Սեյրան Գրիգորյան. Եղիշե Չարենցի «Պատգամն» իբրև մեզոստիքոս (շարունակություն)

     Հոդվածի սկիզբը` այստեղ:
 
    4. Մեզոստիքոսի հայտնությունը։ «Պատգամը» և ակրոստիքոսի ազգային ու համաշխարհային փորձը 
   Նույն 1920-ական թթ. երկրորդ կեսին, այսինքն՝ «Պատգամի» հղացմանն անմիջականորեն նախորդած տարիներին, ոչ եզրային գաղտնատողի ձևը սկսում է հիմնավորապես գիտակցվել նաև պոեզիայի տեսության մեջ: 1926 թ. Լենինգրադում լույս է տեսնում երբեմնի բանաստեղծ, տաղաչափության հմուտ մասնագետ Նիկոլայ Շուլգովսկու «Հետաքրքրաշարժ տաղաչափություն» («Занимательное стихосложение») գիրքը: Շուտով՝ 1929-ին, այն լրացումներով վերահրատարակվում է «Կիրառական տաղաչափություն» վերնագրով: Բանաստեղծական այլևայլ ինքնատիպ տեսակների շարքում Ն. Շուլգովսկին տալիս է նաև մեզոստիքոսի սահմանումը. «Վերջապես, թաքցրած բառը կարելի է տեղադրել նաև ոտանավորի մեջտեղում: Այդ ձևը կրում է Մեսոստիքոս անունը»[i]: Իհարկե, անմիջապես հետո ասվում է, թե այն համարվում է «ակրոստիքոսի տարատեսակ», մի կարծիք, որ ճիշտ է միայն հարաբերականորեն և այդքանով իսկ գնալով ավելի հազվադեպ է հանդիպում մեր ժամանակներում: Վկայակոչելով բառի հունական ծագումը՝ Ն. Շուլգովսկին մեկնաբանում է, որ «անհրաժեշտ բառը կազմող տառերը  տեղադրված են ոտանավորի մեջտեղում: Այդ տառերը պետք է դասավորել մեկը մյուսի վրա և դրան հասնելու համար համապատասխան ձևով պետք է տեղադրել  այն բառերը, որոնք պարունակում են այդ տառերը»[ii]:
      Իսկ կա՞ արդյոք մեզոստիքոսի օրինակ ժամանակակից գրականության մեջ: Հետաքրքիր է, որ դեռևս 1914 թ.՝ ռուսական մոդեռնիզմի ծաղկման օրերին, նույն հեղինակը հրատարակել է պոեզիայի տեսությանը վերաբերող մեկ այլ աշխատություն, որում մեզոստիքոսի բնորոշումն առաջին անգամ տալուց հետո օրինակ չի բերում՝ նետելով այսպիսի բազմանշանակ միտք. «Մեսոստիքոսի ձևը խիստ հազվադեպ է»[iii]: Իսկ արդեն 1929-ին բերում է նոր ստեղծված թարմ նմուշ, որ զարմանալիորեն կոչվում է հենց «Մեսոստիքոս» և որի հեղինակն է 1920-30-ականների հայտնի բանաստեղծ, հետագայում բռնադատված Ալեքսանդր Տու‎ֆանովը: Այն էապես շարունակում է ռուս սիմվոլիստների ակրոստիքոսների և անկյունագծերի՝ գոնե արտաքնապես «ալբոմային լիրիկա» հիշեցնող նվիրումների ձևը և ըստ այդմ յուրաքանչյուր տողի մեկական տառով կազմված ուղղահայացով ամբողջացնում է «Հիշատակ Նատաշային» արտահայտությունը: Բայց քանի որ տողերից վերցված են խառը հաջորդականությամբ տառեր, գրականագետը, հավանաբար հետևելով բանաստեղծ- հեղինակին, տողերը ձախից աջ տեղաշարժում է այնպես, որ տողը գծանկարչորեն ընդգծվի որպես ուղղահայաց.
                                                                  Месостих
                                                    Когда тумаН как дым ползет к ущелью,
                                                  азалий ДафнА ищет по горам,
                                                   венок  плетеТ... а я несусь с метелью
                                 Сквозь льды, без солнцА, выше по скалам,
                                                     туда, где тиШь царит в пустыне синей...
                                                    Там в глубинЕ зеркальной паутиной
                                                   Я вечно сковаН: с Дафной я не сам.
                                                            Когда онА волной своей прибойной
                                             бьет снизу в насыПь млечного пути,
                                                         я как звездА и как ручей разройный
                                                   лечу к ущельяМ — вижу, не найти;
                                                              ищу огнЯ, в который мир закован...
                                                           опять, опяТь землей я зачарован.
                                       Чтоб снова в натишЬ звездную уйти[iv].
      Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ այս երկու գործողությունները՝ մեզոստիքոսի գիտական սահմանումը և հենց այդ վերնագրով բանաստեղծության միաժամանակյա հրապարակումը, կատարվել են Եղիշե Չարենցի «Պատգամ» բանաստեղծության երկնումից ընդամենը չորս տարի առաջ՝  1929 թվականին  Լենինգրադում: Իսկ 1929 թվականի աշնանը Չարենցը  Լենինգրադում էր և հետազոտում էր նշանավոր այդ քաղաքի պատմական, մշակութային, գրական հարստությունը: Բացառված չէ, ավելին՝ խիստ հավանական է, որ հենց այդտեղ էլ նա կարդացել է Ն. Շուլգովսկու գիրքը և մտապահել: Քանզի «Պատգամի» կարգի գործերը հենց այնպես, պատահականորեն չեն ստեղծվում[v]:
         Գիտական վարկածի կարգով առաջարկելով վերաքննել «Պատգամ» բանաստեղծության ծագումնաբանությունն ու ժանրային պատկանելությունը՝ մենք հակված չենք նեղացնելու նշանավոր այդ կոթողի գրամշակութային տարողությունը: Ընդհակառակը, երևույթը համաշխարհային գրական մտքի համապատկերում դիտարկելու ձգտումը թույլ է տալիս նկատելու շատ էական թվացող գծեր հենց ակրոստիքոսի պատմության և տեսության սահմաններում: Որքան էլ «Պատգամը» սովորական ակրոստիքոս չէ, գաղտնագիր տողի ստեղծման ընթացքում նրանում արտահայտվել են հին ու նոր, հանրահայտ և բացառիկ ակրոստիքոսների գեղագիտական հատկանիշները:
        Նախ՝ դարձյալ հիշենք, որ «Պատգամը» գեղարվեստորեն «շրջապատված է» Չարենցի՝ դստերը նվիրված չորս ակրոստիքոսներով: Դրանք հետաքրքրական են և՛ ինքնին, և՛ մեզոստիքոսի ճիշտ ընկալմանը բերող նպաստով:  Ակրոստիքոսները, որոնք կազմում են նույն եզրատողը՝ «ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑ», բնույթով անվանական ակրոստիքոսներ են կամ, ինչպես տեսաբաններն են ասում՝ նոմոգրամներ: Այս հասարակ փաստի մեջ անգամ բեկված է մի մեծ օրինաչափություն, քանզի ակրոստիքոսի պատմության մեջ առանձնացնում են երեք հիմնական տեսակ.
     1.ակրոստիքոս-բանալի, որի առաջին տառերով շաղկապված եզրատողը անթաքույց ձևով արտահայտում է բանաստեղծության հիմնական գաղափարը,
     2.ակրոստիքոս-նվիրում, որի հասցեատերը կարող է լինել ի սկզբանե հայտնի կամ նրբորեն թաքցված,
     3.ակրոստիքոս-ծածկագիր, որի պարունակած բառը կամ ասույթը հատուկ թաքցվում է գրաքննչական, քաղաքական կամ բարոյական որևէ նկատառումով:
     Առանձին տեսակ է համարվում այբբենական ակրոստիքոսը («աբեցեդարիում»), որի տողերի, տների կամ բառերի սկզբնատառերը հաջորդաբար կազմում են տվյալ լեզվի այբուբենն ամբողջությամբ:
     Իսկ ահա տելեստիքոսը, մեզոստիքոսը և լաբիրինթոսը, ներքին զանազան ճյուղավորումներով հանդերձ, սակավադեպ զարտուղի ձևեր են, որոնց մասին անհրաժեշտ հանգամանալիությամբ արդեն խոսել ենք:
          Արփենիկին նվիրված չորս գործերը ակրոստիքոս-նվիրումներ են, որոնք, ինչպես և «Պատգամը», ամփոփում են ժանրի պատմության աներևույթ ու բացահայտ նստվածքները, բայց նաև՝ ունեն ակնհայտ ինքնատիպ գծեր: Որ դրանք մարմնավորում են անուն, ներքուստ հեռավոր հաղորդակցության մեջ է այն իրողության հետ, որ աշխարհի առաջին ակրոստիքոսները հենց անուններ էին կապակցում: Մասնագետների մեծ մասը համոզված է, որ ակրոստիքոսի հիմնադիրը հին հույն բանաստեղծ Էպիքարմոսն է (մ.թ.ա. 5-րդ դար), որը իր գործերի հեղինակային պատկանելությունը արտահայտել է սեփական անունը ակրոստիքոսի ձևով գրելով: Նույնը արել է հռոմեացի բանաստեղծ Էննիոսը, որն իր չափածո գործերը պիտակել է «Հորինել է Էննիոսը» ակրոտողով: Սա է, որ մասնագետները համարում են առաջին ստորագրությունը գրարվեստի պատմության մեջ:
           Ակրոստիքոս-ստորագրությունը բազում դրսևորումներ ունի հայ միջնադարյան պոեզիայում, որ «Գիրք ճանապարհին» ձևավորած ամենից հզոր մշակութային ավազաններից է: Սահակդուխտ Սյունեցու խիստ տպավորիչ, բայց հպանցիկ փորձից հետո իրենց գործերը ակրոստիքոսով են կնքել նախ՝ Նարեկացին, իսկ ավելի հաճախ՝ Շնորհալին: Գրիգոր Նարեկացու «Քառասնիցն» տաղը տողերի առաջին տառերով հոդում է «ԳՐԻԳՈՐԻ Է ԵՐԳՍ ԱՅՍ» նախադասությունը[vi], «ԳՐԻԳՈՐԻ ԵՐԳ» բառակապակցությունն են կազմում նրա գանձերը, ընդ որում՝ հենց ակրոստիքոսի առաջին տառը կազմելու համար է, որ բանաստեղծը դրանք սկսում է «գանձ» բառով և այդպիսով հիմնադրում գրական նոր ժանր (փաստորեն՝ ակրոստիքոսը կատարում է ժանրակազմիչ դեր)[vii]:
        Ավելի հաճախակի ու բազմաձև են Ներսես Շնորհալու կազմած ակրոստիքոսները:  «Աբեցեդարիումի» տարբեր ձևերից ու մի շարք  նվիրումներից բացի, հատկապես՝ տաղերում և գանձերում տեղ են գտել «Ներսիսի երգ», «Ներսեսի է», «Ներսեսի է այս բանս» և այլ ստորագրություններ[viii]: Միջնադարի երկու հսկաների այս նախասիրություները՝ միաձուլված հեղինակային իրավունքի միջնադարյան ըմբռնման և անտիկ-քրիստոնեական ավանդույթի գործոններին, պատճառ են դառնում, որ հեղինակի անունն ամփոփող ծայրակապ-ակրոստիքոսներ կազմեն հաջորդ դարերի բազմաթիվ հայ բանաստեղծներ՝ Խաչատուր Տարոնեցին, Հովհաննես Թլկուրանցին, Գրիգորիս Աղթամարցին, Գրիգոր Խլաթեցի Ծերենցը, Նաղաշ Հովնաթանը, Պաղտասար Դպիրը և ուրիշներ:
       Անունը՝ ակրոստիքոսի մեջ. ընդհանուր և ազգային անտիկ այս ավանդույթն է վերարթնանում դստերը նվիրված չարենցյան ակրոստիքոսներում: Բայց նախկինում գրեթե միշտ գրանցված էր հեղինակի անունը, իսկ Չարենցի գործերում  հեղինակի անունը առկա է այնքանով, որքանով այն նաև հասցեատիրոջ՝ փոքրիկ Արփենիկի ազգանունն է: Այս հանգույցում Չարենցը անտիկ ավանդույթին պատվաստում է ռուսական նոր բանաստեղծության ակրոստիքոսային ավանդույթը: Վերջինիս մեջ դարձյալ անվերապահորեն գերակշռում են անունները, բայց դրանք կա՛մ գործընկերների, կա՛մ բարեկամուհիների անուններ են:
         Համաշխարհային գրականության մեջ չի երևում որևէ այլ դեպք, որ բանաստեղծը ակրոստիքոսը նվիրած լինի իր երեխային: Չարենցը  միակ հեղինակն է, որն ակրոստիքոսներ է նվիրել իր երեխային, ընդ որում՝ դա արել է չորս անգամ:
       Ավելին՝ չմոռանանք, որ Չարենցը ակրոստիքոսները գրել է ոչ թե Արփենիկի ալբոմում, այլ իր կյանքի ճանապարհն իմաստավորող գրքում, ընդ որում դրանցից մեկը դրել է գրքի ճակատին:  Մեջբերենք այն դարձյալ «Գիրք ճանապարհի» ժողովածուի առաջին տարբերակից.
                                                       
                                                     ԱԿՐՈՍՏԻՔՈՍ
                                          Արեգա՛կ, ովկիան զորության,
                                          Րոպե առ րոպե քո հրով
                                          Փայփայի՛ր, տուր զորություն
                                          Եյակին այս յերգի ու սիրո.
                                          Նա դեռ փո՛քր ե այնքան ու թույլ,
                                          Իր սիրտը – դեռ սափոր ե մաքուր, –
                                          Կազդուրվի թող նա քո հրով:
                                           Չլինի թող որ աշխարհում,
                                           Արեգա՛կ, վոր յես չերգեմ
                                           Րախճական, ռամիկ՝ այս դարում,
                                           Եյությամբ քո լցված, հրկեզ,
                                           Նվիրված պայքարին այս ու քեզ
                                           Ցարդ չեղած տաղեր ու յերգեր[ix]
Առաջին այս ակրոստիքոսի (մյուս երեքը կարելի է համարել սրա տարբերակները) և  օրերի տարբերությամբ ստեղծված «Պատգամի» գեղարվեստական փոխկանչը գործում է մի քանի  ուղիներով:
     1.Գլխավորն այն է, որ գիրքը բացելով իր պոեզիայում դեռ չեղած և հայ նոր պոեզիայում սոսկ մեկ անգամ երևացած  ակրոստիքոսով, Չարենցը խորաթափանց ընթերցողին մի տեսակ հուշում-հասկացնում է, որ ուշադիր լինի, քանզի գրքում, հնարավոր է, էլի կան նման հնարանքի ուրիշ, միգուցե թաքնված դեպքեր:
     2.Պոեզիայի պատմության մեջ շատ չեն այն դեպքերը, երբ հեղինակը ակրոստիքոս պարունակող բանաստեղծությունը հենց «Ակրոստիքոս» էլ վերնագրում է (մեկական այդպիսի գործեր ունեն, օրինակ, Ն. Գոգոլը, Ա. Կոլցովը, Ս. Եսենինը): Շատ ավելի սակավադեպ նույն բանաստեղծը ունենում է մեկից ավելի նման վերնագրումներ: Մեզ ծանոթ միակ ակնհայտ բացառությունը պատկանում է դարձյալ Չարենցի սիրելի բանաստեղծ Ն.Գումիլյովին, որն ունի  «Ակրոստիքոս» կոչվող առնվազն հինգ բանաստեղծություն: Չարենցն ունի մեկով պակաս, բայց չորսն էլ մեկ գրքում, որ, թվում է, դարձյալ բացառիկ դեպք է և բացատրվում է վերստին «Պատգամի» գաղտնագրի գոյությունը ընթերցողին «գլխի գցելու» մղումով:
     3.Վերջինով պետք է բացատրել նաև բովանդակությամբ շատ մոտ, տարբերակներ թվացող՝ միանգամից երեք «Ակրոստիքոսների» զետեղումը իրար հետևից:
     4.Այդ երեք «Ակրոստիքոսները» դրված են նույն բաժնում, որտեղ և «Պատգամն» է՝ վերջինից ընդամենը տասնհինգ էջ հետո:
     5.Այսքան ճակատային քայլերից, վերնագրային «մերկացումներից» հետո Չարենցը կարծես հույսը չի կորցնում, բայց և լրիվ վստահ չէ, որ ընթերցողները կնկատեն գաղտնագրված պատգամը: Եվ ահա «Գիրք ճանապարհի» գրքի վերջին ակրոստիքոսի եզրափակիչ տողերում նա մի վերջին կարթ է նետում՝ ասելով.
                                         
                                          Ե՜յ, նայի՛ր, նա արդեն խոսում ե…
                                          Նայես ի՞նչ ե նրա անունը.
                                          Ցանկացողը կգտնի, թե ուզում ե[x]:
           «Ցանկացողը կգտնի, թե ուզում Է». այս միտքը կամ ցանկությունը, որ առավել վերաբերում է «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» գաղտնագրին, Չարենցը գրել է վերջինից ընդամենը մեկ օր առաջ:
     6. «Պատգամին» գեղարվեստորեն շրջապատող  չորս «Ակրոստիքոսների» նման կուտակման և տեքստային ցայտունացման միտումնավորությունը երևում է նաև անուղղակիորեն: Ժանրատեսակի հանդեպ ունեցած ամբողջ ուշադրությամբ հանդերձ՝ հետագա տարիներին Չարենցը միայն առիթից առիթ է դիմում ակրոստիքոսի ձևին, այն էլ ալբոմային պոեզիային մոտ գտնվող տիրույթում: Պահպանվել է «ՄԱԳԴԱԼԻՆԱ» ակրոստիքոսը՝ իբրև վերջաբան «Չքնաղ Մագդային» շարքի[xi], և մի բանաստեղծուհու վկայությունը իրեն նվիրված, բայց ցավալիորեն չպահպանված ակրոստիքոսի մասին. «Մեղքս քավեցի, այս բանաստեղծությունը քեզ եմ նվիրել, ակրոստիքոս է, բանաստեղծության տողերի առաջին տառերը թե որ վերից վար կարդաս, ստացվում է Հռիփսիմե Պողոսյան…»[xii]:
     7. «Պատգամի» և «Ակրոստիքոսների» միջև առկա է նաև գաղափարների  մերձավորություն: Առաջինի իմաստային կենտրոնը հայրենիքի ու ժողովրդի փրկությունն է, մյուսներինը՝ իր էության շարունակությունը, իր կյանքի իմաստն ամփոփող զավակի ուժեղացումն ու երջանկությունը: Մի կարևոր հանգույցում սրանք հատվում են, որովհետև երեխայի լուսավոր ապագան հնարավոր է միայն ուժեղ, ներդաշնակ հայրենիքում:
     8. Վերջապես,  կա որոշ հարազատություն մեզոստիքոսի և  «արփենիկյան» ակրոստիքոսների ոճի և  պատկերավորման ձևերի միջև: ժողովրդի և սեփական բալիկի՝ երկու գլխավոր սրբությունների փրկությանը կոչված պատգամախոսության ձևին առընթեր ուշադրություն է գրավում արև-արեգակի՝  որպես կենտրոնական պատկերի ընտրությունը բոլոր հինգ բնագրերում:
          «Նոր լույս ծագեց աշխարհին. Ո՞վ այդ արևը բերեց»,– այսպես է սկսվում «Պատգամը», իսկ հաջորդող տողերում բազմիցս հայտնվում է այդ արևը՝ «չքնաղ»,«ոսկյա» մակդիրներով, «այգաբաց», «լույս» և այլ հարակից բառապատկերներով: Այս լույսն ու արևը, որ կցկտուր մեկնաբանությունների մեջ անվարան բացատրվում են իբրև խորհրդային կարգերի այլաբանություն, իրականում խորհրդանշում են նաև կեցության դրական հիմունքը: Նման ըմբռնումը ճիշտ է միայն մասնակիորեն, այնքանով, որ մեծ պատերազմից, պատմական հայրենիքի կորստից և Եղեռնից հետո հավաքական ժողովրդի գոնե մի հատվածը թեկուզև կարճ ժամանակով խաղաղություն ու ստեղծագործ աշխատանքի հնարավորություն էր գտել:
          Բայց չենք մոռանում նաև, որ արևը ի սկզբանե և դեռ խորհրդային կարգերից շատ առաջ Չարենցի բառարվեստի կենտրոններից էր: Որպես կյանքի զորության և երջանկության խորհրդանիշ՝ այն լիուլի արտահայտվել է նաև ակրոստիքոսներում: Դրանցից երկուսը սկսվում են «արեգակ», մյուս երկուսը՝ «արև» բառերով: «Փոքրիկ մանկիկը   արևի նման է» գաղափարից ավելի այստեղ տիրական է արեգակին ուղղված և քանիցս կրկնվող «Փայփայի՛ր, տո՛ւր զորություն էակին այս» պատգամ-հորդորը:
         Բնագրային կարևոր մի նկատառում. հերոսուհու անուն-ազգանունը կազմելու համար Չարենցը ամեն բնագրում երկուական անգամ պետք է բառ կազմեր ր տառով և հայերենի այդ բարդությունը հաղթահարելու համար քանիցս կրկնում է «րոպե» բառը: Բայց հավանաբար բառային ձանձրույթը փարատելու համար երկու անգամ պեղել և գտել է հազվագյուտ և նույնքան գեղեցիկ բառեր՝ «րախճական» և «րաբբի»: Նույն խնդիրը լուծելու համար երկուական անգամ էլ հարկավոր էր բառ սկսել ա-ով, որը շատ դյուրին էր: Բայց Չարենցը բոլոր ութ դեպքերում օգտագործել է  «արեգակ» կամ «արև» բառերը: Անշուշտ, որևէ մեկի մտքով չի անցնի դրանք դիտել իբրև խորհրդային կարգերի այլաբանություն: Եվ նույն օրերին ստեղծված այս «արևները» օգնում են փիլիսոփայական-կենսական մի կարևոր ենթաշերտ տեսնելու նաև «Պատգամի» «ոսկյա արևի» մեջ, ազատելու այն սոցիոլոգիական կաղապարից:
          Այս պահին մենք մոտենում ենք կարևորագույն մի հանգույցի՝ «Պատգամ» բանաստեղծության ամբողջական բնագրի որպիսության խնդրին: Բայց մինչ այդ խիստ համառոտ դիտարկումներով անդրադառնանք բուն մեզոստիքոսի ևս մի քանի հատկանիշներին՝ զուգադրելով դրանք ակրոստիքոսի վաղնջական ավանդույթի հետ:
        «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» տողը, ձևով լինելով մեզոստիքոս, էությամբ ծածկագիր է (շիֆր): Ծածկագրման ակրոստիքոսային ավանդույթը սկիզբ է առնում դարձյալ անտիկ աշխարհից՝ հնագույն մոգական տեքստերից: Ցիցերոնի վկայությամբ՝ հին աշխարհի գուշակուհի Սիբիլլան իր մարգարեությունները թաքցնում էր ակրոստիքոսների միջոցով: Վաղ քրիստոնյաները հալածանքներից խուսափելու համար ակրոստիքոսի ձևով օգտագործում էին «ICQUS» (ՁՈՒԿ) բառը, որի սկզբնատառերը նշանակում էին «ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ԱՍՏԾՈ ՈՐԴԻ, ՓՐԿԻՉ»:
          Սակայն Չարենցի մեզոստիքոս-ծածկագիրը, ի տարբերություն հապավման բնույթ ունեցող տառային գաղտնագրումների, ամբողջական նախադասություն է: Նախադասություն-ակրոստիքոսները այնքան շատ չեն, որքան բառերն ու բառակապակցությունները, բայց առկա են թե՛ ընդհանուր գրականության, թե՛ ազգային ավանդույթի մեջ: Օրինակ՝ Ներսես Շնորհալին իր գործերից մեկը նվիրել է Մխիթար Հերացուն՝ երկտող տների առաջին տառերով կազմելով հետևյալ նախադասությունը. «ՄԽԻԹԱՐ ԲԺԻՇԿ, ԸՆԿԱԼ Ի ՆԵՐՍԷՍԷ ԶԱՅՍ ԲԱՆ»[xiii]: Վերջինս բնորոշ օրինակ է նաև նրանով, որ, ինչպես և «Պատգամը», հասցեագրում պարունակող նախադասություն է:
         Բայց «Պատգամը» ոչ թե սոսկ  նախադասություն է, այլ ամփոփ միտք արտահայտող իմաստախոսություն՝ աֆորիզմ (ի դեպ թարգմանելիս «պատգամ» բառը  շատ լեզուներում նշանակում է հենց «աֆորիզմ») կամ թևավոր խոսք: Սա նույնպես հին ավանդույթ է և արտահայտված է մասնավորապես Աստվածաշնչում: Ըստ մասնագետների, ասենք, Երկրորդ օրինաց գրքում Մովսեսի մի հարց-նախադասության բառերի առաջին տառերը կազմում են «MYLH»՝ «թլպատում», իսկ վերջին տառերը՝ «YHWH»՝ «Եհովա» բառերը, որոնք ծածկագրումով շաղկապում են «Թլպատման միջոցով հասնում ենք Աստծուն»  աֆորիստիկ միտքը[xiv]:
         «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» պատգամ-աֆորիզմն ունի ընդգծված քաղաքական բնույթ և ծածկագրվել է գրաքննչական արգելքները հաղթահարելու և երկի ու հենց իր՝ հեղինակի կյանքը չվտանգելու նպատակով: Առաջինը հաջողվել է, երկրորդը՝ ոչ: Զարմանալի է, բայց ռուսական հեղափոխության ու խորհրդային իշխանության հենց սկզբից մի ամբողջ շարք հեղինակների հաջողվել է հնարամիտ ձևերի օգնությամբ հաղթահարել խմբագրական կամ ցենզուրային պատնեշը: Օրինակներից մեկը ապշեցուցիչ է նրանով, որ սարկաստիկ ձևով ուղղված է հենց վերջինիս դեմ: Գրող Ա. Ամֆիտեատրովը փետրվարյան հեղափոխությունից մեկ ամիս առաջ տպագրել էր լրագրային  ֆելիետոն, որի  բառերի առաջին տառերով կազմել էր հետևյալ վտանգավոր ակրոստիքոսը. «РЕШИТЕЛНОНИОЧЕМПИСАТНЕЛЗЯПРЕДВАРИТЕЛНАЯЦЕНЗУРАБЕЗОБРАЗНИЧАЭТЧУДОВИЩНО» («Վճռականորեն ոչ մի բանի մասին գրել չի կարելի. նախնական գրաքննությունը այլանդակվել է  հրեշավոր կերպով»):
        Խորհրդանշական իմաստ ունի այն ցնցող բացահայտումը, որ ժամանակին իր դիպլոմային աշխատանքը գրելիս արել է ռուս գրող Վ. Շումիլինը: 1917 թ. հոկտեմբերի 25-ին՝ նոր կարգերի առաջին օրը, «Պրավդա» թերթը տպել էր «Կրասնի» մականունով անհայտ բանաստեղծի ոտանավորը, որ արտաքնապես փառաբանում էր հեղափոխությունը և վերնագրված էր «Պրոլետարիատի հիմնը», իսկ ակրոստիքոսով ասում էր այն, ինչ Լենինի և կողմնակիցների  մասին դառը հեգնանքով ասում էին Պետրոգրադում. «Ми немецки шпион и провокатор» («Մենք գերմանական լրտես ենք և պրովոկատոր»)[xv]:
       Վերջին օրինակը բնութագրական է նաև բովանդակային առումով, քանզի երբ այդ բանաստեղծության տողերը կարդում ենք ակրոստիքոսի լույսով, ժողովրդի համար պատրաստվող նոր լծին վերաբերող մտքերը սահուն կերպով հատկացվում են իրական հասցեատիրոջը՝ նոր իշխանություններին: Նույն այն իշխանություններին, որոնց ուղղված էր նաև մեկուկես տասնամյակ անց հղացված չարենցյան ծածկագիրը:
                  5. Ուղղահայաց «Պատգամի» բովանդակությունը 
   
            Դարձյալ հիշենք, որ մեզոստիքոսը համարվում է «առեղծվածային ձև», և զարմանքով արձանագրենք ամենաարտառոցը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ասույթը, որ հայերեն ամենից հայտնի նախադասություններից մեկն է, մինչև օրս հստակորեն բացատրված չէ նաև ըստ էության: Ի՞նչ նկատի ուներ Չարենցը, ինչի՞ց էր դժգոհ, և ումի՞ց կամ ինչի՞ց պետք է փրկվի հայ ժողովուրդը: Ի՞նչ է նշանակում «ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺ»:
        Մոտ ութ տասնամյակների ընթացքում այս հանելուկային հարցերին տրվել են բազմաթիվ պատասխաններ: Համարժեք և հիմնավոր եզրահանգման հասնելուց առաջ վկայակոչենք այդ բացատրությունները՝ ժամանակագրական որոշ հերթականությամբ և հնարավոր խմբավորումներով: Չխճճվելու համար հենց սկզբից նշենք առանցքային և ամենից ճակատագրական խնդիրը. Չարենցը հայ ժողովրդի փրկությունը պատկերացնում էր Խորհրդային Միությունից դո՞ւրս, թե՞ նրա կազմում:
     1.Մուղդուսու և Գևորգովի տեսակետ: Եթե չհաշվենք բուն գրվածքը, սա ժամանակագրորեն առաջին վարկածն է՝ հայտնված 1936 թ. նոյեմբերի 16-ին ՆԳԺԿ-ում. «Դուք անց եք կացրել հետևյալ բովանդակության հակահեղափոխական, նացիոնալիստական լոզունգը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ընդունո՞ւմ եք, որ այդ լոզունգը հակահեղափոխական, դաշնակցական է»[xvi]: Լսելով Չարենցի հերքումը՝ քննիչներն այլևս մեկնաբանություն չեն ավելացնում և միայն տալիս են նոր հարցեր:
     Այսպիսով՝ թեպետև հարց ու պատասխանի արանքում, Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության մարմնի առաջին երկու ղեկավարները «Պատգամի» գաղտնագիրը համարում են հակախորհրդային և ազգայնամոլական, հընթացս, արդեն հարցի մեջ հնչած  «դաշնակցական» բնորոշումը ավելի է ամրապնդում տեսակետը, քանզի 1936 թվականին այդ բառը կարող էր հասկացվել հենց՝ «ոչ սովետական» իմաստով: Հարցի ձևով առաջադրվում է նաև տրամաբանական հակափաստարկ. «Եթե, ըստ Ձեզ, այդ լոզունգն ամբողջովին հակահեղափոխական  չի համարվում, ապա ինչո՞ւ եք Դուք այն այդպես գաղտնագրել»[xvii]:
        2.Չարենցի տեսակետ (հարցաքննության տարբերակ): Առկա են Չարենցի մի քանի տեսակետներ՝ արտահայտված բուն բնագրում, հարցաքննության ժամանակ, ուրիշների խոսակցության մեջ և հուշագրական վկայություններում: Դրանք եթե իրարամերժ չեն, համենայն դեպս զգալիորեն տարբերվում են իրարից:
     Այս տարբերակը պետք է գնահատվի՝ հարցաքննության սպառնալից մթնոլորտը հաշվի առնելով: Ընդունելով գաղտնագրի գոյությունը՝ Չարենցը, սակայն, փնտրում է խուսանավման ուղիներ. «Բայց ես ամենևին դա չեմ համարում հակահեղափոխական, դաշնակցական լոզունգ, որովհետև ես նկատի ունեմ ժողովուրդ հասկացությունը՝ սկզբունքորեն տարբեր ազգ տերմինից, որը կիրառում են դաշնակցականները»[xviii]:
         Դաշնակցության խնդիրը հենց սկզբից շրջանառվում է «Պատգամի» մեկնաբանություններում, բայց այն ածանցյալ է և բխում է ասույթի հակախորհրդային (ժամանակի բառով՝ «հակահեղափոխական») բնույթի հավանականությունից: Չարենցին թվում է, որ բնագրում «ազգ» բառի փոխարեն «ժողովուրդ» բառի առկայությունը բավական է քննիչներին համոզելու, որ ինքը նկատի ունի Խորհրդային Հայաստանի ժողովրդին: Այդպես կարելի է հասկանալ «Պատգամի» գրության շարժառիթների մասին Չարենցի տված բացատրությունը, որն իր միամտությամբ ընկալելի կարող է լինել միայն հարցաքննության պայմաններում. «Այդ բանաստեղծությունը գրված է 1933 թվականին, երբ դրությունը Հայաստանի լեռնային շրջաններում, ինչպես հայտնի է, աղետալի էր, ինչն էլ իմ գրքի որոշ տեղերում, մասնավորապես այդ լոզունգում, օբյեկտիվ նախադրյալ է հանդիսացել իմ որոշ հոռետեսական տրամադրությունների համար»[xix]: Սոցիալական խնդիրները նույնպես մտահոգում էին Չարենցին և համախոհներին, բայց այդպիսի, նույնիսկ ավելի սուր  հարցը չէր կարող պատճառ դառնալ «Պատգամի» ստեղծման համար:
         Նույն նեղացումը և տեղայնացումը կատարվում են այն հարցին պատասխանելիս, թե ումի՞ց էր «պատրաստվում փրկել հայ ժողովրդին»: «Այն ղեկավարներից, որոնք Հայաստանի նշված դրության մեղավորներն են» [xx],– ասում է Չարենցը, որովհետև չէր կարող ասել, որ  պատրաստվում է հայ ժողովրդին փրկել ռուսական տիրապետությունից կամ Խորհրդային Միության ղեկավարությունից (ի դեպ, 1933 թվականին Հայաստանի երկու գլխավոր ղեկավարներն էին Աղասի Խանջյանը և Սահակ Տեր-Գաբրիելյանը, որոնց վարած քաղաքականությունից Չարենցը հիմնականում՝ գոհ էր և դժգոհեց, նույնիսկ ողբերգություն ապրեց նրանց «հեռացումից», որը եղավ «Պատգամից» երկու-երեք տարի հետո):
        Այս երկխոսությունը և Չարենցի կարծիքը տրամաբանական ավարտի են հանգում, երբ կասկածյալ բանաստեղծը պատասխանում է Մուղդուսու (կամ նրա տեղակալի) այն հարցին, թե ինչու՞ է գաղտնագրել. «Ընդունում եմ, որ չնայած իմ սուբյեկտիվ պատկերացմանը այդ լոզունգի բովանդակության մասին, որպես ոչ հակահեղափոխական, ամբողջությամբ և լրիվ կարող էր ընկալվել որպես հակահեղափոխական»[xxi]:
     3.ԽՍՀՄ Գլավլիտի տեսակետ: 1937 թ. հունվարի 27-ին, երբ գաղտնազերծումը կատարված էր անվտանգության մարմինների մակարդակով, ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունու անունով ստացվում է մամուլում ռազմական և պետական գաղտնիքների պահպանման միութենական պատասխանատու, ՌԽՍՖՀ Գլավլիտի պետ Ս. Ինգուլովի գրությունը, որի մեջ «Պատգամի» գաղտնագիրը առանց մանրամասնելու միանշանակորեն համարվում է «նացիոնալիստական լոզունգ». «Հայտնի հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» գրքում (լույս տեսած 1933 թվականին) զետեղված է «Պատգամ» վերնագրով բանաստեղծություն: 269-270 էջերում գտնվող այդ բանաստեղծության առաջին տառերից հետո երկրորդ փոքրատառերը եթե կարդացվեն վերևից ներքև (բանաստեղծության սկզբից մինչև վերջ), կստացվի հետևյալ  նացիոնալիստական լոզունգը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Խնդրում եմ շտապ պատասխանել այդ գրքի առթիվ ձեռնարկված միջոցառումների մասին»[xxii]:
          Այս գրությունը պահվում է Հայաստանի պետական արխիվում: Իսկ մոսկովյան պահոցում պահվում է ճիշտ նույն բովանդակությամբ մեկ այլ փաստաթուղթ, որը գրաքննչական գլխավոր մարմինը նույն թվականի մարտի 1-ին «գաղտնի» նշումով հասցեագրել է ՀամԿ(բ)Կ ԿԿ  քարտուղար Ա. Ժդանովին: Վերջում զեկուցվում է. «Հայաստանի Գլավլիտին հեռագիր է ուղարկվել գրքի արգելման մասին»[xxiii]:
        Այսպիսով՝  Գլավլիտը իր հավանական իրազեկող ՆԳԺԿ մարմինների նման հաստատված է համարում «նացիոնալիստական լոզունգի» տեսակետը: Վերջինիս անուղղակի, բայց խիստ պերճախոս վկայությունն է այն, որ Չարենցի այլևայլ «մեղքերից» հենց «Պատգամն» է դառնում «Գիրք ճանապարհի» ժողովածուի արգելման պատճառ: Համենայն դեպս, դա է պաշտոնական տեսակետը, որին համահունչ են նաև ժամանակի գաղափարական սպասավորների և անգամ իր՝ Չարենցի բացատրությունները:
    4. Չարենցի տեսակետ (Ավետիք Իսահակյանի հետ ունեցած զրույցի տարբերակ): Նույն ժամանակ՝ 1937 թ. ապրիլի 11-ին, Հայաստանի Գրողների միությունում կայացած մի նիստի ընթացքում Ազատ Վշտունին քանիցս կրկնում է, որ Չարենցը «նացիոնալիստական գրող» է, և պահանջում, որ նրա հետ կապ ունեցող մեկը իրենց տեղեկացնի, թե նա հիմա ինչով է զբաղված: Ելույթ է ունենում  Իսահակյանը և մասնավորապես վերապատմում տնային մեկուսացման մեջ գտնվող բանաստեղծի այն խոսքը, թե «Պատգամը» իր միակ հանցանքն է. «Հետո հարցրել եմ՝ ինչո՞ւմն են քեզ մեղադրել, և նա երդվել է իր կնոջով, իր երեխայով, Հայաստանով, ամեն բանով, որ ինքն անմեղ մարդ է, միակ հանցանքն այն է, որ որ նա գրել է մի ոտանավոր, որի մասին դուք գիտեք…»[xxiv]: Նկատենք, որ անգամ ամենամտերիմ մարդկանցից մեկի հետ վարած առանձնազրույցում Չարենցը նույնիսկ նվազագույն չափով չի ընդունում ո՛չ տեռորիզմի, ո՛չ հակախորհրդային խմբի, ո՛չ տրոցկիստներին հարելու մեղադրանքները (անշուշտ, չի բացառվում նաև Իսահակյանի դիվանագիտական որոշ զգուշավորությունը «գիշատիչների» շրջապատում), բայց խոստովանում է գաղտնագրով բանաստեղծություն գրելու մեղքը, այն էլ՝ որպես «միակ հանցանք»: Ու թեև դա արվում է առանց մեկնաբանության, ակնհայտ է, որ հանցանքը ասույթի ազգային բովանդակությունն է: Ակնհայտ է նաև, որ այս ըմբռնումը ակամա հերքումն է հարցաքննության տարբերակի չարենցյան խուսանավման՝ «Հայաստանի լեռնային շրջաններում» ստեղծված աղետալի դրությանն արձագանքելու տեսակետի: Վերջինիս զավեշտախառն աղավաղումն է այն կարծիքը, որ վերոհիշյալ նիստում ներկայացրել է Գևորգ Աբովը՝ Իսահակյանի ելույթից անմիջապես հետո:
     5. Չարենցի տեսակետ (Գևորգ Աբովի վկայակոչած  տարբերակ): Ի հակադրություն Չարենց-Իսահակյան երկխոսության՝ ժամանակի տերը դարձած միջակությունը վերապատմել է իր խոսակցությունը Չարենցի հետ. «Ահա այս լոզունգն էր, և իհարկե այս լոզունգը անմեղ լոզունգ չէր, ինչպես Չարենցը բացատրել է ընկեր Իսահակյանին: Եվ, ընկե՛ր Իսահակյան, Չարենցն իրեն միայն այս խնդրում է հանցագործ համարում, սակայն դա միակ հանցանքը չէ: Ես պետք է ասեմ, որ սկզբում, երբ ես նրա հետ խոսել եմ այդ մասին, նա սկսել էր երկերեսանի կերպով խոսել այդ մասին, որ ես այդ բանն ասել եմ՝ ի նկատի ունենալով մեր կոլխոզային հասարակարգի ստեղծումը»[xxv]: Լեզվի և մտքի հակասություններով լեցուն այս վկայությունը կարելի էր համարել նաև հորինված, եթե չլիներ այն որոշակի ներդաշնակությունը, որ առկա է Մուղդուսուն և Աբովին Չարենցի տված բացատրությունների միջև: Երկրորդը, որ ամենայն հավանականությամբ հնչել է առաջինից հետո՝ 1936 թ. նոյեմբերի 16-ից մինչև 1937 թ. ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում, նույնքան խուսափողական է (այդպես պետք է հասկանալ Աբովի օգտագործած «երկերեսանի» անպարկեշտ բառը, որ նույն շրջանում, բայց մեկ այլ առիթով օգտագործել է նաև տխրահռչակ Ամատունին): Հավանաբար Չարենցը ակնարկել է կոլեկտիվացման ժամանակ տեղ գտած աղետավոր երևույթները՝ բռնի ունեզրկում, կուլակների ահաբեկում, գյուղացիների բռնի տեղափոխում արդյունաբերական կենտրոններ, սով, մի խոսքով՝ «Հայաստանի լեռնային շրջաններում» ստեղծված այն աղետալի դրությունը, որ ըստ հարցաքննության տարբերակի՝ իբրև թե ընկած էր «Պատգամի» գաղափարախոսության հիմքում: Բայց եթե ՆԳԺԿ-ի հեղձուցիչ մթնոլորտում Չարենցի այդ շրջանցումը ողբերգական է, Գևորգ Աբովի խմբագրած տարբերակում վերածվում է զավեշտի և ամբոխավարական մատուցմամբ կորզում դահլիճի ծիծաղը: Այդ վիրավորական ծիծաղը խորքի մեջ հերքումն է «Հայաստանի լեռնային շրջանների» ու «կոլխոզային հասարակարգի» հարակից տարբերակների և հիմք է տալիս Աբովին գրական հասարակության «ընտրանու» այդ անխոս հերքումը վերածելու խիստ հասկանալի տրամաբանական լեզվի. «Տեսնո՞ւմ եք, բոլորդ ծիծաղում եք, ես խնդիրը շատ պարզ եմ դնում, երբ նրան հարցրել են, թե դա ինչ է նշանակում, նա պատասխանել է, որ դա Հայաստանի կոլխոզների մասին եմ գրել. ինչո՞ւ կոլխոզների մասին գրել գաղտնի, ինչո՞ւ կոլխոզների մասին չգրել ուղղակի գրքի ճակատին, ո՞վ է նրան խանգարել, նրա մեղքը միայն գրելու մեջ չէ, այլև նրանում, որ նա այդ գրածը ուզեցել է թաքցնել»[xxvi]:
             «Ինչո՞ւ կոլխոզների մասին գրել գաղտնի». սա հարց չէ, ավելի ճիշտ՝ ճարտասանական հարց է կամ հերքում հարցով, որ շուրջ հինգ ամիս առաջ վարած հարցաքննության ընթացքում կիրառել էին նաև Մուղդուսին և Գևորգովը («Եթե, ըստ Ձեզ, այդ լոզունգն ամբողջովին հակահեղափոխական  չի համարվում, ապա ինչո՞ւ եք Դուք այն այդպես գաղտնագրել»): Պետանվտանգության ղեկավարները իրենց այդ հարցին չեն պատասխանում կամ պատասխանում են իրենց հետագա գործողություններով: Իսկ Գևորգ Աբովը նույն ելույթում տալիս է նաև այն բանի բացատրությունը, թե ըստ իրեն՝ ինչ է նկատի ունեցել Չարենցը: Դրանով էլ, ի դեպ, նա յուրովսանն ուղղորդում է մուղդուսիների մոտալուտ գործողությունները:
     6. Գևորգ Աբովի տեսակետ: Ելույթի սկզբում անհիմն վերագրումով պնդելով, թե Իսահակյանը համաձայնում է Չարենցի կարծիքին՝ Աբովը խորացնում է նացիոնալիզմի մեղադրանքը և ասույթի մեջ տեսնում որոշակի քաղաքական ծրագիր: Ըստ այդմ՝ Չարենցը գրել է «ակրոստիքոս», «որտեղ դրել է նացիոնալիստական տրամադրություններ, որտեղ դրել է հայ ժողովրդի հավաքագրման խնդիրը: Այդտեղ իմաստն այն է, որ հայ կապիտալիստները պետք է հավաքվեն Հայաստան, և այստեղ Նուբար Փաշան պետք է գա, որ այստեղ պետք է ստեղծվի հայկական բուրժուազիայի տիրապետության մի վայր»[xxvii]:
         «Պատգամի» այս մեկնաբանությունը «փայլում է» իր կոնկրետությամբ: Ասույթի մեջ Նուբար փաշայի մասնակցությամբ արևելյան Հայաստանում (դժվար չէ ենթադրել՝ խորհրդայինի փոխարեն) բուրժուական պետություն ստեղծելու ծրագրիր տեսնելու համար հիրավի մեծ երևակայություն էր պետք, և երբեմնի ‎ֆուտուրիստ Աբովը դրսևորում է այդ ունակությունը: Մեծագույն սխալը, որը կարելի է թույլ տալ «Պատգամի» բովանդակությունը վերարտադրելիս, այն դասային կամ կուսակցական, առավել ևս՝ անձնային որոշակիացման և նեղացման հանգեցնելն է: Քննարկումից դուրս դնելով Խորհրդային Հայաստանի նկատմամբ բարեհաճ (լոյալ) Նուբար փաշայի խցկումը բանաստեղծության ասելիքի տիրույթ՝ արձանագրենք նաև ասույթի կուսակցական կաղապարումը: Իսահակյանի մի կարճ ռեպլիկից հետո՝ Գևորգ Աբովը եզրակացնում է. «Այդ դաշնակցական լոզունգ է, այդպիսի լոզունգ միայն դաշնակները կարող են տալ. այդ հակահեղափոխական լոզունգը նա աշխատել է մաքսանենգ կերպով հրապարակել մեր մասսաներին, սա մի դատապարտելի հակահեղափոխական գործ է գրողի համար»[xxviii]:
        Մուղդուսու, Գլավլիտի և Աբովի տեսակետների հարազատությունը բացահայտ է. երեքում էլ մեղադրանքի առանցքը  «նացիոնալիստական» բառն է, իսկ Մուղդուսու և Աբովի մեղադրականներում, բացի այդ, ընդհանուր են ևս երկու ահազդու բառեր: Առաջինը  «հակահեղափոխական» պիտակն է, որ այլապես նշանակում է «հակասովետական»: Ժամանակի քաղաքական բառապաշարում վերջինիս գլխավոր հոմանիշներից մեկն էլ «դաշնակցականն» է, ուստի այն ևս պարտադիր տեղ ունի թե՛ Մուղդուսու-Գևորգովի հարցաքննության, թե՛ Գևորգ Աբովի հրապարակային ելույթի սղագրություններում:
     Եվ արդեն քանի՜երորդ անգամ «Պատգամը» հայտնվում է առեղծվածների մութ դաշտում: Բանն այն է, որ Պետքաղվարչության քննիչներից և խորհրդային գրողների ղեկավարից հետո, առանց տեղյակ լինելու նրանց կարծիքներին, տարիներ հետո «Պատգամի» գաղտնագրված «բանալու» դաշնակցական բովանդակության մասին խոսել է ՀՅԴ հայտնի գործիչ Վահան Նավասարդյանը:
     7. Վահան Նավասարդյանի տեսակետ: 1957 թ. Կահիրեում տպագրված, հետագայում Թեհրանում, իսկ վերջերս՝ Երևանում վերահրատարակված գրքում Չարենցին անձնապես և գործով լավ ճանաչող հեղինակը անչափ հետաքրքրական համառոտ անդրադարձ է կատարել նաև «Պատգամ» բանաստեղծությանը: Վերջինս համարելով որևէ իմաստից զուրկ գրվածք՝ նա «հնարամիտ քողարկումի տակ» տեսնում է «Չարենցի քաղաքական կտակը իր ժողովրդին»: Ուշագրավ է, որ դրսից նետված ազատ հայացքով հանդերձ՝ Նավասարդյանը նույնպես ասույթը համարում է հակախորհրդային և դաշնակցական: Տարբերությունը շեշտադրումների մեջ է. հակառակ ռուս և հայրենի հավատաքննիչների՝ նա գովեստով է խոսում այդ հատկանիշների մասին, դրանք դիտում իբրև համազգային գաղափարի խտացումներ: Ըստ այդմ՝  Չարենցը հայ ժողովրդի փրկությունը տեսնում է նրա հավաքական ուժի մեջ.
     «ՀԱՎԱՔԱԿԱ՛Ն ուժի և ոչ թե այդ ուժից անջատված միայն մեկ մասի, որ կոչվում է Բոլշևիզմ:
     Այդ  հավաքական ուժի ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱ՛Ն մեջ է և ոչ թե այն թշնամանքի, որ հրահրում է Բոլշևիզմը ոչ համայնավար հայության դեմ:
     Փրկությունը ՀԱՄԱԶԳԱՅԻ՛Ն իդեալի մեջ է և ոչ թե հակընդդեմ և իրերամերժ ձգտումների:
     Նրա մեջ է, որ մի և միացյալ ամբողջություն կազմեն հայության բոլոր կենդանի, գործոն և ստեղծարար ուժերը՝ հանուն հայրենիքի և ժողովրդի  փրկության:
      Նրա մեջ է, որ այս ուժերը արտաքին ճնշման տակ երկու թշնամի բանակների չբաժանվեն՝ անպտուղ պայքարների մեջ իրենց բովանդակ խանդն ու կորովը սպառելու համար:
      Նրա մեջ է, որ հայտնապես հակահայ նպատակով ճակատ չհարդարվի հայության մեկ ընտրելագույն հատվածի՝ Հ. Յ. Դաշնակցության դեմ, որ առատորեն այնքան արյուն թափեց ի խնդիր իր հայրենիքի ազատության:
     Ահա և Չարենցի պատգամը»[xxix]:
        Վահան Նավասարդյանի այս ծավալուն կարծիքը մեջբերեցինք լրիվ, որովհետև այն ամփոփ ձևով ներկայացնում է ճշմարտությունը չարենցյան գաղտնագիր ասույթի էության մասին (փոքր-ինչ չափազանցված է թվում միայն ՀՅԴ-ի խնդիրը «Պատգամի» ենթատեքստից դեպի բնագրի մակերես տեղափոխելու հասկանալի միտումը): Սրանով էլ կարելի էր լուծված համարել հարցը, բայց դա, ցավոք, անկարելի է հետևյալ պատճառով: Մինչդեռ սփյուռքահայ գրական միտքը «Պատգամը» համարել է «համայնավարութենե հուսախաբված ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ կողմե»[xxx]  ստեղծված գործ, հայրենի գրողներն ու քննադատները հետագա տարիներին համառորեն ճգնել են  «հայ ժողովրդի միակ փրկության» չարենցյան գաղափարախոսությունը չհակադրել խորհրդային կարգերին: Այս մտայնությունը սկզբնավորվել է Չարենցի արդարացման օրերին և ձգվել առնվազն մինչև  Խորհրդային Միության փլուզումը:
     8.Չարենցի արդարացման ժամանակ ստեղծված հանձնաժողովի տեսակետ: 1955 թ. ստեղծվել է  Չարենցի և բռնադատված մյուս գրողների արդարացումը մասնագիտորեն հիմնավորող հանձնաժողով (նախագահ՝ Հ. Քոչար, անդամներ՝ Գ. Բորյան, Է. Թոփչյան, Ա. Ասատրյան, Հ. Մկրտչյան, Հ. Սալախյան): Եզրակացության մեջ ի թիվս այլ գործերի՝ հատուկ գնահատական է տրվել «Պատգամին»: Սա չափազանց ուշագրավ կարծիք է, որ, լինելով վեց հեղինակավոր գրողների ու քննադատների տեսակետը, արտահայտում է նաև ժամանակի մտայնությունը: Ըստ այդմ՝ չի ժխտվում գաղտնագրի հակախորհրդային ուղղվածությունը (թեև բացահայտ չի էլ նշվում), բայց կատարվում է հասցեագրման նեղացում՝ ակնարկելով, թե Չարենցը դժգոհ էր ոչ թե կարգերից, այլ միայն նրա մի ղեկավարից: Ահա հանձնաժողովի տեսակետը. ««Գիրք ճանապարհիի» մեջ զետեղված է «Պատգամ» ակրոստիքոսը, որի մեջ բանաստեղծը պատգամում է.  «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այս բանաստեղծությունը Չարենցի ներքին բողոքի արտահայտությունն էր ընդդեմ իմպերիալիզմի լակեյ Բերիայի քաղաքականության՝ ուղղված Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ոչնչացման դեմ»[xxxi]:
         Ճիշտ է, որ  Բերիայի գործունեության քննադատությունը էական տեղ է գրավում Չարենցի քաղաքական հայեցողության մեջ, բայց «Պատգամը» ուղղված չէ որևէ առանձին անհատի դեմ: Այն ունի համակարգային ուղղվածություն, և հենց խորհրդային համակարգը բանաստեղծության կոնցեպցիայից անջրպետելու համար է այն փոխարինվում Բերիայի քաղաքական կերպարով: Բացի այդ՝ հանձնաժողովը «Պատգամը» համարում է վատ, խոտելի գրվածք և նման նեղացում-անձնայնացումով փորձում բացատրել Չարենցի «սխալը»: Այս մոտեցումը ավելի բացահայտ է եզրակացության վերջնամասում, ուր հայ ժողովրդին ու նրա մշակույթը հետապնդող Բերիայի քաղաքականության մասին ևս մեկ անգամ խոսելուց հետո շատ բացորոշ ասվում է. « Չարենցը հիվանդագին էր արձագանքում այդ քաղաքականությանը՝ երբեմն ընկնելով հոռետեսության գիրկը, կորցնելով հեռանկարը (Չարենցի «Պատգամ» ակրոստիքոսը)»[xxxii]:
           Ուրեմն, ըստ Հրաչյա Քոչարի գլխավորած վեցյակի՝ հայ ժողովրդի միակ փրկությունը նրա հավաքական ուժի մեջ տեսնելը նշանակում էր չտեսնել նրա զարգացման խորհրդային հեռանկարը: Մի քանի տասնամյակ անց պատմությունն ինքը հաստատեց չարենցյան  «հոռետեսությունը»՝ իրադարձությունների օբյեկտիվ ընթացքով ընդհատելով հայ ժողովրդի խորհրդային-համայնավարական զարգացման ընթացքը:
          «Բերիայի տարբերակից» հետո ասպարեզ է գալիս Չարենցի իմաստախոսությունը խորհրդային կարգերին ու գաղափարախոսությանը չհակադրելու ամենատարածված ճիգ-խուսանավումը՝ այսպես ասած «հայրենադարձության տարբերակը», որն առավել որոշակիորեն հնչում է 1960-ական թթ. վերջին և տևում մինչև ԽՍՀՄ կործանումը: Իբրև մտայնություն կամ մոլորություն այն, հասնում է անգամ մինչև մեր օրերը:
     9.Չարենցի երկերի գիտական հրատարակության կամ՝ Ալմաստ Զաքարյանի տեսակետ:
       1968 թ. փոքր-ինչ ուշացումով տպագրված չորրորդ հատորի ծանոթագրություններում Ա. Զաքարյանը «Պատգամի» ստեղծման դրդապատճառների և գաղափարական նպատակաուղղման գնահատման մեջ բացարձակ և անվերապահ առաջնությունը տալիս է սովետական կառավարության կազմակերպած հայրենադարձությանը. ««Պատգամը» հայությանն ուղղված համախմբման կոչ է՝ Սովետական Հայաստանում կառուցելու իր ապագան»[xxxiii]:
           Հարակից դատողությունների կողքին՝ հայրենադարձությունը խափանել փորձող դաշնակցականներ, Հոկտեմբերի փրկարար դեր, համախմբման նույն միտքը «Գիրք ճանապարհիի» այլ գործերում, այստեղ բացակայում է գլխավորը: Եթե հայրենադարձությունը, «ընդառաջելով հայ աշխատավորության բաղձանքներին», կազմակերպել էր սովետական կառավարությունը, ինչո՞ւ էր Չարենցն իր կոչը գաղտնագրել: Եվ հետո, եթե իրոք դա էր Չարենցի նպատակը, ինչո՞ւ Մուղդուսուն և Աբովի կարգի հոգեհաններին չէր ասում, թե ինքը նկատի է ունեցել ազգաձուլման վտանգի առջև կանգնած հայության ներգաղթը: Դժվար չէ պատկերացնել, որ այդ դեպքում նրանք կտային նույն հարց-հերքումը, որ հնչեցնում էին  «Հայաստանի լեռնային շրջանների» և «կոլխոզային հասարակարգի» շինծու տարբերակները լսելիս՝ «Ինչո՞ւ եք Դուք այն այդպես գաղտնագրել»:
        Հանուն արդարության պարզաբանենք, սակայն, որ բերվածը սոսկ կազմողի   անձնական տեսակետը չէր: Նախ՝ 4-րդ հատորը հավանաբար նաև՝ «Պատգամի» պատճառով, ունեցել է ծանր երկունք, և նրա ծանոթագրությունները ենթարկվել են փորձության: Ապա՝ այդ «վտանգավոր» հատորն ունեցել է խմբագրակազմ, որի անդամների թվարկումն անգամ պատկառազդու է: Կազմողից բացի՝ այստեղ են Ս. Աղաբաբյանը, Ա. Ինճիկյանը, Գ. Մահարին, Էդ. Ջրբաշյանը և Պարույր Սևակը, իսկ վերջինս նաև հատորի խմբագիրն է (մյուս հինգ հատորներից ոչ մեկը անհատ խմբագիր չունի): Ուզենք թե չուզենք՝ «հայրենադարձության տարբերակը» փաստացի նաև այս հինգ հեղինակությունների տեսակետն է[xxxiv]: Ուստի զարմանալի չէ, որ այն ժամանակ առ ժամանակ հայտնվում է տարբեր գրականագետների և հուշագիրների գրվածքներում: Չորրորդ հատորից մի քանի տարի անց, և դրա ակնհայտ ներգործությամբ, նույն տեսակետն արտահայտվել է Վ. Գաբրիելյանի «Չարենցի արտասահմանյան ուղևորությունը» և «Արևմտահայ պոեզիան Չարենցի գնահատությամբ» զեկուցումներում[xxxv]: Իսկ արդեն խորհրդային կարգերի վերջին տարում լույս է տեսել հատուկ «Պատգամին» նվիրված հոդված, որի հեղինակը գրում է. «Ազգային համախմբվածության այս ծրագիրը Չարենցն արծարծում էր այն տարիներին, երբ աստիճանաբար  Խորհրդային Հայաստանի ճանապարհն էին բռնում պատմական հայրենիքից արտաքսված հայորդիները»[xxxvi]Այնինչ մինչև Հայաստանի Անկախության հռչակագիրը մնացել էր մեկ ամիս…
              «Հայրենադարձության տարբերակը» հավանական կարող է թվալ միայն ձևական տրամաբանության դիրքերից՝ նկատի ունենալով բուն հայրենադարձության սկզբի  և  «Պատգամի» ստեղծման ժամանակային մերձությունը (վերջին հոդվածում դատողություններ են արվում 1932 թ. Բաթում ժամանած առաջին շոգենավի մասին) և հատկապես՝ բառիմաստների տառային-հնչյունական համընկնումը:  Հավաքական ուժի և հայրենիքում հավաքվելու նույնարմատ բաղադրիչները մակերեսային հայացքով կարող են թվալ նաև նույնիմաստ:
             Կարծես թե այս մոլորությունն է ընկած գրականագետ Գրիգոր Հակոբյանի՝ դարձյալ սովետական տարիներին շարադրված (մահացել է 1981-ին), բայց արդեն անկախության օրոք տպագրված  հուշագրության՝ «Պատգամին» վերաբերող հատվածում: Այլ դեպքերում խիստ հավաստի և արժեքավոր վկայություններ հաղորդող հուշագիրը անտարակույս չորրորդ հատորի ազդեցությամբ ոչ միայն ինքն է պնդում «հայրենադարձության տարբերակը» (««Պատգամը» աշխարհով մեկ սփռված հայերին ձուլումից փրկելու վերաբերյալ յուրօրինակ ակրոստիքոս էր»[xxxvii]), այլև այն հետահայաց դիտարկումով վերագրում է իրեն՝ Եղիշե Չարենցին: Իբր թե՝ Գրողների միության ստուդիայում իրենց դասավանդած բանաստեղծը սաների համար վերլուծել է «Պատգամը» ժողովուրդների ձուլման վտանգի տեսանկյունից: Նախ՝ 1935 թ. գարնանը գաղտնագիրը քողազերծված չէր, մինչդեռ հայրենիք վերադառնալով ազգաձուլումից փրկվելու կոչ կարելի է վերագրել, թեկուզ և թյուրիմացաբար, միայն գաղտնագրին, բայց ոչ բնավ «Պատգամի» տեսանելի հորիզոնական բնագրին: Որ Չարենցը կարող էր ինչ-որ մարդկանց մոտ խոսել իր նվիրական գաղտնիքն ամփոփող այդ գործի մասին, բացել գաղտնիքը (ինչպես արել է Բակունցի հետ զրույցում) կամ զգուշանալով շրջանցել («Մենք զգում էինք, որ նա ինչ-որ բան է ուզում ասել, բայց չի ասում»[xxxviii],– հիշում է Գ.Հակոբյանը), հնարավոր է, անգամ հավանական: Բայց եթե մարդը 1935 թ. գարնանը համոզված է, որ իր բանաստեղծությամբ ձգտել է, որ իր ժողովուրդը չձուլվի ուրիշ ազգերի մեջ, և հայրենիք վերադառնալու կոչ արել սփյուռքահայությանը (որն, ի դեպ, առանց իր կոչի էլ վերադառնում էր), ինչո՞ւ մեկուկես տարի հետո կայացած սարսափելի հարցաքննության ժամանակ չի ասում, որ դա է նկատի ունեցել: Չէ՞ որ նույնիսկ որպես խուսանավման միջոց՝  «հայրենադարձության տարբերակը» շատ ավելի համոզիչ կհնչեր, քան «լեռնային շրջանների տարբերակը»:
     10.«Բագին» հանդեսի կամ Պողոս Սնապյանի տեսակետ: 1960-ական թվականներից սկսած՝ Բեյրութում տպագրվող այս նշանավոր հանդեսը հանձին խմբագիր Պ. Սնապյանի բազմիցս անդրադարձել է Չարենցի կյանքի և ստեղծագործության մութ անկյուններին, դրանց շարքում՝ նաև «Պատգամի» էության հարցին: Բացառապես Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված համարում երկու անգամ անդրադարձ է արված «հայրենադարձության» տեսակետին: Չափազանց բարձր գնահատելով Ալմաստ Զաքարյանի աշխատանքը՝ համարի վերջին էջում սփյուռքահայ մեկնաբանը խիստ ակնարկ է նետում, թե՝ «Պատգամի» ծանոթագրության մեջ «գաղափարը ենթարկուած է կամաւոր այլասերման»[xxxix]:
         Ավելի վաղ հատուկ անդրադարձ է արված նաև Վ. Գաբրիելյանի զույգ հրապարակումներին: Դրանց առիթով «Բագինը» «հայրենադարձության» դրույթը համարում է ««Պատգամ»-ին ճշմարիտ խորհուրդէն» շեղող, նրա «յղացման պատմական ու բուն պատճառները» շրջանցող տեսակետ[xl]:
           Իսկ ո՞րն է այդ ճշմարիտ խորհուրդը: Ըստ հանդեսի՝ դա հայ ժողովրդի ապագան ոչ թե խորհրդային կարգերի կամ սոցիալիզմի, այլ սեփական ուժերի հետ կապելու հայեցողությունն է. ««Պատգամ»-ը՝ իր գրառման օրերուն համայնավարութենէն արմատապես յուսաբեկ և հարազատ ժողովուրդին միայն հաւատացող տառապած մարդու մը խուլ աղաղակն է, բանաստեղծական դաժան հնարքով մը տարազուած հեռահայեաց կոչ…»[xli]:
           Նույն էջի աջ սյունակում ևս մեկ անգամ տպագրված առասպելյալ բանաստեղծությունը և երբեմնի գաղտնագիր, բայց վաղուց և այժմ ամենածանոթ, գլխատառերով ընդգծված «Ո՜Վ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» նախադասությունը լուռ հիշեցնում են ճշմարտությունը:
          Այդ ճշմարտությունը վերջնավորված չէ ժամանակի մեջ և ըստ այդմ՝ ենթակա չէ ավարտուն լեզվական սահմանման: Վերոբերյալ մեկ տասնյակ տեսակետների քննական վերլուծությունից զատ՝ կան ասույթի աֆորիստիկ-իմաստասիրական խորքին մոտեցնող ևս մի քանի վերլուծական դիտանկյուններ:
         Դրանցից մեկը ասույթի լեզվական՝ բառային ու ոճական ներքին պարունակության բնութագրումն է: Խիստ ընդհանուր գծերով պատկերն այսպիսին է: Ասույթը ձևով, բովանդակությամբ և հասցեագրումով կոչ է: Այն արտահայտում է միախառնված դժգոհություն և պահանջ, որոնց ցուցիչը բազմանշանակ «Ո՜վ» կոչական եղանակավորիչն է[xlii]: Հորդորի եղանակ ունեցող կոչը ուղղված է ամբողջ հայ ժողովրդին, այսինքն՝ ազգի հավաքականությանը, և այս ընդհանրությունը բացառում է նպատակի իրականացումը եզակի խմբի, կուսակցության, դասի կամ անհատի ուժերով[xliii]: Երկու անգամ կրկնված «քո» բառաձևը («քո միակ փրկությունը քո») կրկնապատկում է ժողովրդի ինքնուրույնության, հույսը երբեք առանձին կամ օտար ուժի վրա չդնելու անհրաժեշտությունը: «Պատգամի» հավասարազոր բառերի շարքում ծանր կշիռ ունի հատկապես «միակ» բառը, որ այլընտրանքի զերծումն է, փրկությունը երբե՛ք օտարի, ուրիշի հետ չկապելու, հույսը միայն իր վրա դնելու բարոյականը: Պատգամյան բառաշարքի գլխավոր հանգույցը, սակայն, «փրկություն» բառապատկերն է. ստուգապես այն շատ ավելին է, քան բառարանային իմաստը և անգամ սովորական գեղարվեստական նշանակությունը: Ըստ այդ բառի՝ ազգը պետք է փրկվի քաղաքական, ազգային, մշակութային, տնտեսական և հոգեբանական ճնշումից: Մի կողմից՝ դա նշանակում է, որ ազգը գերության մեջ է, բառ-գաղափար, որ չկա աֆորիզմը ներփակող նախադասության մեջ, բայց հզոր շնչով զգացվում է ենթատեքստում (ի դեպ, «գերության» բառը երկու անգամ օգտագործված է «Պատգամի» հորիզոնական բնագրում)[xliv]Մյուս կողմից՝ ներմուծվում է մեսիայի՝ փրկչական առաքելության գաղափարը, ընդ որում փրկչի դերում կարծես թե մարգարե բանաստեղծն է, բայց իրականում մտքի մոգական թռիչքով նա   փրկչի դերում դնում է հենց իրեն՝ փրկվողին: Իսկ դա հնարավոր է միայն «հավաքական ուժի» միջոցով: Հավաքականությունը միաբանումն ու համախմբումն է ժողովրդի բոլոր բաղադրիչների և տարրերի՝  Հայրենիք և Սփյուռք, ղեկավարներ և ենթականեր, մտավորականներ և շինականներ, հող և նրա վրա ապրող մարդիկ, անցյալի արժեքներ և ներկայի արարում: Այդ ամենի շնորհիվ էլ տիրական կլինի ազգի ուժը՝ ներառելով հզոր տնտեսությունը, ծաղկող գիտությունն ու արվեստը, բարեկեցիկ և արդար հասարակությունը, ռազմական զորությունը: Այդ ամենի՝ «հավաքական ուժի» և «ուժի հավաքականության» շնորհիվ հայ ժողովուրդը կփրկվի որևէ այլ ազգի գերին կամ հպատակը լինելու պարտադրանքից:
         Ուղղահայաց պատգամի լայնահուն վերլուծության մյուս դիտանկյունը ասույթի պատմագեղարվեստական բովանդակության զուգադրումն է «Գիրք ճանապարհի» ժողովածուի մյուս գործերի հետ: Դրանցից յուրաքանչյուրը մեծապես կամ փոքր չափով նպաստել է «Պատգամի» հասունացմանը, որը կարճ ժամանակում ստեղծված այդ գրքի այսպես ասած՝ «վերջին շրջանի» արտահայտություն է։  Բայց  միաժամանակ՝ այդ ստեղծագործությունները նաև լուսավորվել են «Պատգամի» մտքի լույսով: Այս ամենը հիմնավորելու և ընդհանրապես՝ չարենցյան «Պատգամի» ճանաչողությունն ամբողջացնելու համար հարկ է վերլուծության ոլորտ բերել նաև բանաստեղծության երևացող բնագիրը՝ այսպես կոչված հորիզոնական «Պատգամը»:
    
     6. Հորիզոնական պատգամի առեղծվածը. այլ առեղծվածներ և լեգենդներ    
          Գրականության տեսության մեջ վերապահ, անգամ քամահրական մոտեցում կա ընդհանրապես ակրոստիքոսի և հատկապես՝ մեզոստիքոսի նկատմամբ: Ըստ այդմ՝ նման գործերը ուղղված են ավելի շատ տեսողությանը, քան լսողությանը: Էականը իբրև թե՝ հենց գրաֆիկական պատկերն է, ոչ թե խոսքը, իսկ հնարանքն ինքը գրչի խաղ է կամ կատակ, որին տեղ տված գրվածքը չունի գեղարվեստական ինքնուրույն արժեք: Այս տեսակետի առավել կտրուկ տարբերակը արտահայտվել է Ա. Կվյատկովսկու նշանավոր բառարանում. «Մեսոստիքոսի, հավասարապես նաև տաղաչափության արտակարգ դժվար նման ուրիշ ձևերի մասին կարելի է ասել հին լատինական ասացվածքի բառերը. «Stultum est diffici habere nugas» («Հիմարություն է դժվարին անմտությամբ զբաղվելը»)»[xlv]:
         Չարենցի «Պատգամի» մասին նույնպես հայտնվել են նման կարծիքներ: Առավել տարածված է, սակայն, անտեսումը. չարենցագիտական աշխատությունների բացարձակ մեծամասնության մեջ այս բանաստեղծությունն ընդհանրապես շրջանցվում է կամ՝ լավագույն դեպքում դիպվածային անդրադարձ է արվում սոսկ նրա ուղղահայացին: Միայն առանձին դեպքերում հորիզոնական բնագիրը նույնպես արժանացել է որոշ ուշադրության, այն էլ հակառակ ծայրահեղությամբ՝ հայրենադարձության կոչի դիրքերից և այն չփաստարկված մոտեցմամբ, թե իբր՝ արժեքային  և բովանդակային առումներով այն հավասարազոր է ուղղահայաց գաղտնագրին:
          Իրականում հորիզոնական «Պատգամը» ուղղահայացի բնագրային նախապատրաստումն ու զգուշավոր հուշումն է, որը գոնե այդքանով է արժանի հատուկ ուշադրության: Մանավանդ որ, ժանրատեսակի յուրահատկության և գրվածքի առանձնահատուկ ճակատագրի թելադրանքով նա մնացել է գերհզոր գաղտնագրի «ստվերում»՝ այն աստիճան, որ ընթերցողներից շատերը, Չարենցի որևէ հատորում կամ թերթում հանդիպելով «Պատգամին», կարդում են «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ասույթը, իսկ բուն բանաստեղծությունը՝ ոչ: Որոշ չափով բազմաբառ կամ ձգձգված, ինչ-որ իմաստով՝ սպասարկու-հարմարեցված դեր կատարող հորիզոնական «Պատգամի» նկատմամբ մեղք գործած չլինելու համար (չէ՞ որ ի վերջո նա է իր «տաքուկ» մի անկյունում պահել-պահպանել սրբության կարգը դասված գաղտնագիրը)  պետք է տանք նրա գրական-պատմական, իմաստային, ոճական ու տաղաչափական բնութագիրը: Վերջինս հարկ է սկսել բնագրի ուշադիր զննությունից, որի որոշ նախադրյալները կներկայացնենք հիմա՝ իբրև գալիք ավարտուն հետազոտությունների ներածական:
        «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» աֆորիզմը բաղկացած է քառասունվեց տառից, իսկ բանաստեղծության տողաքանակը մեկով ավելի է՝ քառասունյոթ: 23-րդ տողը՝ «Որ գերության անհաղորդ…», դուրս է մեզոստիքոսից և խախտում է այն: Խախտումը առկա է «Գիրք ճանապարհիի» առաջին հրատարակության մեջ և կրկնվել է բանաստեղծության հետագա բոլոր հրապարակումներում՝ բացի մեկից: Տողը լռելյայն օտարվել է  «Բագին» հանդեսի վերոհիշյալ հրապարակման մեջ: Ավելորդ տողի առկայության պատճառն անհայտ է: Միգուցե ինչ-որ պահի Չարենցը կամեցել է երկու առանձին տողերից ստանալ «ու» տառի երկու մասնիկները (խախտումը նախորդում է մեզոստիքոսի «փրկությունը» բառի առաջին «ու»-ին), ինչպես ակրոստիքոս կազմելիս վարվում էին միջնադարի մեր որոշ բանաստեղծներ, բայց դա նրան չի հաջողվել, ուստիև սպրդել է ավելորդ տողը: Չի բացառվում նաև խմբագրական միջամտության կամ մեկ այլ գործոնի հավանականությունը:
         Համենայն դեպս, դուրս մնացած տողի մեկնաբանությունը ինչ-որ չափով կարող է նպաստել բանաստեղծության ամբողջական պարզաբանմանը:
     Չնկատված մյուս հետաքրքրական իրողությունն այն է, որ մեզոստիքոսի և «Պատգամի» մնացյալ բնագրի միջև ոչ մի ընդհանուր բառ չկա: Բացառություն է թվում «ով»-ը, բայց իրականում առկա են համանուն երկու տարբեր բառեր՝ հորիզոնական բնագրում՝  հարցական դերանունը («Ո՞վ այդ արևը բերեց»), իսկ ուղղահայացում՝ կոչական բառը («Ո՜վ հայ ժողովուրդ»): Բառապաշարային նման անջրպետումը, որ կարող է բացատրվել ծածկագիրը չգաղտնազերծելու հեղինակի մտահոգությամբ կամ մեկ այլ գործոնով, ամեն պարագայում ուժգնացրել է ուղղահայացի և հորիզոնականի խզումը:
          Բայց և այնպես, բանաստեղծության արտաքնապես լավատեսական, թվացյալ «սովետական ոգուն» առընթեր ուշադրություն է գրավում բնագրում կրկնվող մի քանի բառերի սերտությունը ավելի շատ մեզոստիքոսի, քան չծածկագրված մեծ բնագրի հետ: Այդ բառերն են՝ «գերություն», «հիմարություն», «իմաստություն»: Դրանցից առաջինն առկա է նաև շղթան խախտող տողում:
        Այդ տողից մի քանի տող առաջ՝ դարձյալ տխուր-ոչ սովետական իմաստ ունեցող 20-րդ տողի վերջում, առկա է սխալ գրությամբ բառ՝ «խավարտչին» (հայերենի բառարաններում առկա է «խավարչտին» ձևով): Տողը այս գրությամբ է տպագրվել և՛ «Գիրք ճանապարհի» ժողովածուի առաջին հրատարակության մեջ, և՛ հետագա հրապարակումների մեծ մասում, այդ թվում՝ Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության չորրորդ հատորում: Եղածը վրիպա՞կ է, թե՞ Չարենցի ամենախույզ միտքը նկատի ունի մի բան, որ մեզ տեսանելի չէ: Եթե սոսկական վրիպակ է, պետք է ուղղվի ապագա պատասխանատու հրատարակություններում:
         Հետաքրքրական, երբեմն տարօրինակ բնագրային տվյալների կողքին ուշադրություն են հայցում  բառապաշարային և պատկերային մի ամբողջ շարք այլ իրողություններ, որոնց կողքով անտարբեր անցել է Նորին մեծություն չարենցագիտությունը: Դրանց թվում են արխաիկ և հազվադեպ արվեստավոր բառերը («պուրպուրե», «հեց», «զվարթուն», «լուրթ», «անկոր»), զնգուն և իմաստակիր հանգերը («մարդուն-զվարթուն», «հորդ-անհաղորդ», «արև է՛լ-արևե՛», «հիմա-անմահ»), ճարտասանական հարցումներն ու բացականչությունները, բառերի պատկերային անսովոր կապակցությունները: Վերջին կարգի միավորները նույնպես գրեթե չեն արժանացել ուշադրության, եթե չհաշվենք «նոր լույսը» անվերապահորեն խորհրդային կարգերի այլաբանություն համարելու կաղապարը կամ դիպվածային որոշ դատողություններ, ըստ որոնցից մեկի, ասենք, «իմաստության մի գետակ» ասելով՝ Չարենցը նկատի ունի «Սասնա ծռեր» էպոսը:
           Չարենցագիտությունը կոչված է ոչ միայն մեկնաբանելու հորիզոնական պատգամների էությունն ու ոճաբանությունը, այլև լուծելու վաղուց հայտնի, բայց այդպես էլ պատասխան չստացած մի քանի հարցեր, որոնցից ծանրագույնն ու գայթակղության աստիճանի հետաքրքրականը մատնիչի առեղծվածն է: Արդեն քանի տասնամյակ գրական միտքը տանջվում է և չի կարողանում հիմնավոր պատասխան գտնել այն հարցին, թե գրաքննությանը այնքան վարպետորեն խաբած Չարենցը ո՛ր «բարեկամին» (կամ «բարեկամներին») է անզգուշորեն, գուցե և դիտավորյալ հայտնել նվիրական գաղտնիքը և թե նրանցից ո՛վ  է այդ տեղեկությունը փոխանցել գաղտնի ոստիկանությանը: Բանավոր և գրավոր աղբյուրներում դեռ 1930-ական թվականներից անհատապես շրջանառում են Չարենցի երկու մտերիմների՝ արձակագիր Ակսել Բակունցի և գրաքննադատ Սուրեն Հարությունյանի անունները: 1936 թ. նոյեմբերի 16-ի արդեն հանրահայտ հարցաքննության ժամանակ Մուղդուսի-Գևորգով երկյակի և Չարենցի միջև առանց մեկնաբանության կայացել է հետևյալ երկխոսությունը.
       «Հարց. Ո՞վ գիտեր այդ հակահեղափոխական լոզունգի մասին:
       Պատասխան. Ես ինքս ցույց եմ տվել և այդ լոզունգը կարդացել միայն երկու մարդու՝ Ա. Բակունցին և գրական քննադատ Ս. Հարությունյանին»[xlvi]:
       Թե երկուսից հատկապես ո՛վ է իրազեկիչը, չեն ասում ո՛չ քննիչները, ո՛չ բանաստեղծը: Սակայն այս բացահայտումից շատ չանցած՝ Չարենցը դարձյալ ծանր, բայց արդեն մտերմիկ  զրույցի ընթացքում իր (նաև Բակունցի) ավագ բարեկամ Ավետիք Իսահակյանին միանշանակ ասել է, որ իրեն մատնել է Ակսել  Բակունցը. «Նա գրել է մի ոտանավոր, որի մասին դուք գիտեք, և ասում էր, որ այդ մասին ինքը միայն Ակսելին է ասել, և Ակսելն էլ իրեն դավաճանել է… Նա ասում է, որ ես միայն Ակսել Բակունցին եմ ասել, և երբ, ասում է Չարենցը, երբ Պետքաղվարչությունը ինձ հարցրել է այդ մասին, ես անմիջապես ասել եմ, որ դա Ակսել Բակունցն է իրենց ասել, որովհետև ես ոչ մեկի այդ մասին ոչինչ չեմ ասել»[xlvii]:
        Հակասությունն առկա է արդեն իսկ Չարենցի խոսքում: Քննիչներին տված երկու անուններից մեկը շուտով «անհետանում է» Իսահակյանի հետ ունեցած զրույցում: Զարմանալի չէ, ուրեմն, հակասական այն պատկերը, որ ուրվագծվում է մատնիչի հայտնաբերմանը կոչված գրական դատումներում: Չմոռանալով, որ սկզբնաղբյուրի նշանակություն ունեցող չարենցյան հիշյալ վկայություններն ամփոփող երկու փաստաթղթերն անհայտության մեջ էին և հրապարակվել են միայն 1990-ական թթ., նշենք հետևյալ մեծ հակասությունը:  1930-40-ականների սփյուռքյան որոշ հրապարակումներում միանշանակորեն մեղավոր է համարվում Ակսել Բակունցը: Մինչդեռ դարձյալ սփյուռքի ուրիշ մեկնաբաններ Բակունցին «փրկելու» կամ որևէ մեկին մեղադրյալ համարելու բավարար հիմքեր չունենալու դրդապատճառներով մեջտեղ են բերում անանուն «մի բարեկամի» լեգենդը, գրվում և մի ընթացք անտիպ մնալուց հետո անկախության օրոք տպագրվում են հուշեր, որոնց հեղինակները (Հմայակ Սիրաս, Վարագ Առաքելյան) անվերապահորեն լրտես և մատնիչ են հռչակում բացառապես Սուրեն Հարությունյանին:
         Եվ ոչ ոքի մտքով չի անցնում գաղտնազերծման մեղավոր հայտարարել հենց իրեն՝ Եղիշե Չարենցին: Քաջ իմանալով, որ իր բոլոր մտքերը բառացի մեջբերումներով պատմվում են ՆԳԺԿ-ի պատասխանատուներին (այդպես էր ամենաուշը՝ 1935 թ. սկզբից), Չարենցը կարծես թե մեկից ավելի մարդու է ցույց տվել և կարդացել այն, ինչ մեծ զգուշությամբ ու խնամքով թաքցրել էր բանատողերի մեջ: Բայց այս պահին ծագում է ամենադաժան հարցը. իսկ ի՞նչ կպատահեր, եթե Չարենցը լիներ ողջախոհ, ծածկամիտ ու հավասարակշռված և ոչ մեկի չհայտներ իր մեծ գաղտնիքը: Սարսափելի է մտածելն անգամ, որ այդ դեպքում հայ ժողովուրդը այդպես էլ երբեք չէր իմանա իրեն վերաբերող, իրեն հղված մեծագույն իմաստնությունը: Համաշխարհային գրականության պատմությանը հայտնի են ցնցող դեպքեր, երբ մի բանաստեղծի սրբորեն ծածկագրված մեզոստիքոսի մասին իմացվել է միայն մի քանի սերունդ հետո:
     «Պատգամի» ամբողջ պատմությունը ինքնին չափազանց նման է լեգենդի: Բայց կան նաև Չարենցի «Պատգամը» շրջապատող մութ պատմություններ, որոնք իսկապես լեգենդներ են, մեզոստիքոսի լեգենդները:
         Համաձայն մի լեգենդի՝ աշխարհում եղել է գոնե մեկ գրականագետ, ով կամեցել է առանձին և մանրաքնին հետազոտության ենթարկել «Պատգամը»: 1969 թվականին հայկական թերթերից մեկը ազդարարում էր, որ ընթերցողը հաջորդ համարում կարող է կարդալ այդ «հոյակապ վերլուծականը»: Բայց մեկ շաբաթ անց լույս տեսած  այդ համարում խմբագիրը ցավ էր հայտնում, թե դժբախտաբար հնարավոր չեղավ գտնել բաղձալի հոդվածը: Կորած, միգուցե և բնավ չգրված այդ առեղծվածային նյութի հեղինակն է նույն ինքը՝ Չարենցին հայտնաբերած կամ նրան նոր կյանք տված Նիկոլ Աղբալյանը:
        Երկրորդ լեգենդը, ինչպես և առաջինը, իրականության արձագանքն է: Համաձայն այդ պատմության՝ «Պատգամի» գաղտնագրի մասին անձնական իրազեկիչից իմացել է անձամբ Լավրենտի Բերիան, այն էլ՝ բանաստեղծի նկատմամբ քրեական մեղադրանք հարուցելուց և ասույթի հանրայնացումից մեկուկես տարի առաջ՝ 1935 թ. մայիսին: Նույն օրն էլ նա ընդունել է Չարենցին, որը արյունարբուից մազապուրծ՝ հենց Թիֆլիսի մի սրճարանում գրել է Բերիային փառաբանող մի ներբող՝ հավանաբար իր մեծ գաղտնիքի հանդեպ դրսևորած ներողամտությանն ի պատասխան: Պարզապես աներևակայելի է, բայց ըստ այդ բանավոր պատում-լեգենդի՝ մեկ տարի հետո նույն առանձնասենյակում Աղասի Խանջյանին գնդակահարած Բերիան մեկուկես տարի անտեսել է փաստացի նաև իր դեմ ուղղված գաղտնագիրը, իսկ սարսափահար Չարենցը գրելուց անմիջապես հետո ուրիշի ներկայությամբ պատառոտելով ոչնչացրել է ներբողը:
         Երրորդ լեգենդը հորինածո արձագանքն է խիստ իրական այն հարցի, թե խորհրդային ահեղ ու ամենատես գրաքննության հայկական մասնաճյուղը, որ «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ հայտնաբերել էր երեք հակապետական գործ, ինչպե՞ս չէր նկատել ամենից վտանգավոր այդ գրվածքը: Եթե հավատանք հուշագրությամբ միջնորդավորված վկայություններին, նրանք այնուամենայնիվ ունեցել են նման անորոշ մի կասկած, որի մասին շատ տարիներ անց զգուշորեն պատմել է այդ շրջանի հայկական Գլավլիտի պետ, հետագայում տասնհինգ տարի աքսորում տառապած Գառնիկ Ղազարյանը (ի դեպ, «Պատգամի» գաղտնազերծմանը այս կամ այն կերպ առնչված, բանաստեղծին դրա համար տանջած գրեթե բոլոր պաշտոնյաները՝  Ինգուլովը,  Ամատունին, Բերիան,  Մուղդուսին, Գևորգովը, ճակատագրի հեգնանքով կամ պատժի ինչ-որ դիվային տրամաբանությամբ գնդակահարվել են): Բայց իրական բացահայտումը իբրև թե արել է Մուղդուսին՝ նույն ինքը Խաչիկ Աստվածատուրովը: Երբ հարցաքննության ժամանակ նա Չարենցին հայտնել է, որ գաղտնագիրը գաղտնազերծված է, բանաստեղծը անկեղծորեն հետաքրքրվել է, թե ո՞վ է բացահայտել գաղտնիքը: Այդ ժամանակ Մուղդուսին պարծեցել է, թե անձամբ ինքն է նկատել թաքցրածը:
       Լեգենդը պատմում է, որ Մուղդուսու սուտը բռնելու կամ նրա ասածի իսկության մեջ համոզվելու համար Չարենցը հենց տեղում գրել է մեկ ուրիշ բանաստեղծություն և  Մուղդուսուն առաջարկել գտնել նաև դրա գաղտնագիրը: Երբ շատ չարչարվելուց հետո քննիչը չի գտել բանալին, Չարենցն ինքը ցույց է տվել բանաստեղծության ոչ երկրորդ, բայց դարձյալ մեջտեղի տառերով կապակցված ծածկագիր ասույթը. «Մուղդուսի, դու երկոտանի էշ ես, ճիշտ եմ ասում»:
         Ամեն մի հորինվածքի մեջ կա ճշմարտության գոնե մի փոքրիկ հատիկ: Գրական ֆոլկլորի մի յուրօրինակ տեսակ հիշեցնող այս պատումի մեջ ճշմարտանման տարրերը մեկից ավելի են, բայց մեզ զբաղեցնող հարցի տեսանկյունից ամենացնցողն այն է, որ «Պատգամի» շարժառիթով գրված, ըստ ամենայնի՝ «Պատգամին» առնչվող երևակայական բանաստեղծությունը նույնպես մեզոստիքոս է:
        Իսկ գիտական նշանակության տեսակետից առավել էականը հետևյալն է: Եթե անգամ թերահավատորեն ընդունենք մեզոստիքոսի լեգենդներում զետեղված վկայությունների թեկուզև ինչ-ինչ տարրերի հավաստիությունը, կարելի է ենթադրել, որ մոտ կամ հեռավոր ապագայում կարող են հայտնաբերվել չարենցյան ժառանգությունը և «Պատգամ» բանաստեղծության պատմությունն ամբողջացնելու կոչված ևս երեք անտիպ և կորուսյալ գործեր.
 1.Նիկոլ Աղբալյանի ուսումնասիրությունը Ե. Չարենցի «Պատգամի» մասին.
 2.Եղիշե Չարենցի ձոն-ներբողը՝ նվիրված Բերիային.
 3.Եղիշե Չարենցի երգիծական մեզոստիքոսը Մուղդուսու մասին:
Այդ ստեղծագործությունների բնագրերը առայժմ անհայտության մեջ են:                        
                                                                          

Ծանոթագրություններ

[iii] Шульговский Н. Н. Теория и практика поэтического творчества. Технические начала стихосложения. СПб.  Издание т-ва М. Вольф, 1914 г., с. 506.
[iv] Шульговский Н. Н., Прикладное стихосложение, с. 20.
[v] Ի դեպ, նույն 1929 թ. դարձյալ լենինգրադցի, ավելի ուշ՝ հետապնդման ենթարկված բանաստեղծ Արսենի Ալվինգը գրել է սակավադեպ ձևով մի բանաստեղծություն-ակրոտելեստիքոս, որի տողերի առաջին և վերջին տառերով կազմել է «Կեցցե Յուրի Նիկանդրովիչ Վերխովսկին» նվիրումը: Նվազ հետաքրքիր չէ, որ նույն հեղինակը «Պատգամից» ընդամենը երկու տարի առաջ իր իսկական անուն-ազգանունով լույս է ընծայել տաղաչափագիտական մեկ այլ աշխատություն։ Տե՛ս Смирнов А.А., Введение в стиховедение М. 1931:
[vi] Տե՛ս Գրիգոր Նարեկացի, Տաղեր, Եր., «Հայպետհրատ», 1957, էջ 100-102:  
[vii] Տե՛ս Գրիգոր Նարեկացի, Տաղեր և գանձեր, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1981:
[viii]  Տե՛ս Ներսես Շնորհալի, Բանք չափաւ, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1928:
[ix] Ե.Չարենց, Գիրք ճանապարհի,  էջ 5:
[x] Նույն տեղում, էջ 288:
[xi]Տե՛ս Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր,  էջ 108:  
[xii]Հուշեր Եղիշե Չարենցի մասին, Եր., «Սովետական գրող», 1986, էջ 211:
[xiii]Տե՛ս Ներսես Շնորհալի, Բանք չափաւ, էջ 319-324:
[xiv] Աստվածաշնչյան ակրոստիքոսների մասին տե՛ս Э. Буллингер, Имя Иеговы в книге Есфирь. http://www.liveinternet.ru/users/zinaida_khugashvili/post209755108/
[xv]Տե՛ս Шумилин. В. Как надули большевиков. Звезда. N 11, 2007 год. http://magazines.russ.ru/zvezda/2007/11/sh10.html
[xvi] Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր,  էջ 371:     
[xvii] Նույն տեղում, էջ 372:
[xviii] Նույն տեղում, էջ 371:
[xix] Նույն տեղում, էջ 371-372:  
[xx]  Նույն տեղում, էջ 372:
[xxi] Նույն տեղում:
[xxii] Գասպարյան, Փակ դռների գաղտնիքը, էջ 29-30:
[xxiii] Г.Мирзоян, Приговорить к расстрелу, §Ноев ковчег¦, 2010, N 3 http://noev-kovcheg.ru/mag/2010-03/1993.html
[xxiv] Չարենցապատում ըստ անտիպ վավերագրերի. Հ. Բախչինյանի հրապարակումներով, մեկնաբանությամբ և ծանոթագրություններով, Եր., «Սարգիս Խաչենց», 1997, էջ 97:
[xxv] Նույն տեղում, էջ 98-99:
[xxvi] Նույն տեղում, էջ 99:
[xxvii] Նույն տեղում, էջ 98:
[xxviii] Նույն տեղում, էջ 99:
[xxix] Վ. Նավասարդյան, Չարենց. Հուշեր և խորհրդածություններ, Եր., 2007, էջ 96:
[xxx] Տե՛ս «Համազգայինի» օրացոյց-տարեգիրք-1952, Պէյրութ, 1951, էջ  224:    
[xxxi] Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր,  էջ 613:
[xxxii] Նույն տեղում, էջ 619:
[xxxiii] Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հ. 4,  էջ 606:
[xxxiv] Չորրորդ հատորի ծանոթագրությունների աղավաղման, Պարույր Սևակին դրա խմբագիր նշանակելու կասկածելի որոշման և հարակից հարցերի մասին տե՛ս կազմողի հուշերը. Ա.Զաքարյան, Գրականության և պատմության ընթացքները, Եր., «Խորհրդային գրող», 1989, էջ 508-509:
[xxxv] Տե՛ս Չարենցյան ընթերցումներ, Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, գիրք 1, 1973, էջ 209, գիրք 2, 1974, էջ 107:
[xxxvi] Դ. Գասպարյան, Կոչ ժողովրդին. Չարենցի «Պատգամ» բանաստեղծությունը, «Ավանգարդ», Եր., 1990, հուլիսի 25, թիվ 82:
[xxxvii]  Չարենցի հետ. Հուշեր,  2008, էջ 371:
[xxxviii] Նույն տեղում, էջ 370:
[xxxix] «Բագին», Պէյրութ, 1977, թիվ 12, էջ 132:
[xl] Տե´ս նույն տեղում, էջ 77:
[xli] Նույն տեղում:
[xlii] Հայ բանաստեղծներից այս բառը ամենից հաճախ օգտագործել է Պաղտասար Դպիրը, ընդ որում հենց բանաստեղծության սկզբում: «Ո՛վ նեղելոց մխիթարիչ» բառերով է սկսվում գինուն ուղղված կոչը, «Ո՛վ դու մանուկ դեռահասակ» տողով՝ մի պատանու հղված խրատական հորդորը: «Ո՛վ միություն զարմանալի» սկսվածքով բանաստեղծությունը կոչ-դիմումով փառաբանում է միասնության գաղափարը, իսկ «Ո՛վ համայնից փափագելի» տողով սկսվող տաղը արտահայտում է կոչ-դժգոհություն, որի հասցեատերը գաղտնագրված է «ՈՍԿԻԻ» ակրոստիքոսով. բանաստեղծությունը վերնագրված է «Առ այն, զոր գլխատառքդ ցուցանեն»: Տե՛ս Պաղտասար Դպիր, Տաղիկներ, Եր., «Սովետական գրող», 1985, էջ 58-59, 98-100, 103-104:
[xliii] Ազգի ամբողջությանը դիմելու, նրա հետ դու-ով խոսելու այս ձևը ցայտուն կիրառություն ունի «Գիրք ճանապարհիի» գլխավոր հերոսներից մեկի՝ «Պատգամի» գաղափարախոսությունը մեծապես հասունացրած Խ. Աբովյանի վեպում. «Հայո՛ց ազգ, Հայո՛ց ազգ, ձեր ջանին մեռնիմ, Հայո՛ց ազգ, քո հողին մատաղ…»: Տե՛ս Խ. Աբովյան, Երկեր, Եր., «Սովետական գրող», 1984, էջ 71:
[xliv] Տասնամյակներ հետո նույն Գլավլիտը հակառուսական տրամադրություններ տեսավ նաև Պարույր Սևակի «Եղիցի լույսի» հետևյալ տողերում.
                                    - Իսկ որտե՞ղ է մեր փրկությունը:
                                    - Մե՛ր,
                                    Եվ, ավա՜ղ, ո՛չ մեր ձեռքերում…
[xlv] Квятковский А. П., Поэтический словарь,  с. 155.
[xlvi] Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր,  էջ 372:
  • Created on .
  • Hits: 118554

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: