Ստեղծագործելու համար ոգեշնչման աղբյուր կարող է լինել ամեն ինչ

Ցանկացած ստեղծագործող-արվեստագետ արժանի է, որպեսզի լինի գնահատված և ընդունված արվեստասեր լայն հասարակության կողմից, ինչպես իր երկրում՝ ուր ապրում և ստեղծագործում է, այնպես էլ արտերկրում:
Այլ հարց է, թե ստեղծագործող-արվեստագետը արվեստի որ բնագավառում է ստեղծագործում՝ քանդակ, գեղանկար, երաժշտություն և այլն, ստեղծագործում է դասական ավանդույթներին համավատրիմ մնալով, թե փորձում է գտնել իր ուրույն ոճն ու ձեռագիրը ժամանակակից հոսանքներում և կամ ստեղծագործում է երկուսն իրար սինթեզելով:
Բնականաբար արվեստասեր հասարակությունը ունի իրավունք հավանելու և նախընտրելու այս կամ այն արվեստագետի, նրա կողմից ստեղծված այս կամ այն աշխատանքը, քանի որ այդ ամենը կախված է մարդկանց ներաշխարհից, բնությունը, իրական ու երևակայան աշխարհն ընկալելու, տեսնելու ու պատկերացնելու յուրովի մոտեցումից:

Նկարիչ-քանդակագործ Գագիկ Ղազարյանի աշխատանքները հենց այսպիսինն են՝ հոգեհարազատ շատերին:

Ցուցահանդեսին ներկայացված էին 16 քանդակ և մոտ 40 գրաֆիկական աշխատանք: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության նախագահ Ա.Ժարկինը, հայտնի արվեստաբան Մուդրովը, հայտնի ռուս նկարիչներ, քանդակագործներ, թատրոնի և կինոյի ներկայացուցիչներ և այլք:
Հատկանշական է, որ Սանկտ-Պետերբուրգի արվեստասեր հասարակությունը առաջին անգամ էր ծանոթանում Գագիկ Ղազարյան արվեստագետին և նրա ստեղծագործություններին, ով իրավամբ համարվում է ժամանակակից հայ քանդակագործության լավագույն վարպետներից:

Գ.Ղազարյանը ՀՀ Նկարիչների միության անդամ է, 1998թ-ից ՀՀ նկարիչների միության խորհրդի քարտուղարն է: Այժմ դասավանդում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում՝ քանդակի և գծանկարի ամբիոններում (դոցենտ, պրոֆեսոր):
Գագիկ Ղազարյանի արվեստում՝ քանդակներում և գրաֆիկական աշխատանքներում սինթեզված են հայկական և արտասահմանյան, այդ թվում նաև ռուսական բազմադարյան արվեստի ավնադույթներն ու ժամանակակից պլաստիկ արտահայտչաձևերը:

Եթե քանդակներ անելիս Գ.Ղազարյանը ավելի պահպանողական է (ստեղծագործում է հիմնականում մոնումենտալ, դեկորատիվ, հաստոցային, ռելեֆային, փոքր ձևերի ժանրերում), ապա գրաֆիկական աշխատանքներում մոտ է ավանգարդիստներին, մասնավորապես Պիկասոյին:
Նկարիչ-քանդակագործի աշխատանքները գտնվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ մասնավոր հավաքածուներում և թանգարաններում:
Արվեստագետը սկսած 1972թ-ից մասնակցել է և շարունակում է մասնակցել հանրապետական, միջազգային, համամիութենական ցուցահանդեսների, սիմպոզիումների:
Արվեստաբան Անի Հայկազուն
Լուսանկարաները՝ Սանկտ-Պետերբուրգի նկարիչների միության
կայքից և Գագիկ Ղազարյանի անձանակ արխիվից
- Created on .
- Hits: 4220