Տունը թանգարան կդառնա

    2016թ.-ին կլրանա աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանու (Սերոբվե Ստեփանի Լևոնյան) ծննդյան 170-ամյակը: Արդեն մի քանի ամիս է, ինչ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը առաջ է քաշել աշուղի ծննդավայրում` Ջավախքի Կարծախ գյուղում, տուն-թանգարան հիմնելու գաղափարը: Ջիվանու ներկայիս տան սեփականատեր Սպարտակ Բանգոյանը (Ջիվանին ծնվել է Բանգոյանների գերդաստանում) արդեն տվել է իր համաձայնությունը տունը տուն-թանգարան դարձնելու համար:
    «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը Cultural.am-ին տեղեկացրեց, որ կա ժողովրդական արտիստներից, արվեստի վաստակավոր գործիչներից, գործարարներից բաղկացած հանձնաժողով, որն աշխատում է ծրագրի իրականացման ուղղությամբ:
    «Արդեն կա նախագիծը, ունենք հմուտ ճարտարապետ` Հովհաննես Մութաֆյանը, որը պատրաստ է կամավորության սկզբունքով անել այդ աշխատանքը: Տեղի իշխանությունները նույնպես պատրաստ են և՛ ֆինանսական որոշակի ներդրում ունենալ, և՛ կազմակերպչական ու  իրավական հարցերով աջակցել: Վրաստանի իշխանությունների հետ կապված որևէ խոչընդոտ այս պահին չենք տեսնում: Ֆինանսների հայթհայթման հետ կապված արդեն ունենք պլանավորած գործողություններ` տարբեր երկրների հայ համայնքներում դրամահավաքներ, բարեգործական համերգներ և այլն: Կարծում ենք` դրանք բավարար կլինեն անհրաժեշտ գումարը հավաքելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց Աշոտ Հակոբյանը:
    Հանձնաժողովի անդամները նոր են վերադարձել Ջավախքից: Պարբերաբար այցելությունների ժամանակ միշտ աչքի տակ են առնում տեղի խնդիրները: Ա. Հակոբյանը վստահեցնում է, որ ջավախահայերը կարիք ունեն կրթական, մշակութային օջախների. «Հիմա մարդիկ կմտածեն` ինչ հրատապ հարց է տեղի բնակիչների համար թանգարանը, բայց պետք է ասեմ, որ դա հանապազօրյա հացի նման անհրաժեշտ է ջավախահայերին: Ջիվանու տուն-թանգարանը լինելու է այն ակտիվ մշակութային կենտրոնը, որտեղ կհաճախեն ոչ միայն կարծախցիներ, այլև հարակից հայաբնակ գյուղերի բնակիչներ: Հույս ունենք, որ այն կդառնա նաև տուրիստական նշանակության օջախ, և՛ Կարծախը կզարգանա, և՛ Ջավախքը»:
     Ջավախքից սերված մեծերից միայն Վահան Տերյանին է բախտ վիճակվել ծննդավայրում ունենալու սեփական տուն-թանգարանը: Ինչպես Ջիվանին, այնպես էլ շատ հայորդիներ, ինչպիսիք են Վ.Սուրենյանցն ու Վ.Գայֆեջյանը, Հ.Մանանդյանն ու Չիֆթալարյանը, Լ.Զաքարյանը, Դ.Դեմիրճյանը, Հավասին և շատ ուրիշներ, դեռ սպասում են հայրենի հողում իրենց հիշատակը հավերժացնող հաստատությունների ստեղծմանը:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2690

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: