Գերմանացի գրողներն Արցախում
Հայ-գերմանական մշակութային համագործակցությունը հարուստ անցյալ ունի: Սակայն Հայաստանի և Արցախի անկախության շրջանում այդ կապերը նոր վերածնունդ են ապրում: Վերջին տարիներին հաճախակի են դարձել մշակութային պատվիրակությունների և նրանց կազմում նաև գրողների փոխայցելությունները երկու բարեկամ երկրների միջև: Չնայած խոչընդոտող հանգամանքներին` հաճախակի են դարձել նաև գերմանացի գրողների այցելություններն Արցախ:
Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի հրավերով օգոստոսի 31-ին հենց այդպիսի այցի շրջանակներում Արցախ էին ժամանել գերմանացի գրողներ Անդրե Շինգելը և Յորգեն Յանկովսկին: Անդրե Շինգելը Սաքսոնիա-Անհալտում հրատարակվող «Ort der Augen» գրական հանդեսի խմբագիրն է, իսկ Յորգեն Յանկովսկին` «Ֆրիդրիխ Բոդեքեր» միության նախագահը:
Հյուրերը Ստեփանակերտում հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաև Արցախի գրողների հետ: Առիթից օգտվելով` զրուցեցինք Անդրե Շինգելի և Յորգեն Յանկովսկու հետ: Եվ քանի որ նրանք մեկը մյուսին լրացնելով էին պատասխանում հարցերին, այդ պատճառով հարցազրույցը միասնական ենք ներկայացնում:
- Երկրների և ժոդովուրդների հաղորդակցման կարևոր միջոցներից մեկը մշակույթն է ու հատկապես գրականությունը: Ինչպիսի՞ գրական կապեր են հաստատվել ներկայումս Գերմանիայի և մյուս ժողովուրդների գրականության միջև:
- Գերմանիայի ընդհանուր գրական կապերի մասին խոսելը դժվար է, որովհետև Գերմանիան մեծ երկիր է` համապատասխանաբար, լայն մշակութային կապերով: Սակայն կոնկրետ այն նահանգը, որը ես եմ ներկայացնում, գրական մշակութային սերտ կապեր ունի Ֆրանսիայի, Լեհաստանի, Բուլղարիայի և Հայաստանի հետ: Ամեն տարվա աշնանը մենք հրավիրում ենք գրողներ տարբեր երկրներից և Հայաստանից` կազմակերպելով գրական ընթերցումներ: Մեր նախաձեռնությամբ գերմաներեն են թարգմանվել և մեր ընթերցողներին են ներկայացվել ժամանակակից մի շարք հայ գրողների ստեղծագործություններ, որոնց թվում նաև Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի բանաստեղծությունները: Գործընթացը շարունակական կլինի: Մենք պատրաստակամ ենք մեր հրատարակած գրական ամսագրում տպագրել այն հայ գրողների ստեղծագործությունները, որոնք մեզ կներկայացնեն:
- Գյոթե, Շիլլեր, Էրազն Ռոտերդամցի, Ֆրիդրիխ և Ավգուստ Շլեյգեյներ, Գրիմ եղբայրներ, Հայնե Միլլեր, սրանք անուններ են, որոնք խորհրդանշում են ինչպես գերմանական, այնպես էլ համաշխարհային գրականության տարբեր ժամանակաշրջանների բարձրակետերը: Ինչպիսի՞ զարգացման միտումներ ունի արդի գերմանական գրականությունը:
- Ժամանակակից գերմանական գրականությունը սերտ կապված է իր հզոր ակունքների հետ և իր մեջ կրում է նրա ազդեցությունը: Դասական գրականությունը միշտ էլ մեծ պահանջարկ է ունեցել և իր առանձնահատուկ տեղն է գրավել գրականության մեջ: Սակայն դա ամենևին էլ չի ստվերում ժամանակակից գրականության դերն ու նշանակությունը: Այս առումով գերմանական գրականությունը ներկայումս, իր թիկունքում ունենալով վերը նշված հզոր դասականներին, նրանց ստեղծածի հիմքի վրա զարգացնում է նորը:
- Ինչպես համաշխարհային, այնպես էլ գերմանական գրականության վրա խոր ազդեցություն է թողել գերմանացի մեծ փիլիսոփաներ Նիցշեի, Կանտի և մյուսների ուսմունքները: Այսօր Ի՞նչ գաղափարական ուղղվածություն ու զարգացման միտումներ ունի գերմանական գրականությունը:
- Անվիճելի է, որ գերմանական փիլիսոփայությունը նույնպես խոր հետք է թողել գրականության զարգացման ընթացքի վրա: Նիցշեի, Կանտի և այլոց փիլիսոփայական ուսմունքների ազդեցությունը այսօր էլ զգացվում է գերմանական և ինչու չէ նաև համաշխարհային գրականության մեջ: Ներկայումս, իհարկե, նոր գաղափարական տեղաշարժեր կամ գերմանական փիլիսոփայության և գրականության մեջ: Սակայն դրանց կոնկրետ գաղափարական ուղղվածության մասին խոսել կհաջողվի միայն որոշ ժամանակ անց:
- Գերմանիայում գրողին կերակրո՞ւմ է իր տողը:
- Իհարկե ոչ: Այսօր գրեթե ամբողջ աշխարհում գրողները սոցիալապես խոցելի են, և գրողին իր տողը չի կերակրում: Սա համատարած երևույթ է: Սակայն պարզապես պետք է գրիչ վերցնել ու գրել, եթե դա հոգուց է գալիս ու սրտի թելադրանքով է:
- Ի՞նչ տպավորություններ ունեք Արցախից:
- Մենք առաջին անգամ ենք Արցախում: Երկար ժամանակ կպահանջվի մեր տեսածը մարսելու և խորապես հասկանալու համար: Սակայն մի բան փաստ է` մեր տպավորություններն անկրկնելի են: Հենց Արցախ ոտք դնելու առաջին պահից անմիջապես զգացինք արցախցիների ոգևորությունն ու հպարտությունը` կապված իրենց երկրի անկախության տոնի հետ: Այս տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հակամարտություններ կան, սակայն հույս ունենք, որ արցախյան հիմնախնդիրը շուտափույթ ու խաղաղ լուծում կստանա, և այս փոքրիկ, բայց տաղանդավոր ժողովուրդը հնարավորություն կստանա ապրել ու արարել ազատ երկրում:
Նյութը պատրաստեց Վանիկ Նովիկովը
- Created on .
- Hits: 3181