«Մենախոսություն երկու ձայնով»` ապրված և ապրվելիք հիշողություններ

   «Գրքիս հերոսները չեն տիրապետում երկխոսության արվեստին»,-այսպես է մեկնաբանում վերջերս լույս տեսած «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների ժողովածուի վերնագիրը հեղինակ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Լիլիթ Կարապետյանը: Ժողովածուն ընդգրկում է արձակագրի վերջին շրջանում գրած 10 պատմվածքները:

   Փոքր տարածքում` պատմվածքի ընձեռած սահմանափակ տարածության մեջ, Լիլիթ Կարապետյանը ամբարում է իր և իր կողքին ապրող մարդկանց հիշողությունները` ապրված և ապրվելիք, փորփրելով ցավեցնողը` ցավը թմրության աստիճանի հասցնելով:

   «Այստեղ այն պատմվածքներեն են, որոնք ինձ դարձրին գրական ընտանիքի անդամ` «Նորից երկուշաբթի»-ից մինչև «Արևածագից առաջ»: «Մենախոսություն երկու ձայնով»-ը արձանագրում է այդ բոլոր կորուստներն ու ձեռքբերումները»,-ասում է արձակագիրը:

  Այն հարցին, թե ասելիքի և պատմվածքի ընձեռած հնարավորությունների անհամատասխանությունը Լիլիթին կտանի՞ դեպի վեպը, հեղինակն անկեղծացավ. «Վեպը հեռավոր երազանք է, բայց ամենամոտ ժամանակում հնարավոր է նվաճել ավելի մեծ տարածք, քան ընձեռում է պատմվածքը»:

   Cultural.am կայքը սրտանց շնորհավորում է Լիլիթ Կարապետյանին` մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ, խորապես ապրված և ապրեցնող ստեղծագործություններ:


  • Created on .
  • Hits: 3650

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: