Դասընթաց «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով
Ապրիլի 3-4-ը Աղվերանում անցկացվեց «Խաղաղ հավաքների ազատության իրավունք» թեմայով հերթական դասընթացը, որին մասնակցում էին տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, ինչպես նաև լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դասընթացի բանախոսներն էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայից Հայաստան ժամանած միջազգային փորձագետ, կոնֆլիկտաբան Նիլլ Ջերմանը: Վերջինս մասնակիցներին ներկայացրեց ոչ միայն միջազգային օրենսդրությունը, այլև իր երկրի փորձը խաղաղ հավաքների անցկացման հետ կապված:
«Խաղաղ հավաքների ազատության իրավունք» դասընթացի սկզբում մասնակիցները ծանոթացան քննարկվելիք առարկային. մեր երկրում մարդու իրավունքների իրավիճակին, խաղաղ հավաքների անցկացման ներպետական, ինչպես նաև միջազգային օրենսդրությանը, վարչական վարույթի առանձնահատկություններին:
Դասընթացի մասնակից, ծրագրավորող Արման Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց դասընթացի օգտակարության, ստացած նոր գիտելիքների ու արդեն իսկ իմացածի ամրապնդման մասին: «Մինչև դասընթացը մտածում էի, որ մարդու իրավունքների խախտում կարող է տեղի ունենալ նաև մարդկային հարաբերություններում, բայց այստեղ իմացա, որ պետք է հարցը քննարկել պետություն-քաղաքացի հարթության մեջ»:
Մասնակիցներից մեկի՝ տնտեսագետ Անդրանիկ Վարդանյանի խոսքով յուրաքանչյուր փոփոխություն տեղի է ունենում ժամանակի ընթացքում, ամեն ինչ միանգամից չի լինում. «Պետք է պայքարել ճիշտ մեթոդիկայով, որպեսզի իրավունքներդ չխախտվեն, և ոչ թե գոռալ ու դիմել բռնությունների:Այստեղ ձեռք բերած իրավական գիտելիքների շնորհիվ հանրահավաքների ժամանակ արդեն ավելի վստահ կլինեմ»:
Դասընթացին մասնակցելու հնարավորություն էր ընձեռնվել նաև ուսանողներին: Հայաստանի ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Թովմասյանի կարծիքով «Օրենքները գրվում են որպես իդեալականացված ակտեր, և իրականությունը պետք է նմանեցվի դրան: Ասել, որ օրենքն իրականության մեջ չի գործում, ճիշտ չէ, քանի որ այդ փոփոխության համար ժամանակ է հարկավոր, ինչպես նաև իրավագիտակցության մակարդակի բարձրացում»:
Նույն ֆակուլտետի ուսանողուհի Աննա Գաբրիելյանը, որպես գիտելիքի և ծանոթությունների ձեռքբերման այլընտրանքային ձևերի՝ սեմինարների, թրեյնինգների կողմնակից, ընդգծեց դասընթացի կարևորությունն ու արդյունավետությունը:
«Խաղաղ հավաքների ազատության իրավունք» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ: Սա ծրագրի երրորդ դասընթացն էր: Ընդհանուր առմամբ դասընթացին մասնակցել են 80 երիտասարդներ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը մեզ տեղեկացրեց, որ նախատեսում են ծրագրի բոլոր մասնակիցների հետ կազմակերպել նաև կլոր սեղան-քննարկում աշխատանքն ամփոփելու, գնահատելու և նոր ծրագրեր մշակելու համար:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 8744