Երբեք չէի մտածի, որ կգրեմ. Արամ Պաչյան

    Վերջերս լույս տեսավ արձակագիր Արամ Պաչյանի «Օվկիանոս» ժողովածուն, որտեղ ներկայացված են հեղինակի նոր պատմվածքներն ու էսսեները: Ընթերցողները հավաքվել էին The Loft-ում արձակագրի հետ հանդիպելու և իրենց հարցերն ուղղելու համար: Ընթերցողին ենք ներկայացնում հանդիպումը:  

Ընթերցողը` գրողի գոյության նախապայման
Մանկությունից սկսած ինձ միշտ թվացել է, թե գրողները մի քանի քայլ առաջ են ընթերցողներից, որովհետև գրում են, ինչ-որ բաներ են ստեղծում: Բայց միայն ընթերցողի միջոցով է սահմանվում այն, ինչ գրվել է: Երբ գիրքը, տեքստը փակ է, այն անկենդան, անշունչ մի բան է: Երբ ի հայտ է գալիս ընթերցողն ու բացում է տեքստը, փորձում է լինել այդ տեքստում` շատ ժամանակ ինքնամոռացվելով, այն ապրում է: Այս դեպքում ընթերցողի գոյությունն անհրաժեշտ է, որ շարունակի գոյություն ունենալ գրողը:

pachyan-handipum-loftՊատահական բռնկումներ
Տեքստը քո ներքինի և արտաքինի սինթեզն է, սինթեզ քո փորձառության և աշխարհի հետ քո հարաբերության միջև: Երբևէ չէի մտածի, որ կգրեմ և կստեղծվեն այս գրքերը: 

Գրում եմ, որովհետև …
Պատմություններ կան, որտեղ ինքս ինձ համար չեմ կարողացել սահմանել մտքի սահմանները: Փորձել եմ լեզվի մեջ սահմանել այդ պատմությունները: Լեզվական սահմանումն արդեն որոշակի սևեռում է որևէ իրի, կյանքի դրվագի, մարդկային հարաբերության: Գրում եմ, որ ավելի կենտրոնացած դիտարկեմ այդ պատմությունները ու կիսվեմ մարդկանց հետ:
 
Իմ առաջին ընթերցողը
Առաջինը «Հրապարակ» օրաթերթի սրբագրիչն է կարդում` մեր Արուսը (ժպտում է):

«Օվկիանոսը»
«Օվկիանոսում» պատմություններ են, որոնք ծնվել են, ստեղծվել են: Կան չստացված գործեր, որոնցից գոհ չեմ, և կան պարբերություններ, որոնք ինձ համար էլ են հետաքրքրական: Երբ գիրքը տպագրվում է, գրականությունը դրվում է մեծ դատավարության պրոցեսի մեջ: Փորձում եմ ինքս որպես մի նոր դատավոր հանդես չգալ: Եթե հիմա խմբագրելու լինեմ, սա լրիվ ուրիշ գիրք կլինի, բայց կարծում եմ, որ երբ գիրքը հանձնում ես, դա ազդարարված ավարտն է, պիտի շարժվես առաջ: Գուցե հետո խմբագրես, որ վերահրատարակես, բայց որոշակի լուրջ կոնցեպցիաներ փոխելուն ես դեմ եմ: Եթե չի ստացվել, չի ստացվել, դա է, վերջ, իսկ եթե պիտի 10 տարի հետո փոխես ինչ-որ բաներ, ինձ համար տարբերակ չէ:

pachyan loft handipumԼավագույն տեղերից մեկը
Դու քեզ քո ընկերների միջոցով ես ճանաչում, իրենց միջոցով ես կարողանում քեզ սահմանել: Իրենք մի տեղ են, որտեղ դու կարող ես գնալ, տեղ, որտեղ դու դեռ իրավունք ունես լինելու: Ընկերությունն ինձ համար լավագույն տեղերից մեկն է, որտեղ ուղղակի կարող ես լինել ու լավ զգալ քեզ որպես մարդ:

Անհետաքրքիր տարածություններ
Տեխնոլոգիաները մտան մեր կյանք, և հիմա լեզուն այլ կերպ է դրսևորվում` ավելի կարճ, ավելի արագ: Լեզուն ինչ-որ մուտացիաների է ենթարկվում, և ոչ ոք չգիտի, թե հետո ինչ կլինի:

Տեխնիկայի մեջ ինձ ոչ մի բան չի սարսափեցնում, ուղղակի ես որևէ կերպ իմ մտքի և իմ կյանքի ապագան տեխնիկայի մեջ չեմ տեսնում: Սոցիալական ցանցերն ինձ համար անհետաքրքիր տարածություններ են, որտեղ մարդուն «արտահայտվելու հնարավորություն են տվել»: Այն վտանգավոր տարածություն էի համարում իմ կյանքի ու մտքի համար, առանց դրա ազատագրված և հրաշալի եմ ինձ զգում:
Աննա Կարապետյան 
 
 
 
 
  • Created on .
  • Hits: 2889

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: