Արա Բեքարյան. հոբելյանական ցուցահանդես
Այսօր՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ՀԽՍՀ վաստակավոր գործիչ և ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի 100-ամյա հոբելայանին նվիրված ցուցահանդեսը:
Ցուցադրված են վարպետի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, հոբելյանական ցուցահանդեսի առթիվ էլ հրատարակվել է Արա Բեքարյանի ստեղծագործությունների ծավալուն պատկերագիրքը, որն ամբողջկան պատկերացում է տալիս արվեստագետի ստեղծագործական հարուստ և բովանդակալից ուղու մասին:
Ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանը ծնվել է Աֆիոն-Կարահիսարում (Թուրքիա): 1925թ-ին ընտանիքի հետ Ֆրանսիայից հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: Սովորել է Երևանի Գեղարդ տեխնիկումում՝ Վ. Գայֆեջյանի և Ս. Առաքելյանի մոտ, այնուհետև սովորել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) գեղարվեստի ակադեմիայում: Դասավանդել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում և Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:
Արվեստագետը ստեղծել է մի շարք թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, նկարազարդել և ձևավորել է մի շարք հայ դասական հեղինակների գրքեր՝ «Քաջ Նազար» և «Երկիր Նաիրի» գրքերի ձևավորումը, Հակոբ Պարոնյանի երկերի ձևավորումը և այլն: Ա. Բեքարյանին առավելապես գրավել է գյուղական կյանքը՝ իր պարզությամբ, մաքրությամբ, որոնք էլ և առատ են արվեստագետի կտավներում՝ զերծ կենցաղային և ազգագրական մանրամասն շեշտադրումներից («Նոր երգ», «Ջրաղաց», «Հանգստի ժամին»): Ինչ վերաբերվում է դիմանկարներին, ապա յուրաքանչյուր դիմանկար առանձնանում է մարդկային բազմազան խոհերի և ապրումների արտահայտման մեծ վարպետությամբ (Վահան Տերյանի, Հակոբ Կոջոյանի և այլոց դիմանկարները):
Բնանկարներում առակ է լակոնիկ կառուցվածքն ու նուրբ գունազգացողությունը, բնանկարներից յուրաքանչյուրը քնարական մեղմ տրամադրությամբ է համակված, իսկ փոքր-ինչ խամրած ու թավշանման գունաբծերը մեղմ և հաճելի տպավորություն են գործում դիտողի վրա («Գարուն», «Ծաղկած դաշտեր», «Գետակի ափին»): Արա Բեքարյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Լիբանանում, Կանադայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Կորեայում, Ճապոնիայում, Ռումինիայում և այլուր:
Անի Հայկազուն, արվեստաբան
- Created on .
- Hits: 4826