ՄԱՀԱՑԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳՐՈՂ, ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԳՅՈՒՆՏԵՐ ԳՐԱՍՍԸ

    87 տարեկան հասակում մահացել է գերմանացի արձակագիր, Նոբելյան մրցանակակիր Գյունտեր Գրասսը:
    Գրողի մահվան կապակցությամբ նրա կնոջն իր ցավակցությունն է հայտնել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը: «Գյունտեր Գրասսն իր գրականությամբ և արվեստով հիացրել է մեր երկրի ժողովրդին  և ստիպել մտածել,- ասել է նախագահն իր հաղորդագրության մեջ:- Նրա գրական գործերը նրան ճանաչում են բերել ամբողջ աշխարհում, որի մասին քիչ վկայություն չէ Նոբելյան մրցանակը»:
    «Նրա վեպերը, պատմվածքները և պոեզիան արտացոլում են ամբողջ սերնդի մեծ հույսերն ու մոլորությունները, վախերն ու ցանկությունները»,- շարունակում է հաղորդագրությունը:
    Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր կարճ հաղորդագրության մեջ նշել է, որ Գրասսն ուղեկցել և ձևավորել է Գերմանիայի հետպատերազմական պատմությունը:
    Ջեֆրի Մուլիգանը` Գրասսի երկար տարիների խմբագիրը, նշել է, որ նա «համաշխարհային գրականության հսկաներից մեկն էր», և ավելացրել. «Մինչդեռ շատ մարդիկ կցանկանային աչքի ընկնել արվեստի մի ճյուղում, Գյունտեր Գրասսը կայացած արվեստագետ էր, քանդակագործ, բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր: Որպես մարդ` նա ուրախ, մեծահոգի և հրաշալի անձնավորություն էր»:
    Գրասսը ծնվել է 1927 թվականին Դանզիգ քաղաքում (այժմ` Գդանսկ, Լեհաստան): Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1944թ.-ին` 16 տարեկանում` զորակոչվել է բանակ և ծառայել որպես տանկի հրետանաձիգ:
    Գրասսը հաջողության է հասել արվեստի բոլոր ճյուղերում, որոնք ուսումնասիրել է` պոեզիայից մինչև դրամա, քանդակագործությունից մինչև գրաֆիկա: Սակայն նրան մեծ ճանաչում է բերել նրա առաջին վեպը` «Թիթեղյա թմբուկը», որը 40 տարի հետո` 1999-ին, արժանացել է Նոբելյան մրցանակի:
  • Created on .
  • Hits: 3209

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: