Վարպետության դասեր և արվեստի էքսպերիմենտներ

«Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը հուլիսի 8-10-ը Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպեց «Արվեստի եռօրյա ակադեմիա», որն իրենից ներկայացնում էր վարպետության դասեր երիտասարդ գրողների, նկարիչների և կոմպոզիտորների համար: Երիտասարդներն ընտրվել էին մրցութային կարգով՝ նախապես որոշված պորֆեսիոնալ ժյուրիի կողմից (կոմպոզիցիա՝ Արթուր Ավանեսով և Արամ Հովհաննիսյան, կերպարվեստ՝ Լևոն Ֆլջյան և Կարեն Բարսեղյան, գրականություն՝ Արամ Պաչյան և Հասմիկ Խեչիկյան): Ստացված 55 հայտերից ընտրվեցին 15 երիտասարդ արվեստագետ, սակայն ակադեմիային նրանցից մասնակցեցին 14-ը. գրականություն՝ Լուսինե Եղյան, Արամ Մամիկոնյան, Ռուզաննա Ոսկանյան, Նելլի Սահակյան,
Նորայր Սարգսյան, կոմպոզիցիա՝ Ալվինա Կարապետյան, Ժիրայր Շահրիմանյան, Հեղինե Սարգսյան, Հովիկ Սարդարյան, կերպարվեստ՝ Արաքսյա Ասատրյան, Արուսիկ Ասլանյան, Ամալյա Գալստյան, Գոհար Մարտիրոսյան, Սեյրան Մեջանյան: Ակադեմիային մասնակցեցին նաև 3 երաժիշտ կատարողներ՝ Մերի Դոլմազյան (ալտ), Լուսինե Հարությունյան (ջութակ), Գոհար Առաքելյան (ֆլեյտա), որի շնորհիվ կոմպոզիտորները հնարավորություն ստացան իրենց ստեղծագործությունները լսել և տեղում դասախոսի և երաժիշտների հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերանայել դրանք:
Վարպետության դասերի համար դասախոսներ ընտրվեցին Արամ Պաչյանը (գրականություն), Լևոն Ֆլջյանը (կերպարվեստ), Արամ Հովհաննիսյանը (կոմպոզիցիա):
Աշխատանքները դասախոսների հետ քննարկվեցին և դրանց վրա աշխատեցին վարպետության դասերի ժամանակ:
Բացի այդ նոր ստեղծագործությունների վրա աշխատելուց՝ մասնակիցները հնարավորություն ունեցան մի շարք էքսպերիմենտների:
Վարպետության առաջին դասին Արամ Պաչյանը երիտասարդ գրողների համար ընթերցեց իր պատրաստած «Խոսք անազնվության» էսսեն, որից հետո սկսվեց քննարկում ժամանակակից գրականության տարբեր խնդիրների շուրջ:
Արամ Հովհաննիսյանը երաժիշտների և կոմպոզիտորների հետ սկսեց աշխատել վերջիններիս նոր գործերի վրա:
Վարպետության մյուս դասերն անցան բովանդակալից: Դասերն անցնում էին ինչպես դահլիճային պայմաններում, այնպես էլ բնության գրկում:
Առավել հիշատակելի է երկրորդ օրվա երեկոն: Կոմպոզիցիայի երկրորդ դասը Արամ Հովհանիսյանն անցկացրեց անտառում: Կոմպոզիտորներին տրվեց 10 րոպե ժամանակ, որի ընթացքում նրանք գրաֆիկական պարտիտուրի տեսքով պետք է գրառեին բնության մեջ լսած ձայները: Երեկոյան
մեծ դահլիճում կազմակերպվեց պերֆորմանս, որի ժամանակ ակադեմիայի բոլոր մասնակիցները որոշակի դեր ստանձնեցին: Չկար հանդիսատես, բոլորը մասնակից էին: Երաժիշտներին և կոմպոզիտորներին բաժանվեց կոմպոզիտորների գրաֆիկական պարտիտուրները, որոնք պետք է նվագեին ըստ իրենց մեկնաբանության: Պերֆորմանսը սկսեց Արամ Պաչյանը իր «Մենք հաղթեցինք աշխարհին» պատմվածքի ընթերցմամբ: Ընթերցանության կեսից երաժիշտները սկսեցին կատարումը: Կատարումը միայն երաժշտական գործիքներով չէր, այլ բաժակներով, դաշնամուրի լարերով, տարբեր այլ ոչ երաժշտական միջոցներով: Նրանց միացան մյուս մասնակիցները, որոնք շշուկով սկսեցին ընթերցել տեքստը: Այս ձայնային ֆոնի տակ նկարիչները սկսեցին նկարել, որոնցից յուրաքանչյուչի մոտ նստած գրողները նրանց
նկարածը և ընդհանուր տպավորությունը վերածեցին տեքստերի: Այս ամենը տևեց 15 րոպե, Արամ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Բոլորը տպավորված էին: Այնուհետև դիտեցինք նկարները և լսեցինք գրողների տեքստերը: Իսկ դրանից հետո մինչև ուշ գիշեր բոլոր մասնակիցները ներկայացրեցին իրենց հին աշխատանքները:
Թվում էր՝ արդեն չարաշահել ենք օրը և մասնակիցները ուժասպառ կվազեն սենյակները՝ հանգստանալու, երբ պարզվեց, որ նրանք քնելու որևէ ցանկություն չունեն և ուզում են օգտվել հնարավորությունից և լուսացնել միասին՝ արդեն աշխատանքային հաճելի երեկոն շարունակելով մաֆիայի ինտրիգային գիշերով:

Երբ ամսի 10-ին ամփոփում էինք աշխատանքները, մասնակիցները նշեցին, որ որ սա իրենց համար նորություն էր և որ շատ հաճելի ու կարևոր էր ծանոթանալ մյուս ոլորտների հասակակից արվեստագետների հետ:
Լևոն Ֆլջյանը նշեց, որ այսուհետ նրանք կարող են օգտագործել այս ծանոթությունը և իրականացնել տարբեր համատեղ նախագծեր:
Ակադեմիայի վերջնական ամփոփումն իհարկե տեղի ունեցավ արդեն Երևանում՝ Նարեկացի արվեստի միությունում, հուլիսի 11-ին՝ եզրափակիչ համերգ-ցուցահանդեսով, որի ժամանակ ներկայացվեցին ակադեմիայի շրջանակներում ստեղծված գործերը:
Նշենք, որ ծրագիրը իրականացվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության, Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան և Նարեկացի արվեստի միության աջակցությամբ:
Հասմիկ Խեչիկյան
Լուսանկարները՝ Սոնա Անդրեասյանի
- Created on .
- Hits: 4206