Խվորոստովսկին և Օրբելյանը Լիտվայում

    Լիտվայի երկրորդ խոշոր քաղաք Կաունասի հանրահայտ «Ժալգիրիս» մարզահամալիրում սեպտեմբերի 29-ին ակադեմիական երաժշտության սիրահարներին միանգամից 2 անակնկալ է սպասվում. աշխարհի ամենագեղեցիկ բարիտոններից մեկի` Դմիտրի Խվորոստովսկու համերգի ընթացքում Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի հայազգի տաղանդաշատ երաժիշտ Կոնստանտին Օրբելյանը:

    Այս մասին տեղեկացնում է obzor.lt կայքը` նշելով, որ երգչի համերգային երգացանկում ներառված կլինեն Վերդիի, Բելինիի, Վագների, Ռուբենշտեյնի, այլ հռչակավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսական ռոմանսներ և նեապոլիտանական երգեր:

    Խվորոստովսկին և Օրբելյանը Լիտվա կժամանեն համերգից 3 օր առաջ, որպեսզի բավականաչափ ժամանակ տրամադրեն նվագախմբի հետ փորձերին` հանդիսատեսին անմոռանալի երեկո պարգևելու համար:

    Երաժշտական շրջանակներին քաջ հայտնի Օրբելյանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ)` հայ ներգաղթյալների ընտանիքում: Նրա տաղանդն ի հայտ է եկել դեռ մանկուց. արդեն 4 տարեկանում փոքրիկ Կոնստանտինը սկսել է դաշնամուր նվագել սովորել քաղաքի կոնսերվատորիայի մանկական բաժնում:

    Բացառիկ տաղանդն ու աշխատասիրությունը վերջիվերջո արել են իրենց գործը. 6 տարեկանում նա հաղթող է ճանաչվել Բախի անվան դաշնամուրի մրցույթում, իսկ 3 տարի անց հանդես է եկել առաջին մենահամերգով:

    Իսկ 11 տարեկանում կայացել է Օրբելյանի դեբյուտը Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում` քաղաքի նվագախմբի հետ միասին: Դրանից հետո համաշխարհային մամուլն ուղղակի «հեղեղվել» է փոքրիկ հրաշամանուկի ապշեցուցիչ հաջողության վերաբերյալ արձագանքներով:

    2003թ.-ին Կոնստանտին Օրբելյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում:

  • Created on .
  • Hits: 2617

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: