Լեո. «Ես հին իդեալիստ եմ, և չնայած իմ հասակին՝ հափշտակվում եմ բաղձանքներով և տեսիլներով»

Հայ հասարակական-քաղաքական մտքի պատմության մեջ եղել են գործիչներ, որոնց հայացքներն ու գաղափարախոսությունը ենթարկվել են ժամանակի քննադատություններին: Ահա այդպիսի մտածողներից է օրինակ Լեոն: Բազմիցս Լեոն ներկայացվում էր որպես «բուրժուական աշխարհի երդվյալ փաստաբան», իսկ հետո պետք է հաջորդեր «առաջավոր գրականության հակառակորդ» որակավորումը: Ինչո՞վ էր պայմանավորված այսպիսի արմատական տարանջատումը:

Ամեն ինչ սկսվել է «Մշակ» թերթում  Լեոյի 1883 թվականին հրապարակած «Կրիտիկական մեր մամուլում» հոդվածից: Այն ուղղված էր «Կայծեր» վեպի քննադատ Հայկունու դեմ: Ի՞նչ է գրել Լեոն․

«Նոր գրականությունն ամեն ազգերի մեջ ընդունել է ուղղություն՝ լուսավորել որքան կարելի է  կյանքի մռայլ կողմերը և այդպիսի լուսավորված դրության մեջ ներկայացնել ժողովրդին, դրա նպատակն է սովորեցնել ժողովրդին զզվել, ետ քաշվել այնպիսի մռայլ դրամաներից, որոնք տեղի են ունենում կյանքի մեջ [1]:

Սակայն քննադատական դատողությունների լրջությունը հասկանալու համար պետք է ուսումնասիրենք Լեոյի կենսագրությունը, գրական միտքն ու հետազոտությունների շրջանակը:

Եվ այսպես , ո՞վ էր Լեոն, ինչպիսի՞ գրական ժառանգություն է թողել մեզ.

Առաքել Գրիգորի Բաբախանյանը՝ նույն ինքը՝ Լեոն, ծնվել է 1860 թվականի ապրիլի 14-ին Շուշիում: Կրթություն է ստացել տեղի թեմական և գավառական դպրոցներում: Լեոն իր գրական աշխատանքները սկսել է 1870-ականների վերջերից: Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Մուրճ», «Հորիզոն», «Տարազ» և այլ թերթերի ու հանդեսների: Նա գրել է պատմվածքներ, վեպեր, վիպակներ, իր ուժերը փորձել թատերգության ասպարեզում:

1924 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Լեոն Թիֆլիսից եկել է Երևան և ԵՊՀ-ում՝ դասավանդել հայոց պատմություն։ Նրա դասախոսությունները տպագրվել են ձեռագրի իրավունքով և Հ. Մանանդյանի դասախոսությունների հետ միասին դարձել հայոց պատմության համալսարանական առաջին դասագրքերը [2]:

Ինչպիսի՞ն էր Լեոն ժամանակակիցների հուշերում.

72-ամյա Լեոյի մահը մեծ կորուստ էր հայ մտավորական աշխարհում։ Դրա վկայություններից մեկը մեզ թողել է Ավետիք Իսահակյանը, որը մեծ ցավով և տխրությամբ է գրում այդ մասին։ Իսահակյանն անդրադառնում է նաև Լեո անհատի և մտավորականի դերին, արժեհամակարգին ու ազդեցությանը։

«Ինչե՜ր չէր կարդացել և ինչե՜ր չէր կարդում - գեղարվեստական գրքեր, քննադատական, աշխարհագրական, պատմական, գիտական, փիլիսոփայական։ Ռուսական ինքնուրույն և թարգմանական ծով գրականությունը լափում էր և չէր հագենում։ Իսկ հայերեն հին ու նոր գիրք չկար, որ նրան անծանոթ լիներ։ Անհուն էր նրա հարցասիրությունը։

Տասնևութը տարեկան հասակից ոտք դրեց գրական ասպարեզի մեջ՝ յուրացնելով Շպիլհագենի նշանավոր վեպի հերոսի Լեո անունը, և ամբողջ 55 տարի գրիչ բռնեց և մեռավ գրիչը ձեռքին» [3]:

Լեոյի գրական ժառանգությունը.

Հարուստ է Լեոյի և՛ պատմագիտական, և՛ գրական ժառանգությունը։ Մեկը մեկից յուրօրինակ ու առանձնահատուկ են ահա օրինակ «Կորածները», «Պանդուխտը», «Այծարած Եղոն», «Թաթախման գիշերը» գործերը, ապա գալիս են ժողովրդական ոճով հարուստ «Պանդուխտը» և այլն։ Ընթերցողին ավելի շուտ հայտնի են «Վերջին վերքեր», «Ծայրեր», «Գավառական հերոսներ», «Սպանված հայրը», «Արնագին» վիպակներն ու պատմվածքները, «Մելիքի աղջիկը» պատմական վեպը [4]: Լեոն բազմաթիվ պատմվածքներ է հրատարակել «Մշակ» թերթի կիրակնօրյա համարներում։ Հեղինակել է նաև ուղևորական նոթեր, ինչպիսին է «Ջրաբերդի լեռներում»-ը:

Լեոյի ուշադրությունը մշտապես սևեռված է եղել հայ ժողովրդի գոյութենական խնդիրներին: Դրանք նվիրված են հայրենիքին, պատմությանը, սկսվում են խոհերի շարքեր՝ հայ արվեստ, հայ հերոսներ, անգամ տառապանքի դրվագներ, ապա մամուլի պատմություն ու ոգեշնչման դրվագներ: Հիմնվելով Սոկրատեսյան ճշմարտության վրա՝ «Ճանաչիր ինքդ քեզ», Լեոն ինքնաճանաչման կոչ է անում, ճանապարհը սկսել ինքն իրենից ու հայրենիքից: Ահա, օրինակ, դիտարկենք մի հատված Լեոյի «Հայ հայրենիքը» աշխատությունից.

«Բայց հայրենիքը ճանաչել- հայրենասիրութեան պարտքը չէ միայն: Ամեն մարդ պարտաւոր է ճանաչել ինքն իրեն, իմանալ թէ ինչու ինքն այսպէս է ոչ թէ մի ուրիշ կերպ: Զուր չէ ասած թէ հողն է մարդու ծնող մայրը: Գիտութիւնն էլ այդ է հաստատում. մարդը, ասում է նա, իր երկրի, իր աշխարհագրական միջավայրի արդիւնքն է: Երկիրն է, որ ազդում է հարիւրաւոր ու հազարաւոր տարիների ընթացքում, կազմակերպում է ոչ միայն անհատների, այլ և մեծամեծ խմբումների, այսինքն ժողովուրդների բնաւորութիւնը, ամբողջ հոգեբանութիւնը: Ազգ ճանաչել առանց նրա երկիրը ճանաչելու անհնարին է» [5]:

Սակայն տառապանքի ու պայքարի մասին գրելով՝ Լեոն չի մոռանում իր գլխավոր առանձնահատկությունը, այն է՝ Լեոյի ստեղծագործության մեջ գրեթե միշտ «ժողովրդական կյանքի ցավոտ կողմերը» պատված են եղել ազնիվ տառապանքի, լավատեսության, ըմբոստության և հոգեկան գեղեցկությունների լուսավոր ճառագայթներով, որոնք էլ հենց գոյացնում էին նրա գրողական դավանանքի կենսահաստատ տարերքը [6]:

Հրապարակախոսական միտքը.

Իր պատմագիտական աշխատանքներում Լեոն քննում է հայ ժողովրդի պատմության մի շարք հիմնային ու գոյաբանական հարցեր։ Դրան էին միտված նաև հրապարակախոսական հոդվածները։ Ահա, օրինակ, երբ ուսումնասիրում ենք մի շարք հոդվածներ, նկատում ենք Լեոյի գրական, մշակութային, հասարակական և հատկապես քաղաքական թեմաների նկատմամբ մեծ հետաքրքրությունը։ Այո, հատկապես քաղաքական, քանի որ օրհասական էր հայ ժողովրդի դրությունը։ Սկզբում նկատում ենք, թե ինչպես է Լեոն արձագանքում 1905-1907 թվականների հեղափոխության հետևանքներին, ապա հաջորդիվ հանդիպում ենք էլ առավել դաժան մի դրվագի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արյունոտ դեպքերի մասին Լեոյի անդրադարձը։ Պատմական դեպքերն ու դրվագները համակարգված ներկայացված են Լեոյի ոչ միայն պատմագիտական հետազոտություններում, այլ նաև հրապարակախոսական հոդվածներում։ Դրա վառ ապացույցն են 1917-1920 թվականների իրադարձությունները, երբ Լեոն սկսում է գրել Անդրկովկասի տնտեսական ու քաղաքական բարդ իրավիճակի մասին [7]: Իսկ ծանրագույնը դեռ առջևում էր՝ արևմտահայերի կոտորածները, երիտթուրքերի վարած քաղաքականությունը չէին կարող տեղ չգտնել Լեոյի զայրույթով լի հոդվածներում։

Լեոյի պատմագիտական ժառանգությունը

Լեոյի պատմագիտական գործունեությունը ընդունված է բաժանել երկու հիմնական շրջանների՝
Ա) նախասովետական

Բ) սովետական։

Պատմագիտական աշխատությունների շարքում, իհարկե, ամենանշանավորը «Հայոց պատմություն» մեծածավալ աշխատությունն է։ Հետաքրքիր է, որ Լեոն պլանավորել էր գրել հինգ հատոր և վերջին հատորը պետք է լուսաբաներ հայ գաղթօջախների պատմությունը։ Ցավոք, հիվանդության պատճառով նա չի կարողացել ամբողջացնել այն։ Աշխատության էջերում Լեոն ներկայացնում է հայ ժողովրդի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքը։ 1917 թվականին լույս տեսած «Հայոց պատմության» առաջին հատորը ներկայացնում է Հայաստանի հին պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև 5-րդ դարը։ Երկրորդ հատորն ընդգրկում է 5-11-րդ դարերի պատմությունը, իսկ երրորդ հատորն անդրառնում է հայ ժողովրդի պայքարին 16-18-րդ դարերում: Պատմագիտական տեսանկյունից կարևոր են «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի» (1914 թ.), «Հայոց հարցի վավերագրեր» (1915 թ.) գործերը: Լեոյի վրա մեծ ազդեցություն են թողել ականավոր հայագետներ Նիկողայոս Մառը, Նիկողայոս Ադոնցը, Գրիգոր Խալաթյանցը։

Արժեքավոր է հատկապես Լեոյի «Հայկական հարցի վավերագրերը» գիրքը, որտեղ ամփոփվել են հիմնահարցին առնչվող փաստաթղթեր-վավերագրեր։ Ապրելով և ստեղծագործելով բարդ աշխարհաքաղաքական դրության պայմաններում՝ Լեոն նաև ձեռնամուխ  է եղել Օսմանյան կայսրության ներքաղաքական հիմնահարցերի ոււսումնասիրությանը՝ հայկական հարցի առնչությամբ: Նրա ուսումասիրությունը, իհարկե, ինչպես ինքն էր գրում՝ «Թուրքահայաստանի բախտն է»: Լեոն հանգամանալից ուսումնասիրել է դիվանագիտական մի շարք աղբյուրները։ Ահա, օրինակ,  «Հայկական հարցի վավերագրերը» աշխատության մեջ Լեոն կոչ է անում ճիշտ ընկալել հայ ժողովրդի իրավիճակը և ելքի ուղիները, որոնցով պետք է լուծվի խնդիրը:
Դիմենք սկզբնաղբյուրին՝

«Այստեղ չի ներկայացվում հայկական հարցի ամբողջ պատմությունը, այլ ավելի համեստ խնդիր՝ մեկտեղ հավաքելու թուրքահայոց հարցին վերաբերվող դիվանագիտական վավերագրերը, որոնք շատ կարևոր են այդ միջազգային հարցն ուսումնասիրելու համար» [8]:

Լեոն սկզբում ներկայացրել է, թե ինչպիսի տրամադրություններ էին տիրում հայ մտավորականների, հասարակական գործիչների շրջանում հայկական հարցի վերաբերյալ, ապա կատարել է մանրակրկիտ հետազոտություն Օսմանյան կայսրության հպատակ ազգությունների մասին, ներկայացրել նրանց նկատմամբ եվրոպական դիվանագիտության վարած քաղաքականությունը:

Լեոն գրում է, որ հայկական հարցը հայ ժողովրդի գոյության հարցն է և այնքան հին է, որքան հայ ժողովուրդը:  Լեոն հիշում է հայ ազատագրական լեգենդը՝ Ներսես Մեծ կաթողիկոսի մի գուշակությամբ, ըստ որի հայոց պետականությունն անկում էր ապրելու, հայ ժողովուրդը տարածվելու էր աշխարհով մեկ և փրկությունը գալու էր քրիստոնյա որևէ հզոր տերության օգնությամբ: Ապա կարևորում է Իսրայել Օրու ազատագրական նախագիծը, բարձր գնահատում Հովսեփ Էմինի ծրագիրը՝ այն համարելով Շահամիր Շահամիրյանի Հայաստանի ազատագրության գաղափարի հիմքը [9]: Լեոն նաև արժևորում է «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը:
Հայկական հարցին առնչվող ամենաազդեցիկ դրվագները, իհարկե, Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի կոնգրեսի 61-հոդվածներն էին: Եթե 16-րդ հոդվածով  առաջին անգամ Հայկական հարցը վերածվեց քաղաքական գործոնի, տեղ գտավ միջազգային հարաբերություններում, ապա Բեռլինի կոնգրեսի մասին էլ Լեոն գրում է․

«Մեծ տերությունները նպատակ էին հետապնդում բոլոր միջոցներով կանխել 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում ռուսական բանակների հաղթանակին համապատասխան Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական վերընթացը»[10]:

Լեո, «Հայկական հարցի վավերագրերը» վերահրատարակություն, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2013 թ.:

Ալմաստ Մուրադյան


Գրականության ցանկ

  • Լեոյի գեղարվեստական ստեղծագործությունը, Ա. Կ. Օհանյան,  Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Երևան, 1969 թ.:
  • Տե՛ս, ԱՌԱՔԵԼ ԳՐԻԳՈՐԻ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ(ԼԵՈ), http://publishing.ysu.am/hy/Araqel-Grigori-Babaxanyan-Leo
  • Ավետիք Իսահակյան, «Իմ հուշերից», Լեո, Առաքել Բաբախանյան,
    Երկերի ժողովածու վեց հատորով, հատոր 5-րդ, 1943 թ.։
  • Լէօ, «Հայ հայրենիքը», Գրադարան Հայ Պատմութեան,Թիֆլիզ, 1915 թ.:
  • Լեո, «Հայ հայրենիքը».
  • Լեոյի գրական ժառանգությունը (1880-189-ական թթ.), Սարուխանյան Ն., Երևան, 2015 թ.:
  • https://www.museum.am/library/articles/leo.html
  • Լեո, «Հայկական հարցի վավերագրերը» վերահրատարակություն, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2013 թ.:
  • Տե'ս, նույն տեղում:
  • Տե'ս, նույն տեղում:
  • Created on .
  • Hits: 22

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: