Թաթոսի հեքիաթը
Երեկ` ապրիլի 19-ին, Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) 75-ամյա հոբելյանին նվիրված անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նկարչի հարազատներն ու ընկերները, մշակութային և քաղաքական գործիչներ, արվեստագետներ, ուսանողներ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, նկարչի ընկերները և հենց ինքը` վարպետը, ով էլ և բոլոր ներկաներին հրավիրեց ցուցահանդեսը դիտելու:
Ցուցահանդեսին ներկայացված էին մոտ 70 աշխատանքներ, որոնց գերակշռող մասը հանրության դատին էր հանձնված առաջին անգամ: Հրանտ Թադևոսյանը գույնի վարպետ է, իր կտավներում առկա են գունային յուրահատուկ լուծումներ, որոնք տաք են, մաքուր և ջինջ: Կտավներից յուրաքանչյուրը ասես մի հեքիաթ լինի: Նույնսիկ մի առիթով ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ասել է. «Արվեստը հեքիաթ է, եթե հեքիաթը հետաքրքիր չէ, ես շարունակությունը չեմ ուզում լսել: Այդ իմաստով Թաթոսի հեքիաթը էնքան հետաքրքիր, գեղեցիկ, մաքուր ու բարի է, որ ուզում ես այն չվերջանա»:
Տա Աստված, որ գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը դեռ երկար տարիներ առողջ ու ստեղծագործական կյանքով լի ապրի ու ստեղծագործի` ստեղծելով այն հեքիաթային ու տաք գույներով լի կտավները, որոնք յուրաքանչյուրիս հոգեհարազատ են ու մեր կյանքի մի մասն են կազմում, քանզի ինչպես նկարիչն է նշում. «Ես կանգնում եմ այն սահմանագծում, որտեղ կարելի է մարդուն նվիրել գեղեցիկ պահեր, օգնել, որ առաջ նայի, մոռանա կենցաղային և այլ հարցեր, դա իմ առաքելությունն է, դրանով ես ապրում եմ»:
ՀՀ վաստակավոր Հարնտ Թադևոսյանը ծնվել է 1938թ.-ի ապրիլի 20-ին: Պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի և ՀՀ քաղաքապետի ոսկե մեդալներով, ինչպես նաև պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ, ՀՀ ՄՆ, ԵՃՇՊՀ Ա. Թարխանյանի անվան ոսկե մեդալներով: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս` Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլուր: Ցուցահանդեսը բաց կլինի 10 օր:
Անի Հայկազուն
արվեստաբան
- Created on .
- Hits: 4165