Տաղանդավոր նկարիչ, հիանալի արվեստագետ Վան Սողոմոնյանը երկար տարիներ է ինչ ապրում և ստեղծագործում է Վիսբադենում (Գերմանիա): Եվ ժամանակ առ ժամանակ այցելելով Հայաստան՝ նկարիչը հայ արվեստասեր հասարակությանը ներակայանում է նոր աշխատանքների ցուցադրությամբ:
Հուլիսի 24-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահում տեղի ունեցավ նրա նոր ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի գեղանկարչական աշխատանքներն ու քանդակները:
Նկարիչ Վան Սողոմոնյանը սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ 1963-1968թթ.-ին: Անդամակցում է Հայաստանի նկարիչների մությանը, Գերմանիայի նկարիչների միությանը և Լեհաստանի «Կերամոս» արվեստի միջազգային ակադեմիային: Մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել այնպիսի երկրներերում, ինչպիսիք են Հունգարիան, Ռումինիան, Իտալիան, ԱՄՆ, Շվեյցարիան, Լեհաստանը, Գերմանիան, Ռուսաստանը, Հայաստանը: Նկարչի աշխատանքները պահվում են մի շարք թանգարաներում և մասնավոր հավաքածուներում:
Վան Սողոմոնյանը հիրավի համարվում է ժամանակակից ազգային խեցեգործության հիմնադիրը: Արվեստագետ՝ ով մի շարք գունագեղ քանդակների հեղինակ է, իսկ տարածական կոմպոզիցիաներում արտահայտված է իրական և խորքային քանդակագործ-արվեստագետը: Վան Սողոմոնյանը ավելի գերադասում և ընդունում է մինիմալիստական արվեստը, որը ձգտում է ֆորմաները նվազեցնել-հասցնել մինիմումի: «Կարևոր է ոչ միայն քո աշխարհընկալումը, այլ նաև այն րոպեական տրամադրությունը, որ կա քո հոգում: Եվ պետք է հիշել, որ ամեն ուր կա պայմանականություն և սեփական անհամապատասխանությունը աշխարհի հետ: Եվ այն, ինչ ես ստեղծում եմ, միաժամանակ այն ամբողջական ֆորման է, որով ես ընկալում եմ տիեզերքը և այն փոքր աշխարհը, որ կա իմ ներսում»,- նշում է արվեստագետը:
Ցուցահանդեսը կգործի երկու շաբաթ:
Արվեստաբան Անի Հայկազուն
Լուսանկարները՝ Լիլիթ Սողոմոնյանի