Հրաչյա Աճառյանը Կոմիտասի մասին

   Այսօր մեծանուն երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի ծննդյան օրն է:

   ***

   Կոմիտաս Էջմիածնա մեջ սովորություն ուներ լսած որևէ երգը հայկական ձայնանիշերով գրոլ: Օր մը, երբ իրեն հարցուցի, թե ինչո՞ւ հայկական խազերով կգրես՝ ան պատասխանեց. «Եվրոպական 5 գծավոր թուղթ հանպատրաստից ես ուրկե՞ գտնեմ, իսկ հայկական ձայնանիշերը որևէ թուղթի վրա անմիջապես կգրեմ...»: Բացի այդ՝ հայկական ձայնանիշը կարելի է երաժշտական սղագրություն համարել:

   ***

  Օր մը Կոմիտաս ինձ պոլսական շարքիներ երգել տվավ և ծոցատետրին մեջ սկսավ գրել: «Հայր սուրբս,- ըսի անոր,- եվրոպացիները արհամարհանքով կլսեն այս շարքիները և կծաղրեն...»: «Ատոնք հիանալի եղանակներ են և ատոնց ծնունդ տվողները բնական հանճարներ են», - ըսավ ան:

   ***

  Կոմիտասը ականջի մազերը կտրել չէր տար և միջի սռակն ալ չէր մաքրեր՝ ըսելով. «Բնությունը լսողական նյարդերը պահպանելու համար դրած է զանոնք...»:

   ***

   Մաքրասեր Կոմիտասը ճանճի թշնամի էր: Բացի սենյակին պատուհաններեն՝ դուռն ալ մառլյայով փակած էր: Կարժեր տեսնել զինքը, երբ հանկարծակի կատակալի բառերով կհարձակվեր դռնեն ներս մտնողին վրա, պոռալով՝ շուտ,շուտ ներս մտիր, և եթե այդ միջոցին ճանճ մըն ալ ներս մտներ, ան չէր հանգստանար, մինչև որ դուրս չհաներ զայն: Վռդված ճանճը անիծելով կըսեր. «Ի՞նչ, նորեն նոտաներուս վրա սրբագրի՞չ եկար...»:

   Կոմիտաս ոխերիմ թշնամին էր ճանճերուն: Անգամ մը, երբ մեր սենյակին մեկ ճանճը սատկցնելու համար ապակին կոտրեց, իր սրամիտ խոսքերով արդարացուց ինքզինքը՝ ըսելով. «Այս ճանճը իր միկրոպով կարող էր մեր երկուքին գլուխը ուտել...»:

   ***

   Երեք տարվան մեջ մեկ անգամ միայն տեսա Կոմիտասի կատաղի զայրույթը... Ճեմարանի ցած պատշգամբին մեջ Կոմիտասն ու ես մտերմորեն կխոսենք: Մեզմե քիչ մը անդին ուսանողները հավաքված կերգեին, իրարմե ետ ու առաջ ձայներով... Այդ րոպեին, առաջին անգամը ըլլալով, ես դիտեցի անոր կատաղի բարկությունը... Մինչև օրս չեմ մոռնար անոր վզի երակներուն մատնաչափ ցցվիլը...

   ***

   Իմացեր եմ, որ 1906 թվին Փարիզի մեջ Կոմիտասի ցուցադրական մեկ համերգեն վերջ, ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր-դաշնակահար Կլոդ Դեբյուսին ծունկի գալով կհամբուրե Կոմիտասի ձեռքերը, ըսելով՝ «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ...»:

   Ծաղկաքաղը՝ ըստ «Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքի, Ե., 1960թ.: 

  • Created on .
  • Hits: 9195

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: