«Նիկա» կինոմրցանակը 2012թ. լավագույն ֆիլմի համար ստացավ Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստը»

Ֆիլմի հիմքում Գյոթեի «Ֆաուստի» առաջին մասն է, սցենարը գրել է Յուրի Արաբովը: Նկարահանումների համար կառուցել են մի ամբողջ քաղաք Պրահայի մերձակայքում: Ֆաուստի դերը կատարել է գերմանացի թատերային դերասան Յոհաննես Ցայլերը: Սոկուրովի ֆիլմը ստացել է 2011թ-ի Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, բայց ռուսական վարձույթ այն դուրս եկավ միայն 2012թ-ի փետրվարին:
Ավելացնենք նաև, որ Սոկուրովն այժմ ֆիլմ է նկարահանում Ռուսաստանի սահմաններից դուրս: Կինոնկարը կլինի ֆրանսերեն կամ իտալերեն լեզվով: Սոկուրովը նշեց, որ Ռուսաստանում բավական դժվար է գումար գտնել հովանավորության համար, հատկապես այն պատճառով, որ նա մտադրված է ֆիլմը նկարել Ռուսաստանի սահմաններից դուրս: Նա պատմեց, որ մոտակա ժամանակներս կսկսի աշխատանքները դոկումենտալ ֆիլմի վրա, որ պատմում է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին Լուվրի հավաքածուի փրկության մասին: «Այս ֆիլմն այն մասին է, թե ինչպես Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ փորձում էին փրկել Լուվրը: Հարցն այն է, որ մշակութային արժեքների փրկությունն ու պահպանումը ինձ համար հանդիսանում է առաջնային կարևորության խնդիր»,- պատմում է Սոկուրովը: Ֆիլմն ամբողջովին ֆինանսավորվում է Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից: Նկարահանումները պլանավորված են այս տարվա ամառվա ամիսներին:
Թարգմանեց կինոգետ Անի Հակոբյանը
- Created on .
- Hits: 3064