Երևանում կբացվի Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսը

Ժողովրդական նկարիչ ՆԻԿՈԼԱՅ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ 95-ամյա հոբելյանի առթիվ ցուցահանդեսներ Արցախում՝ Շուշիի արվեստի կենտրոնում, և Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
2013 թ. անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի 95-ամյա հոբելյանի տարին է: Արվեստագետն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, սակայն իր հոբելյանական ցուցահանդեսը կազմակերպվում է հայրենիքում: Այս առթիվ Նիկոլայ Նիկողոսյանը հանդես եկավ բացառիկ նվիրատվությամբ ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ մշտական ցուցադրության փոխանցելով բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայի մարմարե կիսանդրին:
Ս.թ. մայիսի 3-ին Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսը բացվեց Արցախում, Շուշիի նորաստեղծ Արվեստի կենտրոնում, իսկ ս.թ. հունիսի 7-ին այն կբացվի Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում: Ներկայացվելու են հայ հանդիսատեսին տակավին անհայտ՝ վարպետի վերջին տարիների գրաֆիկական ինքնադիմանկարները, 15 գեղանկարչական կտավ և հաստոցային դիմաքանդակի՝ հեղինակի երևանյան հավաքածուից ընտրանի, ինչպես նաև ՀԱՊ հավաքածուից երկու քանդակ:
Նախագծում փորձ է արվում տեսնել խորհրդահայ արվեստագետի ստեղծագործական ուղին պատմական լայն կտրվածքով՝ ստալինյան ամպիրից մինչև «ազգային մոդեռնիզմ» և ըմբռնել ամբողջատիրական մշակույթի համատեքստում նրա կայանալու և, միևնույն ժամանակ, օֆիցիոզը շրջանցելու ֆենոմենը: Հետազոտության մեջ նաև փորձ է արվում կապել արվեստագետի անձնական, մասնավոր պատումը մեծ պատումի հետ և ըմբռնել նրա ստեղծագործության մեջ դրանց արտացոլումը:
Այսպիսով, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու մեծ վարպետի ստեղծագործությունը հնարավորինս ամբողջական՝ ժամանակագրական, ժանրային, գեղարվեստական իր հարստությամբ: Նիկոլայ Նիկողոսյանի արվեստը այսպիսի ընգրկունությամբ Հայաստանում դեռևս չի ներկայացվել, իսկ այս առթիվ լույս ընծայված մենագրություն-պատկերագիրքը հայերեն լեզվով Հայաստանում տպագրված առաջինն է:
Ողջ նախագիծը կյանքի է կոչվել բարերար, մեկենաս, ծագումով արցախցի մոսկվաբնակ Սարգսյան ընտանիքի ներդրման շնորհիվ: Նրանց ներդրման շնորհիվ է նաև Շուշիում վերականգնվել պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը՝ նախկին Հայ հոգևոր տեսչության տպարանի շենքը, որը 19 դարում հայկական երկրորդ տպարանն էր: Շենքը այսուհետ ծառայելու է որպես Շուշիի արվեստի կենտրոն, որտեղ և տեղի ունեցավ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին Արցախի հանրապետության նախագահը և կառավարության անդամներ:
Նախագիծը համադրել և պատկերագիրքը կազմել է Լիլիթ Սարգսյանը:
Հավելյան տեղեկությունների համար զանգահարել (093) 28 22 05:
Լիլիթ Սարգսյան
Լիլիթ Սարգսյան
- Created on .
- Hits: 3497