Դաշնակահար Վադիմ Խոլոդենկոն ելույթ կունենա ՀՊՖՆ-ի հետ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 7-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհյուրընկալի դաշնակահար Վադիմ Խոլոդենկոյին: Վերջինս հունիսի 9-ին Վեն Քլայբերնի անվան 14-րդ միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի: Մրցույթն անցկացվում է չորս տարին մեկ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ-Ուորտ քաղաքում: Այսօր` հուլիսի 6-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ դաշնակահարին ճանաչել է մինչ մրցույթը, իսկ Խոլոդենկոն էլ իր հերթին նշեց, որ իր համար հաճելի է աշխատել նման նվագախմբի և դիրիժորի հետ:
Արդեն իսկ արվել է երկու փորձ, Խոլոդենկոն գոհ է նվագախումբ-մենակատար կոնտակտից: Այն հարցին, թե ինչ դեր են խաղում մրցույթները երաժշտի կյանքում Խոլոդենկոն պատասխանեց, որ դրանք միանշանակ խթան են հանդիսանում ցանկացած կատարողի համար, որի արդյունքում միաժամանակ կարող է մի քանի դուռ բացվել երաժշտի առջև:

Մեր հարցին, թե արդո՞ք կատարել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, և եթե այո ապա ո՞ւմ է ամենից հոգեհարազատ համարում և արդյո՞ք մտադիր է հայ հեղինակների ստեղծագործություններից ներառել նվագացանկի մեջ, դաշնակահարը նշեց Առնո Բաբաջանյանի անունը, մասնավորպես վերջինիս «Վեց պատկեր» ստեղծագործությունը, այնուհետև հավելեց, որ հիացած է Արամ Խաչատուրյանի երաժշտությամբ և առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կներառի իր նվագացանկի մեջ:
Խոլոդենկոն ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Չայկովսկու Դաշնամուրային թիվ 1 կոնցերտը: Համերգի երկրորդ բաժնում հնչի Բեթհովենի թիվ 2 սիմֆոնիան:
Էլեն Յոլչյան
Լուսանկարները՝ Սոնա Անդրեասյանի
ՀՊՖՆ լրատվական բաժին
Լուսանկարները՝ Սոնա Անդրեասյանի
ՀՊՖՆ լրատվական բաժին
- Created on .
- Hits: 3177