեղինակը փշրվող բաժակի կտորների ու Վարազդատի զսպված արցունքների միջոցով գաղտնազերծում է հերոսների հոգիների թաքնագրված ապրումները՝ տալով մարդկային հոգու էության բնական պատկերը։

Որոշ պատմվածքներ «անավարտ» ավարտ են ունենում՝ պահելով պատմվածքի ողջ ընթացքում ձևավորած առեղծվածը՝ ինտրիգը, ինչպես «Խուլուհամրը» ստեղծագործությունը։ Ընդ որում՝ առեղծվածայնությունը բնորոշ է Ս․ Հարությունյանի մյուս ստեղծագործություններին ևս․ առեղծվածային դրվագներով հարուստ է նրա «Անդրանիկի վերջին ձին» վեպը։ Հեղինակային այս մոտեցումը նրա ստեղծագործություններին ինքնատիպություն է հաղորդում, որն ամբողջանում է նաև ոճական բազմազանության դրսևորումներով։

Պատումի բազմաձայնությամբ ու տեսանկյունի բազմազանությամբ է աչքի ընկնում «Վուվուզել» պատմվածքը, որը 2018 թվականի հեղափոխության մասին է։ Պատմական այս իրադարձությունը ներկայացվում է մեկ անհատի՝ Վահեի առօրյա անցուդարձի ու կենսագրական հանգամանքների տեսանկյունից, սակայն նկատել են նաև այլ ։ «Հիմա հասկանո՞ւմ ես ամուսնուդ, թե ինչու քեզ փոխեց ուրիշ մեկով: Էդպես ա, ցանկացած պարագայում մարդու սիրտը թարմություն ա ուզում» (էջ 20)․ մորաքրոջն ուղղված Վահեի այս բազմանշանակ ձևակերպումը հեշտությամբ կարելի է վերագրել նաև հեղափոխության մասնակիցների միտումին։ Ծավալուն պատմվածքի ողջ ընթացքում Վահեն փորձում է գտնել իր արմատները՝ հընթացս բացահայտելով, որ իր ծնողներն այլ մարդիկ են, որոնց ինքը չի ճանաչում։ Պատումն ընթանում է իրականի և հավանականի հարաբերությամբ, որն իր հերթին դրսևորվում է կյանքի և մահվան հարաբերությամբ։ Փողոցում իրական հեղափոխական շարժում է, իսկ Վահեին երազի, տեսիլքի միջոցով ուղեկցում է գործող վարչապետի թաղման արարողության հավանական պատկերը, որը ցույցերի ինչ-որ մի պահից դառնում է իրական։ Ընդ որում, այդ պատկերը հերոսի մտքում երկու անգամ է կրկնվում։ Իրականի և հավանականի հարթության կողքին գոյություն ունի մեկ այլ՝ միջանկյալ հարթություն․ դա սոցհարթակն է, որտեղ մարդիկ ասում-խոսում են ամեն ինչի ու ամեն մեկի մասին, նույնիսկ րոպեներ առաջ հոգին ավանդած հարազատի։

 Հեղափոխական անցուդարձի՝ վավերագրական արժեք ունեցող իրադարձություններով հարուստ պատմվածքն ավարտվում է արխիվի փլուզումով և Վահեի հետևյալ մտքով․ «Կենսագրությունս մնաց հեղափոխության փլատակների տակ» (48)։

«Թե ինչպես սնանկացավ հացթուխը», «Սովետական տոհմածառ», «Խեցին» և մյուս պատմվածքները ուշագրավ են հատկապես մեր կողքին ապրող մարդկանց հոգեբանական անտեսանելի շերտերը բացահայտելու տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ դա կատարվում է ժամանակակից իրադարձությունների համատեքստում։ Պատմվածքների հերոսները սովորական, հասարակ մարդիկ են, որոնք, սակայն, անդավաճան են մնում իրենց սկզբունքներին։ Սկզբունքային կերպար է «Գերիների հարցը» պատմվածքի հերոս Արիկը, որը դեռ դպրոցական տարիներից զրկանքների գնով գումար էր հավաքել և իրագործել մանկության երազանքը՝ գնելով ակորդեոն՝ «Մելոդիա» անունով։ Մինչ Արիկը մտովի իրեն արդեն գնահատված ու մեծ լսարան ունեցող երաժիշտ էր պատկերացնում, սկսվում է պատերազմը՝ աղավաղելով Արիկի ու նրա նմանների մանկության երազանքները։ Արիկն ընկերոջ հետ գյուղից Երևան է տանում համայնքի կողմից հավաքված գումարը, որ հանձնի պատերազմի աջակցությամբ զբաղվող գրասենյակին։ Գումարը գողանում են։ Արիկը ստիպված կես գնով վաճառում է նոր գնած ակորդեոնը՝ գյուղի անունով շնորհակալագիր ստացած վերադառնալով տուն։ Արիկն իր «Մելոդիայի» վրեժը կամավորագրվելով է լուծում, սակայն «նրա անունը անհետ կորածների ցուցակում էր։ Հնարավոր է՝ մարմինը հոշոտել են անտառի խոզերը, հնարավոր է՝ գերության մեջ է» (87)։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ «Գերիների հարցը»։ Անհետ կորածների ծնողներն ու հարազատները հույս են փայփայում, որ իրենց զավակները գերիների մեջ են, և շարունակ հույսով պահանջում են ուսումնասիրել գերիների հարցը։

Հեղինակին բնորոշ է վերնագրեր ընտրելու ինքնատիպ մոտեցումը։ Նրա ընտրած վերնագրերը երբեմն խաղարկային են, երբեմն էլ իմաստային երկակիություն են առաջ բերում բովանդակային ընկալման տեսանկյունից։ Այդպիսին է «Կարմիր գիծը» պատմվածքը․ դժվար է որոշել՝ ուսուցիչ Մամո՞ն էր հատել կարմիր գիծը՝ աշակերտներին մաթեմատիկայով տանջելով, թե՞ նրան մատնող բուժքույրը, որի պատճառով աքսորից վերադարձած Մամոն կրկին դատապարտվում է։ «Ցլամարտ» իսպանական հանդիսախաղի անունով վերնագրված պատմվածքը սովորության ուժով ամեն օր միմյանց հետ վիճող կանանց մասին է, որոնց վեճի նյութը երկրորդական է ու անէական։ Վեճը շարունակվում է նաև կանանցից մեկի մահից հետո։

Կերպարաստեղծման հեղինակային միջոցների մասին խոսելիս հարկ է նշել, որ սյուժետային զարգացման, հեղինակային մտադրության և լեզվաոճական մոտեցումների հանգամանքը։ Պատմվածքներն աչքի են ընկնում լեզվաոճական բազմազանությամբ, որոնք ամբողջական են դարձնում կերպարների նկարագիրը։ Կերպարաստեղծման լեզվական միջոցները կարելի է բաժանել բառային և շարահյուսական ենթախմբի։ Հեղինակը կերպարների խոսքում որոշակի բառային ու շարահյուսական միջոցների կիրառմամբ ստեղծել է անմիջականություն ու արտահայտչականություն։ Շարահյուսական որոշ կառույցներ ու «շեղումներ» կարևոր են դառնում ասելիքի և ընկալման շրջանակն ընդլայնելու, հոգեբանական թաքնագրված շերտերը տեսանելի դարձնելու համար։

«Բայց սուտ ա, Հայկը կռված տղա էր, զինվորականի համար խոսողը չէր, թեկուզ եթե կնիկը գառ տար դրանց: Ասում են (ես դրան ավելի եմ հավատում)՝ գիշերը Հայկը քսմսվել է կնկան, քսմսվել, սա էլ թե՝ հոգնած եմ... Գուցե երկուսը իրար հետ՝ համ քսմսվել է, համ էլ ջահել, վայրի զինվորականի կրակոտ աչքերն ու պինդ ջլերն է հիշել, իսկ ինքն արդեն հիսունն անց է» (9)։

Հեղինակը դեպքերը փոխանցում է ոչ միայն իր, այլև գործող անձանցից որևէ մեկի (կամ մի քանիսի) լեզվամտածողությամբ․ սա ազդում է ոչ միայն դեպքերի փոխանցման, հաղորդման եղանակի, այլ նաև դրանց ընկալման վրա, քանի որ իրականությունն ընկալվում է լեզվական համապատասխան հասկացությունների և կատեգորիաների միջոցով, և դեպքերի հաղորդումը որոշակի լեզվամտածողությամբ հաջորդում է դրանց ընկալմանը։ Հերոսների խոսքն, ըստ անհրաժեշտության և պատումի թելադրանքի, երբեմն գրական հայերենից սահուն անցնում է խոսակցականի՝ համեմվելով ժողովրդախոսակցական բառաշերտին բնորոշ արտահայտություններով։ Ընդ որում, այդ անցումները նկատելի են ոչ միայն հերոսների խոսքում, այլ նաև հեղինակային մեկնաբանություններում․ «Առաջին ավարը մեխ էր. քրոջ տուն գնալիս հայ-հայ է՝ կոշիկը ծակում էր, կռացավ վերցրեց։ Լավ էլ հաստ, ուղիղ մեխ էր, կարելի էր բահի պոչին խփել, երբ որ թաթը թուլանար: Երկրորդը կճատ քթով դույլանման քթոց էր․․․» (52)։ Բառապաշարի ընտրության այս սկզբունքը անմիջականություն է ստեղծում պատումի և ընթերցողի միջև։ Հեղինակային այսօրինակ մեկնաբանությունները երբեմն համընկնում են հերոսների մտորումների հետ․ «Թարսի պես էդ պահին միակ ուզողը Գագուլն էր» (90)։

Պատմվածքները հարուստ են նաև ժողովրդական մտածողությանը բնորոշ ձևակերպումներով, ինչպես՝ «շունը կաղալով չի սատկի» (51), «ընկերովի մահը հարսանիք է» (81), «ասողի հերը շուն դառնա» (96), «կնոջ ձեռքը պետք է գող լինի» (109) և այլն։ Այս ձևակերպումներն ավելի հյութեղ են դարձնում պատումը։

Պատմվածքից պատմվածք ձևավորվում է մի որոշակի գիծ, որն ընդհանրացնում, մոտեցնում ու միավորում է պատմվածքների հերոսներին ու նրանց ճակատագրերը՝ ժողովածուին հաղորդելով վիպական բնույթ։ Հերոսները նույն ժամանակաշրջանի, իրականության ու միջավայրի մարդիկ են հիմնականում միջին տարիքի տղամարդիկ ու կանայք՝ իրենց ուրույն, բայց և փոխկապված ճակատագրերով, որոնք կարելի է ընդհանրացնել նաև մեկ ընդհանուր վիպական տարածքում։

Այսպիսով՝ Ս․ Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածուում ընդգրկված ստեղծագործություններն աչքի են ընկնում թեմայի արդիականությամբ, բովանդակային վավերագրությամբ, պատումի ոճային և տեքստակառուցման բազմազանությամբ, որոնք ստեղծագործություններին վիպական ամբողջություն են հաղորդում։ Հեղինակը շեշտը դնում է ոչ թե երևույթի սոսկ նկարագրության վրա, այլ բացահայտում է պատմության ընթացքի մասնակից անհատի կարողունակության սահմանները, անհատի և իրողության փիլիսոփայական ու հոգեբանական շերտերը։

Հասմիկ Հակոբյան

[1] Հ․ Մաթևոսյան, Ս․ Սարինյան երկխոսություն․ https://hrantmatevossian.org/hy/works/id/Groxi_masnagit

[2] Հարությունյան Ս․, «Անտառի մեղավոր անցյալը», Պատմվածքներ։ Եր.։ Newmag, 2024, էջ 17։ Այսուհետ այս գրքից արված մեջբերումների էջերը կնշվեն շարադրանքում, փակագծերի մեջ։

  • Created on .
  • Hits: 595

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: