Բլոգը որպես ավանդական լրատվամիջոցի այլընտրանք

    Համացանցն այսօր այն վայրն է, որտեղ մարդն անցկացնում է իր օրվա մի մասը: Ծրագրավորողներն ու ցանցի կատարելագործմամբ զբաղվող մարդիկ ջանք ու եռանդ չեն խնայում այդ ժամանակը երկարացնելու և մարդկանց ցանցում որքան հնարավոր է երկար պահելու համար: 
     Վերջին տարիներին տեղեկատվական դաշտի ձևաչափը մի փոքր փոխվել է: Մարդիկ ավանդական լրատվամիջոցներից անցում են կատարում սոցիալական ցանցերի ու բլոգների: Բլոգներն այսօր արդեն ընկալվում են որպես այլընտրանքային լրատվության միջոց և շատ դեպքերում հաջողությամբ իրականացնում են իրենց առաքելությունը: Տարեցտարի բլոգների նկատմամբ աճող հետաքրքրության մասին են վկայում ինչպես բլոգների թվի ավելացումը, այնպես էլ տարատեսակ հարցումները:
Համաձայն բլոգոսֆերայի մոնիտորինգով զբաղվող «Technorati» ընկերության 2009 թվականին հրապարակած զեկույցի` բլոգերներն օրվա մեծ մասն անցկացնում են համացանցում` մեկնաբանություններ գրելով և այլոց գրառումներն ընթերցելով:
    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր վեց ամսում բլոգների թիվը կրկնապատկվում է նախորդ կես տարվա համեմատ: Սրան զուգահեռ` բլոգերները դառնում են ավելի պրոֆեսիոնալ, բլոգը`ավելի պահանջված:
    Աշխարհի շատ երկրներում այսօր կարևոր հարց է բլոգի կարգավիճակի հստակեցումը: Արևմուտքում և Ռուսաստանում այս հարցը լուրջ վերլուծության է ենթարկվել, հստակեցվել են որոշակի օրենսդրական հարցեր, իսկ Հայաստանում բլոգները դեռ կարգավիճակի խնդիր ունեն: Բլոգերները, վկայակոչելով ՀՀ ԶԼՄ-ների մասին օրենքի երրորդ հոդվածը, նշում են, որ բլոգը կարելի է համարել լրատվամիջոց, սակայն լրագրողներից շատերը կարծում են, որ դեռ վաղ է այն ԶԼՄ համարելը, իսկ եթե, այնուամենայնիվ, բլոգը ԶԼՄ է, ուրեմն պետք է հստակեցվեն մեխանիզմները, որոնցով կկարգավորվեն դրանք: Այսպիսով, հայկական բլոգոսֆերան արդեն պատմություն ունի, բայց կան հարցեր, որոնք իրենց լուծումը դեռ չեն ստացել, և դրանցից գլխավորները օրենսդրական բացերն են:

      Ինչ է բլոգը
    Բլոգ բառն առաջացել է անգլերեն «web» և «log» բառերից: Բլոգը ցանցային օրագիր է, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներն են: Դրանք, բացի տեքստից, կարող են պարունակել նաև պատկերներ և տեսանյութեր, այլ կերպ ասած` մուլտիմեդիա:
Բլոգ վարող անձինք կոչվում են բլոգերներ: Բլոգները մեծ մասամբ անձնական են, թեպետ լինում են նաև կորպորատիվ, կոլեկտիվ կամ սոցիալական բլոգներ: Համացանցի հայկական հատվածում հանդիպում ենք նաև «ուրվական բլոգ» եզրին, բայց սա, ըստ երևույթին, ոչ թե առանձին տեսակ է, այլ անձնական բլոգի տարատեսակ: Սա այն բլոգն է, որի հեղինակը հայտնի չէ կամ հանդես է գալիս ծածկանունով:
    Ըստ «Washington Profile» թերթի` առաջին բլոգ կարելի է համարել բրիտանացի գիտնական Թիմ Բերներս-Լիի ինտերնետային էջը, որտեղ գիտնականը 1992թ.-ից տեղադրում էր գրառումներ: Բլոգները, սակայն, ավելի լայն կիրառություն գտան 1996թ.-ից:
    1999թ. օգոստոսին Սան Ֆրանցիսկոյի հայտնի համակարգչային ընկերություններից մեկը` «Pyra Labs»-ը բացեց «Բլոգեր» կայքը: Սա առաջին անվճար բլոգային ծառայությունն էր, որը 2003-ին գնեց «Google» ընկերությունը:
    2002թ. բլոգը սկսեցին համարել ցանցային գրականության մաս: Դրանից հետո ամերիկյան որոշ համալսարաններում ուսանողներին սկսեցին սովորեցնել բլոգ վարելու տեխնիկան: 2004 թվականը բլոգային աշխարհի համար նշանավորվեց նրանով, որ իրենց բլոգները բացեցին մի խումբ հայտնի մարդիկ, այդ թվում` հայտնի քաղաքական գործիչներ, դերասաններ, սպորտսմեններ, երգիչներ, բիզնեսմեններ:
    Բլոգները տարբերվում են նաև ըստ բովանդակության, ըստ տեխնիկական հիմքի և ըստ գործառույթների: Ըստ բովանդակության` բլոգը հիմնականում տեքստային է: Բացի այդ` լինում են ֆոտոբլոգներ, երաժշտական բլոգներ, պոդկաստինգ կամ բլոգկաստինգ (ձայնագրիչի օգնությամբ արված հաղորդագրությունները) և վիդեոբլոգներ: Բլոգի տեխնիկական հիմքը կարող է տարբեր լինել: Այն, ինչպես կայքը, կարելի է տեղադրել առանձին հոսթինգի վրա: Ներկայումս, ելնելով անվտանգությունից, շատ բլոգերներ հենց այս տարբերակն էլ նախընտրում են: Բլոգները կարող են լինել պլատֆորմային, որն ի սկզբանե բլոգի ամենատարածված տեսակն էր, և մոբլոգներ, որոնք բլոգերները վարում են հեռախոսի միջոցով: Աշխարհի ամենահայտնի բլոգային հարթակներն են LiveJournal.com-ը, Wordpress.com-ը, Blogspot.com-ը, Blogger.com-ը: Նշենք, որ վերջին շրջանում մեծ արագությամբ զարգանում են նաև հայկական սոցիալական մեդիա հարթակները: Նման հարթակներից է Molorak.net հայկական բլոգային անվճար հարթակը, որտեղ յուրաքանչյուրը կարող է գրանցել իր բլոգը: iBlog.am-ը ևս հայկական բլոգային հարթակ է, որը կառուցված է Wordpress համակարգի վրա:
    Թեև բլոգի համար հիմնականը տեղեկատվական-հաղորդակցական գործառույթն է, սակայն բլոգը կարող է ունենալ ինքնաներկայացման և ժամանցային գործառույթներ, ինչպես նաև կարող է պարզապես օրագիր լինել` կատարելով մեզ հայտնի ավանդական օրագրի դերը մի տարբերությամբ, որ այն էլեկտրոնային է:

      Բլոգներ և լրատվամիջոցներ
   Բլոգն ունի ավանդական զանգվածային լրատվամիջոցի երկու ամենակարևոր գործիքները` ինֆորմացիա և լսարան: Ռուս լրագրող Մարիա Պանյուշևան իր «Բլոգը որպես ԶԼՄ այլընտրանք 21-րդ դարում» հոդվածում անդրադառնում է լրատվամիջոց-բլոգ փոխհարաբերությանը` խոսելով օր օրի ավելի ակնհայտ դարձող այն երևույթի մասին, որ լրատվամիջոցները սկսել են կախման մեջ հայտնվել բլոգներից: Այլ կերպ ասած` լրատվամիջոցները բլոգների համար երբեմն «մակաբույծներ» են դառնում: Մինչ այս բլոգներն ու լրատվամիջոցները համագործակցում էին, երբեմն էլ` մրցակցում: Քանի որ լրատվամիջոցի հիմնական արտադրանքն ինֆորմացիան է, լրատվամիջոցը ձգտում է այն արտադրել որքան հնարավոր է արագ և, որ ամենակարևորն է, այնպես անել, որ այդ արտադրանքը լինի առավելագույնս ինքնատիպ, կամ, որ լրագրողներին ավելի հոգեհարազատ է, էքսկլյուզիվ: Հենց այստեղ էլ, թեմայի որոնման պահանջից ելնելով, լրագրողներն սկսում են օգտագործել բլոգը: Միանշանակ չի կարելի ասել` սա լավ է, թե վատ: Երբեմն բլոգում հայտնվում է մի ինֆորմացիա, որը փոքր լսարանի պատճառով հայտնի չի դառնում հանրության լայն զանվածներին, իսկ երբ դա փոխառում է լրատվամիջոցը, այն ավելի մեծ լսարան ունենալու հնարավորություն է ստանում: Սա այն դեպքում, իհարկե, եթե պահպանվում են բոլոր կանոնները: Քիչ չեն դեպքերը, երբ բլոգերները լրագրողներին մեղադրում են գրագողության մեջ: Եվ քիչ չեն դեպքերը, երբ գրագողություն անում են շատ հայտնի լրատվամիջոցներ, ինչպես օրինակ՝ Ռուսաստանի «Առաջին ալիքը»: Բոլորովին վերջերս «Другие новости» հաղորդաշարի ընթացքում մեկնաբանը կարդացել էր մի հոդված, որը բառացի վերցված էր Ռուսաստանում շատ հայտնի «Сплетник» բլոգից: Հեռուստաընկերությունը հղում չէր արել բլոգին, և դա, բնականաբար, համարվեց գրագողություն :
    Այս ամենով հանդերձ` ԶԼՄ-բլոգ փոխհարաբերությունները միանշանակ չեն. Ռուսաստանում ականատես եղանք հետաքրիր երևույթի, երբ ռուսական շատ հայտնի պարբերականներ հանուն բլոգների խախտում են «Հեղինակային իրավունքի մասին» ՌԴ օրենքը: Այն պարբերականները, որոնք արգելում են օգտագործել իրենց նյութերը, բլոգների համար դա անելու հնարավորություն են ստեղծում: Այսպես` «Коммерсант» և «Ведомости» պարբերականների ինտերնետային կայքերում կարող եք գտնել հոդվածների կոդերը, որոնք նախատեսված են հոդվածը բլոգում տեղադրելու համար:
Սա հիմք է տալիս մտածելու, որ այս լրատվամիջոցները բլոգն ընկալում են նախ որպես ընթերցող ապահովելու ռեսուրս, հետո նոր միայն որպես մրցակից :
    Ամերիկացի Հյու Հյուիտտը, ում ամերիկացիներն անվանում են «Բլոգինգի առաջին տեսաբան», գտնում է, որ բլոգները հիմնովին փոխում են լրագրությունը: Ավանդական լրագրությունը հիմնվում է փաստերի վրա: Բլոգերը շեշտը դնում է ոչ թե փաստի, այլ այդ փաստի մասին ունեցած կարծիքի վրա: Ստացվում է, որ արձագանքը ձայնից ավելի կարևոր է դառնում: Բացի այդ՝ 20-րդ դարում ձևավորված մեդիա կայսրությունը իր վրա էր վերցրել հասարակական կարծիք ձևավորելու կարևոր գործը, իսկ բլոգները դա թույլ չեն տալիս: Նրա խոսքերով՝ մեդիա կայսրությունները չեն կարողանում դիմակայել բլոգներին, ինչպես արջը չի կարողանում դիմակայել մեղուների պարսին :
    Մյուս կողմից, բլոգն ինքը կարող է դառնալ այդ կարծիքի ձևավորողը: Բլոգը, ինչպես և լրատվամիջոցը, կարող է մանիպուլյացիայի գործիք դառնալ: Օրինակ` 2009 թվականին Իրանում տեղի ունեցած ընտրություններից հետո բլոգներում բարձրացած բողոքի ալիքը, ըստ որոշ վարկածների, ծրագրվել էր ԱՄՆ-ի կողմից:
    Ընտրություններին հաջորդած առաջին մի քանի օրերին այս թեմայով գրող ամենաակտիվ բլոգները ստեղծվել էին նույն օրը` հունիսի 13-ին, դրանց մի մասի ավատարը նույն լուսանկարն էր: Եվ հետո այս բլոգերներից երեքը վայրկենապես արժանացան իսրայելական «The Jerusalem Post» թերթի ուշադրությանը: Այն մասին, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, որոշ բլոգերներ գրում էին ամեն տասներորդ րոպեին: «Чирикающие в темноте» ուսումնասիրության հեղինակ Դմիտրի Վոսկոբոյնիկովը գտնում է, որ սա բլոգային ներկայացում էր, որը բեմադրել էին ամերիկացիները: Այս դեպքերից մի քանի ամիս առաջ` 2008 թվականի աշնանը, այս նույն սցենարով աշխարհը ապատեղեկացվում էր նաև Կովկասում տեղի ունեցող դեպքերի մասին: Լրատվամիջոցները, այդ թվում՝ և´ ռուսական, և´ վրացական, և´ արտասահմանյան հայտնի լրատվամիջոցներ, տեղեկատվությունը վերցնում էին բլոգներից և մեծ մասամբ որպես աղբյուր հղում էին կատարում հենց բլոգներին: Հայաստանում ևս կա նման օրինակ, երբ արտասահմանյան լրատվամիջոցները հայ բլոգերներին էին հղում կատարում: 2008 թվականի գարնանը, երբ մարտի 1-ից հետո արտակարգ դրություն հայտարարվեց, հայկական ԶԼՄ-ները իրենց դրսի գործընկերներին համարյա ոչինչ չէին ասում, և Երևանում տեղի ունեցածի մասին տեղեկանալու միակ ճանապարհը մնացել էին բլոգերները: Հենց հայ բլոգերների գրառումներն էլ դառնում էին ինֆորմացիայի աղբյուր արտասահմանյան լրատվամիջոցների համար:
    Հայաստանում իրավիճակը կարելի է նկարագրել այսպես. երբ բլոգները նոր էին հայտնվել, լրատվամիջոցները բլոգերների ուշադրության կենտրոնում էին, այսօր բլոգներն են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
   Ավանդական դարձած մամուլի տեսություն ներկայացնող լրատվամիջոցները (հեռուստատեսություն, ռադիո, էլեկտրոնային կայքեր) այսօր ներկայացնում են նաև բլոգների տեսություն: Որոշ հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ անգամ առանձին հաղորդաշարեր ունեն, որտեղ ներկայացնում են օրվա բլոգային անցուդարձը՝ «Արմնյուզ», «Լրատվական ռադիո», «Արմռադիո» և այլն:
Ինչպես արդեն նշեցինք, որոշ տեսաբաններ դեռ բլոգների ի հայտ գալու առաջին տարիներին կանխագուշակել էին, որ դրանք կարող են վատ անդրադառնալ լրատվամիջոցների գործունեության վրա, և լրագրողները առավոտյան աշխատանքի անցնելիս չեն մտածի՝ ինչի մասին պետք է գրեն, այլ կմտածեն` ինչի մասին են գրել բլոգերները: Հանրությանը հետաքրքրող թեմա փնտրելիս ամենահեշտ ճանապարհը տանում է դեպի բլոգ, իսկ վերջին շրջանում՝ նաև դեպի սոցիալական ցանցեր: Հայկական ԶԼՄ-ների պարագայում լրագրողների նման «ծուլության» դրսևորումների` դրանից բխող բոլոր հետևանքներով, արդեն ականատես եղել ենք: Ամենաթարմ օրինակը կապված է բլոգեր alqimiki (Էդգար Բարսեղյան) հետ: Բլոգերը Facebook սոցիալալական ցանցում իր ընկերներից մեկի հարցին, թե «ինչու sex բառը հայերեն չի թարգմանվում», կատակել էր, որ այն արդեն թարգմանել են, և հայերեն տարբերակը «հաճույքաճխտիկն» է: Ժամեր անց lragir.am կայքում հայտնվում է մի հոդված, որտեղ հեղինակը ծաղրում է Լեզվի պետական տեսչության աշխատակիցներին, կառույցի գործունեությունը, ղեկավարին և չի մոռանում հավելել, որ այս հարցի շուրջ տեսչությունը դեռ մեկնաբանություն չի արել :
    ««Չի կարող պատահել»: «Անհնար է»: «Վախ հորս արև…»:
    Սրանք էին առաջին բառերը, որ անցան մտքովս առավոտյան համացանց մտնելուց հետո, որովհետև աչքերիս առաջ մի «լրատվական» նյութ էր, որի արմատները գոնե ես հաստատ գիտեի: Այո՛, խոսքը lragir.am-ի մասին է: Վերլուծություն, որն առանց ավելորդ ջանք պահանջելու, վերլուծեց հենց իրեն` lragir.am-ին»,- հաջորդ առավոտյան իր բլոգում գրել էր Էդգար Բարսեղյանը:
    Հետաքրքիրն այն է, որ հայ լրագրողները հետևում են ոչ միայն տվյալ բլոգերի բլոգային գրառումներին, այլ նաև ֆեյսբուքյան էջին: Այսինքն` այստեղ արդեն առաջացել է հեղինակությունների խնդիր: Բլոգերների ֆեյսբուքյան էջերը մոնիտորինգի են ենթարկվում ճիշտ այնպես, ինչպես, ասենք, քաղաքական գործիչների, հասարակական կառույցների էջերը սոցիալական ցանցերում:
Բացի այս՝ այժմ Հայաստանում գործում է blognews.am կայքը, որը մեկտեղում է օրվա բլոգային գրառումները, Facebook-ի հետաքրքիր ստատուսները:
    Հավելենք նաև, որ հայ բլոգերները հատկապես «դաժան» են հեռուստատեսության հանդեպ: Գրեթե ամեն շաբաթ հեռուստաընկերությունները հայտնվում են այս կամ այն բլոգում ու ամենևին ոչ լավ լույսի տակ: Ոչ պրոֆեսիոնալիզմ, դեգրադացում, անգրագիտություն, ռեյտինգացավ և օբյեկտիվության բացակայություն. հիմնականում սրանց համար են բլոգերները մեղադրում հեռուստաընկերություններին: Ամենաշատը հայ բլոգերների թիրախում հայտնվում է «Արմենիա» հեռուստաընկերությունը, հաղորդումներից` հումորային ու ժամանցայիններից մի քանիսը, իսկ մեղադրանքների ամենամեծ չափաբաժինը հասնում է սերիալներին:

     Բլոգոսֆերայի զարգացման հեռանկարները
    Բլոգոսֆերայի զարգացման հեռանկարների մասին ռուս լրագրող Մարիա Պանյուշևան գրում է. «Այստեղ միանգամից ուշադրություն է գրավում այն կանխատեսումը, որ ապագայում իշխանությունը կենտրոնանալու է լրատվական ցանցերի և բլոգների ձեռքում»: Զարմանալի չէ. բլոգներն այսօր առաջնորդում ու կողմնորոշում են ողջ վիրտուալ հասարակությանը, իսկ այն բավականին մեծ է:
Նման «առաջնորդներն» օգնում են հասարակությանը կողմնորոշվելու քաղաքական հայացքների, պահանջարկի, սովորությունների ու անգամ հագուկապի հարցերում:
    «Առաջնորդելու» այս մեխանիզմի յուրահատկությունն այն է, որ «առաջնորդները» բացարձակապես կապ չունեն իշխանությունների հետ և ազդում են հասարակության վրա մեկ այլ հարթությունից: Այս խմբի ներկայացուցիչները լավ են աշխատում հիմնականում մեծ քաղաքներում, ուր ստեղծագործական ազատ մթնոլորտ է: Արդեն, կարելի է ասել, ձևավորվել է նման «առաջնորդների էլիտա»:
    Մի խնդիր կա միայն. դեռ հստակ որոշված չեն առաջնորդ-բլոգերներ-քաղաքացիական հասարակություն հարաբերությունները: Քանի որ շատ հաճախ նույն բլոգերները թաքցնում, չեն հրապարակում ինչ-որ բացառիկ ինֆորմացիա ու իրենք, տիրապետելով դրան, կանգնում են հասարակությունից մեկ քայլ առաջ, մեկ աստիճան վերև: Մյուս կողմից, այդ մեկ աստիճան բարձր դիրքում կարող է հայտնվել հասարակության յուրաքանչյուր անդամ: Պարզապես, պետք է սովորել արագ կողմնորոշվել ու հասկանալ` ինչն է կարևոր քեզ շրջապատող մարդկանց համար, ինչը` երկրորդական:
Ոլորտի հայ մասնագետներն էլ բլոգոսֆերայի և սոցիալական մեդիայի զարգացումը կապում են քաղաքացիական հասարակության զարգացման և նոր ձևավորվող վերնախավի հետ: «Այս պահին, կարելի է ասել, հայկական մեդիա ոլորտը և բլոգոսֆերան զարգանում են իներցիայով, ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում, բայց և պասիվ էլ չէ: Կարծում եմ` այս դաշտի հետագա բոլոր զարգացումները պետք է կապել քաղաքացիական հասարակությունում տեղի ունեցող գործընթացների հետ, սրանք փոխկապակցված են և մեկը մյուսով պայմանավորված»,- ասում է բլոգեր Վարդան Պապիկյանը:
    Ավելացնենք նաև, որ, կանխատեսումներից զատ, կա մի փաստ. մենք ունենք արդեն ձևավորված և պատմություն ունեցող հայկական բլոգոսֆերա, որն այսօր հայկական մեդիա դաշտի անբաժան մասն է: Հայկական բլոգոսֆերան ձևավորած ու արդեն արհեստավարժ բլոգերներն էլ փաստում են, որ իրենցից հետո բլոգոսֆերա մտած սերունդը ոչ պակաս վճռական է ու ոչ պակաս նորարար: Այդ են վկայում օրեցօր ավելացող և իսկապես լսարան ունեցող բլոգները, բլոգոսֆերայի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությունը, այս թեմայով կազմակերպվող սեմինարների ու գիտաժողովների մասնակիցների ակտիվությունը:
 
 Աստղիկ Հակոբյան
 
  • Created on .
  • Hits: 5685

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: