Սիմֆոնիկ ապագա

    Օպերայի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը կրթօջախներում» նախագծի շրջանակներում դեկտեմբերի 25-ին Օպերային թատրոնում տեղի ունեցավ Երևանի երաժշտական №13 հատուկ դպրոց-ինտերնատի սաների փողային կազմի և Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի փողային կազմի համատեղ համերգը, որը կրում էր «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՊԱԳԱ» խորագիրը: Այն ղեկավարում էր Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:  Համերգին մասնակցեց նաև շեփորահար Դանիել Մելքոնյանը, ով վերջերս հաղթական տեղ գրավեց Մոսկվայի «Շելկունչիկ» պատանի երաժիշտների միջազգային հեռուստամրցույթում:
    Համերգի նպատակն էր քաջալերել երեխաներին, բարձրացնել նրանց մեջ պատասխանատվության զգացողությունն իրենց ընտրած ուղու նկատմամբ:
       simphonik-apaga-hamerg
    «Համերգի վերնագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսի կարևորությամբ ենք մենք վերաբերվում գալիք սերունդների թե՛ մասնագիտական, թե՛ բարոյահոգեբանական զարգացմանը: Երեխաներն ունեն մեծ ներուժ, ուստի բոլորս պետք է մեծ պատասխանատվությամբ և հոգատարությամբ մեր ուշադրության կենտրոնում պահենք նրանց, քանի որ վստահ եմ, որ  նրանք նույնպես ապագայում համալրելու են պրոֆեսիոնալ նվագախմբերի շարքերը»,- համերգից հետո ասաց Կարեն Դուրգարյանը, ով նաև Օպերայի աջակցման հիմնադրամի հիմնադիրն ու խորհրդի նախագահն է:         
       simhponik apaga 2014
    Հիմնադրամի կարևորագույն առաքելություններից մեկն է դասական արվեստը տարածել հայ հասարակության մեջ: Համոզված լինելով, որ դասական արվեստն անհրաժեշտ է սերմանել անհատի մեջ միջնակարգ և մասնագիտական կրթությանը զուգահեռ՝ Հիմնադրամը ստեղծել է «Օպերային արվեստը կրթօջախներում»  նախագիծը, որի շրջանակներում Օպերային թատրոնի արտիստները և հրավիրյալ երաժիշտները ելույթներ են ունենում կրթական հաստատություններում:
      simphonik apaga 25.12.14
    Համերգներ են տեղի ունեցել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում, Աշոտ Նավասարդյանի անվան №196 հիմնական դպրոցում, Հայրապետ Հայրապետյանի անվան №78 հիմնական դպրոցում և Երևանի երաժշտական №13 հատուկ դպրոց-ինտերնատում:
    Երևանի երաժշտական N 13 հատուկ դպրոցը միակն է իր տեսակի մեջ ամբողջ Կովկասյան տարածաշրջանում: Այստեղ երեխաներն ստանում են լիարժեք 10-ամյա հանրակրթական և երաժշտական դպրոցների ծրագրերին համապատասխան կրթություն՝ միաժամանակ տիրապետելով փողային և այլ երաժշտական գործիքների: 
  • Created on .
  • Hits: 2641

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: