«Լացող հարսանիք» Գյումրիում

Նոյեմբերի 17-ին Գյումրիում «Լացող հարսանիք» էր: Ինչո՞ւ լացող: «Քանի որ մեր օրերում հարսանիքներն արվում են վարկերով ու պարտքերով, ինչից հետո կարող է լինել միայն լացուկոծ, վեճ ու անհաշտություն»,- բացատրում են կազմակերպիչները: «Լացող հարսանիք»-ի մասնակիցները Գյումրու Սոցիալ-կրթական կենտրոնի սաներն էին: Նրանք կերպարանափոխվել էին ու դարձել հարս ու փեսա, հարսնաքույր ու զոքանչ, մի խոսքով` հարսանքավորներ: Կենտրոնի սաները երկու շաբաթ պատրաստվել են այս արդյունքի համար, փորձեր արել կենտրոնում և Գյումրու հրապարակում: «Փորձերի ժամանակ շատ վրիպումներ կային, իսկ այսօր ամեն ինչ լավ էր, իմպրովիզներ էլ արեցինք, ինչը մեզ շատ օգնեց»,- պատմում է փեսա Ռուբեն Տեր-Գրիգորյանը: Ինչ վերաբերում է իր դերին, Ռուբենը խոստովանում է, որ ինքն առաջին անգամը չէ, որ որպես փեսա է ներկայանում. «Արդեն երրորդ անգամ եմ փեսա, որոնցից մեկում հնդիկի դեր եմ խաղացել: Իսկ Ռուբենի «հարսնացուի»` Թագուհի Ալթունյանի համար իր դերը հեշտ էր. «Հեշտ էր դերի մեջ մտնելը, միայն հուզմունքն էր խանգարում»:

«Լացող հարսանիք»-ը CAUCULT միջմշակութային ծրագրի նախատեսած համայնքային արվեստի փառատոնի միայն մի մասն էր: «Եռանկյունի» համայնքային արվեստի փառատոնի շրջանակներում կիրականացվեն նաև «Բնության ձայներ» և «Մուրազատու ծառ» միջոցառումները, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրի աղտոտվածությանը և երիտասարդների շրջանում պասիվությանն ու անտարբերությանը:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 4002