Մոնոներկայացումների «Արմմոնո» 11-րդ փառատոն

Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը ապրիլի 26-30-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնը:
Այս տարի կցուցադրվի 22 ներկայացում` Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից և Հայաստանից:
Փառատոնի առանցքն է կազմելու լեհական ծրագիրը, որը նվիրված կլինի նաև մեր երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատմանը: Լեհական նշյալ ծրագրի շրջանակներում կցուցադրվի 5 մոնոներկայացում, ինչպես նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվեն վարպետության դասընթացներ, գործնական պարապմունքներ ուսանողների համար:
Փառատոնին հանդես կգան 2 դերասան Գերմանիայից` Բիաթե Էhլերը` «Աննի լռությունը» («Մոր լռությունը») ներկայացմամբ, որի հիմքում Մեծ եղեռնի թեման է< և գերմանահայ վաստակաշատ ու հանրահայտ արվեստագետների ընտանիքի ներկայացուցիչ` Լուսինե Խաչատրյանը` Յ. Շիլլերի «Մարիա Ստյուարտ» ներկայացմամբ, ինչպես նաև դերասաններ Լիտվայից` (բեմադրիչ Սաուլիս Վառնասի` Վ.Նաբոկովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրած մոնոներկայացում), Վրաստանից`(բեմադրիչ Աֆտանդիլ Վարզիմաշվիլու «Շների աշխարհ»), Ռուսաստանից`(երկու տարի առաջ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Մեյերխոլդի անվան կենտրոն գործուղած երիտասարդ բեմադրիչ Զառա Անտոնյանի «Պանտիլեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը»: Սա բեմադրիչի դիպլոմային աշխատանքն է, որի դերակատարը հանրաճանաչ ամերիկացի Սթիվն Թոմաս Օքսներն է:
Փառատոնին ակտիվ մասնակցություն ունեն հայ դերասանները` ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյան, Լարիսա Ղևոնդյան, Նոռա Բադալյան, Անահիտ Մութաֆյան, Երվանդ Ենգիբարյան, Մարինե Խաչատրյան, Նարինե Գրիգորյան, Ֆրիդա Յորք և այլք:
Առանձին «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում (այս տարվա նորամուծությունն է) հանդես կգան մոնոներկայացման ժանրում իրենց առաջին քայլերն անող երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները:
Փառատոնն իրենց մասնակցությամբ կպատվեն հանրահայտ մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ` Նինա Մազուրը (Ուկրաինա), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանա (Լիտվա), Վեցլավ Գերաս (Լեհաստան), թատերագետներ` Տոմաշ Միլկովսկի (Լեհաստան), Պյոտր Բարկովսկի (Լեհաստան)։
«Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003 թվականին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:
- Created on .
- Hits: 3180