«Արևի մարդիկ» իրապատում. գյուղի լույսն ու մարդիկ՝ Պարոնյանի բեմում

21-րդ դարում կյանքի ռիթմն արագ է։ Շարունակական այդ վազքի մեջ հաճախ չենք հասցնում կանգ առնել ու խորհել մեր ինքնության մասին։ Այսօր թատրոնը ոչ միայն արվեստի արտահայտման միջոց է, այլև հասարակական մտածողության հայելի։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրված «Արևի մարդիկ» ներկայացումը հանդիսատեսին ընձեռում է այդ հնարավորությունը՝ վերարժևորելու ինքնությունը և տեղը ժամանակակից իրականության մեջ։ Առաջնախաղը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 30-ին և 31-ին։

Բեմադրությունն ու բեմական տարբերակը պատկանում են ռեժիսոր Ռուզան Խաչատրյանին, իսկ դրամատուրգիական նյութը հիմնված է Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՛ր» գրքից ընտրված պատմվածքների վրա։ Գրական ստեղծագործությունները թատերական տեքստի վերածելու բարդությունը տեսանելի է ներկայացման կառուցվածքում, որտեղ տարբեր պատմությունները միահյուսվում են՝ ստեղծելով միասնական դրամատուրգիական հյուսվածք։ 

Arevi mardik 5

Գրող Հերմինե Ավագյանի և ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է թատրոնում։ Առաջինը՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում էր («Լուսաբացից առաջ», առաջնախաղը՝ 05.12.2019)։ Երկրորդը՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի առաջարկով։ 

Երկու ստեղծագործողների աշխատանքն ակնհայտ է բեմում․ նրանք նույն ուղղությամբ են նայել պիեսը մշակելիս, տեսարանները բեմադրելիս։ Ռեժիսորը նախընտրել է իրապատումային մոտեցում՝ պահպանելով նատուրալիստական շեշտադրումները բեմադրության մեջ։ 

Գործողությունները զարգանում են Արցախի գյուղերից մեկում՝ Արևաշենում։ Հերոսները սովորական մարդիկ են, որոնց առօրյան լի է կենցաղային մանրամասներով, որոնք, առաջին հայացքից աննշան լինելով, իրականում կրում են ազգային ինքնության խորքային շերտեր։ Այս առումով ներկայացումը հիշեցնում է դոկուդրամայի ժանրին բնորոշ գծեր, որտեղ փաստագրական նյութն ու գեղարվեստական վերարտադրությունը սերտաճում են։ 

Arevi mardik 6

Վարագույրը բաց է՝ ժամանակակից թատերական լուծումների համատեքստում վերաիմաստավորելով բեմի ու հանդիսատեսի միջև սահմանը։ Բեմանկարիչ Գարեգին Եվանգուլյանի ձևավորումը նրբորեն փոխանցում է գյուղի մթնոլորտը՝ քարաշեն տներով, հեռվում նշմարվող սարերով և գյուղական կյանքն արտացոլող մանրամասներով։

Ռեժիսորական աշխատանքում առանձնանում է հուզական ու փաստագրական շերտերի համադրումը։ Հերոսների առօրյա գործերը (բուրդ չփխելը, ալյուր մաղելը, հաց թխելը, խաղող ճզմելը) դառնում են բեմական գործողության առանցքը՝ ստեղծելով մի պատկեր, որտեղ ավանդույթներն ու ժամանակակից կյանքի մարտահրավերները բախվում են միմյանց։

Պարոնյան թատրոնի դերասանների և արցախյան թատրոնի երկու դերասանների համագործակցությունն ապահովում է ներկայացման գունեղ ու բազմաշերտ դերասանական կազմ։ Չորս կանայք (Զարուհի Խաչատրյան, Սաթիկ Հախնազարյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Ռուզաննա Գասպարյան) ներկայացնում են գյուղական կյանքի խորհրդանիշը՝ իբրև համայնքային հավաքական կերպար։ Շողեր Սարգսյանի մարմնավորած Աստղիկի կերպարը կրում է բեմադրության դրամատուրգիական առանցքը՝ հանդիսանալով և՛ պատմող, և՛ գործող անձ։

Սակայն, հաշվի առնելով դերասանական կազմը, ակնկալիք կար լսելու արցախյան բարբառի գոնե փոքրիկ արտահայտություն, ինչը բացակայում էր և որոշակիորեն նվազեցնում էր կերպարների տեղայնացվածության զգացողությունը։

Ներկայացման անվանումը՝ «Արևի մարդիկ», հղում է մարդու կյանքի անխուսափելի ընթացքին․ արևը միշտ դուրս է գալիս, և յուրաքանչյուր անհատ պետք է ընտրի, թե ինչպես անցկացնել իր օրերն ու կյանքը։ Բեմադրության վերջում բոլոր հերոսները հավաքվում են լուսանկարվելու, իսկ նրանց հետևում պատկերված է Արցախի խորհրդանիշը՝ Դեդո Բաբոն։ Այս խորհրդանշական լուծումը մատնանշում է ազգային միասնականության գաղափարը՝ ընդգծելով, որ հայ ինքնությունը չի փոխվում՝ անկախ աշխարհագրական և ժամանակային փոփոխություններից։

«Արևի մարդիկ» թատերական իրապատումը հաջողված փորձ է փաստագրական և գեղարվեստական նյութերի համադրման՝ ներկայացնելով ոչ միայն գյուղի, այլև ամբողջ հայության հավաքական կերպարը։

Արմինե Դանիելյան

  • Created on .
  • Hits: 7

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: